Tag Archives: գայլ

ԵՐԿՈՒ ԳԱՅԼ

10 Դկտ

Մի անգամ պապն իր թոռանն ասաց.
— Յուրաքանչյուր մարդու ներսում պայքար է գնում՝ շատ նման երկու գայլերի կռվին: Մի գայլը չարիքն է մարմնավորում՝ նախանձը, խանդը, եսասիրությունը, կեղծիքը, մյուս գայլը բարին է՝ խաղաղությունը, սերը, հույսը, ճշմարտությունը, հավատարմությունը:
— Իսկ վերջում ո՞ր գայլն է հաղթում,- հարցրեց թոռը:
— Միշտ հաղթում է նա, որին դու կերակրում ես,- պատասխանեց պապը:wolf_wallpaper_black_and_white_by_lmmphotos-d7kyjih

ԳԱՐԻ ՉԵՊՄԵՆ

15 Մյս

Մի հին պատմութուն կա հովվի մասին, ով ձմռանը հետևել էր վայրի գազանների պահվածքին: Օրինակ, գայլերի ոհմակը թափանցել էր դաշտավայր և հարձակվել էր վայրի ձիերի երամակի վրա: Ձիերը շրջան էին կազմել` գլուխները դեպի կենտրոն ու աքացի էին տվել` քշելով նրանց: Հետո հովիվը տեսել էր, թե ինչպես էին գայերը հարձակվել ավանակների հոտի վրա: Նրանք նույնպես շրջան էին կազմել, բայց գլուխները դեպի գայլերը: Երբ սկսել էին աքացի տալ` հարվածել էին իրար:

Մարդիկ ընտրություն ունեն. նրանք կարող են խելացի լինել` ինչպես ձիերը, կամ հիմար, ինչպես վայրի ավանակները: Նրանք կարող են հաղթահարել խնդիրները և կամ աքացիներ հասցնել մեկմեկու:cms

ԱՐՏՈՒՐՈ ՊԵՐԵՍ-ՌԵՎԵՐՏԵ

20 Հլս

— Հավանաբար երբ դու ողջ ես մնում, իսկ մյուսները կործանվում են, դա արդեն ինքնըստինքյան ստորություն է: Ամեն անգամ, երբ հանդիպում եմ մեկին, ով ողջ է մնացել, հարցնում եմ ինքս ինձ` ի՞նչ է նա արել այն բանի համար, որ կենդանի մնա:

Մարդը տանջում ու սպանում է իր նմանին, քանի որ նրա բնույթն է այդպիսին: Այդ բանը նրան հաճույք է պատճառում:

— Ինչպես ասում են, մարդը մարդուն գա՞յլ է:

_ Մի վիրավորեք գայլերին, պարոն: Գայլերը մեծահոգի սպանողներ են: Նրանք սպանում են, որպեսզի գոյատևեն:

 

«Բատալիստը» գրքից

perez-reverte--644x362

ԵՍ` ԵՆԹԱԿԱ, ԳՐՈՒՄ ԵՄ` ՍՏՈՐՈԳՅԱԼ-2

25 Մրտ


Այնտեղ, ուր գերիշխում են բնության օրենքները, հարկ չկա հիասթափվելու նրանից, որ դրանք գերիշխում են: Մարդն ապրում է, որովհետև ապրում է: Մնացյալը գալիս է հետո` հանուն… վասն… ի նոցա… հաղագս… Այսպես մարդիկ փորձում են արդարացնել իրենց գոյությունը: Եվ քանի որ արդարացումը մեղքի իրավահաջորդն է, ստացվում է, որ ցանկացած գոյություն մեղք է:
Ամբոխին ևս իր գոյությունն արդարացնել է պետք: Հենց դրա համար էլ ծնունդ են առնում գաղափարները` մեկը մյուսից հրապուրիչ, ազնիվ, խելացի: Սակայն մինչ օրս դրանից աշխարհն ավելի լավը չի դարձել, որովհետև գաղափարն ապաշխարանք է, որով ազատվում են հին մեղքերից` նոր մեղքեր գործելու համար:

* * *
Բարոյախոսությու՞ն եք փնտրում: Ինչի՞ համար: Աշխարհը հազար անգամ ավելի նյութական է, քան ինքներս կցանկանայինք այն ընկալել իբրև այդպիսին: Խելահեղության պահերը միշտ էլ մնալու են ժուժկալ հոգիների շռայլությունը: Եվ կատարելությունն էլ լինելու է եղածներից լավագույնը, բայց ոչ կատարյալը: Կատարյալն ավելի մոտ է զզվելիին: Էության ու փաստի այս տարանջատում-մեկուսացումը երբ դուրս է սահում հիշողության դաշտից, երբ կիսվել-երկատվելը այլևս ցավ չի պատճառում, մեզ համար մնում է միայն բառը, որ հետզհետե գոյությունը վերածի արձանագրված փաստի, բայց ոչ խորհրդի, ուր իմաստը խնդիր չէ, քանի որ գաղտնիքն է իմացվել:

* * *
Մի ժամանակ լեռներում գայլը հարձակվում էր հոտի վրա, ճանկում ոչխարներից մեկ-երկուսին ու անհետանում: Ու մի օր էլ հովիվները զենքերն առան, ելան սարերը ու սպանեցին գայլին: Օրեր անցան, և հանկարծ ահավոր համաճարակ բռնկվեց հոտում` կոտորելով հարյուրների: Ու միայն այն ժամանակ հովիվները հասկացան, որ հետապնդող գայլը ճանկում էր հոտից հետ ընկած թույլ ու տկար կենդանիներին` այդպիսով ախտահանելով ողջ հոտը: Ու միայն այն ժամանակ հովիվները հասկացան, որ գայլը հոտի առողջությունն էր: Գայլը:

* * *
Եթե որևէ հիմարություն կրկնում են շատերը, դա կոչվում է հասարակական կարծիք: Եթե այդ հիմարությունը հաստատվում է մեկ այլ հիմարությամբ, այն անվանում են ճշմարտություն: Մարդկանց մեծամասնությունը ճշմարտությունը գերադասում է հիմարությունից ճիշտ այնպես, ինչպես, ասենք, մահանալը` զոհվելուց, կամ դեգերելը` թրևելուց: Նրանք սիրում են ճշմարտությունը որոնել այնտեղ, որտեղ այն երբեք չի լինում: Որոնել անվերջ, անդադրում, համակիրների խրախուսող հայացքի ներքո, նրանց աջակցությամբ ու մասնակցությամբ: Եվ այդ ամենը միայն այն պատճառով, որ այն, ինչ նրանք անում են, կոչվում է բարոյական պարտք…

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ
(շարունակելի)

ՋԵՅՄՍ ԹԸՐԲԵՐ

18 Փտր

ԳԱՅԼԸ ԴՌԱՆ ՄՈՏ

Տեր և տիկին Ոչխարները նստած էին իրենց հյուրասենյակում` իրենց դստեր հետ, որը որքան ուտելի, նույնքան էլ սիրուն էր, երբ շքադուռը բախեցին:
— Մի պարոն է այցի եկել, — ասաց դուստրը:
— Հագուստ Մաքրողն է,- ասաց մայրը:
Զգուշավոր հայրը վեր կացավ, լուսամուտից նայեց:
— Գայլն է,- ասաց նա:- Պոչը երևում է:
— Հիմար չլինես, — ասաց մայրը:- Հագուստ Մաքրողն է, դա էլ նրա խոզանակն է:- Եվ գնաց ու դուռը բացեց: Գայլը ներս մտավ, աղջկան առավ ու փախավ:
— Դու իրավացի էիր,- ի վերջո ընդունեց մայրը ոչխարաբար:
Առակս գալիս է ասելու, թե մայրը միշտ չէ, որ ամենաշատը գիտի: (Ընդգծումը հորն է, աղջկանը և իմը):

Թարգմ. Շ. Ավագյան

ՄԽԻԹԱՐ ԳՈՇ

23 Դկտ

ՈՒՂՏՆ ՈԻ ՆՐԱ ԽՆԱՄՈՂԸ
Ուղտը հարված ստացավ իր խնամողից և բարկանալով ասաց.
— Տե՛ս, երբ տրտում եմ լինում, ինձ մի խփիր, թե չէ՝ կմեռնես իմ ձեռքով:
Խնամողը հարցրեց.
— Ի՞նչ նշանով է արտահայտվում քո տրտմությունը, իմանամ, որ չխփեմ։
— Երբ տեսնես ներքին շրթունքս կախված,- ասում է ուղտը,- և քայլելուս ժամանակ չլսես ոտքերիս ձայնը, ուրեմն տրտում եմ։
— Դու միշտ այդ ես,- պատասխանեց խնամողը,- էլ ինչպե՞ս իմանամ:
Չարաբարոների մասին է առակս, որոնք միշտ բարկացած են և երբեմն պատրվակում են, թե այդպիսին են տրտմության պատճառով:

ԱՊԱՇԽԱՐՈՂ ԳԱՅԼԸ
Գայլը ծերանալով, գնում է ոչխարի հոտի մոտ ու ասում.
— Այժմ ապաշխարող եմ և շատ եմ ձեզ վշտացրել, ուստի ուզում եմ գալ ու ձեր տան ավլողը դառնալ, որպեսզի թողության արժանանամ, պահպանեմ ձեր մանուկներին ուրիշ գայլերից։
Եվ ուրախանալով, ոչխարները շներին ասում են.
— Այլևս մի հալածեք նրան։
Գայլը մնում է այդտեղ, համբերում մինչև մեծանում են գառները, ապա սկսում է հոշոտել և ուտել նրանց։ Ի վերջո, շատերը նկատելով այդ, սատկեցնում են նրան։
Առակս այսպիսի խրատ է տալիս, շուտ չհավատալ չարագործին։

ՆՈԽԱԶՆ ՈԻ ԳԱՅԼԸ
Նոխազը այծերի հետ մտավ քարանձավ։ Տեսնելով նրանց, գայլը գալիս, հարցնում է.
— Ի՞նչ եք անում այդտեղ։
Եվ ասում են.
— Քառասուն օր ճգնելու ենք այստեղ։
Հավատալով, գայլը գնաց։ Իսկ այծերը իջնելով՝ գնացին խաղաղությամբ:
Առակս ցույց է տալիս, թե ինչպես կարելի է ստությամբ ազատվել վտանգից, որ պարսավելի չէ։

ՁԿՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԹԱԳԱՎՈՐԸ
Ձկները մեղադրվեցին իրենց թագավորից.
— Ինչո՞ւ եք ուտում ձեզնից մանր ձկներին։
Համարձակություն ստանալով ձկները պատասխանում են.
— Որովհետև քեզնից սովորեցինք, շատերը եկան քեզ երկրպագելու, և կլանելով՝ քեզ կերակուր դարձրիր։
Ըստ այդմ իրենք ևս ավելի հանդուգն եղան:
Առակս հանդիմանում է, որ ոչ թե խոսքով, այլ գործով պետք է խրատող լինել։

ԽՈՀԵՄ ՄԱՐԴԸ ԵՎ ԾԱՌԵՐԸ
Մի խոհեմ մարդ հարցրեց ծառերին.
— Ի՞նչն է պատճառը, որ ինչքան բարձրանում եք, այնքան խորն եք արմատներ գցում։
Եվ նրանք պատասխանում են.
— Խոհեմ լինելով, ինչպե՞ս չգիտես, որ մենք չենք կարող այսքան ճյուղեր կրել և ընդդիմանալ հողմերի ճնշմանը, եթե խոր և բազմաճյուղ արմատներ չունենանք։ Տեսնու՞մ ես մեր եղբայր հաճարի և փիճի ծառերը, որ, թեև շատ ճյուղեր չունեն, չեն կարողանում դիմադրել, որովհետև չունեն նաև խոր արմատներ։

%d bloggers like this: