Tag Archives: գաղտնազերծում

Լյուստրացիան և դրա իլյուստրացիան

2 Դկտ

Հայաստանում կրկին վիճաբանելու թեմա են գտել, և այս անգամ նման հնարավորություն ընձեռել է «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցությունը, որը մոտ երկու շաբաթ առաջ հանդես եկավ օրենսդրական մի նախաձեռնությամբ` ԱԺ-ում շրջանառության մեջ դնելով «Գաղտնազերծման (լյուստրացիայի) մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Եթե լսելու լինենք հեղինակների բացատրությունները, ապա ըստ նրանց այս օրինագծի նպատակն է գաղտնազերծել մինչեւ 1991թ. Հայաստանի անկախության հանրաքվեն նախկին ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի, հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների կամ այլ երկրների հատուկ ծառայությունների հետ բացահայտ կամ գաղտնի հիմունքներով աշխատած կամ համագործակցած անձանց: Իսկ այդ գործընթացն էլ իր հերթին հնարավորություն պիտի ստեղծի իրականացնել երկրի օրենսդիր, գործադիր և դատական իշխանության, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանց պաշտոնանկությունը, եթե վերջիններս նախկինում գաղտնի կամ բացահայտ համագործակցել են հատուկ ծառայությունների հետ, ինչպես նաև` կանխել այդպիսի անցյալով անձանց ղեկավար և այլ պաշտոններ զբաղեցնելու հավակնությունները:
Պնդել, թե ներկա պահին նման օրենք ունենալը օդի ու ջրի պես անհրաժեշտ էր հանրությանը, ճիշտ չի լինի: Ասենք ավելին, այս խնդիրը նույնիսկ սպառել է ոչ միայն իր հրատապությունը, այլև վաղեմության ժամկետը: Ընդ որում, մեր նորագույն պատմության մեջ սա առաջին դեպքը չէ, երբ պահանջ է արթնանում հրապարակել գործակալների ցուցակները: Դեռևս 1992 թվականին համանման մի օրինագիծ արդեն ներկայացվել է Գերագույն Խորհուրդ ու մատնվել անհաջողության: Ինչ վերաբերում է ներկա նախագծին, ապա դա ևս կարող է արժանանալ նույն ճակատագրին հենց թեկուզ այն պատճառով, որ վերջինիս հայտնության նպատակը միայն ներքաղաքական հարցեր լուծելն է, ինչը հազիվ թե որևէ օգուտ տա պետությանն ու մարդկանց: Ասվածի օգտին է խոսում նաև այն փաստը, որ խորհրդարանը հենց առաջին իսկ պահից դա չընդունեց, քանի որ օրինագիծը լի էր բազում թերություններով, իսկ սա էլ իր հերթին վկայությունն էր այն բանի, որ նախաձեռնողները ոչ միայն խնդիրը չէին պատկերացրել իր բոլոր հարթություններում, այլև ակնհայտորեն շտապել էին: Եվ դրա համար կար նվազագույնը մեկ ծանրակշիռ հանգամանք՝ կես տարուց սպասվող ընտրությունները…
Իհարկե, շատ հարմար և լսարանի ականջին հաճելի հնչերանգներ ունեն փաստարկումներն այն մասին, թե սա շատ կարևոր օրենք է, ուղղված է բացառապես Հայաստանի անկախության ամրապնդմանը, ժողովրդավարական կարգերի հաստատմանը և նման գեղեցիկ այլ ձևակերպումներ: Շատ հարմար է նաև վկայակոչել այլ երկրների փորձը՝ հիշելով Արևելյան Եվրոպայի ու Մերձբալթյան պետություններին և, իհարկե, նաև Վրաստանին: Սակայն այն մասին, թե ինչ շահեցին և ինչ կորցրեցին թվարկված երկրները, ոչինչ չի ասվում, ինչպես որ չի նշվում, թե նրանք ե՞րբ և ինչու՞ դիմեցին այդպիսի քայլերի, հատկապես ու՞մ դեմ էր ուղղված այդ երկրների իշխանությունների կիրառած գաղտնազերծումը, և նշված գործընթացներում որքա՞ն էական դեր էին խաղացել քաղաքական շարժառիթները: Սրանց մասին լռությունը շարունակվում է:
Երրորդ բացատրությունը, որ լսելի է «Ժառանգության» ներկայացուցիչներից, հավաստիացումն է այն մասին, թե օրենքը վերաբերում է միայն օտարերկրյա գործակալներին ր ոչ երբեք Հայաստանի անվտանգության ծառայության աշխատակիցներին: Այսքանով հանդերձ նրանք հավելում են, որ այդպիսի մարդիկ միանշանակ կան կառավարման համակարգում: «Եվ լինելով կառավարման համակարգում` նրանք միտումնավոր Հայաստանը բացասական կամ սխալ ուղղությամբ են տանում»,- եզրահանգում են օրինագծի հեղինակները:
Առաջին իսկ պահից անմիջապես հարց է ծագում. եթե կան երկրին մեծ վնաս հասցնող մարդիկ և այդ մարդկանց «Ժառանգության» անդամները ճանաչում են, ապա ինչու՞ իսկույն դրա մասին չեն հայտնում համապատասխան մարմիններին, որպեսզի վտանգը չեզոքացվի, այլ նստել-սպասում են օրինագծի ընդունմանը: Ստացվում է, որ կամ նրանք քողարկում են թշնամուն, կամ ճիշտ չեն խոսում՝ պնդելով, թե կառավարման համակարգում լրտեսներ կան:
Հաջորդ տարակուսանքը առնչվում է այն փաստի հետ, որ եթե պահանջ կա լյուստրացիայի ենթարկել այն անձանց, ովքեր մինչև անկախության հռչակումը համագործակցել են ՊԱԿ-ի հետ, ապա թերևս արժե նաև հիշել, որ ԿԳԲ կոչված կառույցը մինչև 1991 թվականը բոլորովին էլ օտարերկրյա հատուկ ծառայություն չէր այն պարզ պատճառով, որ Հայաստանը ԽՍՀՄ մի մասն էր: Այսինքն մարդիկ ծառայել ու համագործակցել են իրենց իսկ երկրի մարմինների հետ, ինչը ոչ միայն դավաճանություն չէ, այլև միանգամայն բնական երևույթ է: Ուրեմն ո՞ր մեղքերի համար նրանց պիտի դատապարտել ու ամոթանքի սյունին գամել:
Եվ կրկին մենք վերադառնում ենք այն նույն կետին, համաձայն որի գաղտնազերծման անհրաժեշտությունը պետք է բխի որոշակի նպատակներից: Սակայն մինչ այս պահը դեռ հստակ տեսանելի չէ մեկ ուրիշ նպատակ, բացի ներքաղաքական խնդիրներ լուծելը և այն, որ նման օրինագիծ ներկայացնելն իր ներսում PR-ի տարրեր է պարունակում: Իսկ այսպիսի սցենարի տրամաբանությունը հուշում է, որ առաջիկայում «Ժառանգությունը» կփորձի հանդես կգալ նաև մի քանի աղմկոտ բացահայտումներով: Սակայն հազիվ թե դրանք սպասված ներգործությունն ունենան, քանի որ ինչպես քաղաքական գործիչները, այնպես էլ հասարակությունը հետզհետե սուզվում են նախընտրական շրջանին հատուկ տրամադրությունների մթնոլորտի մեջ, իսկ այդ պայմաններում յուրաքանչյուր երևույթ առաջին հերթին բացատրվում է մեկ հիմնական դիրքից։ Այս հանգամանքը հաշվի առնելով՝ հեշտ է հասկանալ, թե ինչու այժմ շատերը համոզված են, որ «Գաղտնազերծման մասին» օրինագիծը խորհրդարան տանելով՝ «Ժառանգությունը» ընտրություններից առաջ կորցրած դիրքերի ձեռքբերման նպատակ է հետապնդում, իսկ առավել մարտականորեն տրամադրվածները գտնում են, որ հիշյալ օրինագծի նպատակը Հայաստանը թուլացնելն ու կամազուրկ երկիր դարձնելն է: «Գործակալների ցուցակները հրապարակելուց հետո ազգային անվտանգությունն առաջիկա 30 տարիներին որևէ գործակալ բերելու հնարավորություն չի ունենա: Իսկ եթե չկա գործակալ, չկա նաև օպերատիվ աշխատանք»,- ասում են նրանք:
Ինչպես տեսնում ենք, դեռ առանձնապես ոչինչ չի կատարվել, բայց արդեն իսկ ոմանք առիթը բաց չեն թողել զանազան որակումներ ու մեղադրանքներ փոխանակել՝ իրար անվանելով դավաճան, կագեբեյշնիկ, միստիֆիկատոր, ծախու լրտես, ժողովրդի թշնամի և այլն: Չենք կարող նաև չարձանագրել, որ այս օրենսդրական նախաձեռնության շրջանառումից անմիջապես հետո աննախադեպ ակտիվություն են դրսևորում այն կարգի անհատները, ովքեր ամենուր լրտեսներ են տեսնում և ամենքին կարող են լրտեսի «կոչում» վերագրել: Հետապնդման բարդույթով տառապող այս քաղաքացիները գերագույն հաճույքով հանդիսատեսը կդառնան «վհուկների որսի», որի պարագայում բոլորովին էլ էական չէ՝ մարդն իսկապե՞ս վհուկ է, թե ոչ: Նրանց անհրաժեշտ է սոսկ պրոցեսը՝ բռնել, պատժել, վարկաբեկել, պատին դեմ տալ: Եվ վերջապես այդ աղմուկ-աղաղակի մեջ մոռացության կտրվի այն իրողությունը, որ այսօրվա Հայաստանին միայն աներևույթ գործակալների ցանցը չէ, որ խանգարում է նորմալ երկիր դառնալ:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Wikileaks և Հայաստան

6 Դկտ

Երբ Wikileaks կայքէջն իր աննախադեպ բացահայտումներով ու գաղտնազերծումներով մի գիշերվա մեջ պղտորեց մոլորակի արյունը, առաջին պահին Հայաստանի իշխանությունները բոլորովին պատրաստ չէին պարզաբանել կամ գոնե ինչ-որ կերպ արձագանքել այդ փաստին: Նախագահի մամլո քարտուղարն իրենց լռությունը պատճառաբանեց այն հանգամանքով, թե սկզբունքորեն չեն մեկնաբանում այլ պետության դիվանագիտական գրագրությունը: Նույն օրինակով պատասխաններ հնչեցնելուց հրաժարվեցին նաև պաշտպանության նախարարությունը, արտգործնախարարությունը: Թերևս նրանք ճիշտ վարվեցին ներկա կացության մեջ, երբ հաստատել կամ հերքելը հավասարապես անհետևանք չէր մնալու, իսկ մի փոքր սպասելը և ժամանակի փոփոխությունների մեջ կողմնորոշվելը ոչ մեկին չէր խանգարի:
Բայց այդ սպասումն իր հետ մեկ այլ հետևանք էլ բերեց` վստահությունն այն ամենի նկատմամբ, ինչ ասվում էր Wikileaks-ի հրապարակած թղթերում: Որքան էլ ընդունենք, որ Հայաստանին վերաբերող տեղեկություններն անհամեմատ քիչ էին, այնուամենայնիվ դրանք ի զորու էին ձևավորել պատկերացումների այն նվազագույն շրջանակը, ինչը թույլ պիտի տար հետևություններ անել մի շարք կարևոր դեպքերի ու իրավիճակների մասին: Իսկ նման տեղեկություններ կային մեր բոլոր հարևանների ու նրանց հետ մեր առնչությունների մասին:
Առաջին հերթին ուշադրության կենտրոնում հայտնվեցին Վաշինգտոնի այն մեղադրանքները, համաձայն որոնց 2003 թվականին Հայաստանն իբրև թե նպաստել էր Իրանի կողմից հրթիռների և գնդացիրների ձեռք բերմանը, ինչի համար քիչ էր մնում, որ մեր նկատմամբ պատժամիջոցներ կիրառվեին: Հայաստանն այդ փաստը հերքել էր, և պետք է կարծել, որ հերքումը եղել է հիմնավորված: Նախ դրա օգտին է խոսում այն հանգամանքը, որ ոչ մի պատժամիջոց էլ կյանքի չկոչվեց, իսկ հետո ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը օրերս ներողություն հայցելու պես մի ելույթ արտասանեց, որի իմաստն այն էր, թե չնայած Wikileaks-ի աղմկահարույց բացահայտումներին, Հայաստանի հետ հարաբերությունները շարունակելու են ամրապնդվել:
Հաջորդ խնդրահարույց թեման վրացականն էր: Մեզ համար մեկ անգամ ևս պարզ դարձավ, որ «եղբայրական» Վրաստանը բնավ էլ ավելի լավը չէ, քան, ասենք, Թուրքիան կամ Ադրբեջանը, իսկ ասվածի հավելյալ ապացույցները տվեցին ամերիկացի դիվանագետները`պատմելով 2008-ի օգոստոսյան պատերազմի ողջ ընթացքում պաշտոնական Թբիլիսիի գործելակերպի մասին, որ նախ օրեր շարունակ անպատասխան էր թողնում Երևանի բոլոր զանգերն ու դիմումները, ապա Բաթումից ու Փոթիից դեպի Հայաստան բեռնափոխադրումների սակագները միանգամից եռապատկեց (Ադրբեջանինը` ոչ): «Գների նման բարձրացումը հայաստանցի ներկրողների կողմից ընկալվել է որպես Թբիլիսիում կայացված քաղաքական որոշում»,- ասված էր Դեպարտամենտի տեղեկագրում: Իսկ դրա փոխարեն, ըստ նույն աղբյուրի, «Հայաստանի կառավարությունը խուսափում է Վրաստանի հասցեին ցանկացած բացասական հրապարակային հայտարարությունից: Եթե նման հայտարարություն այնուհանդերձ հնչեցվի, Ջավախքի հայության արձագանքը կարող է շատ վտանգավոր լինել Վրաստանի համար»:
Երբևէ Հայաստանի իշխանությունները առիթ կունենան մտորելու այն մասին, թե արդյո՞ք ճիշտ էին վարվել` թաքցնելով իրողությունը: Սակայն վստահաբար կարող ենք ասել, որ նման ճշմարտությունները եզակի չեն, և վաղ թե ուշ համբերության բաժակը կլցվի:
Իսկ ահա Թուրքիայի մասին գաղտնազերծված ճշմարտություններն այնքան էլ նոր չէին մեզ համար: Wikileaks –ի օգնությամբ ընդամենը վերահաստատվեց, որ թուրքական կառավարությունը հայ-թուրքական արձանագրությունները օգտագործել է Հայոց ցեղասպանության ճանաչման աշխատանքները կասեցնելու, ղարաբաղյան հարցում պրոադրբեջանական լուծումներ կորզելու համար: Միայն թե լրացուցիչ այլ փաստաթղթեր կարող են արմատապես փոխել Անկարայի ու Բաքվի հարաբերությունների ջերմության աստիճանը: Դրան նպաստող փաստարկներից են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի զրույցները ամերիկացի պաշտոնյաների հետ, որտեղ Ալիևը թուրքական կառավարության հասցեին բավականին խիստ արտահայտություններ է թույլ տվել, իսկ մի առիթով էլ խոստովանել է, թե Ռուսաստանի հետ գազային պայմանագրեր է կնքել, որպեսզի թույլ չտա Թուրքիային դառնալ էներգետիկ կենտրոն։ Հիմա դրանք Անկարայում շատ ուշադիր ուսումնասիրելու են։ Իսկ արդեն տեղի ունեցած քննարկումները ցույց են տալիս, որ թուրքական իշխանությունները Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման խնդրում այլևս նախկինի նման հակված չեն կարչած մնալ Բաքվի նազուտուզից:
Գալով բուն Ղարաբաղի հարցին, ուշագրավ պիտի համարել այս տարվա փետրվարին 25-ին Ալիևի հետ ամերիկացի պաշտոնյայի ունեցած զրույցի մանրամասն վերաշարադրումը: Ալիևն այնտեղ ասել է, որ պատրաստ է Մինսկի խմբի ձևաչափով առաջ շարժվել, սակայն լրացուցիչ ճնշումներ է պետք գործադրել Հայասանի նկատմամբ, ապա հավելել է, թե Սոչիում ՌԴ նախագահ Մեդվեդևը փորձել է համոզել Սարգսյանին, որ բեկումնային առաջընթացի հասնեն, սակայն Մոսկվայի կողմից այդքան ճնշումներից ու Լավրովի երևանյան այցից հետո էլ հայերը ոչ միայն հակադրվում են առաջընթացին, այլև հրաժարվում են ավելի վաղ համաձայնեցված կետերից:
Ոչ պակաս հետաքրքրական է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության տեղեկանքում արված երկու կարճառոտ նշումները` կապված հայկական ուժերի` Ղարաբաղին հարող տարածքներից դուրս բերման հետ: Այնտեղ գրված է, որ դա «ամերիկյան կողմի դիրքորոշումը չէ», և «ամերիկյան վարչակազմը այս դիրքորոշումը չի պաշտպանում»:
Իբրև WikiLeaks-ի դոսյեի հայկական թեմատիկայի բաղկացուցիչներ, նշենք նաև պատմությունն այն մասին, թե ինչպես է ՌԴ պաշտպանության նախարարը ադրբեջանցի իր գործընկերոջը երկու շիշ օղու դիմաց վստահել հայերին զենք վաճառելու մասին գաղտնիքը, և, իհարկե, Վրաստանում ԱՄՆ դեսպանության հաղորդագրություններն առ այն, թե իբր Ռուսաստանը ֆինանսավորել է ջավախքահայերին` այդ տարածքում էթնիկ բախումներ հրահրելու նպատակով: Սակայն Wikileaks-ի թղթապանակն առավել քան հարուստ է, և հազիվ թե վերջինս որոշած լինի հետագայում ևս խնայել մեզ: 250 հազարի հասնող գաղտնի փաստաթղթերի մեջ անկասկած ի հայտ կգան նորանոր «հայաշունչ» տեղեկություններ: Երևանում արդեն խոսում են այն մասին, որ եթե ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից դուրս եկած փաստաթղթերը հրապարակվեն, դա կարող են շատ ու շատ նոր բաներ պարզել: Ասում են, որ 1700-ից ավելի փաստաթուղթ կա, որոնցից ընդամենը 400-ն է գաղտնազերծվել: Ակնարկում են այն մասին, թե նորերի մեջ ոչ միայն մարտի 1-ի հետ կապված, այլև, այսպես կոչված, «Պզոյի գործով» սենսացիոն տեղեկություններ են լինելու:
Ապագայի հետ առնչվող ենթադրությունները թողնելով ապագային և նաև ըմբռնելով, որ բազմաթիվ դեպքերում արտաքին քաղաքականության նախնական գնահատականները չեն կարող դիտարկվել որպես ԱՄՆ-ի պաշտոնական դիրքորոշում, այնուհանդերձ նկատենք, որ տվյալ պարագայում մեր չհիմնավորված հանգստությունն այնքան էլ տեղին չէ: Ճիշտ է, անլրջություն կդիտվի քաղաքական ուղենիշները գծելիս առաջնորդվել բացառապես Wikileaks-ով, սակայն դրա հետ մեկտեղ պետք չէ մոռանալ, որ նման տեղեկատվության արտահոսքը երկրների նկատմամբ ճնշումներ գործադրելու պոտենցյալ հիմք կարող է դառնալ, քանի որ դրանք մյուս կողմին դրդելու են միանգամայն այլ որոշումների կայացմանը, իսկ սա արդեն դժվարին կացության նախանշան է: Պատահական չէ, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը Հայաստանին վերաբերող փաստաթղթերը «չափազանց անհանգստացնող» է անվանել։ Բայց անհանգստություն` մեզ համար, այլ ոչ թե Ադամ Շիֆի:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: