Tag Archives: Բարգավաճ Հայաստան

Անկարծիք Արարատը և երեք մրցակիցների ախորժակը

3 Փտր

Արարատցիներին առաջիկայում ծանր օրեր են սպասվում: Մոտեցող ընտրություններն այսօր նրանց հուշում են այն մասին, որ իրենք կրկին կռվախնձոր են դառնալու տարբեր քաղաքական ուժերի ձեռքին, իսկ որ նման իրարանցման մեջ տուժողը դարձյալ իրենք են լինելու, այդ մասին էլ Արարատում գիտեն:
Երկար ժամանակ իշխանական ձայների դարբնոց համարվող Արարատը վերջին տարիներին հետզհետե փոխել է իր կողմնորոշումը: Այս պարագայում անաչառությունը պահանջում է արձանագրել, որ նման փոփոխությունը ոչ այնքան արարատցիների քաղաքացիական գիտակցության աճի վկայությունն է, որքան կողմնակի ազդակներին ու ճնշումներին կուլ գնալու նրանց թուլության ապացույցը: Սրան-նրան լավամարդ լինելու արդյունքում իրենք էլ այլևս չեն հասկանում, թե ինչ են ուզում, սակայն դրանից ոչ մարդկանց ապրելակերպն է փոխվել, ոչ էլ կյանքն է երջանկության երանգներ ձեռք բերել:
Հանրապետականները մինչ օրս էլ համոզված են, որ Արարատն իրենց կայուն հսկողության ներքո է: Այդ մասին առաջին հավաստիացնողներից մեկը մնում է Հովիկ Աբրահամյանը՝ պատվի հարց համարելով իր թևի տակ ծվարած տարածքից առավելագույն քվեներ կորզել հարազատ կուսակցության համար: Քիչ չեն նաև նախկին ոստիկանապետ Ալիք Սարգսյանի երդում-խոստումները, որը «ռեաբիլիտացման» գնալու համար այսօր այլ ճանապարհ չունի, քան իշխանությանն իր նվիրվածության ապացույցներ տալը: Արարատով էր անհանգստացած Հանրապետականի անդամատոմսեր բաժանող վարչապետ Տիգրան Սարգսյանն, ով օրերս անակնկալ այցելություն կատարեց այնտեղ ու նույնիսկ եղավ Վազգեն Սարգսյանի տանը: Թվարկվածների հետ մրցության մեջ է մտել նոր ոստիկանապետը՝ Վովա Գասպարյանը: Սա ավելի կտրուկ գտնվեց, և իրեն հատուկ գործելաոճով անմիջապես տեղում կադրային փոփոխություններ կատարեց՝ ձեռքի հետ 400 ԲՀԿ-ականների մի գիշերում դարձնելով հանրապետական:
Սակայն նման ոտնձգությունը անարձագանք չէր մնալու: Եվ սրընթաց արշավով Արարատ մեկնեցին «Բարգավաճ Հայաստանի» գրոհայինները՝ իրենց միակ ու անփոխարինելի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, որպեսզի հենց բնում խեղդեն խռովությունը, անհնազանդ արարատցիների պորտը տեղը դնեն և կորուստները վերադարձնեն՝ հավելավճարով: Այս ասպատակությունը պատահական չէր: Ծառուկյանը, որ տնօրինում է Արարատի ցեմենտի գործարանը, վաղուց իրեն ներշնչել է այն հավատով, որ իր ձեռքից կերակրվողները կարող են միայն իր հրաման-հրահանգները կատարել, և ըստ այդմ էլ Արարատն այլ բան չէ, քան ԲՀԿ-ի «դուստր ձեռնարկությունը»: Ու հիմա, լսելով այն մասին, որ ինչ-որ մեկը հանդգնել է սեփական բոստանի տարածք ոտք դնել, նա ոչ միայն զայրացավ, այլև լրջորեն մտահոգվեց:
Մեծ ախորժակի առումով ԲՀԿ-ին ու Հանրապետականին զիջել չի ցանկանում Հայ Ազգային Կոնգրեսը: Արմատական ընդդիմությունը չի կասկածում, որ Արարատից նա պիտի վերցնի ձայների մեծ քանակություն, քանի որ այդ շրջանը վաղուց ի վեր համակրանք է տածում նախկին ՀՀՇ-ականների հանդեպ և բացի դա Արամ Սարգսյանն ուղղակի պարտավոր է վազգենական Դավալուն և հարակից տարածքներն իրենով անել:
Այս ողջ խառնաշփոթի մեջ ամենահետաքրքրականն այն է, որ ոչ մեկի մտքով անգամ չի անցնում հարցնել արարատցիներին. «Իսկ դուք որի՞ն եք ընտրելու»: Չեն հարցնում երկու պատճառով. նախ, որովհետև առաջներում էլ չեն հարցրել, և բացի այդ հենց Արարատը թույլ է տվել, որ իր կարծիքը հաշվի չառնեն: Այնպես որ, երբ գա մեղավորներ փնտրելու ժամանակը, Արարատում դա կարող են որոնել միայն ներսում:

Երեքը և մյուսները

18 Հնվ

Առաջկա խորհրդարանական ընտրությունների կարևոր ինտրիգներից մեկն իր պատասխանը ստացավ: Երկար ժամանակ քննարկվող և այդ առթիվ ամենատարբեր ենթադրությունների արժանացած հարցը հիմա արդեն բացահայտված է. «Բարգավաճ Հայաստանը» ընտրություններին մասնակցելու է միայնակ: Այս մասին երեկ տեղեկացրեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Որքան էլ այժմ ասվի, թե նման հանգուցալուծումը կանխատեսելի էր, այնուամենայնիվ մինչև վերջին պահը դեռևս պահպանվում էր այն համոզմունքը, թե ԲՀԿ- Հանրապետական դաշինքն ուղղակի անխուսափելի է, իսկ միասնական ցուցակ ունենալը ամեն կարգի շահարկումներից ու կոնֆլիկտներից զերծ մնալու միակ լուծումն է: Սակայն, ինչպես տեսնում ենք, երկու գլխավոր մրցակիցների «ապահարզանը» կայացած փաստ է, ինչը խոստանում է միանգամայն այլ զարգացումներ և մրցակցության որոշակի լարվածություն:
Հատկապես ԲՀԿ-ի հայտարարությամբ էր պայմանավորված, որ երեկ միանգամից մի քանի հանրապետականներ տարբեր աղբյուրներով տեղեկացրեցին, թե Հանրապետական կուսակցությունը ևս միայնակ կմասնակցի մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Եվ որքան էլ նրանք ինքնավստահ շեշտադրությամբ նշեն, թե ՀՀԿ-ն որոշել է համամասնական ընտրապայքարում միայնակ հասնել բացարձակ հաղթանակի ու պայքարել մեծամասնական բոլոր տեղերի համար, արդեն հասկանալի է, որ նման որոշումը բոլորովին էլ ինքնաբուխ չէր, այլ թելադրված էր իրավիճակային փոփոխություններով: Հազիվ թե հանրապետականներն այս պահին անկեղծորեն հավատում են, որ մայիսին իրենք կարող են ջախջախիչ հաղթանակ տոնել: Սթափ դատողության պարագայում պիտի շատերի համար պարզ լինի, որ մրցակից ուժերի թիվը մեկով համալրելու հետ մեկտեղ նրանք կորստի են մատնում ևս մի էական բան. այն է՝ ԲՀԿ-ի հետ միասնական ցուցակ ունենալու բուն նպատակը: Իսկ այդ նպատակը պայմանավորված էր մեկ գլխավոր նկատառումով՝ որպեսզի ԲՀԿ-ն անակնկալ չմատուցի ընտրությունների շրջանում: Այսինքն, եթե նրանք ձեռք-ձեռքի տված էին պայքարի մեջ մտնում, ապա դա ՀՀԿ-ի համար երաշխիք էր, որ գործընկերը պատրաստվում է հարգել նախապես ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք ամրագրված են կոալիցիոն հուշագրով: Իսկ նման պայմանավորվածությունների թվում հիմնական կետը պիտի վերաբերեր նախագահական ընտրություններին Սերժ Սարգսյանի թեկնածությանը սատարելու խնդրին: Այժմ այդ հարցը վերստին բաց է մնում, և դեռ վաղ է կանխորոշել, թե այն ինչպիսի շրջադարձեր կարող է ունենալ:
Իբրև վերը թվարկված դեպքերի շղթայական արձագանք, երեկ իրենք խոսքը ասացին նաև գլխավոր ընդդիմադիր ուժի՝ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները: Վերջիններս հայտնեցին, որ այսօր կայանալիք քաղխորհրդի նիստում կքննարկի առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ձևաչափը: Ակնհայտորեն ՀԱԿ-ի համար ևս անակնկալ էր ՀՀԿ- ԲՀԿ տարանջատումը, և այժմ անհրաժեշտություն կա ժամ առաջ հստակեցնել մարտավարության այն դրվագները, որոնք պայմանավորված էին քաղաքական այս ուժերի հետագա պահվածքով: Հարցին, թե հնարավո՞ր է, որ քաղխորհրդի նիստում քննարկվի նաև խորհրդարանական ընտրություններում ՀԱԿ-ի համամասնական ցուցակի հարցը, Կոնգրեսի անդամները պատասխանել էին, որ նման մտադրություն չկա, սակայն օրակարգը դեռևս ձևավորված չէ, դրա վերաբերյալ կարող են լինել տարբեր առաջարկություններ, և հնարավոր չէ բացառել նման հարցի քննարկումը: Այս վերջին խոսքերն արդեն իսկ մատնում են ՀԱԿ-ի անպատրաստ լինելն ու շտապողականությունը: Անօրակարգ նիստ գումարելու փաստն ինքնին հուշում է, որ ընդդիմությունը այժմ խնդիր ունի ժամ առաջ ճշտելու հետագա քայլերի տրամաբանությունը և հստակեցնելու, թե քանի ճակատով է պատրաստվում կռիվ մղել:
Բայց եթե մոտեցող ընտրությունների գլխավոր դերակատարների առնչությամբ այժմ որոշ բաներ քիչ թե շատ պարզվում են, ապա չբացահայտված խնդիրների թվում նույնպես քիչ չեն ենթադրվող անակնկալները: Առաջին հերթին դա վերաբերում է այն ուժերին, ովքեր կարող են համախմբվել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ: Ու վերստին երեկ, (և ոչ պատահականորեն), տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ մոտ օրերս Քոչարյանը ընտրությունների առնչությամբ հանդես կգա հատուկ հայտարարությամբ: Բացառված չէ, որ այդ հայտարարությունը հիմնավորապես շրջի բոլոր խաղաքարերի դասավորությունը՝ թելադրելով մի այնպիսի իրողություն, երբ անհաշտները հաշտվում են, իսկ անհամատեղելիները՝ համատեղվում: Բայց քանի դեռ այն չի հնչել, ապա կարելի է առաջնորդվել եղածով ու առկա հիմքերի վրա կառուցել մոտակա քայլերի տրամաբանությունը:
Այս պահին տեսանելի դաշտում փորձում են որոշակի ակտիվություն ցուցադրել կամ քոնե դրա պատրանքը ստեղծել ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, «Ժառանգությունը» և նույնիսկ ՕԵԿ-ը, որտեղ շարունակում են կարծել, թե իրենք դեռևս դերակատարություն ունեն ծավալվող գործընթացներում: Դրան, իհարկե, քչերն են լուրջ վերաբերում, ինչպես, ասենք, դժվար է լուրջ վերաբերվել Պարույր Հայրիկյանի հերթական մտավարժանքին, որն այս անգամ «Կատարյալ ժողովրդավարության բանաձև» անունն ունի և մեծահոգաբար երկրին հուշում է, թե ինչպես Հայաստանը կարող է դառնալ կատարյալ ժողովրդավարական երկիր: Բայց քանի որ հայաստանցիներին կատարյալ դառնալու հեռանկարն առանձնապես չի հուզում, ինչպես որ չի հուզում ԱԻՄ-ի հետագա ճակատագիրը, ապա հասկանալի է, որ վերջինիս՝ տարբեր կուսակցությունների հետ դաշինք կազմելու առաջարկները միանշանակորեն մերժվել են: Վաղվա մարտադաշտը ուժեղների պայքարի ասպարեզն է, իսկ մանր-մունր խմբերն այս մրցության մեջ որևէ կերպ արդյունք գրանցելու շանսեր չունեն: Նույնիսկ այն կուսակցությունները, որոնք սովորաբար հենվում են մեկ անձի վարկանիշի վրա, ստիպված են մի կողմ քաշվել զանազան պատճառաբանություններով: Ոմանք ասում են, թե ֆինանսական միջոցներ չունեն, մյուները արտասանում են ամենահարմար հիմնավորումը, ըստ որի ներկայիս քաղաքական դաշտի գոյության պայմաններում ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացումը անհնար է, երրորդները կարծում են, թե սա ժամանակի անիմաստ վատնում է, մինչդեռ բուն խնդիրը հաջողության հասնելու անհավանականությունն է և ոչինչ ավելի: Իսկ եթե այնուամենայնիվ հաջողվի ձևավորել ինչ-ինչ դաշինքներ, ինչպես, օրինակ, ձախ ուժերն են պատրաստվում խումբ կազմել Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության շուրջ, ապա այդ դեպքում էլ որակական իմաստով տեղաշարժեր չեն գրանցվի, քանի որ ընդհանուր տարածքն արդեն զավթված է և բանակները վերադասավորվում են գլխավոր ճակատամարտից առաջ:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: