Tag Archives: բառ

ԱՄԵՆԱՏԱՐՈՂՈՒՆԱԿԸ

14 Հկտ

Աշխարհի ամենատարողունակ բառը (որը նաև դժվար արտասանվող է) պահպանվել է յագհան ցեղախմբի լեզվում (Հրո Երկիր): Դա Mamihlapinatapai բառն է: Այն մոտավորապես նշանակում է հետևյալը. «Նայել իրար այն հույսով, որ երկուսից մեկը կառաջարկի անել այն, ինչը ցանկանում են երկուսն էլ, սակայն ոչ մեկը չի ցանկանում լինել առաջինը»:

u_7e00035133465f22a661148c363d3aad_800

ԲԱՌԻ ԱՆԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

10 Դկտ

1967 թվականին «Սովետական գրականություն» ամսագրում հոդվածագիր Արշալույս Ոսկերչյանը բողոքում էր, որ լեզվական մաքրասիրությունը բարբարոսական ավերածություններ է կատարում և մուտք է գործել նույնիսկ խորտկարաններ՝ լուրջ դժվարություններ ստեղծելով այցելուների համար: Իբրև իր ասվածի ապացույց նա գրում էր, որ այդ «անարտահայտիչ, դժվար յուրացվող, ճապաղ ու անշնորհք» փոփոխության արդյունքում սոսիսկին դարձել է նրբերշիկ, բուլյոնը՝ արգանակ, օսետրինան՝ թափառ, և «նույնիսկ մենյուն դառել է ճաշացանկ ու դա այն ժամանակ, երբ մենյու հասկացողությունը պարունակում է իր մեջ ոչ միայն ճաշերի անուններ»: «Տերմինների նման թարգմանությունները չեն կարող ճանաչվել արդարացի, նպատակահարմար և օգտակար: Այդ թարգմանություններից շատերը ոչ միայն արխայիկ են, այլև կոպիտ ձևով թխված են, անիմաստ ու անմիտ են»,- եզրահանգել էր Ա. Ոսկերչյանը:
Անցավ շատ կարճ ժամանակ և ամեն ինչ եղավ ոչ այնպես, ինչպես ենթադրել էր հոդվածագիրը: Նոր բառերն անարգել մուտք գործեցին մեր կենցաղ և դարձան այնքան սովորական, որ այժմ նույնիսկ դժվար է հավատալ, թե դրանք ծնվել են ընդամենը մի քանի տասնամյակ առաջ: Եվ ուրեմն որևէ բան մերժելուց առաջ փորձեք մի պահ պատկերացնել, թե ինչպես դրա ճակատագիրը կտնօրինի ժամանակը՝ ի հեճուկս ձեր ցանկության ու փաստարկների:

Հ. Չարխչյան

words-cloud

ՋԱՆՆԻ ՌՈԴԱՐԻ

2 Դկտ

ԲԱՌԸ

Մի գրող որոշեց բնակություն հաստատել «տուն» բառում: Անձրև սկսեց, պարզվեց` տանիք չկա: Գրողը թրջվեց: Նա որոշեց քողարկվել «ծածկոց» բառով, սակայն սարսափելի թոքերի բորբոքում ձեռք բերեց: Փորձեց բուժվել «դեղ» բառով, բայց մեռավ ու թաղվեց «գերեզմանոց» բառում:gazetnyj-dozhd

«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՓՈՂ ՉԿԱ»

12 Նյմ

1935 թվական: Հայկական առաջին հնչյունային ֆիլմի` «Պեպո»-ի նկարահանումները վերջապես մեկնարկում են: Բոլորն անհամբերությամբ սպասում են այդ պատմական պահին: Հանգիստ է միայն հնչյունային օպերատոր Դ. Բլոկը: Մի վերջին անգամ ստուգելով սարքավորումները, նա հանկարծ բոլորից լռություն է խնդրում, ապա մոտենում է միկրոֆոնին և հայերեն լեզվով արտասանում է երեք բառ. «Հայաստանում փող չկա»: Սրանք դարձան այն առաջին բառերը, որոնք Հայաստանում ձայնագրվեցին ժապավենի վրա: Իսկ Բլոկն իր այդ քայլով ընդամենը ցանկանում էր արձանագրել, թե որքան դժվարին ֆինանսական պայմաններում էին մեկնարկում «Պեպո»-ի նկարահանումները:pepo2

ԲՐՈՒՆՈ ՇՈՒԼՑ

24 Մյս

Իրականության հիմքում իմաստն է: Անիմաստն անիրական է: Իսկ իրականության ուզածդ մասնիկ ողջ է այն բանով, որ մտնում է ինչ-որ համընդհանուր իմաստի մեջ: Վաղնջական տիեզերածնությունները դա համանման էին արտահայտում` ի սկզբանե Բանն էր: Չանվանվածը գոյություն չունի: Անվանել իրը` կնշանակի կապել այն համընդհանուր իմաստին: Առանձին, խճանկարային խոսքը` ավելի ուշ ժամանակների արտադրանք է, տեխնիկայի ծնունդ: Նախասկզբնական բառը ստվերի պես հածում էր աշխարհի իմաստի վրա, և մեծ, համընդհանուր ամբողջություն էր: Այժմյան գործածության մեջ բառը` միմիայն բեկոր է, ինչ-որ հինավուրց, համընդգրկուն, միասնական առասպելաբանության մնացուկ: Այստեղից էլ` նրա ձգտումն առ վերականգնում, մինչև նախնական իմաստի լիալրումը: Բառն ապրում է այն բանով, որ հազարավոր թելերով պրկվում է մեկում, հանց առասպելական վիշապի հատված մարմինը, որի մասերը միմյանց են փնտրում համաշխարհային գիշերվա մեջ: Բառի հազարադեմ ու միասնական օրգանիզմը հատվել էր առանձին բառերի, հնչյունների, առօրյա խոսքի և արդեն այդ նոր, գործնական կարիքների համար հարմարեցված ձևով հասել էր մեզ՝ որպես փոխըմբռնման միջոց: Բառի կյանքը, նրա զարգացումը փոխադրել էին այլ ուղիներ, դեպի կենցաղային գործնականությունը, ենթարկել էին այլ օրենքների: Սակայն ամեն անգամ, երբ գործնականության խստաշունչ հրամայականները ինչ-ինչ պատճառներով թուլանում են և ճնշումից ազատ խոսքը թողնում են ազատ՝ վերադարձնելով վաղեմի իրավունքները, նրան մեկեն համակում է ետդարձի տենչը, և բառը ձգտում է վերականգնել նախկին կապերը, վերադառնալ դեպ իմաստի լիությունը: Բառի այդ տենչն առ հարազատ օրրանը, նրա կարոտն առ վերադարձ, դեպի բառային նախահայրենիքը կոչում են հենց բանաստեղծություն:

%d bloggers like this: