Tag Archives: Բիձինա Իվանիշվիլի

Վրաստանի նոր «փրկիչը»՝ Իվանիշվիլին

15 Դկտ

Երբ այս տարվա աշնանը վրաց միլիարդատեր, գործարար ու մեկենաս Բիձինա Իվանիշվիլին հայտարարեց այն մասին, թե մտադիր է ստեղծել քաղաքական կուսակցություն` Վրաստանի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար, առաջին անգամ վրացիները հարց տվեցին մեկը մյուսին. «Իսկ ի՞նչ գիտենք նրա մասին»: Պարզվեց՝ գրեթե ոչինչ: Շատերը նույնիսկ նրան արտաքնապես չէին ճանաչում: Հետո հիշեցին, որ դեռ ընթացիկ տարվա մայիսին գործարարի մամուլի ծառայությունը տարածել էր մի ինչ-որ տարօրինակ հայտարարություն, որտեղ Իվանիշվիլին քննադատել էր գործող իշխանություններին, սական էական որևէ բան այդպես էլ չէր ասել: Հիշեցին նաև, որ Իվանիշվիլին հաճախ էր հայտնվում Ռուսաստանի ամենհարուստ հարյուր մարդկանց ցուցակում, կարողությունը գնահատվում էր 5,5 միլիարդ դոլար, իսկ բիզնեսի մի մասն էլ հայրենիքում էր: Եվ այս ամենով հանդերձ Իվանիշվիլին լրջորեն մտադրվել էր վերադառնալ:
Նրա վերադարձը տհաճ անակնկալ էր հատկապես իշխանությունների համար: Պատահական չէ, որ Թբիլիսիիում անմիջապես լուրեր տարածվեցին այն մասին, թե այդ տեղեկությունն առնելուց հետո նախագահ Սահակաշվիլին չի կարողանում դուրս գալ շոկից և դեպրեսիայից։ Գուցե սրանք փոքր-ինչ չափազանցված որակումներ էին, սակայն հստակ էր նաև այն, որ Սահակաշվիլին վերջին տարիներին մեծ ջանքեր էր գործադրել իր երկրի ընդդիմության վարկանիշն ու շանսերը զրոյացնելու ուղղությամբ, ու հանկարծ հայտնվում է մեկը՝ սպիտակ ձեռնոցներով ու ծանր գրպաններով, հայտարարում է, թե պատրաստվում է հաղթել նրան, իսկ հասարակությունն էլ իր հերթին անվերապահորեն հավատում է այդ խոսքերին: Բացի այդ, եթե առաջներում Վրաստանի ընդդիմությունը թույլ էր, պառակտված և ֆինանսական լուրջ հենարան չուներ, իսկ նախագահն էլ իր ղեկավարած կուսակցությամբ ճնշող մեծամասնություն է կազմում խորհրդարանում, այսինքն՝ իշխանության վերարտադրության ճանապարհին որևէ խոչընդոտ չէր տեսնում, ապա հիմա միլիարդատեր Իվանիշվիլին խառնեում է հաշիվները և մարտահրավեր նետում բոլորին: Պետք էր անմիջապես ինչ-որ բան ձեռնարկել: Եվ վերնախավը գործի անցավ:
Առաջին իսկ օրերից հայտարարվեց, թե նա Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի «պրոեկտն է», հրաժարվեցին նրան քաղաքացիություն տրամադրել, իսկ իշխանամետ լրատվամիջոցները շրջանառության մեջ դրեցին մտքերն այն մասին, որ հենց այն ժամանակ, երբ վերջին 20 տարվա ընթացքում քաղաքացիական պատերազմ, հեղափոխություն և Ռուսաստանի հետ ռազմական հակամարտություն տեսած Վրաստանը սկսեց նորմալ երկրի նմանվել, իսկ դրա քաղաքական կյանքը նույնիսկ սկսեց ձանձրալի դառնալ, հայտնվում են մարդիկ, ովքեր փորձում են վայելել այն ձեռքբերումների պտուղները, որոնց ստեղծմանն իրենք մասնակցություն չեն ունեցել: Գրեցին նաև, թե Իվանիշվիլին ինչպիսի դղյակ է կառուցել՝ թռիչքուղիով և փոքր ջրվեժով, իսկ տարածքը պաշտպանում է նրա անձնական բանակը և նման այլ բաներ: Սակայն հակաքարոզչական հնարանքների արդյունքներն աննշան էին: Մեծ համբավը Իվանիշվիլիից ավելի արագ էր սլանում: Նա արդեն ուներ ամենահարուստ և առեղծվածներով լի մարդ անուն, ով գաղտնի բարեգործություններ էր իրականացնում, աշխատավարձ էր վճարում դերասաններին, եկեղեցիներ ու թանգարաններ էր վերանորոգում, կառուցել էր երկրի ամենամեծ տաճարը և դեռ ուրիշ շատ ու շատ բաներ: Եվ այս իմաստով նա իսկապես նոր ֆենոմեն էր Վրաստանի քաղաքական երկնակամարում, ով հաշված շաբաթների ընթացքում գլխիվայր շուռ տվեց Վրաստանի ներքաղաքական կյանքը։
Սակայն ճիշտ չի լինի պնդել, թե հասարակությունը նրան միանշանակ է ընդունում: Ոմանք փաստում են, որ Իվանիշվիլին փոխել է խաղի կանոնները, ինչը մարդկանց մեջ նոր հույս է ծնում։ Ոմանք էլ խորհուրդ են տալիս սպասել, քանի դեռ նորահայտ գործիչը չի ներկայացրել իր քաղաքական ծրագրերը։ Իսկ նոր ժամանակի հերոսն այդ ընթացքում համեստություն է խաղում, իր համախոհներին խնդրում է չիդեալականացնել իրեն ու ապագայի մասին տեղեկացնում է, թե մտադիր է նոր կառավարություն ձևավորել, փոխել համակարգը և դրանից անմիջապես հետո… հրաժարական տալ։
Իհարկե, Իվանիշվիլիի նմանները այդքան հեշտությամբ հրաժարական չեն տալիս: Բայց քանի որ այդ ճակատագրական օրը դեռևս մշուշոտ ապագայի մեջ է, այդ իսկ պատճառով Իվանիշվիլին առայժմ տարված է իր նոր գաղափարներով ու մտադրություններով: Իսկ ի՞նչ է ասում նա, ինչպե՞ս է տեսնում իր երկրի վաղվա օրը, ի՞նչ է պատրաստվում իրագործել, որ չեն արել ներկա իշխանությունները: Առաջինը, ինչի մասին նա խոսեց, այն էր, որ իշխանության գալու դեպքում մտադիր չէ ամեն օր ԱՄՆ-ին և Եվրամիությանը հիշեցնել, թե Ռուսաստանը պետք է անհապաղ վտարվի օկուպացված տարածքներից։ «Իշխանությունն իր ռազմավարությամբ վրացական հասարակության աչքում վարկաբեկում է արևմտյան դաշնակիցներին, ողջ պատասխանատվությունը նրանց վրա է գցում, իսկ ինքը բռունցք թափահարելուց բացի այլ բան չի անում»,–նշեց նա և ապա պարզաբանեց, թե միջազգային հանրության մասնակցությամբ և աջակցությամբ անհրաժեշտ է «երկխոսության ռեժիմ» ստեղծել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ ու փորձել վերականգնել վստահությունը։ «Ճգնաժամերը կարող են մեծ փոփոխություններ առաջ բերել աշխարհաքաղաքականության մեջ, և ես չեմ բացառում, որ այդ գործընթացները կարող են լինել մեր օգտին։ Դրա համար էլ մեր տարածքների վերադարձը կարող է ավելի շուտ տեղի ունենալ, քան մենք կարող ենք դա պատկերացնել»,- հայտարարեց Իվանիշվիլին՝ իր ողջ քաղաքական գործունեության հույսը դնելով պատեհության և ենթադրյալ իրավիճակային ցնցումների վրա:
Սա, իհարկե, լուրջ դիտվել չի կարող: Բայց դա չի խանգարում նրան մեկ անգամ ևս ընդգծել արտաքին քաղաքականության մեջ Վրաստանի համար եվրաատլանտյան ինտեգրացիայի նշանակությունը և պնդել, որ Վրաստանի համար կարևոր է իրական ինտեգրացիան, ոչ թե Եվրոպա «մուտքի» իմիտացիան: Իսկ ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը, ապա, ըստ նրա, Վրաստանի անվտանգության շահերը ենթադրում են, որ դա այլընտրանք չունի։
Մի քանի օր առաջ տեղի ունեցավ քաղաքականացված միլիարդատիրոջ «Վրացական երազանք» ընդդիմադիր հասարակական շարժման շնորհանդեսը: Մեկնարկն արդեն տրված է: Իրենց հերթին «Մեր Վրաստանը. ազատ դեմոկրատներ» և Հանրապետական կուսակցությունները համաձայնել են Բիձինա Իվանիշվիլիի հետ կոալիցիա ձևավորել։ Նշվում է, որ վերոհիշյալ կուսակցություններից բացի կոալիցիայի մեջ այլ ընդդիմադիր շարժումներ են մտնելու։ Արդեն խորհրդակցություններ են անցկացնում Պահպանողական և Ժողովրդական կուսակցությունների հետ։ Այդ ընթացքում հայտնի դարձան Սոցիոլոգիական հետազոտության և վերլուծական կենտրոնի կողմից անցկացրած հարցման արդյունքները, ըստ որոնց, եթե առաջիկա օրերին Վրաստանում տեղի ունենան խորհրդարանական ընտրություններ, ապա Թբիլիսիում հարցվողների 39,6 տոկոսը կքվեարկի Իվանիշվիլիի, իսկ 23,9-ը` իշխող «Ազգային շարժման»՝ այսինքն Սահակաշվիլիի օգտին:
Սա, ինչ խոսք, վատ նախանշան է: Բայց արի ու տես, որ ոչ բոլորն են հավատում երկու հակամետ ճակատների իրական մրցակցությանը: Այս օրերին ավելի ու ավելի լայն տարածում է գտնում այն կարծիքը, թե հանրությունն ընդամենը հանդիսատեսն է մի մեծ ու լավ կշռադատված խաղի: Իսկ ճշմարտությունն այն է, որ խորհրդարանական և նախագահական հաջորդ ընտրություններից հետո Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ու գործարար Բիձինա Իվանիշվիլին մտադիր են միասնական կառավարություն ստեղծել, որտեղ վարչապետը կլինի Սահակաշվիլին, իսկ խորհրդարանի ղեկավարը`Իվանիշվիլին, կամ էլ հակառակը: «Միշիստական եւ բիձինիստական ուժերի միջև համաձայնությունը արդեն կայացել է»,- պնդում են արմատական ընդդիմության ներկայացուցիչները, իսկ Վրաստանի քաղաքացիները արձագանքում են. «Ոչինչ բացառված չէ»:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: