Tag Archives: բռնակալ

ԿԼԱՎԴԻՈՒՍ ԷԼԻԱՆՈՒՍ

25 Օգս

…Եթե ձեռք տանք խոզին, նա, բնականաբար, կսկսի մռթմռթալ: Չէ որ խոզը ոչ բուրդ ունի, ոչ կաթ, ոչ որևէ բան, բացի մսից: Հպվելիս նա անմիջապես արդեն կռահում է իրեն սպառնացող վտանգը` գիտենալով, թե ինչի համար է պետք մարդկանց: Հենց այդպես էլ իրենց պահում են բռնակալները. նրանք մշտապես լեցուն են կասկածներով և ամեն ինչից վախենում են, որովհետև գիտեն, որ խոզի նման յուրաքանչյուրին պիտի տան իրենց կյանքը:

ԷՏԻԵՆ ԴԸ ԼԱ ԲՈԵՍԻ

22 Օգս

Խղճի մտոք ասած, մեծագույն դժբախտություն է կախված լինել մի տիրակալի քմահաճույքից, որի վերաբերյալ երբեք չես կարող իմանալ, թե նա բարի կլինի արդյոք, մինչդեռ միշտ նրա ձեռքին է վատ լինելը, երբ նա այդ ուզենա…
Բռնակալն ինքնըստինքյան պարտված կլիներ, միայն թե երկիրը չհամաձայներ իր ստրկությանը: Ոչինչ հարկավոր չէ նրանից խլել, հարակավոր է միայն ոչինչ չտալ նրան: Հարկավոր չէ, որ երկիրն իր օգտին ջանքեր գործադրի. միայն թե նա իր դեմ ոչինչ չգործադրի: Ես չեմ պահանջում, որ դուք կռվեք նրա դեմ, հարձակվեք նրա վրա: Դադարեցեք միայն նրան աջակցելուց, և դուք կտեսնեք, թե նա ինչպես այն վիթխարի արձանի նման, որի տակից հանել են պատվանդանը, փուլ կգա սեփական ծանրության տակ և ջարդուփշուր կլինի:

ՔՐԻՍՏԻԱՆ ԲՈՈՒՎԻ

25 Հնվ

Քիչ մտքեր են կործանվում մաշվելուց, մեծ մասամբ նրանք ժանգոտվում են չօգտագործվելուց: Իսկ իր կատարածով բավարարվածը երբեք չի փառաբանվի իր հետագա արարումներով: Նա արդեն մեռած է և նրա գերեզմանի վրա արդեն խոտ է աճում: Չկա սովորույթից ավելի ահավոր բռնակալ, և քանի դեռ մարդը չի դիմադրում նրա հրամաններին, նա չի կարող ազատ լինել: Մենք կյանքը խեղում ենք մեր խելահեղություններով ու արատներով, իսկ հետո գանգատվում ենք դրանց հետևող դժբախտություններից և ասում ենք, որ դժբախտությունը գտնվում է իրերի բուն էության մեջ: Մեր սարսափները կիսով չափ զուրկ են ամեն մի հիմքից, կիսով չափ էլ պարզապես ամոթալի են: Սեփական ուժերի հանդեպ անվստահությունը մեր անհաջողությունների մեծ մասի պատճառն է: Մարդու խելամիտ զգուշությունն արտահայտվում է ոչ այնքան նրանում, որ նա երբեք սխալներ չի կատարում, որքան այն բանում, որ նա թույլ չի տալիս դրանց կրկնությունը: Բայց ճշմարտությունը արևի նման է, կարող է մշուշապատվել, սակայն միայն ժամանակավորապես:

ՏՈՆԻՆՈ ԳՈՒԵՐԱ

7 Նյմ

ԲՌՆԱԿԱԼԻ ՎԵՐՋԻՆ ՃԻՉԸ
Նա կառավարում էր վիթխարի, բայց դժբախտ հողերը, որոնց խփել էր այտուցային ժանտախտը, եւ հիմա մահանում էր իր ապարանքի դահլիճներից մեկում:
Ի վերջո, բռնակալը հրամայեց կանչել հպատակների մեծ մասին, որոնց հետ դաժան էր վարվել` եւ կանանց, ում բռնաբարել էր, եւ կույրերին, կաղերին, նրա չարությունից տուժած խեղանդամներին: Նա ուզում էր, որ ողջ ժողովրդի վրա` դահլիճում ժողովված, եւ աստիճանների մոտ, եւ դրսում ծնկաչոք կեցածների վրա ընկներ իր մերձիմահ ճիչը` «Ես գոհ եմ մեռնում, քանզի գիտեմ, որ ոչ մեկին բարություն չեմ արել»:

ՌՈՒՍ ՊԱՐՈՒՀԻՆ
Մի ռուս պարուհի, որ արդեն 70-ն անց էր՝ պարուսույց էր դպրոցում: Մի անգամ նրան հետապնդեց մի անծանոթ երիտասարդ, որը ցնցվել էր նրա սլացիկ կազմվածքից:
Պարուհին վազքով տուն նետվեց, որպեսզի երիտասարդը չհասներ իրեն: Շնչակտուր դուռը կողպեց: Փոքր աղջիկը հարցրեց, թե ինչ է պատահել:
— Աներեւակայելի է,- պատասխանեց ծեր պարուհին,- ինչ-որ պատանի սկսեց ինձ հետապնդել, բայց ես չէի ուզում, որ նա տեսներ իմ դեմքը եւ խաբվեր իր ակնկալիքներում: Նայիր պատուհանից, գուցե նա դեռ այնտե՞ղ է՝ մայթեզրին:
Աղջիկը մոտեցավ պատուհանին եւ դրսում տեսավ մի ծերունու, որ կանգնած էր՝ գլուխը վեր ցցած:

Թարգմանությունը` Վարդան Ֆերեշեթյանի

ԽՈՒԼԻՈ ԿՈՐՏԱՍԱՐ

6 Նյմ

«Առակ առանց բարոյախոսության»

Մի մարդ վաճառում էր գոչյուններ ու բառեր, եւ նրա գործերը վատ չէին ընթանում, թեեւ մարդիկ հաճախ նրա հետ սակարկում էին՝ աղերսելով գինն իջեցնել: Համարյա միշտ նա նրանց ընդառաջում էր, այնպես որ, օրվա ընթացքում կարող էր վաճառել բազում կոչեր փողոցային առեւտրականներին, որոշ քանակով հոգոցներ ռենտայով ապրող սենյորներին, ինչպես նաեւ՝ բառակազմություններ լոզունգների, գովազդային հայտարարությունների, խնդրագրերի եւ անսպասելի մտքերի համար:
Մի անգամ էլ նա որոշեց ընդունելություն ստանալ տեղի բռնակալիկի մոտ, ով բռնադատելով երկիրը, ոչնչով իր նմաններից չէր տարբերվում եւ ընդունեց խնդրարկուին գեներալների, նախարարների եւ սուրճի գավաթների ընկերակցությամբ:
— Կամենում եմ ձեզ վաճառել ձեր վերջին խոսքերը,- ասաց մարդը,- դրանք ձեզ շատ պետք կգան: Չէ՞որ ձեր վերջին ժամին դրանք, ինչպես հարկն է, չեն կապակցվի, իսկ ասել դրանք անպայման հարկ կլինի, որպեսզի գերեզմանի եզրին, առանց կմկմալու ուրվագծեք պատմական հետադարձ հեռանկարը:
— Թարգմանի ինչ է դուրս տալիս,- հրամայեց բռնակալիկն իր թարգմանչին:
— Ձերդ գերազանցություն, նա արգենտիներեն է խոսում:
— Արգենտիներե՞ն: Ինչո՞ւ ոչինչ չեմ հասկանում:
— Դուք ամեն ինչ հիանալի հասկացաք,- ասաց մարդը,- կրկնում եմ, ես եկել եմ վաճառելու ձեզ ձեր վերջին խոսքերը:
Բռնակալիկը վեր թռավ, ինչպես նման դեպքերում պատահում է, եւ հազիվ խեղդելով ձայնի դողոցը` հրամայեց ձերբակալել մարդուն եւ նետել հատուկ զնդանը, նրանցից, որ միշտ առկա են նմանատիպ կառավարումների դեպքում:
— Ափսոս,- ասաց մարդը, երբ նրան տանում էին,- Դուք, անշուշտ, կցանկանաք ասել ձեր վերջին խոսքերը, այլապես ինչպե՞ս կուրվագծեք հետադարձ պատմական հեռանկարը: Դե, ես էլ ուզում եմ վաճառել դրանք, ոչ մի խաբեություն այստեղ չկա: Սակայն, եթե դուք չեք ուզում ծախս անել այդ բառերի վրա, ապա չեք կարողանա նախօրոք սերտել այն պահի համար, երբ դրանք լեզու-բերան կգան, եւ արտասանել դրանք դուք չեք կարողանա:
— Իսկ ինչո՞ւ ես չեմ կարողանա արտասանել այդ բառերը, եթե դրանք հենց նրանք են, որ ես կկամենայի արտասանել,- հարցրեց բռնակալիկն՝ անցնելով սուրճի հաջորդ գավաթին:
— Ահը թույլ չի տա,- տրտմորեն պատասխանեց մարդը: -Չէ՞ որ դուք սարսափից ու ցրտից կդողաք: Մեն մի վերնազգեստով, թոկը վզներիցդ կախ, ձեր լեզուն փաթ կընկնի, այնպես որ, որեւէ խոսք կարգին արտաբերել չեք կարողանա: Դահիճը եւ ներկա գտնվող պարոններից նրա ընթերակաները ձեւի համար մի երկու րոպե կսպասեն, եւ երբ ձեր կոկորդից ոչ այն է՝ հառաչ, ոչ այն է՝ զկրտոց, ոչ այն է՝ ներման պաղատանք կարտաբերվի, թոթովել դուք կարող եք ընդամենը դա, ապա նրանք, համբերությունը կորցրած, տեղում ձեզ կկախեն:
Դահիճի ծայրահեղ վրդովված ընթերակաները եւ մանավանդ գեներալները սկսեցին ճնշել բռնակալիկին` այդ մարդուն տեղնուտեղը գնդակահարելու պահանջով: Սակայն բռնակալիկը ողջ-դժգույն մահվան հանգույն, բռիաբար քշեց նրանց եւ եկվորի հետ փակվելով, սկսեց գնել նրանից իր սեփական վերջին խոսքերը:
Մինչդեռ գեներալներն ու նախարարները, ծայրաստիճան ստորացված այն բանից, թե ինչպես վարվեցին իրենց հետ, խռովություն ծրագրեցին եւ հաջորդ առավոտյան որսացին բռնակալիկին, երբ նա իր սիրած տաղավարում խաղող էր ըմբոշխնում: Որպեսզի նա չհասցնի իր վերջին խոսքերից որեւէ մեկն ասել, նրան տեղնուտեղը գնդակահարեցին: Այնուհետեւ կառավարական պալատում սկսեցին փնտրել բառավաճառին, որ ասես գետնի տակ էր անցել, բայց շուտով նրան գտան շուկայում, որտեղ նա կոչեր էր վաճառում փողոցային մարմնամարզիկներին եւ աճպարարներին: Նրան նետեցին բեռնասայլը եւ հասցնելով ամրոց, սկսեցին խոշտանգել, որպեսզի նա ասի, թե այդ ինչպիսին պիտի լինեին բռնակալիկի վերջին խոսքերը: Բայց քանի որ ոչ մի խոսք չկարողացան նրանից կորզել, ապա քացով նրան տանջամահ արեցին:
Իսկ փողոցային առեւտրականները, որ նրանից տարբեր կոչեր էին գնել, շարունակում էին ճչալ դրանք խաչմերուկներում, եւ այդ կոչերից մեկը հետագայում դարձավ գեներալների եւ նախարարների վերջը տվող հակահեղափոխական շարժման նշանաբառն ու արձագանքը: Նրանցից ոմանք մահվանից առաջ խուճապահար մտածում էին, որ ողջ եղածը համատարած թյուրիմացությունների շղթա է, եւ այդ տարբեր բառերն ու կոչերը, որքան էլ դրանք անհեթեթ թվային, լիովին կարող էին վաճառվել, ի դեպ, առանց գնելու իրավունքի:
Այսպես նրանք բոլորն էլ ուղեւորվեցին հողում փտելու` բռնակալիկը, բառավաճառը, գեներալներն ու նախարարները, բայց ճիչերը տարբեր անկյուններում մերթ ընդ մերթ շարունակում էին հնչել:

Թարգմ. Վ. Ֆերեշեթյան

%d bloggers like this: