Tag Archives: բանտ

ՍԱ ՓՉԱՑՆՈՒՄ Է ՄՅՈՒՍՆԵՐԻՆ

20 Օգս

Թագավորը սովորություն ուներ տարին մեկ անգամ այցելել բանտ, լսել կալանավորներին, և եթե նա որոշում էր որևէ մեկին ներում շնորհել, ապա հանցագործին ազատ էին արձակում նույն պահին: Ահա մի անգամ էլ տիրակալը բանտ էր գնացել, խցից խուց էր անցնում և բոլոր դատապարտյալները նրան ասում էին.
— Տեր արքա, մենք անմեղ ենք, մեզ անարդարաբար են բանտ նետել:
Եվ միայն նրանցից մեկը` մի մարդասպան, ով ցմահ դատապարտյալ էր, թագավորին ասաց.
— Տիրակալ, ես մղավոր եմ, ես մարդ եմ սպանել և արժանի եմ ավելի խիստ պատժի:
Այդ ժամանակ թագավորը կարգադրեց.
— Անմիջապես ազատ արձակեք: Սա փչացնում է մյուսներին: Բոլորն այստեղ անմեղ են, բացի այս մեկից:

RL4qpx8

ԲԱՆՏԱՅԻՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ

3 Փտր

Բրազիլիայի բանտերում ընթերցանությունը խրախուսող ծրագիր է գործում: Յուրաքանչյուր ընթերցված գրքի դիմաց կալանավորի ազատազրկման ժամկետը կրճատվում է 4 օրով, բայց ոչ ավելի, քան տարվա մեջ 48 օր: Իսկ կալանավորն էլ` ապացուցելու համար, որ գիրքն ընթերցել է, դրա մասին շարադրություն է գրում:

unusual-prisons-13

ՎՀԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԾՆՎԱԾ

27 Հնս

Ամերիկացի Ուիլյամ Փորթերը գանձապահ էր աշխատում բանկերից մեկում: 1895 թ. նրան 1150  դոլար յուրացնելու մեղադրանք ներկայացվեց: Ազատազրկված լինելու վախից Փորթերը փախավ Հոնդուրաս, իսկ այնտեղից էլ` Մեքսիկա: Բայց վերադարձավ 2 տարի անց, երբ տեղեկացավ, որ կինը մահամերձ է: Նրան ձերբակալեցին կնոջ հուղարկավորությունից անմիջապես հետո: Հուսահատ և դժբախտության ծանրությունից բեկված նա բանտում անցկացրեց ավելի քան 3 տարի: Որպեսզի չխենթանար, սկսեց գրել: Ճաղերի ետևում նա գրեց 14 պատմվածք և դրանք ուղարկեց հրատարակիչներին` իր անձը թաքցնելով գրական կեղծանվան տակ: Այդ մարդը Օ. Հենրին էր: Ահա այսպես` վհատության ցավից են նաև ծվում գրականության լավագույն էջերը:pizap.com14983492708421

ԲԱԿՈՒՆՑԻ ՆԱՄԱԿԸ ԲԱՆՏԻՑ

8 Հլս

«Ծա՜նր է, շա՜տ ծանր… Փաստը մնում է անշրջանցելի. ես մեկուսացված եմ։ Մտածում ես մեկ ժամ, երկու, երեք, մեկ օր, երկու օր, մտածում ես հիմարանալու աստիճանի, մինչեւ հիշողությունդ փուլ է գալիս, եւ չգիտես՝ գիշեր է, թե՞ ցերեկ, միայն պարզ գիտակցում ես, որ կյանքը մնաց փակ դռան ետեւում։ Մտքերը հեռու են գնում, ի՞նչ է սպասվում հետո… Երբ ես հարցնում եմ, թե ի՞նչ է լինելու հետո՝ հուսահատվում եմ, գիտակցությունսմթագնում է, ջղաձգությունները խեղդում են կոկորդս… Միտքս միշտ տանջալիորեն շաղափում է ֆիզիկական ցավի աստիճանի հասնող միեւնույն խոհը. ի՞նչ է լինելու ինձ հետ։ Արդյո՞ք ինձ հնարավորություն կտրվի գործով, այսինքն՝ գրական աշխատանքով ապացուցել, որ ես գրականության թշնամի չեմ։ Գոյության միակ նպատակը մնում է գրականությունը… Ինձ գրելու և կարդալու հնարավորություն տվեք, ինձ գիրք ու մատի՜տ տվեք…»:բակունց

ՓԱՐԱՋԱՆՈՎԻ ԱՅՐՎՈՂ ՑԱԽԱՎԵԼԸ

10 Ապր

Սերգեյ Փարաջանովը մի աշխատանք ունի` շղթայից կախված է մորուքավոր տիկնիկ` ձեռքին ցախավել: Հեղինակն իր գործին տարօրինակ անուն է տվել` «Գողը երբեք լվացարար չի դառնա»: Անվանումը հավանաբար որևէ «գողական» երգի տող է, իսկ սյուժեն, ասում են, կապված է նրա բանտային կյանքի մի դրվագի հետ:
Մի անգամ Փարաջանովին ցախավել են տալիս ու հրամայում են ավլել բակը: Կինոռեժիսորին այնքան էլ չի հաջողվում լավագույնս կատարել դռնապան-ավլողի դերը: Բանտի պետը դա տեսնում ու նկատողություն է անում, թե աշխատանքն անավյուն է, անկրակ: Այդ ժամանակ Փարաջանովը գրպանից հանում է լուցկին և վառում է ցախավելը` ցույց տալով, որ իր գործն էլ «կրակ ունի»:kollage_6

ԲԱՆՏԱՐԿՅԱԼ ԵՐՎԱՆԴ ՔՈՉԱՐԸ

27 Սպտ

Երվանդ Քոչարը Երեւանի ԿԳԲ-ի բանտում մնաց 2 տարի 2 ամիս: Եվ 1943-ի օգոստոսին ազատ արձակվեց: Կարո Հալաբյանը Մոսկվայում մեծ գործունեություն էր ծավալել Երվանդին ազատելու համար եւ, ասում էին, Անաստաս Միկոյանին էր խնդրել, եւ նա դեմ չէր եղել Քոչարի ազատմանը: Երվանդը եկավ տուն: Օջախը քանդվել էր. կինը` Թամարան, լքել էր, մայրական տուն գնացել, նոր ամուսնություն կնքել մոսկվաբնակ հայտնի մի հայ ջութակահարի հետ, երեխային էլ՝ փոքրիկ Դավթին, թողել մոր խնամքին: Զոքանչը՝ բարի տիկին Սրբուհին, ջերմությամբ ընդունեց Երվանդին, խնամեց նրան, մինչեւ որ Երվանդը նորմալ վիճակին հասներ: Եկավ մեր տուն՝ հորս մորս այցելության: Նիհարած էր, ԿԳԲ-ի քննիչի հարվածից մի ականջից խլացած: Բանտից վերադարձողները չէին սիրում խոսել քաշած տառապանքների մասին: Հրամայված է լռել: Սակայն Երվանդը հորս պատմեց, թե ինչպես հարցաքննությունների ժամանակ քննիչը, իբրեւ փաստ, իրեն ցույց էր տվել մատերիալները՝ գրված իր դեմ: Որքան ծանոթ անուններ: Երվանդին արձակում են առանց դատի՝ հանցակազմի բացակայության հիման վրա: «Ներողություն անգամ չասեցին: Հիմա ես ազատ մարդ եմ, սակայն երկու տարվա կտտանքներից ու նկուղներում անքուն գիշերներ անցկացնելուց հետո կորցրել եմ առողջությունս, ապրելու հավեսս: Ինչ մարդիկ մնացին այնտեղ»,- խոսքն ամփոփեց նա: Հայրս ու մայրս աշխատում էին սիրտ տալ նրան, ասում էին. «Երվանդ, դու դեռ ջահել ես: Նորից կունենաս ընտանիք եւ նորից կստեղծես լավ գործեր, քո պոտենցիալն անսահման է»: Բաժանվելիս հայրս Երվանդին նվիրեց մի լավ ծխամորճ եւ ասաց. «Սա համբերության չիբուխն է, քաշիր…»: Մեր շնիկը՝ Ջեկոն, հորս սիրելին, որ ամեն ինչ հասկանում էր, ուզում էր անպայման Երվանդի թշերը լիզեր, հայտնելով իր ուրախությունը Երվանդի վերադարձի համար:

Վիգեն Իսահակյան

«Փարիզ, Քոչար, անցած օրեր…»  գրքից1376129838,4101

ՎԵՐՋԻՆ ՏԵՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

26 Մյս

«Բակունցը Երևան վերադարձավ օգոստոսի սկզբին և 1936 թ. օգոստոսի 9-ին ձերբակալվեց…

Հոկտեմբերի վերջին ինձ կանչեցին տեսակցության, ընդ որում զգուշացնելով, որ ես պարտադիր ներկայանամ երեխայի հետ: Դժվար էր ինձ հետ վերցնել երեխային, բայց ես չհամարձակվեցի գնալ առանց նրա: Տեսակցությունը չափազանց ծանր էր: Բակունցը մեկ ամսվա ընթացքում այնքան էր փոխվել, որ ես դժվարությամբ ճանաչեցի այն մարդուն, որին ես գիտեի երկար տարիների ընթացքում:
Ամբողջ տեսակցության ժամանակ Բակունցը հեծկլտում էր` կորցնելով ինքնատիրապետումը: Նա ինձ խնդրեց վերցնել թուղթ ու մատիտ, գրել այն ամենը, ինչ ինքը կասի: «Իմացի՛ր,- ասաց նա ինձ,- այն ամենը ինչ ասում եմ քեզ` պատահական մտքեր չեն, այլ արդյունք են երկար անքուն գիշերների»: Եվ նա թելադրեց ինձ, թե ինչպես պիտի դաստիարակեմ և մեծացնեմ երեխային: «Որդիս,- անդրադարձավ երեխային` քամելով արցունքից ամբողջովին խոնավ թաշկինակը,- այնքան շատ բան եմ ցանկացել կյանքում անել քեզ համար, բայց ինձ չհաջողվեց, մայրդ կանի նաև իմ փոխարեն»: Զգացվում էր, որ այդ տեսակցությամբ նա հրաժեշտ էր տալիս մեզ: Նա ինձ ասաց, որ ինքը գրել է լիազորագիր-կտակ, որով ինձ է փոխանցում իր հեղինակային իրավունքը….

Վարվառա Բակունց (Չիվիջյան)
15.09.1954 թ.»:73578_1482231171879_3545378_n

 

ՎԱՀԵ ԳՈԴԵԼ

31 Հնվ

Ես գրում եմ. ես կառուցում եմ իմ բանտը: Լեզուն իմ բանտն է: Եթե փակվում եմ բանաստեղծության մեջ, եթե բանտվում են բառերի տան մեջ` գրության ոսկեզօծ բանտում, որովհետև ես կարող եմ փրկվել միայն այդ գնով, ես սահմանափակվում եմ և սահմանազանցում: Ես փակվում եմ ու կոտրում դռները: Ստեղծագործումն ազատարար է այն չափով, որ չափով որ բռնադատիչ է… Պոետական ազատությունը կամ, Միշել Դեգիի բառերով ասած` «պոեզիայի թեթևությունը հնարավորություն է տալիս բառերի միանշանակությունը շեշտելու և արտահայտելու, որպեսզի դրանց կապը վերահաստատվի` մեջտեղ բերելով պարտադրանքը, որ մշտապես ներկա է խաղի կանոնների մեջ»: Գերությունը և ազատագրումը կազմում են մի անբաժանելի զույգ: Գերությունն ինձ բանտում է այնքանով, որքանով որ ինձ ազատ է արձակում: Ես շղթայում եմ բառերն իրար, որ կարողանամ ազատագրվել իմ շղթաներից…
Բայց սա նաև իմ ցիրուցան, իմ տաղտղնված մարմինը վերաշինելու համար է, որպեսզի վերստանամ իմ միասնությունը, իմ էությունը, իմ ինքնությունը: Ու գրում եմ լոկ մի նպատակով, որ կարողանամ գտնել, հավաքել իմ բեկորները: Ես միաժամանակ Իզիսն եմ ու Օզիրիսը: Վերը և վարը: Դուրսը և ներսը: Սևը և ճերմակը: Աղեղը և թիրախը… Ես ուզում եմ իրար հաշտեցնել ջուրը և կրակը, ու ես գրում եմ առանց գրիչը թղթից կտրելու, զուգ աչքերս փակ ու շնչակտուր: Կույր տեսանող, հալածված որսորդ, տրորված սրտով ես թափառում եմ տրորված ուղիներից հեռու: Ես օգնում եմ, որ գետը դուրս գա իր մահճից: Հոսանքն ի վար, հոսանքն ի վեր ես իմ կրակներն եմ բորբոքում: Գրել` նշանակում է մտնել բանաստեղծության մենաստանը, լռության կարգը, մահ շինել, լինել արշավանքի վայր: Գրել` նշանակում է ճողոպրել, սիգալ, դուրս գալ ծով` փախուստը գլուխ բերել…

%d bloggers like this: