Tag Archives: Բորդյուժա

ՀԱՊԿ-ի կոսմետիկ փոխակերպումը

14 Սպտ

Երեկ, այն բանից հետո, երբ Ազգային ժողովում վավերացման ներկայացվեց անցյալ տարվա դեկտեմբերին Մոսկվայում ստորագրված «ՀԱՊԿ ռազմական նշանակության արտադրանքի թողարկման միջպետական գիտարտադրական միավորումներ ստեղծելու ընդհանուր սկզբունքների մասին» և «ՀԱՊՀ անվտանգության հավաքական ուժերի ու միջոցների կազմավորման և գործունեության կարգի մասին» համաձայնագրերը, սա առիթ տվեց, որպեսզի ՀԱՊԿ-ի անհրաժեշտության, գործառույթների և անդամակցության խնդիրները վերստին դառնան ակտիվ քննարկման նյութ: Ներկայացված երկու փաստաթղթերի էությունը կայանում էր նրանում, որ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպությունը հավակնում է մասնակից պետությունների ուժերի ու միջոցների հաշվին պայքար ծավալել զինված հարձակման, ագրեսայի և այլ մարտահրավերների ու սպառնալիքների դեմ, ինչպիսիք կարող են համարվել նաև միջազգային ահաբեկչությունը, հանցագործությունները, արտակարգ իրավիճակները և այլն: Սակայն այս բարի ցանկությունների ու մտադրությունների թվարկումը դեռևս փաստարկը չէր, որ կարող էր համոզիչ լինել թերահավատների համար: Քիչ չէ նրանց թիվը, ովքեր այսօր համոզված են, թե ՀԱՊԿ-ն օր-օրի հաստատում է իր «ռազմաքաղաքական անկարողությունը»։ Իսկ այդպես պնդելու համար օրինակների պակաս չի զգացվում: Հայաստանի համար դա նախ և առաջ նշանակում է ստանալ հստակ և աներկմիտ հավաստիացումներ, որ մեր երկիրը կարող է անհրաժեշտության դեպքում հույսը դնել վերջինիս օժանդակության վրա: Իսկ երեկ նախկին պահանջներին գումարվեց ևս մեկը: Բանը հասավ նրան, որ պատգամավորներից ոմանք հայտարարեցին, որ եթե ՀԱՊԿ շրջանակներում պաշտպանական միությունը դատարկ ձևականություն չէ, ապա ՀԱՊԿ անդամ երկրները պետք է հայտարարեն Ադրբեջանի ու Թուրքիայի շրջափակման մասին: Նման պահանջը բխում էր այն դատողությունից, որ եթե կազմակերպության շրջանակներում համագործակցությունը ենթադրում է արտաքին ագրեսիայի և այլ մարտահրավերների դեմ համատեղ դիմակայության դրսևորում, ապա պետության արտաքին շրջափակումը նույնպես կարող է որակվել որպես ագրեսիա:
Սակայն ՀԱՊԿ արձագանքն ու օգնությունը վերջին շրջանում ստանում են նոր նրբերանգներ, ինչն իր հերթին կարող է այդ կառույցի անմիջական ներկայությունը դիտարկել ոչ այնքան ցանկալի: Եվ նրանք, ովքեր այսօր պահանջում են ռազմական դաշինքի արագ արձագանքը, հենց իրենք կարող են հայտնվել նույն արձագանքի հարվածի տակ: Խոսքն այն նոր մտայնության մասին է, համաձայն որի ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման ուժերը անդամ երկրներում կարող են օգտագործվել սահմանադրական կարգը պաշտպանելու համար: Գաղափարն առաջինը շրջանառու դարձրեց Բելառուսի նախագահը, նրան մերժեցին, բայց կարծես թե այն հրապուրիչ թվաց, և այժմ դիտարկվում է նույնը շատ ավելի մեղմ, ոչ այնքան թափանցիկ շղարշի ներքո ներկայացնելու հարցը: Ճիշտ է, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան շտապեց հրապարակավ հայտարարել, թե «ՀԱՊԿ-ն իր վրա չի վերցնի ժանդարմի գործառույթներ» և որ կտրականապես դեմ են դրան, միայն թե նույն պահին էլ հավելեց, որ, այո, ակնկալվում են որոշ վերաձևումներ, սակայն դրանք «կրելու են ոչ թե խորքային, այլ կոսմետիկ բնույթ, իսկ անդամ որևէ երկրի ներսում անկարգությունների պարագայում ընդունող երկրի համաձայնությամբ կուղարկվեն ոչ թե արագ արձագանքման, այլ ՀԱՊԿ խաղաղապահ ուժեր` դիմակայությունը թուլացնելու ու կայունություն հաստատելու նպատակով»:
Հասկանալի է, որ սա խնդրի էությունը չի փոխում և միևնույն խաղն է՝ այլ դերակատարներով ու դեկորացիայով: Իբրև ասվածի լրացում օրերս շրջանառվեց ևս մի տեղեկություն, համաձայն որի այսուհետ ՀԱՊԿ-ն վերահսկելու է սոցիալական ցանցերը` արաբական հեղափոխությունների սցենարով իր ներսում անկարգությունների կրկնությունը կանխելու համար: Ըստ որոշ աղբյուրների, այդ նպատակով կկիրառվեն բջջային կապը, սոցիալական ցանցերը, հնարավոր է նաև` ոչ կառավարական կազմակերպությունները: Եվ դեռ այսքանից հետո էլ հնչում են հավաստիացումներն այն մասին, թե խոսքը գրաքննության, այլակարծության դեմ պայքարի մասին չէ:
Մի խոսքով, կառույցը հետզհետե ձեռք է բերում բոլորովին նոր գործառույթներ՝ այդպես էլ անհայտության մեջ թողնելով իր նախկին պարտավորությունների կատարման հաստատակամությունը: Իսկ եթե անկեղծ ասենք, ապա ՀԱՊԿ-ում շատ բաներ կան, որոնք տարակուսանք ու մտահոգություն են ծնում: Օրինակ, վերհիշենք կազմակերպության կանոնադրության առաջին հոդվածը, ուր ասվում է, որ մասնակից երկրները պարտավորվում են չմասնակցել «այլ մասնակից պետության դեմ ուղղված գործողություններին»: Սակայն արի ու տես, որ նույն ՀԱՊԿ որոշ անդամ պետությունների կողմից Ադրբեջանին վաճառվում է մեծ քանակությամբ սպառազինություն և ռազմական տեխնիկա, այդ թվում` հարձակողական բնույթի (ռազմական ինքնաթիռներ, տանկեր, հրետանային և հրթիռային համակարգեր): Վաճառողները հրաշալի հասկանում են, որ դա ուղղակի ռազմական սպառնալիք է Հայաստանի նկատմամբ և հակասում է նրանց իսկ պարտավորություններին: Բայց այդ բանի գիտակցումը որևէ կերպ չի կաշկանդում «առևտրականներին»:
Եվ ի՞նչ է ստացվում: Մի կողմից մենք դժգոհ ենք, մյուս կողմից ստիպված ենք ղարաբաղյան հակամարտության առկայության, Թուրքիայի վարած քաղաքականության պայմաններում ԱՊՀ-ի ու ՀԱՊԿ-ի միջոցով հավասարակշռություն պահպանել: Ասվածին կարելի է հավելել նաև այն փաստը, որ Հայաստանն այսօր դեռ չի տեսնում մեկ այլ համակարգ, որը այլընտրանքային դիտվեր ու համեմատության մեջ դրվեր եղածի հետ: Նույնիսկ ըմբռնելով, որ ԼՂՀ-ն ճանաչված չէ որպես պետություն, այդ թվում` Հայաստանի կողմից, հետևաբար, ՀԱՊԿ-ի պատասխանատվության տիրույթում չէ, մենք վերստին շարունակում ենք հույսեր փայփայել, թե անհրաժեշտության պարագայում մեզ մենակ չեն թողնի, քանի որ Ադրբեջանի և Ղարաբաղի հակամարտությունը հեշտությամբ կարող է դառնալ հայ-ադրբեջանական, իսկ սա դաշնակիցներին կհիշեցնի իրենց պարտավորությունների մասին:
Դեկտեմբերին կանցկացվի ՀԱՊԿ գագաթնաժողովը, որի շրջանակներում կառաջարկվի լիազորությունների ընդլայնման հաշվին հզորացնել կազմակերպությունը: Հայաստանը հաստատապես դեռ կշարունակի իր անդամակցությունն այդ շրջանակներում, քանի որ, ամեն բանից անկախ, ՀԱՊԿ-ն առայժմ հույսեր է ներշնչում, թե ինքը կայացող ու խոստումնալից ռազմաքաղաքական միավոր է: Բացի դա էլ կառույցում ընդգրկված են երկրներ, որոնք թեև հակասական շահեր ունեն, սակայն նրանց բոլորին ինչ-որ բան միավորել է, եթե նրանք հայտնվել են այդ տանիքի տակ:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

ՀԱՊԿ-ն մեզ կօգնի, եթե….

20 Մյս

Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպության (ՀԱՊԿ) պատասխանատվության գոտում Անդրկովկասի անվտանգության ապահովման հարցերով «Տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հեռանկարներ» միջազգային երկօրյա խորհրդաժողովը Երևան էր բերել ինչպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային, այնպես էլ դաշնակից պետությունների հետազոտական, քաղաքական-վերլուծական կենտրոնների ղեկավարների ու փորձագետների: Ու թեև քննարկման թեման առավել քան տարողունակ և բազմաճյուղ էր, այն գերազանցապես առնչվեց Ղարաբաղի հիմնահարցին: Դրան հակված էին ինչպես տանտերերը, այնպես էլ հյուրերը: Հայկական կողմն ամեն գնով ցանկանում էր լսել հավաստիացումներ, որ պատերազմի վերսկսման դեպքում իրեն մենակ չեն թողնի, ՀԱՊԿ-ն ( կամ ավելի ճիշտ կլինի ասել` Ռուսաստանը) աշխատում էր հեռու մնալ ուղղակի պատասխաններից:
Սակայն պետք է ասել, որ այնուամենայնիվ որոշ բաներ հնչեցին: Հայաստանի դիրքորոշումը հնչեցրեց պաշտպանության նախարար Ս. Օհանյանը` հայտարարելով, թե Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի դեպքում Հայաստանն իրավունք ունի հույս դնել ՀԱՊԿ–ի համապատասխան արձագանքի վրա։ «Հաշվի առնելով ՀԱՊԿ–ում Հայաստանի անդամությունը, մենք կարծում ենք, որ իրավունք ունենք հույս դնել ՀԱՊԿ–ի մեր դաշնակիցների համապատասխան արձագանքի ու աջակցության վրա, որոնք առաջին հերթին պարտավորություններ ունեն միմյանց նկատմամբ, երկրորդ՝ հստակ հնարավորություններ ագրեսիային օպերատիվ արձագանքելու համար»,- ասաց նա: Փոքր-ինչ անհասկանալի է, թե Օհանյանն ի՞նչ իրավունքների մասին էր ակնարկում: Պարզ է, իհարկե, որ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի համաձայն, կազմակերպության որևէ անդամ պետության դեմ ագրեսիան դիտարկվում է որպես ՀԱՊԿ բոլոր անդամների դեմ ուղղված ագրեսիա: Սակայն ԼՂՀ-ն ՀԱՊԿ անդամ չէ, և այդ հանգամանքը միշտ էլ կարող է արդարացնող փաստարկի դեր խաղալ մյուս երկրների ձեռքին, ովքեր պարտավորություն են ստանձնել օգնել Երևանին, բայց ոչ Ստեփանակերտին:
Առայժմ հստակ է միայն այն, որ տարածաշրջանում իրավիճակի սրման դեպքում դաշնակիցներն անտարբեր չեն մնա: Իսկ թե ինչպե՞ս ու ի՞նչ ձևերով կդրսևորվի վերջիններիս միջամտությունը, այս հարցի պատասխանը դեռևս խիստ մշուշոտ է: Բորդյուժան ինքն էլ խուսափեց բացատրությունից և ասաց, թե որոշել է հապճեպ հայտարարություններ չանել` նշելով, որ Հայաստանի և Ռուսաստանի նախագահները ջանքեր են գործադրում այդ շատ բարդ հարցը խաղաղ ճանապարհով լուծելու և ղարաբաղյան հակամարտության մեջ ներքաշված բոլոր կողմերի միջև համաձայնություն ձեռք բերելու համար: Ընդ որում` հատուկ ընդգծվեց, որ ՀԱՊԿ-ն դեմ է հակամարտությունը ռազմական եղանակով լուծելու ցանկացած փորձի, ինչպես նաև անթույլատրելի է համարում պետության մեկուսացումը, քանի որ այդ դեպքում խախտվում է հավասար անվտանգության սկզբունքը:
Ռուսներն այս ընթացքում երկու մտահոգիչ միտում են արձանագրել: Առաջինը նրանց համար ճգնաժամերն ուժային տարբերակով լուծելու միտումն է և նման մոտեցումներն այլոց վզին փաթաթելու փորձերը, իսկ երկրորդը` այլ պետությունների գործերում ոչ ուժային միջամտության աճը քաղաքական ու տեղեկատվական ազդեցության միջոցով: Պետք է նկատել, որ հիշյալ դիտողությունը կարող էր հավասարապես հասցեագրված լինել նաև Հայաստանին: Սակայն սրանով հանդերձ Մոսկվան չի պատրաստվում անտեսել իր դերը որպես կայունության և անվտանգության ապահովման գործոնի:
Ի տարբերություն պաշտոնական անձանց, խորհրդաժողովի մյուս մասնակիցները շատ ավելի անմիջական և բացահայտ էին իրենց կարծիքներում: Մեծամասնությունը տոգորված էր այն լավատեսությամբ, թե հնարավոր պատերազմի վերսկսման դեպքում Ռուսաստանը դրան անտարբեր չի վերաբերվի և անհապաղ միջոցառումներ կձեռնարկի: Հակառակ դեպքում կխափանվի Ռուսաստանի միջնորդ դերը խաղաղ կարգավորման գործընթացում: Պետք է ենթադրել, որ ամեն դեպքում Հայաստանի մտահոգություններն այստեղ որոշ չափով արժանացան ըմբռնումի: Մասնավորապես հիշեցումն այն մասին, որ աշխարհագրական դիրքի թելադրանքով Հայաստանը ՀԱՊԿ–ի դաշնակիցների հետ սահմաններ չունի, հյուրերի համար միանգամայն բնական էր դարձնում մեր ձգտումը` իրավիճակը շուտափույթ կերպով հաղթահարել: Բայց միևնույն ժամանակ կռահելի էր, որ ԼՂՀ դեմ Ադրբեջանի կողմից ռազմական գործողութունների վերսկսման դեպքում հանրապետությունը ստիպված կլինի ամբողջովին ներգրավվել ռազմական գործընթացի մեջ, քանի որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է։
Առանձնակի հնչեղություն ստացավ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի խոսքը, որը հնչեց կոչի պես. «Ռևանշիստներին զիջել չի կարելի, պետք է հասնել նրանց գաղափարական պարտությանը»: Իսկ հետո նա նշեց, որ բոլորի ուշադրությունը հակամարտության լուծման միայն երեք սկզբունքների վրա է կենտրոնացած, սակայն կա նաև չորրորդ սկզբունքը` «հակամարտության խաղաղ կարգավորումը»:
Երևանյան հավաքին ուշի ուշով հետևող Բաքուն այս ամբողջ «հակաադրբեջանական» կամպանիան անտեսել չէր կարող: Մեկնաբանելով խորհրդաժողովի ժամանակ հնչած ելույթները, Ադրբեջանի ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը դրանք «նոնսենս» որակեց: «Ադրբեջանը չի հավակնում ոչ մի պետության տարածքին և չի սպառնում որևէ պետության անվտանգությանը: Սակայն Ադրբեջանը իրեն իրավունք է վերապահում օգտագործել միջազգային իրավունքով նախատեսված բոլոր մեխանիզմները իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար»,-ասված էր նրան տարածած հայտարարության մեջ: Իր հերթին Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը՝ մեկնաբանելով Նիկոլայ Բորդյուժայի այն միտքը, թե «ղարաբաղյան հակամարտության տարածաշրջանում տիրող իրավիճակը հղի է սրմամբ՝ պայմանավորված վերջին շրջանում Ադրբեջանի կողմից ավելացած ռազմական հռետորաբանությամբ», հարց էր տալիս. «Բորդյուժան պատկերացում ու՞նի արդյոք, թե ով է հանդիսանում օկուպանտ կողմը։ Չենք ուզում հավատալ, որ նա այդքան միամիտ է։ Նա շատ լավ տեղեկացված է։ Սակայն նրա ելույթի ենթատեքստից Ադրբեջանն ըմբռնում է, թե նա ինչ է ուզում ասել»:
Անկասկած, Բորդյուժան միամիտ չէ: Եվ լավ է, որ Բաքվում հասկացել էին, թե նա ի՞նչ էր ասում: Մնում է հուսալ, որ յուրաքանչյուր արտասանված խոսքի թիկունքում կա նաև գործը ու դրա պտուղները կտեսնենք նաև մենք: Ամեն դեպքում, ՀԱՊԿ ղեկավարությունը հավաստիացնում է, որ 2011 թվականը դառնալու է ՀԱՊԿ համախմբման ու արդեն ընդունված որոշումների գործնական իրականացման տարի, առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու ճգնաժամային արձագանքման, արագ արձագանքման համատեղ ուժերի և խաղաղարար ուժերի կիրառման մեխանիզմների մշակմանը: Իսկ իբրև լրացում նշենք, որ այս տարվա հոկտեմբերին Հայաստանում նախատեսված են ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի զորավարժությունները:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: