Tag Archives: բժիշկ

ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԲԺԻՇԿ

14 Մյս

1981 թվականի մարտի 30-ին ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի վրա կրակեցին: Փամփուշտը խոցեց նրա թոքը: Նախագահին շտապ տեղափոխեցին հիվանդանոց: Վիրահատության սեղանի վրա Ռեյգանը հանեց թթվածնային դիմակը և կատակով ասաց վիրաբույժին.
— Հուսով եմ, դուք հանրապետական եք:
Բժիշկն իրեն չկորցրեց և ամենայն լրջությամբ պատասխանեց.
— Այսօր, պարոն նախագահ, մենք բոլորս հանրապետական ենք:

Reagan_assassination_1

Կեսարի ընկերը

20 Նյմ

Միակ մարդը, ում Հուլիոս Կեսարը վստահում էր և համարում էր իր ընկերը՝ նրա բժիշկն էր: Ավելին, եթե նա հիվանդանում էր, միայն նրա ձեռքից էր ընդունում դեղերը: Մի անգամ, երբ Կեսարն իրեն լավ չէր զգում, ստացավ անստորագիր երկտող, որտեղ գրված էր. «Վախեցիր քո ամենամտերիմ մարդուց, նա ցանկանում է քեզ թունավորել»: Իսկ որոշ ժամանակ անց եկավ բժիշկը և Կեսարին պարզեց դեղը: Այդ ժամանակ Կեսարը նրան տվեց երկտողը, և մինչ բժիշկը կընթերցեր, մինչև վերջին կաթիլը խմեց բուժիչ խառնուրդը:
— Տիրակալ, ինչպե՞ս կարող էիր դու խմել իմ տվածը այս նամակը կարդալուց հետո,- սարսափած բացականչեց բժիշկը:
— Ավելի լավ է մեռնել, քան կասկածել ընկերոջը,- ասաց Կեսարը: 14-1440x564_c

ԻՆՉՊԵՍ ԳՐՎԵՑ «ՀԻՆ ԱՍՏՎԱԾՆԵՐԸ»

3 Նյմ

Քառասուն տարեկանիս քութեշե էի բռնված: Կանչեցի մեր Օվին (բժիշկ Հովհաննես Միքայելյանին): Երկու-երեք շաբաթ անջատ պիտի ապրեի, մինչև որ ուրիշները վարակելու շրջանն անցներ: Իսկույն ահագին դոզով ներարկում ըրին և, իրոք, երկրորդ օրը տաքությունս անցավ, գլուխս թարմ, բայց անկողնուց ելլելու և ուրիշներ ընդունելու իրավունք չունեի:
Եվ ահա, այդ նպաստավոր պայմաններու մեջ էր, որ միտքս կենտրոնացավ այն պատկերներու վրա, որոնք տարիէ մը ի վեր մտածումներուս նյութ մը կդառնային: Շատ արագ կերպով ամբողջությունը կազմվեցավ գլխուս մեջ, տեսարանները դասավորվեցան, և սկսա կանոնավոր կերպով օրը մեկ տեսարան գրել:
Կարծեմ հասած էի վերջին արարին, երբ բժիշկս՝ Օվին եկավ թե,- «Է, ինչ է այս, սենյակեն դուրս գալու միտք չունի՞ս: Վաղը ղրկեմ օգնականս, թող սենյակը հականեխե»:
Ես դժգոհության ծամածռություն ըրի: Բժիշկը զարմացավ:
Փոխանակ պատասխանելու, լրագիրը քաշեցի ձեռագրիս վրայեն: Օվին նայեց, զարմացավ և շատ պաշտոնական ձայնով հայտարարեց.
— Մինչև ամսու գլուխը քեզ արգելված է այս սենյակեն դուրս ելլել: Ես կերթամ և Հոգաբարձության կըսեմ:
Այսպես էր, որ գրվեցավ «Հին աստվածները»…

ԼԵՎՈՆ ՇԱՆԹshant

ՄԽԻԹԱՐ ԳՈՇ

25 Սպտ

Բժիշկներից շատերը շատ վնաս են գործում դեղով կամ ուրիշների վրա դեղը փորձելով. կամ չարակամությամբ սպանում են դեղով, կամ անգիտության պատճառով դեղերից վնասակարն են տալիս, կամ անվարժ լինելով` հիվանդությունը չեն կարողոնում ճանաչել և այդ պատճառով հիվանդներին մահացնում են. կամ ծուլանում են) եթե ըստ իրենց ցանկության վարձ չեն ստանում և այդպես վնասում են, կամ աշակերտներին նախանձելով` նրանց ճիշտ չեն սովորեցնում, և նրանք էլ անգիտանալով` բազում մահ են պատճառում. և կամ իրենք, կամ աշակերտների հետ միասին, ուրիշ հիվանդության պատճառ են դառնում. այս բոլոր դեպքերը դիտավորյալ սպանություն պետք է համարել:
Ուրեմն դիտավորյալ սպանողին (եթե չընդունի իր մեղքը) արյան դատաստան լինի: Իսկ եթե անզգույշ սպանություն լինի, անկախ նրանից, խոստովանում է, թե չի խոստովանում, անպարտ է և արյան դատաստանից, և ապաշխարությունից:

ՀԱՍԿԱՆՈՒ՞Մ ԵՔ….

17 Օգս

Մենամարտից հետո մահացու վերք ստացած Պուշկինին բերում են իր առանձնատուն: Անմիջապես նրան է այցելում անձնական բժիշկը՝ Սպասկին: Անում է հնարավոր ամեն բան, սակայն հրաշալի հասկանում է, որ մեծ գրողին փրկել այլևս անհնար է: Որոշ ժամանակ անց Սպասկին ստիպված է լինում այցելել ևս մի հիվանդի: Սա մեծահարուստ առևտրական էր ու իրեն շատ վատ էր զգում: Երբ բժիշկը մոտենում է նրան, հիվանդը բռնում է Սպասկու ձեռքն ու տագնապած հարցնում.
— Ասացեք, բժիշկ, կա՞ որևէ հույս, որ ես կապաքինվեմ:
— Ոչ մի հույս էլ չկա,- զայրացած պատասխանում է բժիշկը:- Եվ վերջապես սա ի՞նչ բան է, բոլորս էլ մեռնելու ենք: Ահա, հենց հիմա Պուշկինն է մահանում: Հասկանու՞մ եք, Պուշկինը: Այնպես որ մենք էլ ձեզ հետ միասին կմեռնենք:
Ասում են, որ հարուստ հիվանդը գլուխը դրել է բարձին ու մեռել է Պուշկինի հետ նույն օրը:

Հովիկ Չարխչյան

ՄԵԽԸ

24 Փտր

Մարդու ոտքը մեխ էր մտել: Գնաց բժշկի մոտ.
— Բժիշկ, ոտքիս մեխը հանիր, շատ է ցավում:
Բժիշկը ուշադիր զննեց ու զարմացած ասաց.
— Ինչ մեծ մեխ է…
— Բժիշկ ջան, ախր ցավում է, շուտ արա, է,- չդիմացավ մարդը:
Բժիշկը ուշադիր զննեց ու հարցրեց.
— Որտեղի՞ց ես ճարել այս մեխը:
Մարդը տանջվում էր: Աղերսանքով բժշկի ոտքերն ընկավ.
— Փրկիր, էլ չեմ դիմանում:
Բժիշկը ուշադիր զննեց ու ասաց.
— Սա տանիքի մեխ է, իսկ ինձ դուռն ամրացնելու համար էր պետք:
Մարդը անզորությունից լաց եղավ: Իսկ բժիշկն իր մտքերի հետ էր.
— Չես պատկերացնի, թե ինչ անտանելի է ճռում մեր դուռը…
Մարդը ցավից ուշաթափվեց: Բժիշկը ուշադիր զննեց ու ափսոսանքով հոգոց հանեց.
— Բայց ինձ երկու մեխ է պետք, իսկ այստեղ ընդամենը մեկն է:
Մարդը արյունաքամ եղավ ու մեռավ: Բժիշկը շատ տխրեց նրա համար ու տրամադրությունն ընկավ:
Իսկ այս պատմությունն էլ եկավ ասելու, որ մարդկանց տխրեցնելը հեշտ է, ուրախացնելն է դժվար:

Հովիկ Չարխչյան

%d bloggers like this: