Tag Archives: գաղթ

ԴԺՈԽՔՈՒՄ

19 Ապր

… Այդպես գնալով հասանք Խոշաբի շրջանի Զեունակ գյուղի մոտերքը: Ես բեռան վրա պառկած էի, երբ լսեցի իմ եղբայր Սողոմոնի գոռոցը, կանչեց.
-Եղբայր, մաման Նշանին գցել է (մեկուկես տարեկան):
Գոռացի.
— Սողոմոն, ինձ բեռան վրայից իջեցրու:
Ինձ իջեցրեց, բոլոր երեխաները հավաքվեցին գլխիս, սկսվեց լացուկոծ բացօթյա դաշտում: Իմ հարցին, թե մաման Նշանին որտեղ է գցել, խեղճ մայրս հեկեկոցից չէր կարողանում պատասխանել: Երեխաները հավերի ճուտերի նման նստած էին մորս ծնկներին, ուսերից կախված` վժվժում էին: Պարզ էր, որ նրանք էլ Նշանի բախտին կարժանանային: Մայրս պապանձվել էր. չգիտեր` ինչ ասեր կամ աներ: Հազիվ լեզուն շարժվեց, ասաց.
-Նշանին էն քարի տակն եմ դրել, քարերը լցրել եմ առաջը, քարերի հետ խաղում է, գնացեք բերեք:
Մոտ 40 մետրի վրա գցել էր: Սողոմոնը գնաց, բերեց:
-Մամա, ինչո՞ւ Նշանին գցեցիր:
— Բալա, ուժասպառ եմ եղել, ուժ չունեմ հինգ փոքրիկ երեխաների շալակով և ոտքով տանել, ուժասպառ եմ եղել: Որոշոցի Նշանին գցել, որ մյուսներին գոնե ազատեմ:
— Մամա, միևնույն է, մեզ պետք է կոտորեն: Մենք մենակ ենք մնացել չոլերում: Արի չգնանք, թող մեզ միասին սպանեն: Երեխաներին մի գցիր, դու էլ ուժասպառ ես, չես կարող գնալ:
— Բալա ջան, ինչպես չգնալ: Կատուն էլ իր ձագն ազատում է վտանգից: Ես մի կատվի զգացմունք էլ չունեմ: Ես համաձայն չեմ մնալու: Կամաց- կամաց գնանք: Աստված մեծ է, մի դուռ կբացի մեզ վրա: Սրանից հետո խոստանում եմ երեխաներին չգցել:
Շարունակեցինք ճանապարհը: Խոշաբն անցանք: Ժողովրդի հետքը չգտնելով` գիշերը մնացինք չոլի մեջ: Առավոտյան ճանապարհ ընկանք: Մինչև ճաշ հասանք մի ավերակ գյուղի մոտ: Տեսանք` առջևից զինված ձիավորներ են գալիս: Մայրս կարգադրեց բոլորիս հավաքվել իր շուրջը: Ասաց. «Բալիկներ, եկողները քրդեր են, մեր վերջն է, համբուրեք իրար»: Մենք բոլորս իրար համբուրեցինք: Մայրս նորից սկսեց մեկ առ մեկ համբուրել և լաց լինել: Մենք բոլորս սկսեցինք լացել: Առաջին ձիավորը մոտենալով` հայերենով բղավեց` դուք հա՞յ եք: Մայրս արցունքոտ աչքերով պտասխանեց` հայ ենք:
-Քույրիկ, մենք Իշխանի խմբի կամավորներն ենք, ձեզ փրկելու համար ենք եկել: Վեր կացեք, ուղիղ այս ճամփով գնացեք, մինչև երեկո կհասնեք ժողովրդին: Մենք հետ պետք է գնանք ժողովրդին բերելու:
Այսպես մենք շարունակեցինք ճանապարհը: Երեկոյան հասանք ժողովրդին: Երկու օրից հետո հասանք Աղբրակի շրջանի ս. Բարդուղիմեոս վանքը, որտեղ գտնվում էր ռուսական բանակը…6f0788d0f126d830f0611300ad12a873

Ցեղասպանությունը վերապրած Կարո Գևորգյանի հիշատակարանից

Դատարկ Հայրենիք, հալածական օտարություն

9 Փտր

Նորագույն Հայաստանի պատմության մեջ առաջի անգամ եզակի խոստովանություն կատարվեց Ազգային վիճակագրական ծառայության կողմից: Խոստովանությունն անակնկալ էր ոչ միայն իր փաստական մատնանշումներով, այլ նաև այն հանգամանքով, որ դա կատարվեց խորհրդարանական ընտրություններից ամիսներ առաջ, երբ յուրաքանչյուր հավելյալ ձայն արժեք ունի և նախկին ընտրություններում շատ անգամներ հենց այդ «հավելյալն» էլ որոշիչ նշանակություն է ունեցել: Այս փաստն, անշուշտ, լուրջ մտորումների տեղիք է տալիս, բայց մենք առաջ անցնենք ու ըստ հարկի գնահատենք այսօրվա կատարվածը: Առաջին կարևոր բացահայտումն այն է, որ պարզեցինք՝ մենք ոչ թե աշխարհի համարյա ամենամարդաշատ երկիրն ենք, այլև իրականության մեջ բոլորովին էլ չունենք այն թվաքանակը, ինչի մասին տարիներ շարունակ համառորեն պնդում ու համոզում էին իշխանությունները: Սրա հետ մեկտեղ հրապարակված թիվը վերջապես հաստատվեց ու ի ցույց դրվեց հայաստանցիների արտագաղթի ահռելի ծավալները, մի բան, որի մասին դարձյալ ասվում ու դարձյալ հերքվում էր նույն հետևողականությամբ:
Այսօրվա պաշտոնական թիվն ու պաշտոնական դիրքորոշումը հետևյալն է. Հայաստանում առկա բնակչության նախնական օպերատիվ ցուցանիշը 2 միլիոն 871 հազար 509 մարդ է: Սրա հետ մեկտեղ հաշվեգրված բնակչության նախնական օպերատիվ ցուցանիշը կազմել է 3 մլն 285 հազար 767 մարդ: Մենք կարող ենք նաև համեմատություն անցկացնել 10 տարվա վաղեմություն ունեցող մեկ այլ ցուցանիշի՝ 2001-ի մարդահամարի արդյունքների հետ, երբ թիվը կազմել էր 3 միլիոն 458 հազար 303 մարդ: Իսկ սա արդեն նշանակում է, որ անցած տասնամյակի ընթացքում հանրապետությունը լքել է 586 հազար 794 մարդ:
Եթե նույնիսկ սա հավաստի տվյալ լինի (ինչին խիստ կասկածում ենք), ապա դարձյալ Հայաստանի նման փոքր երկրի ու պետության համար դա աննկարագրելի աղետ է, որի հետևանքներն անհնար է մեղմել որևէ բացատրությամբ կամ մխիթարանքի խոսքերով:
Հայերն արտագաղթում են, փորձում են օտար հողում գտնել բարեկեցություն ու մարդավայել կյանքի պայմաններ: Միայն արդո՞ք նրանք Հայաստանից հեռու իսկապես գտնում են այն, ինչի համար լքել էին իրենց տունն ու երկիրը: Այս հարցերին երկար-բարակ պատասխաններ ու բացատրություններ տալու փոխարեն շատ ավելի ակնառու և առարկայական կլինի, եթե մեջբերենք ընդամենը երկու լուր, որոնք զարմանալի պատահականությամբ (իսկ գուցե օրինաչափորե՞ն) հաղորդվեցին հենց այսօր՝ Ազգային վիճակագրական ծառայության ներկայացուցչի ելույթից հետո:
Այսպես, նախ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի Կալուգայի մարզի Մալոյարոսլավեց քաղաքում հակահայկական տրամադրությունները հասել են իրենց գագաթնակետին, քանի որ այնտեղ սկսվել է մի դատական պրոցես, որտեղ մեղադրանք է ներկայացված հայազգի երիտասարդ Ալիկ Սիմոնյանին: Ասվում է, թե վերջինս դանակահարել է ֆուտբոլային երկրպագու, 19-ամյա Ալեքսեյ Երշովին: Ու թեև հայը պնդում է, որ ինքը միջադեպի հետ ոչ մի առնչություն չունի, սակայն նրա ձայնը հազիվ թե լսելի լինի երկու պատճառով. նախ, Սիմոնյանն իր երկրում չէ, ուրեմն մեղավոր է, և երկրորդ, նրա ձայնը լսելի չի լինի այն մեծ աղմուկ-աղաղակի մեջ, որ բարձրացրել են տեղաբնակները՝ կոչ անելով քշել բոլոր մարդասպան հայերին: Նույնիսկ Մոսկվայից 250 ռուս աջակիցներ են հասել Կալուգա՝ համալրելու «սևերի» դեմ պատերազմող զորախմբերի շարքերը: Հիմա Մալոյարոսլավեց քաղաքում ապրող շուրջ 600 հայեր իրենց մաշկի վրա կզգան ոչ միայն ազգամիջյան կոնֆլիկտի վերածված կենցաղային վեճի հետևանքները, այլև այն, թե ինչ ասել է՝ հեռու լինել Հայաստանից:
Երկրորդ լուրը Երուսաղեմից էր: Եվ դարձյալ առաջին հայացքից՝ խիստ կենցաղային: Պարզվում է, որ այստեղ էլ հայերին թույլ չեն տալիս օգտվել հայկական թաղամասին պատկանող ավտոկայանատեղիից: Տարածքը վարձակալած հրեական ոչ ընկերությունն արգելել է հայերին իրենց ավտոմեքենաները կայանել այնտեղ`պատճառաբանելով, որ հայերն արդեն իսկ ունեն կայանատեղի, սակայն այն գտնվում է թաղամասից բավականին հեռու: Հայերն էլ, իհարկե, բողոքում են դրա դեմ և համոզված են, որ որոշման մեջ դիտավորություն կա: Այս իմաստով նրանք թերևս իրավացի են: Հետաքրքիր է, ուրիշ ո՞ր երկրում կարելի է տեսնել մի իրավիճակ, երբ մեքենաները պիտի կայանվեն ըստ ազգային պատկանելության: Համենայնդեպս, Հայաստանում նման բան չկա: Բայց քանի որ Իսրայելում ապրող հայերը նախընտրել են այդ երկիրը, այլ ոչ թե իրենցը, ուզեն թե չունեն, պիտի գիտակցեն իրենց վիճակի ողբերգականությունը և այն, որ դա իրենց տունը չէ: Դա նույնիսկ իրենց ավտոկանգառը չէ:
Այսքանը: Մնացած օրերի դեպքերն ու փաստերը լրացրեք ինքներդ: Եվ ինքներդ էլ կայացրեք վերջնական որոշումը՝ մնալ, թե՞ գնալ…

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: