Tag Archives: Բրունո Շուլց

ԲՐՈՒՆՈ ՇՈՒԼՑ

22 Մրտ

Բավական է: Ձեռքներդ հեռու պահեք ժամանակից: Այն անձեռնմխելի է, նրան չի կարելի սադրել: Մի՞թե ձեզ համար քիչ է տարածությունը: Տարածությունը մարդու համար է, տարածության մեջ կարող եք ճախրել ուզածի չափ, գլուխկոնծի տալ, վայր ընկնել, արշավել մի աստղից մյուսը: Բայց, Աստծո սիրուն, ձեռք մի տվեք ժամանակին:Uzhe-skoro-3D-izobrazheniya-mozhno-budet-trogat

Advertisements

ԲՐՈՒՆՈ ՇՈՒԼՑ

24 Մյս

Իրականության հիմքում իմաստն է: Անիմաստն անիրական է: Իսկ իրականության ուզածդ մասնիկ ողջ է այն բանով, որ մտնում է ինչ-որ համընդհանուր իմաստի մեջ: Վաղնջական տիեզերածնությունները դա համանման էին արտահայտում` ի սկզբանե Բանն էր: Չանվանվածը գոյություն չունի: Անվանել իրը` կնշանակի կապել այն համընդհանուր իմաստին: Առանձին, խճանկարային խոսքը` ավելի ուշ ժամանակների արտադրանք է, տեխնիկայի ծնունդ: Նախասկզբնական բառը ստվերի պես հածում էր աշխարհի իմաստի վրա, և մեծ, համընդհանուր ամբողջություն էր: Այժմյան գործածության մեջ բառը` միմիայն բեկոր է, ինչ-որ հինավուրց, համընդգրկուն, միասնական առասպելաբանության մնացուկ: Այստեղից էլ` նրա ձգտումն առ վերականգնում, մինչև նախնական իմաստի լիալրումը: Բառն ապրում է այն բանով, որ հազարավոր թելերով պրկվում է մեկում, հանց առասպելական վիշապի հատված մարմինը, որի մասերը միմյանց են փնտրում համաշխարհային գիշերվա մեջ: Բառի հազարադեմ ու միասնական օրգանիզմը հատվել էր առանձին բառերի, հնչյունների, առօրյա խոսքի և արդեն այդ նոր, գործնական կարիքների համար հարմարեցված ձևով հասել էր մեզ՝ որպես փոխըմբռնման միջոց: Բառի կյանքը, նրա զարգացումը փոխադրել էին այլ ուղիներ, դեպի կենցաղային գործնականությունը, ենթարկել էին այլ օրենքների: Սակայն ամեն անգամ, երբ գործնականության խստաշունչ հրամայականները ինչ-ինչ պատճառներով թուլանում են և ճնշումից ազատ խոսքը թողնում են ազատ՝ վերադարձնելով վաղեմի իրավունքները, նրան մեկեն համակում է ետդարձի տենչը, և բառը ձգտում է վերականգնել նախկին կապերը, վերադառնալ դեպ իմաստի լիությունը: Բառի այդ տենչն առ հարազատ օրրանը, նրա կարոտն առ վերադարձ, դեպի բառային նախահայրենիքը կոչում են հենց բանաստեղծություն:

ԲՐՈՒՆՈ ՇՈՒԼՑ

22 Հկտ

Ողբերգական ազատությունը

Ի՞նչ է պատմությունը: Ո՞վ կգուշակի նրա բարյացակամության հանելուկը, նրա գթածությունների գաղտնիքները: Մեզ հայտնի չեն նրա եւ նրա հերոսի միջեւ մեկուսի խաղարկվող խորհրդածեսերը, հայտնի չեն ծածուկ բանակցությունները, նրանց միավորող գաղտնիքները: Գուցե՞ դա սիրահարի եւ նրա ընտրյալի գաղտնիքն է: Քանիսին է նա զանց առնում անտարբեր, քանիսի վրա նույնիսկ հայացք չի նետում, ասես գրքի էջեր թերթելիս, եւ անսպասելիորեն կանգ է առնում ինչ-որ մեկի վրա, հանկարծ սրատեսություն ձեռք բերելով, կրքով բռնկված: Նրա սիրեցյալների ժամը կարճ է, նրանց վիճակված է մնալու սոսկ այնքան, որքան հնչում է խոսքը, որը նրանք կարողացել են ճչալ ի պատասխան նրան: Քանզի նրանք բավեցին մեն մի խոսքի համար, նրանց ողջ կյանքը մարեց լոկ մի հնչյունում նրա գաղտնիքի տան մեջ…
Հայացք նետել վիթխարի, երկինք բռնող, առասպելի պատկերին եւ ընթերցել նրանում, գուշակել եւ կանխատեսել, թե ինչ է անրջվում այնտեղ, դեռեւս անուն չառած: Խնամքով կորզել արմատի հետ ամպի ծոցից, բառերի ուռկանում որսալ այն, որ առկայծում էր այդ թաքուցյալ լիցքերում, ազատ, հածող էներգիայում, եւ միաժամանակ չկտրել առասպելի պորտալարը, ժամանակից շուտ չառնել այն որոշակի, խիստ կառուցաձեւի մեջ: Չէ որ առասպելի հատակը անշուշտ պիտի գնա առ անհասկանալին, անբառելին, առասպելը, որպեսզի ողջ մնա, պիտի բնավորվի ակունքներում, որ անհասանելի են հայացքին:

%d bloggers like this: