Tag Archives: բնություն

ՋՈՆ ԱԲԴԵՅՔ

22 Հնվ

Նա հստակ տեսնում էր իսկությունը. այն, ինչը հեռացել է նրա կյանքից` հեռացել է անվերադարձ: Փնտրիր որքան կուզես, միևնույն է` չես գտնի: Վազիր ուր կուզես, միևնույն է` չես հասնի ետևից: Նա այստեղ էր, այս քաղաքի տակ, այս ձայների ու բույրերի մեջ, որոնք ընդմիշտ մնացին թիկունքում: Կյանքի ամբողջությունը պարպվում է, երբ մենք վճարում ենք Բնության պարտքը, երբ մենք նրան զավակներ ենք տալիս: Դրանից հետո նրան այլևս հարկավոր չենք: Ու մենք նախ ներքուստ, ապա և արտաքուստ վերածվում ենք աղբի:

63354_original

ՖՐԻԴՐԻԽ ՇԻԼԼԵՐ

10 Նյմ

… Բնությունն սկզբնապես ավելի լավ չի վարվում մարդու, քան իր կերտած մնացյալ արարածների հետ. նա մարդու փոխարեն է գործում այնտեղ, որտեղ վերջինս դեռևս ի վիճակի չէ գործել ինքնուրույնաբար` որպես ազատ բանականություն: Բայց մարդուն մարդ է դարձնում հենց այն հանգամանքը, որ նա չի մնում այնպիսին, ինչպիսին իրեն ստեղծել է բնությունը, այլ ձեռք է բերում վերջինիս` մարդու համար ուրվագծված քայլերը հակառակ հաջորդականությամբ բանականորեն կատարելու, կարիքի գործը ազատ ընտրության գործի տեսքով վերստեղծելու և բանական- ֆիզիկական անհրաժեշտությունը բարոյական անհրաժեշտության աստիճանի բարձրացնելու ընդունակություն:
Նա սթափվում է իր զգայական նիրհից, ինքն իրեն ճանաչում որպես մարդ, շուրջը նայում և… իրեն հայտնաբերում պետության մեջ: Պահանջմունքների հարկադրանքով նա այդտեղ է հայտնվում նախքան այն պահը, երբ կարող կլիներ ազատորեն ընտրել ադ վիճակը. կարիքը ըստ բնության պարզ օրենքի պետություն է ստեղծել ավելի վաղ, քան այդ կարող էր անել մարդը` հիմնվելով բանականության օրենքի վրա: Սակայն որպես բարոյական անձ, մարդը չէր կարող (և այժմ էլ չի կարող) գոհանալ կարիքի ծնունդ հանդիսացող այդ պետությունով, որը ստեղծվել էր լոկ բնական կանխասահմանվածությունից և վերջինիս նկատմամաբ. և վայ մարդուն, եթե նա բավարարվի այդպիսինով: Ուստի մարդ լինելու այդ նույն իրավունքով նա լքում է կույր անհրաժեշտության տիրույթը ճիշտ այնպես, ինչպես ձեռք բերած ազատության շնորհիվ մի կողմ է նետում անհրաժեշտությունը բազում այլ պահերի: Բավարարվենք միայն մեկ օրինակով. մարդը բարոյականությամբ վերացնում և գեղեցկությամբ ազնվացնում է ստորության այն կնիքը, որ տենչանքը դրոշմում է սեռական սիրուն: Այսպիսով, նա հասուն տարիներին ասես արհեստականորեն ինքն իրեն փոխհատուցում է մանկության օրոք ձեռքից բաց թողածը, իդեականորեն ստեղծում է բնական վիճակի մի այնպիսի պատկեր, որը թեև նրան տրված չէ որևէ փորձառությամբ, բայց և այնպես անհրաժեշտ է ըստ բանականության սահմանման. այդ իդեալական վիճակում նա իր համար կերտում է վերջնային նպատակ, որն իրեն անմատչելի էր բուն բնական դրության մեջ, կատարում է մի այնպիսի ընտրություն, որին նա այնժամ ընդունակ չէր` վարվելով այնպես, ասես պետք է ամեն բան վերսկսեր սկզբից, ասես անկախության վիճակը ներքին լուսավորման ու ազատ որոշման դրդմամբ փոխում է պայմանագրով սահմանված վիճակի…

ԱՆԴՐԵ ԺԻԴ

17 Հկտ

… Այն չեզոք տարածքը, դեպի ուր կտրուկ շրջադարձ անելով միշտ պիտի դառնանք նորից ու նորից, շատ լավ գիտեք, պարոնայք, պարզապես Բնությունն է: Ուրեմն ես նույնպես խոսելու եմ դեպի բնությունը հանրահայտ այդ վերադարձի մասին, որը ոմանց կարծիքով թվում է ամեն արվեստի միակ գաղտնիքը, և սրանով արդեն համարվում է ամեն ինչ ասված…
Վերադարձ դեպի բնություն… Սակայն դա ի՞նչ է նշանակում: Դեպի էլ ու՞ր կարելի է դառնալ: Ինքդ քեզնից դուրս ի՞նչ կարող ես գտնել, եթե ոչ շարունակական և համատարած բնություն: Բայց և ուրիշ ի՞նչ կգտնես քո մեջ, եթե ոչ դարձյալ բնություն:
Դեպի բնություն իսկական վերադարձը վերջնական վերադարձ է դեպի տարրը, դեպի մահ: Սակայն քանի դեռ մարդուն մնում է դույզն ձգտումը առ կյանքը, ինքնադրսևորման աննշան պահանջը, մի՞թե դրա դեմ պայքարելու, արվեստագետի պարագայում` բնությանը հակադրվելու և ինքնահաստատվելու համար չէ դա:
Ինչպե՞ս, ինչու՞ չըմռնել, որ այս երկու արտաքինը և ներքինը հակադրվում են իրար, և ըստ այդ մեկի ձևավորվում և իրազեկվում է մյուսը: Այս բնական ներքինը արդյոք պակա՞ս արժեքավոր է, քան մյուսը, և մի՞թե նրան մերժվելու է այդ իրավունքը կամ ժխտվելու է այն ուժը, առանց որի այլևս չի լինում արվեստի գործ, թե՞ կարծում են, որ ամեն արվեստ լինելու է սոսկ ռեալիզմ:
Չափից դուրս ծայրահեղորեն ձևակերպված այս կարծիքը, հույս ունեմ, ոչ ոք չի պաշտպանի: Բայց չէ՞ որ այս տեսակետից են ելնում, երբ ասում են, թե արվեստագետը պիտի բացակա լինի իր գործի մեջ, թե առարկայացումը արվեստի նախապայմաններից մեկն է. այնպես որ, եթե հնարավոր լիներ հասնելու այս առաջարկված նպատակակետին` տրված երկից բացառելով ամեն անհատականություն, մի ստեղծագործությունը կտարբերվեր մյուսից լոկ ներկայացրած սյուժեով, և արվեստագետը վերջապես կգոհանար` անմահություն ապահովելով դատարկ ու անկարևոր դեպքերին, միայն թե ընտրություն կատարեր, որքան էլ անցանկալի լիներ պատահական բաներ հավերժացնելը: Սակայն ընտրության ո՞ր իրավունքով դա պիտի աներ: Եվ արդյո՞ք չի կոչվում նաև հետագայում արված առավել նուրբ, առավել մանրակրկիտ ընտրությունը, որը ընտրության նման գալիս է մատնանշելու եթե ոչ իմ կամքը, ապա գոնե իմ նախընտանքը…
Չե՞ք ենթադրում արդյոք, թե հարկ է ընդունել, որ հենց այս ընտրությունը, սկզբում բնազդական, իսկ հետո նաև կամային այս նախապատվությունը արվեստի իսկ հաստատումն է, այն արվեստի, որ ամենևին բնության մեջ չէ, բնական չէ, արվեստ, որ լոկ արվեստագետն է պարտադրում բնությանը և պարտադրում է տքնանքով ու տառապանքով…

Թարգմ. Արուս Բոյաջյան

%d bloggers like this: