Tag Archives: գազանանոց

ՎՈՎԱ ՓՂԻ ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ՎԱԽՃԱՆԸ

14 Ապր

1970 թվականին Երեւանում արտառոց և սենսացիոն իրադարձություն էր արձանագրվել՝ Կենդանաբանական այգուց փախել էր Վովա անունով փիղը: Նա դուրս էր եկել այգու տարածքից, իջել Մյասնիկյան փողոցով և համարյա թե հասել փողոցի սկիզբում գտնվող կամրջին: Այդ փաստի ականատեսները շատ են եղել, բազմաթիվ երևանցիներ էին ցանկանում սեփական աչքերով տեսնել, թե ինչպես է փիղը քայլում փողոցում և, վերջիվերջո, թե ինչո՞վ են ավարտվելու իշխանությունների՝ փղին գազանանոց վերադարձնելու ջանքերը: Լուսանկարիչ Հերբերտ Բաղդասարյանն, ով փղի փախուստի լուրին սկզբում չի հավատացել՝ մտածելով, որ կատակ է, պատմում է. «Այնքան շատ մարդ էր քայլում փղի ետևից, կողքերից և առջեւից, որ նույնիսկ պատկերացնելն է դժվար: Փղի ետևից քայլող մարդիկ երեք մետր էին համարձակվում մոտենալ Վովային, իսկ առջևի մարդիկ՝ 20 մետր: Կատաղած փիղն աջ ու ձախ էր թեքում գլուխը, և մարդիկ կայծակնային արագությամբ ետ էին վազում, ազատում փղի դիմացի տարածությունը: Փողոցում սարի նման մի հատված կա, մարդիկ հասցնում էին մագլցել այդ սարը, թեև մինչեւ հիմա էլ չեմ կարող հասկանալ՝ ինչպե՞ս էր դա նրանց հաջողվում, այդ սարն անկարելի էր բարձրանալ»: Վովան անկառավարելի էր, մեքենաներ էր շրջում, ժանիքներով տրոլեյբուսներ ճեղքում, անընդհատ մարդկանց վնասելու վտանգ կար: Ամբոխից և անսովոր ազատությունից խենթացած հսկա կենդանուն պետք էր Կենդանաբանական այգի վերադարձնել: Բայց ինչպե՞ս: Փողոցում զինվորների խումբ էր տեղակայվել և «ԲՏՌ» էր բերվել: «Սկզբում փորձում էին «ԲՏՌ»-ով հրել փղին, բայց ոչինչ չէր ստացվում: Վովան մեր հիմիկվա փղի նման չէր, իսկական հսկա էր: «ԲՏՌ»-ով հրելով` նրան կարողացան այգու դարպասների մոտ բերել, բայց ոչ մի կերպ չէր ստացվում այգու տարածք վերադարձնել»,- պատմում է Հերբերտ Բաղդասարյանը: Քնաբեր հեղուկով փամփուշտներ չկային, և որոշում է ընդունվում ոչնչացնել փղին: Կրկակահերթ է արձակվում, բայց վիրավոր փիղը չի դադարում վտանգավոր լինել և ոչ մի կերպ չի ցանկանում մահանալ…
Նա այս ու այն կողմ է վազում, թեև փամփուշտներից մեկն ուղիղ գլխին էր դիպչել: Վովային շրջափակում են և պատին սեղմում, որից հետո «ԲՏՌ»-ը քշում են ուղիղ նրա վրա… Տեսարանը դաժան էր: Հ. Բաղդասարյանը հիշում է, որ նույնիսկ «ԲՏՌ»-ի ճնշման տակ Վովան դեռ մի քանի ժամ ապրել է. «Նայում էին ու տեսնում, որ դեռ շնչում է, այդպիսի հսկային սպանելը հեշտ չէր»: Վովայի արյունոտված դիակը, միևնույն է, Կենդանաբանական այգի վերադարձվեց և այլ կենդանիների համար սնունդ դարձավ:
Վովա փղի մասին երեւանցիները մինչ օրս հիշում են և լեգենդներ են հորինում, թե ինչու էր Վովան բարկացել և փողոց դուրս եկել: Իսկ Վովայի անձնական վարժեցնող Իվանն այդ դաժան պատահարից հետո չլքեց Հայաստանը և շարունակեց աշխատել Կենդանաբանական այգում:
Սոցիալիստական երկրին ոչ հարիր այս պատմությունը հետաքրքիր շարունակություն ունեցավ: Թեև շատ հայ լուսանկարիչներ լուսանկարել էին Վովայի կյանքի վերջին ժամերը, միևնույն է, հաջորդ օրը կենտրոնական թերթերը գրեցին, որ Երևանի Կենդանաբանական այգուց փախած փղին հաջողվել է ետ վերադարձնել, և նա այժմ իր տեղում է գտնվում: «Մոսկվայից մեզ զանգահարում էին ու ուզում էին փղի վերադարձի մասին լուսանկարներ ստանալ,- պատմում է Հերբերտ Բաղդասարյանը: -Մենք ասում էինք, որ փիղը սպանվել է, սակայն վերադարձի մասին լուրը չհերքվեց, քանի որ փաստն արդեն տպագրվել էր սովետական կենտրոնական մամուլում: Հետո արդեն Վովայի վախճանի մասին գրեցին արտասահմանյան թերթերը»:

Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

ԽՈՒԼԻՈ ԿՈՐՏԱՍԱՐ

16 Փտր

… Մարդուն իսկապես ճանաչելը մի խնդիր է, որը, թերեւս, ավելի դժվար է, քան Լուսին թռչելը: Արի տեսնենք, թե ո՞վ եմ ես: Կա «եսը», ինչպիսին գիտակցում եմ ես ինքս: Բայց չէ՞ որ կան և այլ մակարդակներ, անհատի ձեւավորումը, ենթագիտակցականի եւ անգիտակցականի ամբողջությունը: Ես առաջինը չեմ, ով չգիտի իր խորքային շերտերը, այնպես որ, երբեմն հասու եմ լինում ինքս ինձ, շնորհիվ այն բանի, որ գրում եմ: Արդեն գրվածի հիման վրա, ինքս իմ մեջ, ինչ-որ բաներ եմ բացահայտում: Այնպես որ, կարծում եմ, նրբանկատ ընթերցողը կարող է ինչ-որ չափով ճանաչել ինձ, և նույնիսկ բավական լավ, հենց իմ տեքստերով: Կարող է ճանաչել, ասենք, իմ ախտաբանական հատկանիշները, ինչ-որ հիվանդագին, արգելված մի բան` դա դրսևորվում է պատմվածքներում, որոնք երևան են հանում իմ սևեռուն գաղափարները, ֆոբիաները, բարդույթները: Երբ ինչ-որ մեկը «Գազանանոցը» կարդալուց հետո ինձ ասաց. «Բայց չէ՞ որ քեզ հուզում է ինցեստի խնդիրը, այդ թեման քեզ հանգիստ չի տալիս», ես շատ զարմացա, որովհետև գիտակցաբար որևէ նման բանի մասին չէի մտածել: Բայց չէ՞ որ, իսկապես, եթե վերլուծենք «Գազանանոցի» պատմվածքները, կարելի է հայտնաբերել ինցեստի թեմայի սևեռուն կրկնությունը: Եվ ահա, երբ ինձ այդ մասին ասացին, ես սկսեցի խորհրդածել ու եկա այս եզրակացությանը` այո, ինցեստի խնդիրը կապված է իմ երազների հետ` քրոջս հետ կապված երազների: Ես միայն մի քույր ունեմ: Մենք երբեք միմյանց չենք հասկացել: Եվ ահա թե ինչն է հետաքրքիր, ես ու քույրս համարյա թե չէինք շփվում: Մենք` հանց գիշեր ու ցերեկ, և ի վերջո նույնիսկ ատեցինք միմյանց: Հիմա, երբ մենք տարիներով չենք տեսնվում, հարաբերություններն ավելի սրտամոտ են: Բայց մենք միմյանցից շեշտակի տարբերվում ենք: Եվ չնայած դրան, ես հաճախ էի հուզված արթնանում, որովհետև երազում քրոջս հետ էի…
… Անշուշտ, ես ընդհանրապես չեմ պատկերացնում իմ կյանքն առանց խաղի: Բայց խաղալն ինձ համար չի նշանակում՝ այս ու այն կողմ տանել խաղալիք գնացքը: Խաղը կարևոր նշանակություն ունի մարդու կյանքում: Եթե մարդ ուզում է երաժշտություն լսել` նա նվագում է, եթե ուզում է նկարել` նա նկարում է, եթե ուզում է զբոսանքի գնալ` նա խաղում է: Ահա դա խաղային պլանն է: Այն ամենը, ինչ ուղղակիորեն կապված չէ աշխատանքի, պարտավորությունների և պարտքի հետ: Այն ամենը, ինչ այդ շրջանակներից դուրս է, ինձ համար խաղ է: Մարդը խաղացող կենդանի է: Եվ եթե մարդուց խլես այդ հնարավորությունը, ավելի ճիշտ, ոչ թե խլես (դա անհնար է), այլ ուղղես դեպի ինչ-որ նեղ հորձանուտ, օրինակ, թույլատրես զբաղվել ֆիգուրատիվ նկարչությամբ, և արգելես աբստրակտը, կարելի է և կործանել մարդուն: Ոչ մի դեպքում… Ռոմանտիկները համարում էին, թե գրելը մեծ տառապանք է: Ինձ համար գրելը խաղային աշխարհի մասն է: Եվ վիթխարի հաճույք, և վիթխարի աշխատանք: Դու նզովում ես աշխարհի երեսին ամեն ինչ, ուժասպառվում և հոգիդ հանում ես և դրանից վիթխարի հաճույք ես ստանում…

%d bloggers like this: