Tag Archives: Գառնի

ԱՆԽՈՀԵՄ ԱՌԱՏԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ

17 Օգս

1940 թվականի հունիսին Խորհրդային Միությունում նշվում էր Լենինգրադի Էրմիտաժի հիմնադրման 175-րդ տարեդարձը: Մեր երկիրը նույնպես որոշեց իր բաժինն ունենալ հոբելյանական միջոցառումներում, ինչի առթիվ Հայաստանի Ժողկոմխորհը մի հատուկ կարգադրություն հրապարակեց: Այնտեղ ասվում էր, թե «նկատի ունենալով այն մեծ ծառայությունները, որ կատարել է Էրմիտաժը՝ Հայաստանի կերպարվեստի թանգարանը կազմակերպելու գործում», անհրաժեշտ է դիտում փոխհատուցումն իրականացնել խոշոր նվիրատվություններով:
Թե ինչպես դա իրագործվեց՝ դատեք ինքներդ: Էրմիտաժին հանձնված նվերների թվում էր Ծերունի Ծաղկողի ձեռագիը (14-րդ դար): Նվիրաբերվեց Գառնու տաճարի բազալտե խոյակներից մեկը, որը հայտնաբերվել էր ակադեմիկոս Մառի պեղումների ժամանակ՝ 1910 թվականին: Լենինգրադ առաքվեց Պռոշյանց իշխան Ամիր Հասանին և նրա որդուն պատկերող բարձրաքանդակը՝ 14-րդ դարի եզակի նմուշ՝ բերված Եղեգնաձորից: Նվեր տրվեցին Էջմիածնի թռչնազարդ խոյակը (10-12-րդ դդ.) ու խաչքարեր (9-13-րդ դդ.): Նվիրաբերման հարուստ ավարը լրացնում էին Մարտիրոս Ծաղկողի ձեռագիր Աստվածաշունչը, Սևանի փայտե խոյակները և այլ թանկարժեք ցուցանմուշներ: Ու թե նման առատաձեռնությունը որքանով էր արդարացված, փաստաթղթերում այդ մասին ոչ մի խոսք չկա:

Հովիկ Չարխչյանpizap.com14712059283761

ՕՐԳԻԱ` ՄԵՂԱՎՈՐԻ ՏԱՆԸ

20 Հնս

Սրբավայրերում օրգիաներ կազմակերպելու կամ «տղերքի հետ մի կտոր հաց ուտելու»  գաղափարը կարող է հղանալ միայն ախտավոր ուղեղը: Բայց նույնիսկ ամենաապականված ուղեղն ի զորու չի լինի իրագործելու իր մտահղացումները, եթե դրանց համար բարենպաստ միջավայր չստեղծեն նրանք, ովքեր ի պաշտոնե կոչված են պաշտպանել մշակութային հաստատություններն ու հնավայրերը զանազան թափթփուկների ոտնձգություններից: Ու եթե մշակույթի նախարարության կողմից Զվարթնոցի կամ Գառնիի պղծումն արդարացվում է արտաբյուջետային միջոցների հոսք ապահովելու պատճառաբանությամբ, ապա շատ հետաքրքիր կլինի իմանալ, թե, օրինակ, որքա՞ն կարժենա Հասմիկ Պողոսյանի բնակարանում գիշերային դեմո-շոու անցկացնելը (ինչ խոսք, դարձյալ հանուն ֆինանսական հոսքերի): Ես պատրաստ եմ վճարել:Garni-3Garni-6

Մամուլի անդրադարձ

8 Մրտ

Հերթական անամոթությունը՝ ոչ պակաս անամոթ պատճառաբանությամբ. Հովիկ Չարխչյան

NewsBook-ի զրուցակիցն է գրող, թարգմանիչ Հովիկ Չարխչյանը.
— Գառնու տաճարի մոտ սրճարան կառուցելու որոշումը տուրիզմի խթանման միջո՞ց է, թե՞ հերթական անփույթ վերաբերմունքը պատմամշակութային արժեքների նկատմամբ:
— Ես կասեի՝ այդ որոշումը Մշակույթի նախարարության հերթական անամոթությունն է, ինչը հիմնավորվում է ոչ պակաս անամոթ պատճառաբանությամբ: Կարելի է կարծել, թե զբասաշրջիկները Հայաստան են գալիս միայն նրա համար, որպեսզի տաճարի տարածքում սուրճ խմեն: Նույն սրճարանը կարելի է կառուցել ցանկապատից 5-10 մետր այն կողմ, և չեմ կարծում, թե զբոսաշրջիկները կուշաթափվեին այդ 10 մետրը ոտքով կտրել-անցնելուց:
— Պարոն Չարխչյան, որտեղի՞ց մեզ այդ մոլուցքը անընդհատ հինը քանդելու, ձևախեղելու, հենց այդ տարածքում ինչ-որ նոր բան կառուցելու: Ինչո՞ւ ենք մենք այսքան շատ սիրում քանդել:
— Ամբողջ ողբերգությունն այն է, որ ինչպես մյուս ոլորտները, մշակույթի ոլորտնն էլ ղեկավարվում է այնպիսի մարդկանց կողմից, որոնց սրտում, հոգում, արյան մեջ մշակութային հատիկ անգամ գոյություն չունի: Մարդիկ, ովքեր չեն հասկանում մշակութային արժեքի կարևորությունը, ինչպե՞ս կարող են հարգանքով ու պատկառանքով վերաբերվել դրանց: Պատմամշակութային արժեքներն այդ մարդկանց համար ընդամենը հարմար տարածքներ են, որոնք պետք է օգտագործել և եկամուտներ քաղել հնարավորինս արագ ու հնարավորինս շատ: Այն, ինչ կատարվում է Գառնու տաճարի շուրջ, չոր հաշվարկ է. թե չէ՝ ի՞նչ մշակույթ, ի՞նչ հոգևոր ոլորտ: Եվ նստել բացատրել մարդուն մշակութային արժեքի պահպանման կարևորության մասին, երբ նա արդեն որոշել է ամեն գնով բիզնես ծրագիրն իրագործել, ժամանակի անիմաստ վատնում է:
— Հիմա մենք մշակույթի ոլորտը կառավարողներին ենք մեղադրում, բայց ես հիշում եմ, թե ինչպես շարքային քաղաքացիները ջարդեցին Կորյունի արձանի քիթը, Մարտիրոս Սարյանի արձանի եղունգներին էին լաք քսել, գողացել էին Հրաչյա Ներսիսյանի բրոնզե դիմաքանդակը:
— Իհարկե, վանդալիզմի հարյուրավոր դեպքերի ենք ականատես եղել: Կրկնում եմ՝ բոլոր ոլորտներում այդ նույն ողբերգությունը կա՝ սկսած կրթության ոլորտից, վերջացրած՝ մշակույթով: Մենք դաստիարակում ենք մի սերունդ, որը տարրական հարգանք չունի իր պատմության, իր արժեքների նկատմամբ: Այստեղից էլ՝ այդ շղթայական ռեակցիան. մի օղակը կտրվեց, խաթարվեց՝ ամբողջ շղթայի վրա է անդրադառնալու: Էսքան որ ասում ենք, սթափության կոչ ենք անում, որ այսպես չի կարելի, որ այսօրվա փոքր բացթողումը վաղվա աղետի է վերածվելու, որ այսօրվա փոքրիկ սայթաքումը վաղվա գահավիժումին է հանգեցնելու:
Հարցազրույցը՝ Մարինա Բաղդագյուլյանիtimthumb

%d bloggers like this: