Tag Archives: Բրայզա

Լավրովին ճիշտ չեն հասկացել

29 Սպտ

Եթե վերհիշելու լինենք վերջին մեկ տարվա իրադարձությունները (ընդ որում, սա նվազագույն ժամանակահատվածն է, որ կարելի է իբրև օրինակ ընտրել), ապա կտեսնենք, թե Հայաստանը քանի-քանի անգամ ցանկացել է Ռուսաստանից հավաստիացում կորզել այն բանի մասին, որ պատերազմի բռնկման դեպքում կստանա Մոսկվայի աջակցությունը: Սակայն յուրաքանչյուր անգամ ռուսները խուսանավել են կոնկրետ պատասխանից՝ այդպես էլ անորոշության մեջ թողնելով թե մեզ, թե մեր հակառակորդներին: Ինչպես ասում են, այս խնդիրը բաց է մնում: Այդ իսկ պատճառով էլ չափազանց զարմանալի էր, երբ լրատվամիջոցները հաղորդեցին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 66-րդ նստաշրջանում Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ելույթի մասին: Ավելի ճիշտ՝ ելույթի այն հատվածի մասին, որն առնչվում էր Կովկասի իրավիճակին: Ըստ այդ հաղորդումների, նախարարն ասել էր հետևյալը. ««Ցանկացած երկրի կողմից հակաիրավական ուժ կիրառելու դեպքում Ռուսաստանը պատրաստ է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար»: Սա, իհարկե, աննախադեպ պարտավորություն էր: Մի դեպքում Ռուսաստանն անուղղակի կերպով հասկացնում է, որ տարածաշրջանը գտնվում է իր հսկողության ներքո, մյուս կողմից զգուշացնում է, թե չի մնա պասսիվ դիտորդի դերում, եթե այնտեղ ինչ-որ բան կատարվի ոչ իր ցանկությամբ կամ արտոնությամբ: Այլ կերպ ասած՝ ստոատուս-քվոյի խախտմանը պիտի հաջորդի «խաղաղության պարտադրումը»:
Լավրովի ելույթից անմիջապես հետո ինչպես Հայաստանում, այնպես էլ մերձակա երկրներում շատերը այդ մտքերը վերագրեցին հայ-ադրբեջանական հակամարտությանը: Եվ դա բնական էր: Հաշվի առնելով Մոսկվայի ներգրավվածության աստիճանը ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացին, նրա ռազմական համագործակցության աստիճանը Հայաստանի հետ և ՀԱՊԿ շրջանակներում առկա փոխգործակցության լծակները, միանգամայն տրամաբանական պիտի դիտվեր տարածաշրջանային լարվածության գլխավոր օջախ համարել հատկապես Ղարաբաղը, իսկ ռուսական վերաբերմունքը՝ ասվածի հետևանք:
Ճիշտ այդպես էին մտածում նաև Ադրբեջանում: Եվ ինչպես սովորաբար լինում է, այս անգամ էլ Բաքվում լրագրողներն անմիջապես վազ տվեցին այդ երկրում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզայի մոտ՝ լսելու վերջինիս մեկնաբանություններն ու արձագանքը, ինչր, ըստ ադրբեջանցիների, պետք է որ հնչեր հակազդեցության երանգներով: Սակայն Բրայզան հիասթափեցրեց բոլորին: Միացյալ Նահանգների դեսպանը նրանց ասաց, թե ինքը չի լսել Լավրովի այդ հայտարարությունը, դրա համար էլ չի կարող մեկնաբանել այն։
Փոքր-ինչ դժվար է հավատալ այս խոսքերի անկեղծությանը: Դժվար է հավատալ, թե ԱՄՆ դեսպանը կարող էր նման անտարբերություն հանդես բերել Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի այն հայտարարության նկատմամբ, որ վերաբերում էր Բրայզայի հետաքրքրության կիզակետում գտնվող տարածաշրջանին: Շատ ավելի իրատեսական պիտի լինի կարծել, որ դեսպանը դեռևս ձեռքի տակ չուներ սեփական երկրի ղեկավարության պաշտոնական դիրքորոշումը, և պատասխանից խուսանավելու ամենահարմար տարբերակը անտեղյալ ձևանալն էր: Դրա փոխարեն ամերիկացին նկատեց, որ ներկայումս ոչ ոք չի խոսում ղարաբաղյան հակամարտության ուժային կարգավորման մասին, քանի որ խնդրի լուծման այդ տարբերակն անհնար է։ «Ներկայումս, ի տարբերություն ոչ վաղ անցյալի, ես որևէ հայտարարություն չեմ լսել ղարաբաղյան հակամարտության ռազմական կարգավորման մասին, և տվյալ փաստը բանակցային գործընթացի դրական զարգացում է։ Գլխավորը ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող «հիմնարար սկզբունքների» համաձայնեցումն է»,- ասել էր նա:
Այս պարագայում Բրայզայի զգուշավորությունը միայն խրախուսանքի է արժանի, քանի որ հակառակ դեպքում նա պարզապես կհայտնվեր զավեշտալի իրավիճակում, ինչպես որ հայտնվեցին շատերը: Ցանկալին իրականության տեղ ընդունելու մղումը մարդկանց հեռացրել է ճշմարտությունից այն չափով, որ վերջիններս պատրաստ չեն Լավրովի խոսքերն ընկալել ամբողջական կոնտեքստում: Մինչդեռ Ռուսաստանի արտգործնախարարի ելույթի այդ աղմկահարույց հատվածը վերաբերում էր ոչ թե Ղարաբաղին, այլ ռուս-վրացական խնդիրներին: Լավրովը բառացիորեն հետևյալն էր ասել. «Ռուսաստանը պատրաստ է Աբխազիայի, Վրաստանի և Հարավային Օսիայի միջև ուժի չկիրառման երաշխավոր հանդես գալ»: Եվ միայն սրանից հետո հաջորդում էին նրա մտքերը տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ձեռնարկելիք քայլերի մասին: Ընդ որում, Լավրովը նաև նշել էր, որ Ռուսաստանը կողջուներ նույնպիսի պարտականությունների ստանձնումը Միացյալ Նահանգների և Եվրամիության կողմից: «Որպես երաշխավորներ` մենք պատրաստ կլինենք տարածաշրջանում բռնության վերսկսումը բացառելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկել, իսկ որևէ մեկի կողմից ուժի հակաիրավական կիրառման դեպքում` հասնել իրադրության շուտափույթ կարգավորմանը միջազգային իրավունքի գործող նորմերի հիման վրա»,- ընդգծել էր նա: Ասվածը հաստատում է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական կայքը, որտեղ գրված է, թե Լավրովը նշել էր, որ պետք է թույլ չտալ Կովկասում ուժային սցենարի կրկնությունը, ինչպես դա եղավ 2008թ. օգոստոսին՝ Թբիլիսիի կողմից հրահրված արկածախնդրության հետևանքով։
Երբ նրա ելույթը դիտարկում ենք այս տեսանկյունից, ամեն բան անմիջապես իր տեղն է ընկնում: Այլևս չկան ոչ անակնկալներ, ոչ սենսացիոն շրջադարձեր: Ու՞մ համար է գաղտնիք, որ հանուն Աբխազիայի ու Օսիայի Մոսկվան կգնա մինչև վերջ: Ասվածի ամենաթարմ ապացույցն էլ եղավ այն, որ երեկ Ռուսաստանի Դաշնության խորհուրդը վավերացրեց Աբխազիայի ու Հարավային Օսիայի տարածքում ռուսական ռազմակայանների ստեղծման մասին այդ հանրապետությունների հետ կնքված համաձայնագրերը: Խոսքը նշված տարածքներում 49 տարվա ընթացքում ռուսաստանցի զինվորականների մշտական ներկայության մասին է՝ համաձայնագրերի հետագա հնարավոր երկարաձգմամբ:
Ինչ վերաբերում է ղարաբաղյան խնդրին, ապա ՄԱԿ-ի ամբիոնից Լավրովն այդ մասին նույնպես խոսեց: Նա կոչ արեց հակամարտության կողմերին` օգտվել լրացուցիչ հնարավորություններից, որոնք ի հայտ են եկել Ռուսաստանի միջնորդական գործունեության շնորհիվ: Նաև նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրների հետ Ռուսաստանն առաջադրելու է հրադադարի ռեժիմի ամրապնդման ու վստահության հաստատման միջոցառումներ: «Մենք կշարունակենք լրացուցիչ հնարավորություններ առաջարկել` խաղաղ կարգավորման հասնելու համար, որոնք ի հայտ են եկել Ռուսաստանի ջանքերի ու միջնորդության արդյունքում: Մենք կշարունակենք ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում մեր գործընկերներ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ համատեղ առաջ մղել հակամարտության կարգավորումը»,- ընդգծեց Ս. Լավրովը: Իսկ սա արդեն լիովին համապատասխանում է գործընթացի տրամաբանական ընթացքին և ոչ մի խոսք այլևս անբնական չի հնչում:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Լավ Բրայզա և վատ Բրայզա

7 Ապր

Ընդամենը այս տարվա փետրվարին էր, երբ Բաքուն գրկաբաց ընդունեց Ադրբեջանում Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Մեթյու Բրայզային: ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահը Սենատում ստիպված էր եղել բազում խոչընդոտներ հաղթահարել, որոնք վերագրվեցին ամենակարող «հայկական լոբբիին», և այդ պատճառով ադրբեջանցիների համար նա մեկն էր, ով տառապանքներ էր կրել հանուն իրենց «արդար» դատի: Սակայն երկու ամիսը լիովին բավական էր, որ անսահման հիացմունքն իր տեղը զիջեր անսահման հիասթափությանը: Երեկվա ոգևորվածներից մեծ ժամանակ չպահանջվեց հասկանալու համար այն պարզ ճշմարտությունը, որ Բրայզան, իր համակրանքներով ու հակակրանքներով հանդերձ, ընդամենը Վաշինգտոնի շահերի արտահայտողն է այդ երկրում և նույնիսկ մեծ ցանկության դեպքում հազիվ թե նրան հաջողվի իր գլխից ավելի վեր թռչել:
Այն, որ անցած ամիսների ընթացքում դեսպանը բազում առիթներով տեղի իշխանությունների հետ փորձել էր համաձայնության եզրեր գտնել, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև առարկել, դեռ չարիքի փոքրագույնն էր: Սակայն վերջին զարգացումները իսկապես սառը ցնցուղի ներգործություն ունեցան ադրբեջանցիների համար, որոնք ոչ մի գնով պատրաստ չէին նման հակազդեցություն տեսնել սիրելի Բրայզայի կողմից:
Ծանր հարվածներից մեկը պետք է համարել Բրայզայի արձագանքը Լեռնային Ղարաբաղում օդանավակայան բացելու և այդ նախաձեռնության նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ դիրքորոշման առթիվ: ԱՄՆ դեսպանը կտրական կերպով անընդունելի համարեց քաղաքացիական օդանավերին հարվածելու սպառնալիքը և խորհուրդ տվեց Բաքվին վերանայել իր դիրքորոշումը: Նույն կերպ Բրայզան չշրջանցեց Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունների անտեսումը, երբ սահմանի վրա դիպուկահարների կրակոցներից զոհեր արձանագրվեցին: Հիշեցնելով, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի, նա այն ժամանակ ասաց. «Ես Վաշինգտոնի իմ գործընկերների ու ընկերների հետ հակամարտության կողմերի միջև ատելության զգացումի նվազման ճանապարհներ եմ փնտրում: Կարծում ենք, որ ատելության զգացումի վերացումը կարող է հիմք դառնալ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար»: Բաքվում չէին կարող չհասկանալ, որ այս բառերն առաջին հերթին հասցեագրված էին իրենց: Ու եթե ամեն դեպքում ադրբեջանցիները հարմար էին գտնում այդ հարցերի շուրջ բանավեճ չծավալել և չսրել անկյունները, ապա ապրիլի սկզբներին ներքաղաքական կյանքի լարվածությունն ի վերջո դուրս բերեց ջինը շշից:
Այն բանից հետո, երբ ընդդիմության բողոքի գործողությունները դաժանորեն ճնշվեցին, Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը հանդես եկավ հայտարարությամբ, որով խիստ քննադատության ենթարկեց իշխանություններին` հանրահավաքը խոչընդոտելու և մեծ թվով մարդկանց ձերբակալելու համար: «Մարդիկ ազատ արտահայտվելու իրավունք ունեն: Ինչպես և նախկինում, այնպես էլ հիմա մենք գտնում ենք, որ Ադրբեջանի քաղաքացիները կարող են ազատորեն արտահայտել իրենց տեսակետը: Մենք Ադրբեջանի կառավարությանն ու իրավապահ համակարգին կոչ ենք անում հնարավորինս շուտ ազատել ձերբակալվածներին»,-ասված էր Բրայզայի հեղինակած տեքստում:
Սա մարտահրավեր էր վարչակարգին: Այս մեկն արդեն անպատասխան մնալ չէր կարող: Եվ արձագանքն իրեն սպասեցնել չտվեց: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարը Ալի Հասանովն Ադրբեջանում ԱՄՆ-ը դեսպանատանը կոչ արեց մնալ լիազորությունների շրջանակում ու չխառնվել Ադրբեջանի ներքին գործերին։ Իսկ այնուհետև գործի դրվեց վարկաբեկման մեքենան: Մեկը մյուսի ետևից լրատվամիջոցները սկսեցին հրապարակել նյութեր, որոնք դատապարտում էին Բրայզայի պահվածը: Դրան զուգահեռ հեղինակները չէին խորշում դեսպանի քայլերի մեջ հետին նպատակներ տեսնել, միայն թե այս անգամ դրանք ոչ թե ադրբեջանամետ էին, ինչպես որակում էին մինչև փետրվար, այլ… հայամետ: «Հիշենք, թե ինչպիսի լարվածությամբ էր ուղեկցվում Ադրբեջան Բրայզայի ժամանման գործընթացը, և դրա հիմնական պատճառը հայամետ տրամադրված սենատորների դիմակայությունն էր: Ըստ երևույթին, Բրայզան այժմ մտածում է այն մասին, որ նոյեմբերին ԱՄՆ Սենատը պետք է իրեն հաստատի Ադրբեջանում դեսպանի պաշտոնում, հակառակ դեպքում նրա լիազորություններն ավարտված կհամարվեն»,- գրում էր քաղաքական վերլուծաբաններից մեկը: Եթե բացենք այս թափանցիկ ակնարկների փակագծերը, ապա խոսքն այն մասին է, որ այժմ Բրայզան չի կարող հաշվի չառնել նաև հայերին օժանդակող կոնգրեսականների կարծիքները և իր ներկա պահվածքով փորձում է սիրաշահել նրանց: «Դա այժմ Բրայզայի հիմնական հոգսն է և գլխավոր պատճառն այն բանի, որ նա նման հայտարարություններով է հանդես գալիս Բաքվում: Բաքվում նշանակվելուց հետո Բրայզան որոշակի քայլեր էր ձեռնարկում, որոնք հիմնականում ուղղված էին հայերին սատարող սենատորների ձայների նվաճմանը»,- ասվում էր ադրբեջանական մամուլում տեղ գտած մեկ այլ հրապարակման մեջ:
Առայժմ դեսպանն այս մեղադրանքներն անարձագանք է թողնում: Փոխարենը նա հարցազրույցներում կտրականապես հերքում է քաղաքական շրջանակներում պարբերաբար հայտնվող այն պնդումները, թե հակամարտության կարգավորումը վերջնականապես փակուղում է հայտնվել: ԼՂ հիմնահարցը որակելով իր առաջնային կարևորության խնդիրներից մեկը, Բրայզան նաև ասում է, որ առաջիկա մեկ տարում նա պատրաստվում է լուրջ քայլեր իրագործել նաև էներգետիկայի ոլորոտում, քանի որ տարին շատ կարևոր է լինելու այն ընկերությունների ու պետությունների համար, որոնք փորձում են ձևավորել «Հարավային միջանցքը»` ադրբեջանական գազը մատակարարելով Եվրոպային: Բայց այդ ամենով հանդերձ չի մոռանում Բաքվին մեկ անգամ ևս հիշեցնել, որ ԱՄՆ դեսպանատան հրատապ խնդիրներից մեկը լինելու է շարունակվող ազատականացման գործընթացի խթանումը: «Խոսքը հանրային ոլորտում, քաղաքական դաշտում, տնտեսությունում իրականացվելիք բարեփոխումների մասին է»,- բացատրում է նա:
Ադրբեջանցիները վերանայում են իրենց կարծիքը Բրայզայի նկատմամբ: Իսկ գուցե Բրայզան ևս հոգու խորքում փոփոխությունների գարուն է ապրում: Ո՞վ գիտի…

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Կարևորությունը վերահաստատելու պահանջ

22 Փտր

Հայ- ադրբեջանական հակամարտության գոտում նկատվող վտանգավոր լարվածությունը շուտափույթ լիցքաթափման պահանջ է զգում: Թերևս այդ հրամայականով կարելի է բացատրել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական եռակողմ հանդիպման կազմակերպումը, որը կայանալու է մարտի 5-ին, Սոչիում: Բոլորն էլ հասկանում են, որ այդ բանակցություններից մեծ սպասելիքներ ակնկալելն իրատեսական չէ, և լավագույն դեպքում այն կարող է զսպող գործոնի դեր խաղալ կողմերի համար` հորդորելով ձեռնպահ մնալ կտրուկ քայլերից և վիճակն ապակայունացնող սադրանքներից: Հիշեցնենք, որ վերջին անգամ նույն ձևաչափով երեք պետությունների ղեկավարները հանդիպել էին նախորդ տարվա հոկտեմբերի 27-ին, Աստրախան քաղաքում, որտեղ պայմանավորվել էին ռազմագերիների ու զոհված զինծառայողների դիակների փոխանակում իրականացնել: Պայմանավորվածությունն, իհարկե, մնաց թերի և մեկ-երկու գործողությունից հետո նույնիսկ մի տեսակ մոռացության տրվեց` դառնալով վկայությունն այն բանի, որ նույնիսկ առաջին հայացքից պարզ և իրագործելի համարվող հարցերում կողմերը շարունակում են դրսևորել կոշտ համառություն ու փոխադարձ անվստահություն:
Սակայն սպասվող հանդիպմանն առնչվող զարգացումների շարքում առավել հատկանշականն այս պահին մեկ այլ հանգամանք է: Նախ ուզում ենք ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ Սոչիի եռակողմի մասին լրագրողներին առաջինը տեղեկացրեց ոչ այլ ոք, քան Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան: Դժվար է հասկանալ, թե ինչու է նման առաքելությունը ստանձնում հատկապես Ամերիկայի դեսպանը: Որպես ո՞վ է նա հանդես գալիս տվյալ պարագայում: Նա ոչ կազմակերպիչն է, որ միջնորդը, ոչ կողմերից մեկի ներկայացուցիչը: Այս անհարկի, մի փոքր էլ անպատշաճ միջամտությունը ստիպում է մտածել այն մասին, որ կատարվածն այլ բան չէ, քան ռուսական նախաձեռնությանն իբրև հակակշիռ իրենց ներկայությունը հիշեցնելու ամերիկյան ձև: Ընդ որում, նույն Բրայզան առիթը բաց չի թողել մեկ անգամ ևս հաճոյանալու Բաքվի լսարանին և հայտարարելու, որ պաշտոնական Վաշինգտոնը պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և չափազանց մեծ նշանակություն է տալիս այդ երկրի հետ հարաբերություներին: «Ես կաշխատեմ, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը արդարացի լուծում գտնի»,- ասել է նա:
Բրայզան աշխատելու է հանուն արդար լուծման: Բրայզայի համար Ղարաբաղը նրա դիվանագիտական գործունեության առաջնահերթություններից է: Եվ անելու է ամեն ինչ, որպեսզի կողմերը ընդհանուր հայտարարի գան, քանի որ, ըստ Բրայզայի, «Մինսկի խումբը չի կարող որոշում կայացնել կողմերի փոխարեն»: Մի խոքով, Բրայզան կարող է այն, ինչը չի կարող Մինսկի խումբը:
Ռուսական միջնորդությանը «դիմագրավելու» հաջորդ փորձը կարող է դառնալ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Սթայնբերգի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան, որը սպասվում է փետրվարի 24-ին: Թեև առայժմ պաշտոնապես որևէ բան չի ասվել այցելության նպատակի մասին, սակայն արդեն կա այն համոզմունքը, որ հիմնական թեման լինելու է Ղարաբաղյան խնդրի կարգավորումը։ Սթայնբերգը նախորդ տարի ևս երկու համանման հանդիպումներ ունեցավ մեր իշխանությունների հետ։ Իսկ այժմ, այն էլ մարտի 5-ից առաջ նրա Հայատան ժամանելը վկայում է, որ իբրև ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր ԱՄՆ-ն չի ցանկանում մնալ ստվերում և իր կարևորությունը վերահաստատելու պահանջ ունի:
Նույն տեսանկյունից կարելի է դիտարկել նաև ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քլեփերի` օրերս արտասանած ելույթը Ներկայացուցիչների պալատի Հետախուզության կոմիտեում, որի ժամանակ վերջինս մասնավորապես ասաց. «Լեռնային Ղարաբաղի սառեցված հակամարտությունը պոտենցիալ թիրախ է: Ադրբեջանի կառավարությունը գոհ է հայ-թուրքական գործընթացի կասեցումից, սակայն Բաքուն Հայաստանի միջոցով մտադիր է Արևմուտքի ուշադրությունը սևեռել Ադրբեջանի շահերի վրա։ Կողմերի միջև վստահության բացակայությունն ու աճող ռազմական հռետորությունը, ինչպես նաև զինված ուժերի շփման գծի երկայնքով շարունակվող փոխհրաձգությունները մեծացնում են փոքրամասշտաբ ռազմական գործողությունների վտանգը, ինչը կարող է իրադրության սրման հանգեցել»։
Ամերիկացիներն առաջին անգամը չէ, որ խոսում են վտանգների մասին: Հիշենք, թե ինչպես նույն հետախուզական ծառայության պատասխանատուները ժամանակին նույնիսկ պատերազմի վերսկսման ամսաթվեր էին նշում: Իսկ ընդհանրապես, հանրահայտ է ամեն բան չափից ավելի դրամատիզացնելու և այնուհետև փրկության հասնելու նրանց թուլությունը: Ահա ևս մի ամերիկացի դիվանագետ, նախկինում`Ադրբեջանում ԱՄՆ դեսպան, իսկ այժմ Վաշինգտոնի Ատլանտյան խորհրդի Հարավային Կովկասի հարցերով վերլուծաբան Ռոսս Ուիլսոնը հատկապես այս օրերին իր անհանգստությունն է հայտնում ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Նա կարծում է, որ գործընթացը դանդաղ է ընթանում և կա անհրաժեշտություն մեծացնելու ԼՂ իրադրության վերաբերյալ ներկա պահին շատ փոքր նշանակություն ունեցող միջազգային դիտարկումները։ «Հակառակ դեպքում աճում է հայ-ադրբեջանական հակամարտության մեջ իրավիճակի սաստկացման հնարավորությունը»,- իր նախարդների ոգով եզրափակում է նա:
Եվ վերջապես, ԱՄՆ Կոնգրեսում հայամետ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը, ասես ամփոփելով բոլորի մտքերը, օրերս իր ելույթներից մեկի ժամանակ ուղղակի հայտարարեց. «Ես կցանկանայի ընդգծել, որ Միացյալ Նահանգների ներկայությունը Հարավային Կովկասում անհրաժեշտ է թեկուզ նրա համար, որպեսզի Հայաստանի անվտանգությանը ոչինչ չսպառնա»:
Նման սրտացավությունը, այն էլ Սոչիում կայանալիք եռակողմ բանակցություններից առաջ, ոչ միայն հասկանալի էր, այլև կանխատեսելի: Եվ մինչ Վաշինգտոնում կորոշեն, թե մեր անվտանգությունն ապահովող ներկայությունն այս անգամ ինչ կերպարանք պիտի ունենա, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 25-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն`Սանկտ Պետերբուրգում հանդիպելու ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ: Ինչպես ասում են, մեծ նախաձեռնություններից առաջ հարկ է ժամացույցի սլաքներն ուղղել գործընկերոջ հետ:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: