Tag Archives: բվեճ

ԱՈՒԳՈՒՍՏՈ ՄՈՆԹԵՐՈՍՈ

16 Նյմ

ՄՆԱՑԱԾ ՎԵՑԸ

Ավանդույթն ասում է, որ մի հեռավոր երկրում մի ժամանակ կար-չկար մի Բվեճ, ով այնքան երկար էր տքնում գրքերի վրա, խորհրդածում, հետազոտում, ըմբռնում, թարգմանում, դասախոսություններ էր կարդում, բանաստեղծություններ, պատմվածքներ, կենսագրականներ, կինոյի մասին նոթեր, ճառեր, գրական էսսեներ և այլ բաներ էր գրում, որ արդյունքում յուրացրեց մարդկային գիտելիքի բոլոր բնագավառները, ընդ որում, հասնելով այնպիսի հանրահայտության, որ հիացած ժամանակակիցները շուտով նրան հայտարարեցին Երկրի Յոթ Իմաստուններից մեկը, թեեւ մինչև այժմ չհաջողվեց պարզել, թե ովքեր էին մնացած վեցը:

ՍԵՎ ՈՉԽԱՐ

Շատ տարիներ առաջ մի հեռավոր երկրում կար-չկար մի սև Ոչխար: Նրան գնդակահարեցին: Մեկ դար անց հոտը զղջաց և նրա պատվին ձիով հուշարձան կանգնեցրեց, որը զբոսայգում բավական լավ էր նայվում: Այդ ժամանակից ի վեր ամեն անգամ հենց սև ոչխարներ են հայտնվում, նրանց տեղնուտեղը տանում են գնդակահարության, որպեսզի սովորական ոչխարների գալիք սերունդները նույնպես կարողանան հմտանալ քանդակագործության մեջ:

ԷՌՆԵՍՏ ՀԵՄԻՆԳՈՒԵՅ

1 Ապր

Եթե գրողը լավ գիտե այն, ինչի մասին գրում է, նա կարող է շատ բան բաց թողնել այն ամենից, ինչ գիտե. և եթե նա ճշմարտացի է գրում, ընթերցողը կզգա ամբողջ բաց թողնվածն այնպիսի ուժով, ինչպես կզգար, եթ գրողն ասեր այդ մասին: Այսբերգի շարժման հզորությունն այն է, որ միայն մեկ ութերորդով է բարձրանում ջրի մակերևույթ: Գրողը, որ չիմանալով շատ է բաց թողնում, պարզապես դատարկ տեղեր է թողնում: Գրողը, որն այդքան անլուրջ է վերաբերվում իր աշխատանքին, որ ջանք է գործադում ընթերցողին ցույց տալու, թե ինքը որքան կրթված է, կուլտուրական ու նրբաժաշակ, ընդամենը թութակ է: Եվ նկատի առեք, լուրջ գրողին չպետք է շփոթել հանդիսավոր գրողի հետ: Լուրջ գրողը կարող է լինել բազե, ուրուր կամ նույնիսկ թութակ, բայց հանդիսավոր գրողը միշտ բվեճ է:
… Գրողի կյանքը, երբ նա բարձունքում է, անցնում է մենության մեջ: Գրողների կազմակերպությունները կարող են թեթևացնել նրա մենությունը, բայց հազիվ թե բարձրացնեն նրա աշխատանքի որակը: Ազատվելով մենությունից` գրողը հասակ է առնում որպես հասարակական դեմք, և հաճախ դա վնասում է նրա ստեղծագործությանը: Քանզի նա մենակ է ստեղծում, և եթե նա բավականաչափ լավ գրող է, պարտավոր է ամեն օր առջևում տեսնել հավերժությունը կամ դրա բացակայությունը: Իսկական գրողի համար յուրաքանչյուր գիրք սկիզբ պետք է լինի, անհասանելին ձեռք բերելու նոր փորձ: Նա միշտ պետք է ձգտի նրան, ինչ դեռ ոչ ոք երբեք չի արել կամ ինչը ուրիշները իրենից առաջ փորձել են անել, բայց չեն կարողացել: Այդ ժամանակ, եթե բախտը շատ բերի, նա գուցե կարողանա հաջողության հասնել: Իսկ ժամանակակից գրողը ստիպված է շատ հեռուն գնալ անհասանելիի սահմաններում, այնտեղ, ուր ոչ ոք չի կարող օգնել նրան:

%d bloggers like this: