Tag Archives: բանաստեղծություն

Սևակի անծանոթ բանաստեղծությունը

19 Հնս

Հունիսի 17-ը բանաստեղծ Պարույր Սեւակի մահվան օրն է: Այս առիթով «Ժողովուրդ»-ը ընթերցողներին է ներկայացնում նրա անծանոթ բանաստեղծությունը, որը տրամադրել է գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանը: Վերջինս մեզ հետ զրույցում, խոսելով այս ստեղծագործության մասին, նախ նշեց, որ ըստ ժամանակակիցների վկայությունների` Սեւակը միշտ խուսափել է գրել մանկական գործեր: Եվ երբ նրան հարցրել են, թե որն է դրա պատճառը, բանաստեղծը պատասխանել է, որ մանկական գրականությամբ զբաղվելը շատ լուրջ գործ է, եւ ինքը չի պատրաստվում «խաբել» երեխաներին` անելով մի բան, որն իրեն կոչումով տրված չէ: Եվ, այնուամենայնիվ, իր կյանքի վերջին տարիներին` 1969-70 թթ., Սեւակն, այսպես ասած, դեմ է գնում ինքն իրեն: Բանն այն է, որ այդ ժամանակ «Պիոներ» ամսագիրը սովորաբար դիմում էր նշանավոր գրողներին, խնդրում, որ մանկական ստեղծագործություններ հանձնեն խմբագրությանը: Ելնելով այն հանգամանքից, որ այդ տարիներին ամսագրի գրեթե բոլոր համարներում մեկը մյուսի ետեւից տպագրվել են Սեւակի մանկական բանաստեղծությունները, կարելի է ենթադրել, որ ամսագրին հաջողվել էր համոզել նաեւ բանաստեղծին: Դրանք հետագայում պետք է ամփոփվեին փոքրիկ գրքույկում` «Մեր ծանոթները» վերնագրով, որն, ի դեպ, լույս է տեսել Սեւակի մահվանից հաշված օրեր անց: Ու թեեւ գրողն ինքը գիրքը չտեսավ, դա չի նշանակում, որ նա դրա խմբագրման աշխատանքներին չէր մասնակցել: Ի վերջո, գիրքը կազմվում էր դեռեւս Սեւակի կենդանության օրոք: Եվ հետաքրքիր է, որ նրա անծանոթ այս բանաստեղծությունը տեղ չի գտել ժողովածուում ինչ-ինչ պատճառներով: Դրանք, ըստ գրականագետի, կարող են մի քանիսը լինել: Օրինակ` գրքույկը կարող էր ծավալային առումով սահմանափակ լինել, ու որոշ բանաստեղծություններ պարզապես դուրս մնային, կամ, հնարավոր է, այս գործը Սեւակին այնքան էլ դուր չի եկել, եւ նա այն համոզման է եղել, որ դա դեռ ենթակա է մշակման: Ամեն դեպքում, հաշվի առնելով, որ Սեւակը շատ քիչ մանկական ստեղծագործություններ ունի, այս բանաստեղծությունը, որը ներկայացնում ենք ստորեւ, կարելի է բավական արժեքավոր համարել:

ՎԱՐԴՆ ՈՒ ՄԱՆՈՒՇԱԿԸ

Վարդն ու Մանուշակը քույր- եղբայր են եղել,
Միշտ իրար հետ կռվել, միշտ իրար են նեղել,
Վարդը եղունգներով ճանկռտել է նրան,
Նա էլ պոկոտել է շեկ մազերը սրա:

Մայրը շատ է նրանց խելք ու խրատ տվել,
Նրանք էլ` էլ չենք անի` ասել են ու երդվել,
Ասել են, բայց հետո էլի կռիվ ու լաց,
Էլի ճանկռտած ձեռքեր, էլի կռիվ ու լաց:

Երբ չի օգնել նույնիսկ պաչելն ու ծեծելը,
Մայրիկը բարկացել է, մի օր անիծել է,
Որ իրար հետ անվերջ կռվող եղբայր ու քույր
Մեկը մեկից միշտ էլ կարոտ մնան կյանքում:

Ինչպես ասաց մայրը, եղավ հենց այդպես էլ,
Այդ օրվանից նրանք իրար էլ չեն տեսել,
Որովհետև արդեն իրենց ամբողջ կյանքում
Տարբեր ժամանակ են միշտ էլ նրանք ծաղկում:

Աննա Բանաջանյան13473707_1075482425866156_1671751765_n-600x401

ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ

29 Հնվ

… Մորդ երգը, օրորը, որ նա երգել է քեզ համար, ամբողջ կյանքում քեզ հետ է, որպես այնքան հրաշալի, այնքան դժվար ու գեղեցիկ մեր հողի երգ- երգոցը: Երբեմն բանաստեղծություն ես գրում, որպեսզի ձերբազատվես այն զգացմունքից, որ քեզ հետապնդում, չարչարում, խանգարում է: Հայտնի է, որ ձորալանջերի քարերից արևի հոտ է գալիս: Այդ հոտը սուր է զգացվում հատկապես երեկոյան, մայրամուտից հետո: Այդ հոտն ինձ ծանոթ է մանկությունից: Բայց մի քանի տարի առաջ քաղաքային իմ բնակարանում հանկարծ զգացի քարերի արևային բույրը: Ես ֆիզիկապես ինձ զգացի ձորալանջին, ֆիզիկապես շնչեցի այդ բույրը: Արևի բույր առա սունկից, մամուռից, մութից, ամպից, ծառի շշուկից, աստղերից, ամեն ինչից… Ես ամբողջովին լցված էի արևի բույրով, և ցանկություն առաջացավ այդ բույրը բաժանել մարդկանց, որ նրանք էլ զգան, շնչեն այդ բույրը և գրեցի մի գազել…
Երբ ես դեռ փոքր էի, և մենք ապրում էինք խորը ձորի մեջ, մեզ համար արևի ճանապարհը կարճ էր, երկու, իրար շատ մոտիկ, հանդիպակաց սարերի գագաթից գագաթ ընկած մի անտեսանելի կամուրջ… Մի օր մենք որոշեցինք բարձրանալ սարը և տեսնել, թե ուր է գնում արևը: Հեռու, շատ հեռու արևմուտքում մենք տեսանք երկնքի մեջ մտած մի սպիտակ գագաթ: Արևն իջել էր այդ հեռավոր գագաթի վրա, որը վառվում էր մայրամուտի գույներով: Պատկերը շլացուցիչ էր, տպավորությունը՝ անպատմելի: Ես ուզում էի այդ մասին պատմել մարդկանց… Հիմա ես գիտեմ, որ պոեզիան ամեն ինչից դուրս նաև պատմում է մարդկանց, մեզ շրջապատող կյանքի և բնության հրաշալի, հեքիաթային, հսկայական մետաֆորների մասին: Ես շատ եմ սիրում հողը և այն ամենը, որ բուսնում է նրանից, սնվում է նրանով: Եվ երբ ասում են մայր հող, ես գիտեմ, որ դա գեղեցիկ խոսքի համար չեն ասում: Ես հիշում եմ հեռավոր սովի տարիները, երբ Հայաստանի լեռներում ձմռան հետ վերջանում էին հացի վերջին պաշարները: Մենք՝ գյուղի երեխաներս, չորեքթաթ էին տալիս լանջերն ի վեր և բուսական կեր էինք հայթայթում՝ արմտիքներ, տերևներ, տարբեր տեսակի խոտեր: Կակաչի կոկոններ էինք ուտում, կակաչի ցողունից դուրս եկած կաթնանման խեժը կարմրացնում էր մեր բերանը, մեր ձեռքերը: Կակաչի բողբոջին «պուտածիծ» էինք ասում: Այդպես մայր հողը մոր նման մեզ ծիծ էր տալիս… Չլիներ այդ դժվար և դժվարության մեջ երջանիկ մանկությունը, հնարավոր է, որ ես բանաստեղծ չդառնայի:

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԻ ԱՆԾԱՆՈԹ ԷՋԵՐԻՑ

25 Հնվ

ԱՆԱԿՆԿԱԼ ՀԱՅՏՆԱԳՈՐԾՈւԹՅՈՒՆ

Հավատալուց ավելի հեշտ բան չկա աշխարհում,
Ու մտածելն է դժվար, խորհրդածելն է դժվար:
Եվ հորիզոնը, ահա, մեջս վեճեր հարուցում,
Ապացույց է պահանջում աքսիոմն իբրև բարդ թեորեմ,
Փոխատեղվել են ուզում խորտակում ու կառուցում,
Հավատալը հեշտ է շատ, ու դժվար է մտորել:
Ստվերներն են լճանում տակնիվրա կրծքիս տակ,
Մենությունն է մամլվում, թե կասկածանքը` կոպիտ,
Մի կաղ անձրև է քայլում, մի կույր լապտեր է փայլում,
Ու խաղում է շուրթերիս ապակետիպ մի ժպիտ:

Լուցկին վռթաց ու հանգավ, իմ ծխամորճն է գործում,
Ամերիկյան վայրենիք թող կեցցեն ու զորանան,
Որ թունավոր այս թփով քաղցրացնել են փորձում
Դառնությունը մեր բերնի և օգնում են մոռանալ
Մեր ցավերը, և սակայն մոռացումից ի՞նչ օգուտ,
Թե աչքերիդ փառ կա հաստ, որ չի սրբվում, և հոգուդ
կպել է մի սարդոստայն, որ հյուսված է մետաղից:
Պաղ շնչի մեջ ճենճահոտ ինչ-որ անմեղ մատաղի
Բողոքական մի քամի իր ուսմունքն է քարոզում,
Եվ իզուր է քարոզում, քարոզում է անտեղի.
Հավատալը հեշտ է շատ,
Իսկ ես խորհել եմ ուզում:
Ու ես առանց հանվելու՝ կոշիկներս էլ ոտներիս
Իմ անկողնին եմ փռվում ինչ-որ թաքուն մի ոխով,
Ճմռթում եմ վերմակիս ստող ծաղկունքը չթե,
Չթե՛ գարուն,
Չթե՛ վարդ,
Չթե՛ ծառեր,
Չթե՛ խոտ…
Ի՞նչ եմ կորցրել չեմ գտնում, ի՞նչ եմ փնտրում ես մթնում
Եվ ու՞մ կողմից եմ արդյոք լիազորված տանջվելու:
Ու բարձը, որ գլխիս տակ պիտի դնել, ես հիմա
Գլխիս վրա եմ դնում.
Նոր խեղկատակ մի հիմար,
Եվ քայլում եմ պատից պատ
Ու փոխանակ մնջվելու քրքջում եմ գժի պես,
Քրքջում եմ,
Քրքջում ,
Հետո խմում մի կում ջուր,
Որ ազդում է ինձ վրա ինչ-որ չեղյալ դեղի պես:
Հանդարտվում եմ, կարծես թե ներսս չեն էլ իսկ խառնել,
Անհավասար պայքարից ես հաղթող եմ դուրս գալիս,
Ես հաղթող եմ դուրս գալիս, սակայն լոկ այն ցեղի պես,
Որ թշնամուն կարծես թե մահացու ջարդ է տալիս,
Բայց չի զորում թշնամուց իր դրոշը հետ խլել:
Լուռ եմ,
Թափուր,
Ամայի՝ դաշտում ընկած շշի պես.
Մտքի ոչ մի կենտ կարիճ` էլ ուր մնաց թե վտառ,
Ու հասկանում եմ հանկարծ,
Հասկանում եմ, որ, գիտե՞ս,
Մտածելն է հեշտացել
Ու դժվար է հավատալ…

ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ

21 Հկտ

Ես այն եմ եղել, ինչ որ եղել եմ,
Չեմ հասել երբեք քո որոնածին,
Քո որոնածը աննյութեղենն էր,
Իսկ ես` հողեղեն, հողոտ, հողածին:

Ես այն եմ եղել, ինչ որ եղել եմ,
Իմացիր, որ էլ երեսով չտաս,
Հանդիպման օրից ես ինձ նեղել եմ,
Որ դու աշխարհում նեղություն չզգաս:

Ես այն եմ եղել, ինչ որ եղել եմ,
Լռել եմ, ներել, տարել, համբերել…
Ու թե պատահմամբ ճամփաս շեղել եմ,
Քայլերս նորից ձեր տուն են բերել:

Ես այն եմ եղել, ինչ որ եղել եմ,
Չեմ հասել երբեք քո որոնածին,
Քո որոնոծը աննյութեղենն էր,
Իսկ ես` հողեղեն, հողոտ հողածին:

%d bloggers like this: