Tag Archives: Բելառուս

Ամեն բան այնպես, ինչպես պիտի լիներ

21 Դկտ

Ընդամենը հաշված օրեր առաջ էր, երբ Բելառուսի ղեկավար Ա. Լուկաշենկոն, խոսելով առաջիկա նախագահական ընտրությունների մասին, գանգատվում էր իր երկրին բաժին հասած ճակատագրից: «Ամբողջ աշխարհը ամանորին է նախապատրաստվում, իսկ մենք ամեն անգամվա պես պիտի ընդդիմության անկարգությունները սաստենք»,- ասում էր նա` գերազանց հասկանալով, որ եթե Բելառուսի բացառիկությունը սոսկ նախատոնական տրամադրությունների փոփոխության մեջ է, ապա հետընտրական զարգացումների իմաստով այդ երկիրը քիչ բանով էր տարբերվելու մյուսներից: Ամեն կարգի խռովությունները, բողոքի ակցիաները, ընդդիմադիրների հալածանքները, քաղաքական շահարկումները վաղուց են դարձել յուրաքանչյուր իրեն հարգող ու ժողովրդավար համարվող երկրի իրադարձային բաղկացուցիչը ընտրությունից ընտրություն: Իսկ եթե վաղօրոք է հայտնի, թե ինչ է կատարվելու, այդ դեպքում շատ ավելի դյուրին է դառնում հակազդելը: Այնպես որ Լուկաշենկոն նույնպես դա գիտեր, ինչպես գիտեր նաև այն մասին, որ ճգնաժամը հաղթահարելիս ուժային լուծումները մինչ օրս ամենաարդյունավետն են հավարվել Բելառուսում:
Եվ ահա, 1994 թվականից երկիրը չորրորդ անգամ անընդմեջ ղեկավարել ցանկացող Ալեքսանդր Լուկաշենկոն դեկտեմբերի 19-ին ի կատար ածեց երազանքը` հավաքելով ընտրողների ձայների 79.67 տոկոսը: Նույն օրվա գիշերը բելառուս ընդդիմադիրները դուրս եկան փողոց «Նոր ընտրություններ առանց Լուկաշենկոյի» կարգախոսով: Նրանք գրոհի մի քանի փորձեր իրականցրեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ու կառավարության շենքերի վրա, սակայն զինվորական ստորաբաժանումներին ու ոստիկաններին հաջողվեց հրապարակից դուրս մղել մի քանի հազար ցուցարարների: Ձերբակալվեցին մոտ հազար մարդ, այդ թվում`գրեթե բոլոր նախագահի թեկնածուները: Ընդդիմության առաջնորդը դաժան ծեծի ենթարկվեց: Այժմ նրան նկատմամբ մեղադրանք է առաջադրվել «Զանգվածային անկարգություններ» հոդվածով: Չի բացառվում, որ կներկայացվեն նաև պետական հեղաշրժման մեղադրանքներ: «Բոլորն, ըստ օրենքի, նստելու են բանտ: Բանտ ես չեմ նստեցնում, ես ունեմ միայն մեկ իրավունք` համաներում»,- երեկ հայտարարեց Լուկաշենկոն: Հատուկ ծառայությունները խուզարկություններ են անցկացրել թեկնածուների շտաբներում, իրավապաշտպանների գրասենյակներում, թերթերի խմբագրություններում: Բելառուսում շրջափակվել է մի շարք ընդդիմադիր կայքերի, ինչպես նաև LiveJournal բլոգհոսթինգի, Twitter միկրոբլոգի, Facebook սոցիալական ցանցի հասանելիությունը:
Հասկանալի է, որ նման կտրուկ պահվածքն անպատասխան չէր մնա: Եվրոպական խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկն առաջիններից մեկն էր, որ վրդովված հայտարարեց. «Այդ վախկոտ հարձակումը նախագահի անպաշտպան թեկնածուի վրա վրդովեցուցիչ ու ամոթալի է: Ես ապշած եմ այդ փաստից: Նման վարքը անթույլատրելի է միջազգային հանրության համար: Ես պահանջում եմ նախագահ Լուկաշենկոյից, որ նա անհապաղ դադարեցնի այդ բռնությունն ու պատժի նրանց, ովքեր մեղսակից են դրան»: Կոշտ էր նաև Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու արձագանքը: Վերջինս ոչ միայն` քննադատեց իշխանությունների կողմից բիրտ ուժի կիրառումը, այլև կարծիք հայտնեց, որ ԵՄ-ն պետք է վերանայի իր հարաբերությունները Մինսկի հետ:
Միացյալ Նահանգների վերաբերմունքը զուրկ էր ավելորդ հուզականությունից և միանշանակ էր. «ԱՄՆ վարչակարգը չի կարող ճանաչել ընտրությունների արդյունքները,- հայտարարեց Վաշինգտոնը: Այնպես որ Լուկլաշենկոյի ակնկալիքները, թե դեկտեմբերի 19-ից հետո ԱՄՆ- Բելառուս հարաբերությունները «կլինեն նվազագույնը լավ», չարդարացան:
Իրենց եզրակացությունը հրապարակեցին ԵԱՀԿ դիտորդները, համաձայն որի նախագահական ընտրությունները Բելառուսում չեն համապատասխանում ժողովրդավարական չափանիշներին և դրանք լեգիտիմ կոչվել չեն կարող: «Այս ընտրությունները ձախողվեցին և Բելառուսին այդքան անհրաժեշտ նոր սկիզբը չապահովվեց: Բելառուսի ժողովուրդն արժանի էր լավին», -ասաց ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության ղեկավար Թոնի Լլոյդը:
Իսկ այժմ անդրադառնանք ամենահետաքրքրականին: Բանն այն է, որ նույն ԵԱՀԿ-ն, նախքան հիշատակված եզրակացությունը, ժամեր առաջ մեկ այլ հայտարարությամբ էլ էր հանդես եկել, որով դեկտեմբերի 19-ին կայացած Բելառուսի նախագահական ընտրությունները ճանաչել էր ժողովրդավարական: Սակայն քիչ անց պատկերն ամբողջովին փոխվեց: Եվ արդյո՞ք միայն ընդդիմադիրների հանդեպ բռնություններ կիրառելու պատճառով: Ի վերջո ընտրություններն արդեն ավարտվել էին, և եթե հետո իշխանությունները օրինազանցություն էին հանդես բերել, ապա դա առանձին խնդիր էր ու չէր կարող անդրադառնալ նախորդի վրա: Բայց անդրադարձավ: Իսկ թե ինչու` պատասխանն անուղղակիորեն տվեցին մյուսները:
Այն ժամանակ, երբ Արևմուտքը որակումների մեջ ընտրություն չդնելով փնովում էր Լուկաշենկոյին, Ռուսաստանի և ԱՊՀ-ի ներկայացուցիչներն ընտրությունները գնահատեցին կայացած ու ժողովրդավարական: Ռուսական դիտորդական առաքելության ղեկավար Սերգեյ Լեբեդևը նշեց, որ առաքելությունը չի արձանագրել այնպիսի փաստեր, որոնք կարող էին կասկածի տակ դնել արդյունքների լեգիտիմությունը: Համարյա միաժամանակ Լուկաշենկոն ասուլիս հրավիրեց ու տեղեկացրեց, թե խոստանում է հրապարակել փաստաթղթեր, որով կապացուցվի ընդդիմության առաջնորդների կապը Արևմուտքի հետ: «Ես կարգադրել եմ, որպեսզի հրապարակվեն այդ փաստաթղթերը, որպեսզի ժողովուրդը տեսնի թե մեր արևմտյան գործընկերներին և թե մեր ընդդիմությանը»,- ասաց Բելառուսի նախագահը` ավելացնելով, որ խոսքն այնպիսի փաստաթղթերի մասին է, որոնք պետք է լինեն պահոցում` «գաղտնի» նիշի տակ:
Ահա և պատասխանը: Մինսկը, որ ամիսներ շարունակ գժտված էր Մոսկվայի հետ և ամենածանր մեղադրանքներն էր վերագրում Կրեմլին, վերջին պահին կողմնորոշվեց` նետերն ուղղելով հակառակ կողմը: Դեկտեմբերի 20-ի մամուլի ասուլիսում Լուկաշենկոն արդեն հայտարարում էր, որ «պատրաստ է հանդուրժել ամեն բան, որպեսզի Բելառուսն ու Ռուսաստանը չբաժանվեն», և որ ինքը երբեք Ռուսաստանի թշնամին չի եղել:
Երկու հակադիր բևեռների ճամփաբաժանի վրա գտնվող երկիրը հրաշալի հասկանում է իր դիրքի առավելությունը և գիտի, որ իրեն ամեն դեպքում ներելի է աններելին, եթե վրա հասնի ընտրության պահը: Իսկ Արևմուտքը, որ դեռ երեկ Մոսկվա- Մինսկ լարված հարաբերությունների կրակի վրա հաճույքով իր ձեռքերն էր տաքացնում, այսօր ստիպված է նոր մարտավարություն ընտրել: Սկզբի համար վատ չէ խոսել քաղաքացիների ոտնահարված իրավունքների մասին, թեև քաղաքակիրթ աշխարհին քիչ է հետաքրքրում` ժողովրդավարությունը Բելառուսում կհաղթանակի, թե՞ ոչ: Նրա համար կարևոր խնդիրն այն է, թե ինչպե՞ս անհնազանդին դարձնել հնազանդ:

Հովիկ Չարխչյան

%d bloggers like this: