Tag Archives: բյուջե

Աջ գրպանից՝ ձախ գրպանը

2 Փտր

Ոչ մեկի համար հաճելի չէ արդարություն փնտրելու համար սեփական երկիրը թողած օտար դռներ ծեծելը: Ոչ ոք պատվաբեր արարք չի համարում, երբ մարդն իր երկրից ու իշխանություններից բողոքում է ուրիշներին: Բայց ի՞նչ անի խեղճ քաղաքացին, երբ դանակը հասնում է ոսկորին, երբ նույն այդ հարազատն ու հայրենակիցը ոտնահարում է նրա իրավունքը, խլում է սեփականությունը, հարստահարում ու նվաստացնում է, խաբում ու կողոպտում է, զրկում է վերջին կոպեկից ու վերջին հույսից: Հենց այդ ժամանակ է, որ ճարահատյալ մարդը պաշտպանություն ու օգնություն է խնդրում դրսում՝ ամեն տեսակ միջազգային կազմակերպություններից ու կառույցներից, բայց առավել հաճախ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Նա դիմում է ՄԻԵԴ-ին ու դատի է տալիս իր պետությանը. «Այսինչ Այսինչյանն՝ ընդեմ Հայաստանի Հանրապետության»: Եվրոպան էլ իր հերթին դատավորի կեցվածք է ընդունում, մատ է թափ տալիս անկարգ Հայաստանի վրա, խոշոր տուգանքներ է սահմանում ու պարտավորեցնում է վիրավորված քաղաքացու սիրտը շահել:
Եթե դիմելու լինենք վիճակագրությանը, ապա պատկերն այսպիսին է. անցած 9 տարիների ընթացքում մեր հանրապետությունից եվրոպական դատարան է առաքվել շուրջ 1000 դիմում: Միայն վերջին 3 տարիների ընթացքում դատարանը ՀՀ քաղաքացիների դիմումների հիման վրա կայացրել է 29 վճիռ, որից 20-ը դատարանը բավարարել է: Արդյունքում` ՀՀ կառավարությունը որպես փոխհատուցում է վճարել ընդհանուր առմամբ 172,715 եվրոյին համարժեք ՀՀ դրամ: Բացի այդ, կառավարությունը մոտ 100 հազար եվրո փոխհատուցում էլ պետք է վճարի Երևանի Բուզանդի փողոցի բնակիչներին` նրանց սեփականության իրավունքը ոտնահարելու համար:
Այսքանը կարծես թե հասկանալի է: Անհասկանալին մնում է մեկ այլ բան. ի՞նչ միջոցներից են իշխանությունները վերցնում այդ փողերը և տալիս տուժած քաղաքացիներին: Պետք է ենթադրել, որ չկա մեկ այլ կախարդական գանձարկղ, քան պետական բյուջեն: Կնշանակի հազարավոր եվրոները հենց այնտեղից էլ դուրս են բերվում, որպեսզի փողի օգնությամբ սրբագրվեն թույլ տրված սխալները: Սակայն այդ դեպքում ստացվում է աբսուրդային իրավիճակ: Փաստորեն հարկատուների վճարած գումարներից կուտակված բյուջեից վնասների փոխհատուցում է կատարվում նույն հարկատուներին: Այլ կերպ ասած՝ մարդու աջ գրպանից փողը դուրս է բերվում և դրվում է նրա ձախ գրպանը: Այս պարագայում ո՞վ պատժվեց թույլ տրված սխալների ու անօրինականությունների համար: Ոչ ոք: Այսինքն՝ չէ, դարձյալ պատժվեց նա, ով արդեն մեկ անգամ տուժել էր պետական կառույցների հանցավոր անփությության կամ միտումնավոր գործողությունների արդյունքում: Բայց այս անգամ տուժեց՝ հանուն արդարության վերականգնման: Հանուն օրենքի գերակայության: Հանուն մարդու և նրա սեփականության հանդեպ ունեցած հարգանքի: Բավական չէ, որ նա արդեն ինչ-որ բան կորցրել էր, հիմա էլ կորցրեց այն միջոցները, որը երկիրը պարտավոր էր ծախսել իր քաղաքացիների զանազան կարիքներ ու պահանջներ բավարարելու համար:
Նույնիսկ ապուշը կհասկանա, որ եթե, ասենք, որևէ դատավոր սխալ վճիռ է կայացրել, իսկ եվրոպական դատարանը դա գնահատել է անօրինական, ապա պիտի պատժվի հենց այդ դատավորը: Ընդ որում, ոչ միայն պիտի պատժվի իրավական հարթության վրա, այլև անձամբ մեղավորից պիտի գանձվի ողջ գումարը, որը պետությունը, համաձայն իր ստանձնած պարտավորության, վճարելու է ՄԻԵԴ-ում դատը շահած քաղաքացուն:
Սա՝ պարզագույն տրամաբանության համաձայն: Իսկ այլասերված դատողությունների և գործելաոճի թելադրմամբ, Հայաստանում դեռևս որևէ պաշտոնյա չի պատժվել այն սխալի համար, ինչի արդյունքով երկրի բյուջեն տասնյակ հազարների վնասներ է կրում: Ոչ մի դատավորի գրպան նույնիսկ մեկ դրամով չի թեթևացել այն բանի համար, որ նա օրենքին հակասող դատավճիռ է արձակել: Եվ ինչու՞ իզուր տեղը պատժել իշխանության հլու-հնազանդ կամակատարներին, եթե կարելի է վարվել այնպես, ինչպես վարվում են մինչ օրս: Ու պետք չէ ընկնել աներևակայելի բաների եըրից: Միևնույն է, դրանք գտնել չեք կարող: Չկա պետության, ընդհանուր երկրի զգացողությունը: Կա «իմ գրպան և քո գրպան» հասակացումը: Իսկ քանի դեռ այս տարանջատումն այսչափ հստակ ու պարզ է, ուրեմն բարի եղիր ինքդ վճարել ու ինքդ էլ ստանալ քո դժբախտության վարձավճարը:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Վաշինգտոնը տարածում է իր շոշափուկները

9 Հնվ

Մինչ աշխարհը թաղված էր տոնական թոհուբոհի մեջ, Սպիտակ տանը որոշեցին, որ կարիք չկա մարդկանց պահել անհարկի մոլորության և ավելորդ պատրանքների գրկում, այդ իսկ պատճառով շտապեցին ժամ առաջ հրապարակել Միացյալ Նահանգների ռազմական նոր հայեցակարգը: Այս ծանր գործը հաճույքով ստանձնեց երկրի զինված ուժերի գերագույն հրամանատար, նախագահ Բարաք Օբաման: Պենտագոնում նա ներկայացրեց հայեցակարգը, համաձայն որի նախատեսվում է նվազեցնել զինծառայողների թիվը՝ միաժամանակ զինուժը դարձնելով առավել ճկուն և արդյունավետ: Օբաման դեռ անցյալ տարի էր կարգադրել իրականացնել ռազմավարական ուսումնասիրություն, ինչը, ըստ նրա, պիտի օգներ բյուջեի միջոցների խնայողության, պետական պարտքի և բյուջեի պակասորդի պայմաններում ռազմաքաղաքական նշանակության որոշումներ կայացնել: Վերահաստատելով իր այս մտադրության լրջությունը` Օբաման տեղեկացրեց, որ «գոտիները ձգելու հարցում Պենտագոնի համար այլևս բացառություն չի արվի», իսկ «ձիգ գոտիների» փակագծերը բացեց պաշտպանության նախարար Պանետան՝ պարզաբանելով, որ նոր ռազմավարությամբ առաջիկա տասը տարվա ընթացքում նախատեսվում է պաշտպանական ծախսերը կրճատել 487 միլիարդ դոլարով: Իհարկե, Պենտագոնի համար ռազմական բյուջեի կրճատումն այլևս անակնկալ չէր: Սակայն զինվորական ղեկավարությունը այդ ամենով հանդերձ հրաշալի հասկանում է, որ այս անգամ խնդիրը սոսկ ԱՄՆ պետական բյուջեի դեֆիցիտի նվազեցումը չէ, այլ առաջին հերթին համաշխարհային իրադրության փոփոխությունը, որի արձագանքն ու պատասխանն էլ դարձավ նոր պաշտպանական ռազմավարությունը:
«Ես կարգադրեցի հիմնովին վերանայել ու հստակեցնել մեր ռազմավարական առաջնահերթությունները այս արագ փոփոխվող աշխարհում։ Մեր ծախսերը, պաշտպանության բյուջեն պետք է ռազմավարությամբ կարգավորվեն, մենք պարտավոր ենք հիշել պատմության դասերը, չկրկնել անցյալի սխալները, որոնք թույլ ենք տրվել Երկրորդ աշխարհամարտից և Վիետնամից հետո, երբ մեր զինված ուժերը ապագայի մարտահրավերների առջև անպատրաստ էին գտնվել»,- ասաց Օբաման իր ելույթում և նույն պահին էլ հավելեց, թե հարկ է ամեն գնով պահպանել մարդկության պատմության ընթացքում ամենահզոր զինված ուժերի համբավը: Ինչ վերաբերում է համբավին, ապա այս կասկածելի որակման մասին հազիվ թե հնարավոր լինի միանշանակ տեսակետ ձևավորել: Այն, ինչը ամերիկացիների համար դիտվում է որպես նվաճում ու համբավ, բազմաթիվ այլ երկրների ու ժողովուրդների պատկերացումներում կա ու կմնա իբրև ողբերգության սկզբնաղբյուր, կորուստների, ավերածությունների, զավթողական քաղաքականության մարմնացում:
Դեռևս 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գրոհից հետո Միացյալ Նահանգները որդեգրել էր մի ռազմավարություն, որի համաձայն, երկրի զինված ուժերը պետք է ունակ լինեին միաժամանակ վարել երկու ցամաքային խոշոր պատերազմ և հաղթել։ Այժմ այդ դրույթը փոխվում է` ամերիկյան բանակը պետք է կարողանա հաղթել մեկ պատերազմում, աշխարհի որևէ հատվածում զսպել հավանական թշնամուն և պահպանել հակաահաբեկչական պայքարի իր կարողությունները։ Իսկ որ հավանական թշնամի կարող է կոչվել ցանկացած երկիր՝ կախված այն բանից, թե այդ պահին ինչ է թելադրում Վաշինգտոնի շահը, սա նույնպես հանրահայտ փաստ է: Ապացույցը՝ ԱՄՆ-ի վերջին տարիներին մղած բոլոր պատերազմներն ու ռազմական միջամտությունները: Բայց նույնիսկ դա ամերիկացիներին չի խանգարում այսօր մեկ անգամ ևս հպարտությամբ վերհիշել, որ իրենց զինված ուժերն ավարտի են հասցրել մարտական գործողությունները Իրաքում, նախատեսում են նվազեցնել զինծառայողների թիվը Աֆղանստանում, ոչնչացրել են Օսամա բին Լադենին, Լիբիայում հաջողությամբ եզրափակել են ՆԱՏՕ-ի առաքելությանը և այժմ պետք է շտապ լրացնել այդ բացը, քանի որ այս իրադարձություններից հետո Միացյալ Նահանգների զինված ուժերում հրատապ է դարձել փոփոխությունների իրականացման անհրաժեշտությունը: Իսկ այս ցանկությունը կարող է լիարժեք բավարարում ստանալ միայն մեկ դեպքում, եթե ի հայտ գա նոր ռազմադաշտ: Եվ հենց այս մարտադաշտի փնտրտուքի արդյունքն էլ ոգևորությամբ հրապարակեց նախագահ Օբաման՝ ավետելով, որ այսուհետ նախատեսվում է զարգացնել ԱՄՆ-ի ներկայությունն ասիական և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում:
ԱՄՆ-ի գրգռված ախորժակի նոր թիրախն առաջին հերթին ենթադրել է տալիս, որ որևէ կրճատում չի կատարվի կարևորագույն այդ տարածաշրջանում նրանց ներկայության հաշվին: Պենտագոնի որոշ պաշտոնատարներ անմիջապես հստակեցրեցին, որ նոր ստրատեգիական փաստաթղթի շրջանակներում Պենտագոնը արագաշարժ ուժեր կձևավորի, որոնք կարողանան ոչ միայն Ասիայում ընդլայնել ԱՄՆ-ի ռազմական ներկայությունն ու դերակատարությունը, այլև պահպանել նրա ծովային ներկայությունը Միջին Արևելքում: Իսկ եթե դիմենք առավել կոնկրետության, ապա հարկ է կիսել ամերիկացի որոշ փորձագետների այն կարծիքը, թե Օբամայի կառավարության ռազմական ստրատեգիան ներկայումս առավելաբար կկենտրոնանա Իրանի ու Չինաստանի վրա, այդ իսկ պատճառով մի կողմից՝ Պարսից Ծոցում և Խաղաղ օվկիանոսի արևմուտքում ուժերի ձևավորումն ու դասավորումը, մյուս կողմից՝ այդ տարածաշրջաններում գտնվող ԱՄՆ-ի դաշնակիցներին՝ Սաուդյան Արաբիային, Էմիրություններին, Թայվանին, Ճապոնիային և Հարավային Կորեային արդիական զենքերի վաճառքը ռազմական ստրատեգիայի հիմնական հատվածները կհամարվեն:
Այս իմաստով հատկապես մեծ հետաքրքրություն է առաջ բերում հետզհետե հզորացող Չինաստանի պարագան: Դիտվելով որպես Վաշինգտոնի ստրատեգիական հակառակորդ՝ պաշտոնական Պեկինը հազիվ թե անարձագանք թողնի նման վերաբերմունքը: Արդեն կան նրա հակազդեցության առաջին նշանները: Չինական Xinhua պետական լրատվական գործակալության կողմից հրապարակված հոդվածում ուղղակիորեն ասված է. «Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանն իր ռազմական նոր ռազմավարության կարևոր կետ հռչակելով ԱՄՆ-ը պետք է առավել զգուշություն ցուցաբերի այս հարցում, պետք է զերծ մնա ուժ կիրառելուց, քանի որ դա չի օգնի տարածաշրջանում առկա վեճերը լուծելուն»: Սակայն, սա, անկասկած, խիստ մեղմ հորդոր է, որին դեռ կհաջորդեն առավել կոշտ և սպառնալից ձևակերպումները: Չինաստանը բնավ էլ այն երկիրը չէ, որը հեշտությամբ տեղի կտա կամ կջանա փոխզիջումային տարբերակներ գտնել:
Իսկ այս ընթացքում, մինչ աշխարհի բազում երկրներում շտապում են հասկանալ, թե ամերիկյան նոր սպառնալիքը ինչ չափով կառնչվի իրենց, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը ողջունել է Բարաք Օբամայի հայտարարությունը, մինչդեռ բուն ԱՄՆ-ում որոշ հանրապետական ներկայացուցիչներ քննադատել են նորելուկ պաշտպանական ռազմավարությունը` այն անվանելով «փամփուշտ՝ նահանջող զինվորի թիկունքին»: Նման տարակարծության պայմաններում իրատեսականը դեռևս մեկն է՝ փամփուշտը վաղ թե ուշ դուրս է թռչելու հրազենից:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: