Tag Archives: Գագիկ արքա

ՈՐՏԵ՞Ղ Է ԹԱՔՑՎԱԾ ԳԱԳԻԿ ԱՐՔԱՅԻ ԱՐՁԱՆԸ

6 Հնվ

1906 թ.Անի մայրաքաղաքում Նիկողայոս Մառը պեղումների ժամանակ հայտնաբերեց հայ միջնադարյան քանդակագործության բացառիկ նմուշ՝ Բագրատունյաց Գագիկ Ա թագավորի արձանը: Արձանը 2.26 մ. բարձրություն ուներ, կերտված էր վարդագույն տուֆից, տեղադրված էր եղել եկեղեցու հյուսիսային պատին:
Մի քանի տարի անց իրավիճակը կտրուկ փոխվում է: Սկսվում է պատերազմը, պեղումները դադարեցվում են, իսկ երբ 1918 թվականին թուրքական զորքերը մոտենում են Անիին, անհրաժեշտություն է ծագում հրատապ կերպով փրկել հնագիտական ու մշակութային արժեքները: Հենց այդ օրերին էլ Մառի, Հովսեփ Օրբելու և Աշխարհաբեկ Քալանթարի ահազանգին արձագանքում են մի խումբ երիտասարդ հայրենասերներ: Այդ նվիրյալները՝ նրա ընկերները հնագետների խնդրանքով մի օր անցնում են Ախուրյան գետը և իրենց կյանքը վտանգելով ձեռնամուխ են լինում պեղումների արդյունքում հայտնաբերված ցուցանմուշների փրկությանը: Լաստանավի օգնությամբ նրանք սկսում են տեղափոխել այն ամենը, ինչ կարելի էր դուրս բերել Անիից: Սակայն երբ հերթը հասնում է Գագիկ արքայի արձանին, պարզվում է, որ այն բավականին ծանր է և հնարավոր չէ լաստանավով անցկացնել գետի մյուս ափը:
Թուրքական բանակն արդեն գտնվում էր չափազանց մոտ: Նրանց տեղաշարժը հազիվ թե աննկատ մնար: Եվ այդ ժամանակ երիտասարդները կայացնում են միակ խելամիտ որոշումը. Գագիկ արքայի արձանը թաքցնել որևէ ապահով վայրում՝ հողի տակ, և սպասել՝ մինչև վրա կհասնեն ավելի անվտանգ ժամանակներ:
Մինչ օրս էլ արձանը շարունակում է մնալ իր թաքստոցում: Բարեբախտաբար, այսօր հայ հնագետներին հայտնի է արձանի գտնվելու ճշգրիտ վայրը: Սակայն դա հրապարակման ենթակա չէ հասկանալի պատճառներով: Գաղտնիքը կբացահայտվի միայն այն դեպքում, երբ հնարավոր կդառնա Անիում պեղումներ կատարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից՝ Հայաստանի մասնակցությամբ ու կարտոնվի արձանը տեղափոխել մեր երկիր:
Իսկ այժմ պահպանվել է միայն արձանի լուսանկարը՝ կատարված Արամ Վրույրի կողմից:

Հովիկ Չարխչյան

pfhm70vs

ԳԱԳԻԿ ԱՐՔԱՅԻ ՎՐԵԺԸ

15 Հնվ

Կեսարիայի հույն մետրոպոլիտ Մարկոսը սաստիկ հայատյաց էր: Նա նույնիսկ իր շան անունը Արմեն էր դրել: Հայոց Գագիկ արքան լսել էր այդ մասին եւ խիստ զայրացել: Մի օր նա գալիս է Կեսարիա ու ցանկություն հայտնում իջևանել մետրոպոլիտի մոտ: Մարկոսը` լսելով այդ, հրամայում իր ամբողջ տունը զարդարել, ապա ընդառաջ է գնում Գագիկին ու մեծ պատիվներով նրան բերում, տեղավորում իր տանը:
Ճաշկերույթի ժամանակ Գագիկը դիմում է Մարկոսին. «Լսել եմ, որ դու մի զորեղ շուն ունես ուզում եմ տեսնել նրան»: Մարկոսը հասկանում է, որ գլխին փորձանք է գալու, և չլսելու է տալիս արքայի պահանջը: Գագիկը կրկնում է ասածը, ստիպված կանչում են շանը, բայց` առանց անունը տալու: Բնականաբար, շունը չի գալիս:
«Անունը տվեք, որ գա»,- խորամանկ ժպիտով հուշում է արքան: Ի վերջո, Մարկոսը գինու ազդեցության տակ կանչում է. «Արմեն, Արմեն»: Ներս է մտնում առյուծանման մի շուն: «Այս շան անունն Արմե՞ն է»,- հարցնում է արքան: «Քաջ է ու ամեհի, դրա համար էլ Արմեն ենք ասում»,- փորձում է ելք գտնել Մարկոսը: «Հիմա կտեսնենք, թե ով է քաջ` Արմե՞նը, թե՞ Հռոմը»,- վրա է բերում Գագիկը:
Նրա թիկնապահները պատրաստել էին մի պարկ, և արքայի ազդանշանով շանը խոթում են դրա մեջ: Մարկոսը, կարծելով, թե շանն ուզում են իրենից խլել, զայրանում ու սկսում է գոռգոռալ թիկանապահների վրա: Բայց վերջիններս բռնում են մետրոպոլիտին ու զոռով խցկում այնտեղ, որտեղ նրա շունն էր: Հետո Գագիկի հրամանով սկսում են դրսից փայտով խփել շանը: Պատմիչ Մատթեոս Ուռհայեցին գրում է. «Ատամների կռճտոց ու սրտի հառաչ էր դուրս գալիս պարկից, այսպիսի տանջանքներով սատակեց չար և պիղծ անարգիչը` դառնալով շան ճարակ: Այնուհետև Գագիկը հրամայեց ավարի մատնել Մարկոսի տունը»:1298827527_skanirovanie0020

%d bloggers like this: