Tag Archives: բանակ

ԲԱՆԱԿԻ ԾՆՆԴԻՑ ՄԵԿ ՇԱԲԱԹ ԱՌԱՋ

29 Հնվ

25 տարի առաջ, 1992 թ. հունվարի 21-ին մի արտառոց դեպք կատարվեց Հայաստանում: Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի հրամանով զինվորները ձերբակալեցին 7-րդ բանակի հրամանատար, գեներալ-մայոր Եվգենի Իվանովիչ Մեսչերյակովին ու նետեցին նկուղը: Նա այնտեղ մնաց 24 ժամ: Դուրս գալուց անմիջապես հետո գեներալը զանգահարեց Մոսկվա, բողոքեց, իսկ հետո սպառնաց, որ Վազգեն Սարգսյանին դատի է տալու:
Ռուս գեներալ ձերբակալելու համար մեծ համարձակություն էր պետք, իսկ հետևանքների մասին կարելի էր միայն կռահել: Բայց Վազգենն այդ քայլին դիմելու համար ծանրակշիռ հիմքեր ուներ: Նա տեղեկություն էր ստացել, որ Մեսչերյակովը պատրաստվում է Հասաստանից դուրս բերել բոլոր ուղղաթիռները: Գեներալը պատճառաբանել էր, թե իբր ուզում է դրանք տանել Ցխինվալի, որտեղ գտնվում էր տարածաշրջանի ուղղաթիռային վերանորոգման կայանը: Պատրվակը ուղղաթիռների խնամքն ու ստուգումն էր, մինչդեռ Հայաստանում գերազանց հասկանում էին, որ ռուսների նպատակը զինտեխնիկան մեր երկրից հեռացնելն էր: Ահա հենց այս հետին մտադրության համար էլ Վազգենը որոշեց ինքնադատաստան տեսնել:
Հավելենք միայն, որ ուղղաթիռները մնացին Հայաստանում, իսկ Մեսչերյակովն այդպես էլ Սարգսյանին դատի չտվեց:

Հովիկ Չարխչյանpizap-com14856003442681

Չարխչյան. Ինչպե՞ս կարելի է այսօր ժողովրդին ասել, թե չես ուզում աջակցել բանակին

18 Նյմ

Գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է մարտական գործողությունների ժամանակ զոհված և հաշմանդամ դարձած ազատամարտիկների ընտանիքներին աջակցելու նպատակով հիմնադրամ ստեղծելու կառավարության նախաձեռնությանը։
Չարխչյանի կարծիքով` սխալ մոտեցում է բարոյական շեշտադրումներով իրավական գործողություններ կատարելը, և նրանք, ովքեր նախագիծը ներկայացրել են, պետք է հասկանան` որն է ժողովրդի դժգոհության պատճառը։
«Եթե որևէ մեկն առանց ձեր ցանկության ձեր դրամապանակից գումար տանի, կորակեք գողություն։ Դիտարկենք ընդհանուր իրավիճակը։ Որևէ մեկը մեզ չի հարցնում այդ մասին և պարտադիր վճար է մտցնում, ինչը գրեթե նույն իրավիճակն է։ Իսկ ինչու՞ ես պետք է չընդվզեմ դրա դեմ»,- ասաց նա։
Գրողը տարակուսում է`ինչպե՞ս կարելի է այս հարցում ժողովրդի հետ բարոյական կողմի մասին բանավիճել։ «25 տարի շարունակ մեր ժողովուրդն ապրում է զրկանքների մեջ, իրեն զրկում է ամեն ինչից` շատ լավ հասկանալով, թե ինչի համար է դա արվում։ Այդ ամբողջ զրկանքների առյուծի բաժիննն ուղղվել է բանակին։ Ինչպե՞ս կարելի է այսօր այդ ժողովրդին ասել, որ դուք չեք ուզում աջակցել մեր բանակին»,- ասաց Չարխչյանը։

5504477

http://armeniasputnik.am/radio/20161116/5503440/charxchyan-banak.html

ԶՈՐԱՑ ԵՐԿԻՐ

5 Ապր

Չկա այնպիսի դիրք, խրամատ, ճակատային գիծ, որ գտնվի մեզնից ապահով հեռավորության վրա: Վտանգն աշխարհագրություն չունի, ինչպես որ քարտեզագրված չէ մեր սերն այս հողի հանդեպ: Եվ դրա համար առաջնագիծն այսօր անցնում է նաև Երևանի փողոցներով, մեր տան բակով, մեր բոլորիս սրտերի միջով: Եվ դրա համար զինվոր լինելն այլևս մասնագիտություն չէ, այլ քաղաքացիություն:
Ես այդ զինվորներին տեսնում եմ ամենուր: Ես տեսա այդ զինվոր տղաներին ու աղջիկներին, երբ Մաշտոցի պուրակում օգնություն էին հավաքում բանակի համար: Ես տեսա զինվոր բժիշկներին, երբ վիրահատարան էին մտնում՝ կյանքեր փրկելու: Ես տեսա զինվոր հողագործների, որ վաղվա հացն են աճեցնում երկրի համար: Տեսա զինվոր լրագրողների, որ ճշմարտությունն են դուրս բերում կեղծիքի միջից: Բազում- բազում զինվորների տեսա՝ ամեն մեկն՝ իր զենքի հետ, ամեն մեկն՝ իր դիտակետում: Ու մեր բանակը տասնապատկվեց, ու մեր զենքերը դարձան ահեղ, ու մեր կամքը՝ հաղթանակի դատապարտված… Ու մեր Հայրենիքը՝ Երկիր Զորաց:

Հովիկ Չարխչյան 77777

ՀԻՇԵՔ ՆՐԱՆ. ՍՈՒՐԲ ՍԱՐՍԱՓԸ

21 Հնվ

Նրա անունն անհայտ է մնացել: Բայց նա հերոսուհի էր ու վրիժառու: 17 տարեկան այդ աղջնակի առաջ պատկառանքով խոնարհվում էին, և շուրթեշուրթ էր անցնում պատմությունն այն մասին, որ նա 75 թուրք է սպանել: Հետո նա հանկարծ հայտնվեց Նյու Յորքում: Եվ հենց այստեղ էլ նրան գտան լրագրողները: Տեղի թերթերը սկսեցին գրել քաջ հայուհու մասին, որին հայկական բանակում անվանել են «Սուրբ սարսափ»:
Ո՞վ էր նա: Հրանուշ Գրիգորյանը Միացյալ Նահանգներ էր հասել իր անմիջական հրամանատարի՝ սպա Շիշմանյանի ուղեկցությամբ: Հենց այստեղ էլ ամերիկյան նպաստամատույց ընկերության աշխատակիցներին նա պատմել էր, թե ինչպես է 11 տարեկան հասակում ականատես եղել թուրքերի կողմից իր հոր, մոր և քույրերի վայրագ սպանությանը: Ու թեև իրեն կենդանի էին թողել, սակայն ստրկության էին վաճառել մի արաբ ավազակի:
Որոշ ժամանակ անց նրան հաջողվում է տղայի շորեր հագած փախուստի դիմել, սակայն նա մտադրություն չուներ ապաստան գտնել որևէ ապահով վայրում, այլ ներկայանում է հայկական բանակ և պահանջում, որ իրեն զինվորագրեն: Երբ ի վերջո հայտնի է դառնում, որ տղամարդու համազգեստի տակ աղջնակ է թաքնված, այդ ժամանակ Հրանուշը հրաժարվում է զենքը վերադարձնել՝ ասելով, որ ուզում է կռվել ու իր վրեժը առնել ոսոխից: Դա 1919 թվականն էր:
Թե ինչպես է նա կռվել, դրա մասին ամերիկացի լրագրողներին պատմել է հրամանատար Շիշմանյանը. «Անհնար էր նրան արգելել, որ չնետվեր մարտի: Նա իր փամփուշտը գործածում էր միայն այն ժամանակ, երբ վստահ էր, որ չէր վրիպելու: Իսկ նրա սուրը հրացանի պես հաջողակ էր: Այդպիսի մի սրամարտի ժամանակ էլ վիրավորվեց, թեև նույն կռվում հանդես բերած անձնազոհության ու քաջության համար այսօր իր թեզանիքին կրում է ոսկեկար ժապավեն»:
Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո Հրանուշ Գրիգորյանը շատերի պես թողնում է երկիրը և բռնում գաղթի ճանապարհը: 1921 թվականին նա արդեն ԱՄՆ-ում էր:
Վերջին տեղեկությունը, որ հայտնի է նրա մասին, կրկին քաղում ենք այդ օրերի թերթերից: Այնտեղ ասվում էր, որ Շիշմանյանին հաջողվել է Կալիֆոռնիայում գտնել մի հայկական ընտանիք, ովքեր սիրահոժար կերպով որդեգրել են Հրանուշ Գրիգորյանին:

© Հովիկ Չարխչյանa4fb7e4e2ed6a195955fbdf594a799d4

ԻՆՉՊԵՍ ԳԱՐԻԿԻՆ «ԶՈՐԱԿՈՉԵՑԻՆՔ»

3 Օգս

Comedy Club Production-ի հիմնադիր և գլխավոր պրոդյուսեր Արթուր Ջանիբեկյանի մասին հիմա հաճախ են գրում: Սրտանց ուրախ եմ նրա հաջողությունների համար: Իսկ տարիներ առաջ ստացվել էր այնպես, որ Արթուրն իմ զինվորն էր…
Դրանք КВН-ի «Նոր հայեր» թիմի աստեղային ժամանակներն էին: Բայց Արթուրին զորակոչել էին բանակ, և նա շատ էր մտահոգվում, որ կտրվում է խմբից: Այդ պատճառով էլ շաբաթը մի քանի անգամ թույլ էինք տալիս մի քանի ժամով քաղաք իջնել, մասնակցել փորձերին: Ինքն էլ միշտ ուրախ, անհանգիստ ու շարժուն տեսակ էր: Անընդհատ որևէ բան մոգոնում էր օրը լցնելու համար:
Եվ ահա մի օր ճիշտ այդպիսի տրամադրությամբ մտավ իմ աշխատասենյակ, թե՝ խնդրանք ունեմ: Պարզվեց՝ որոշել է չար կատակ խաղալ Գարիկ Մարտիրոսյանի գլխին ու այդ խաղում ինձ համար առանձնահատուկ դեր է նախապատրաստել: Ես պիտի նախարարության պաշտոնական ձևաթղթի վրա մի տեքստ շարադրեի այն մասին, թե իբր Գարիկին շտապ զորակոչում են ազգային բանակ և նա պարտավոր է անհապաղ ներկայանալ զինկոմիսարիտ: Դա դեռ քիչ էր, Արթուրը խնդրում էր հավաստիության համար գրությունը հաստատել պաշտոնական կնիքով:
Որքան փորձեցի բացատրել, որ դա օրինազանցություն է, ոչինչ չստացվեց: Ի վերջո ես էլ գայթակղվեցի նրա խաղով, ինչի արդյունքում կես ժամ անց Արթուրի ձեռքում կար ցանկալի ծանուցագիրը:
Թե հետո ինչեր էին կատարվել, երբ Գարիկին հայտնել էին իր նորակոչիկ դառնալու հեռանկարի մասին, դա Արթուրը պատմում էր բավականին երկար ու գունեղ: Հատկապես զավեշտալի էր այն հատվածը, որտեղ անակնկալի եղած ու հուսահատության գիրկն ընկած ընկերոջը բոլորը համերաշխորեն մխիթարել են ու հեղեղել հանուն հայրենիքի ամեն ինչ զոհաբերելու հուզիչ հորդորներով:
Իսկ ինձ երկու օր անց «Նոր հայերի» տղաները հրավիրեցին պետական համալսարանի դահլիճ, որտեղ իրենց փորձերն էին ընթանում: Հենց այնտեղ էլ ես Գարիկին պիտի ասեի դավադրության մասին և ետ վերցնեի թուղթը: Սակայն պարզվեց, որ չարաբաստիկ ծանուցագիրը չկար: Ըստ Արթուր Ջանիբեկյանի, Գարիկը դա դրել էր շրջանակի մեջ ու կախ էր տվել իր սենյակի պատից:

Հովիկ ՉարխչյանKUD_7972_pro_pri_pri_w1000_h800

Ի՞ՆՉ ԵՆ ԱՐԵԼ ԵԶԴԻՆԵՐԸ ՄԵԶ ՀԱՄԱՐ

11 Սպտ

Իրաքի հյուսիսում եզդիների կոտորածները լայն արձագանք գտան նաև մեր երկրում: Պետությունը փորձեց հնարավորությունների սահմաններում օգնել, հասարակության տարբեր խմբեր բողոքի ձայն բարձրացրեցին, իրենց աջակցությունն առաջարկեցին: Այդ համընդհանուր անհանգստության մեջ եղան նաև մարդիկ, ովքեր ամեն դեպքում հարցրեցին. «Իսկ ինչու՞ մենք պիտի ձեռք մեկնենք նրանց: Ի՞նչ են արել եզդիները, երբ ծանր ու դժվարին ժամանակներ էին հայերիս համար»:

Ես նպատակ չունեմ պատմական ծավալուն անդրադարձ կատարել կամ բանավեճ ծավալել տարակուսողների հետ: Ընդամենը մի փոքրիկ դրվագ կներկայացնեմ: Մնացյալը որոշեք ինքներդ:

Երբ Առաջին Հանրապետությունը հիմք դրեց Ազգային բանակին, Հայաստանում տարբեր ազգությունների բազմաթիվ ներկայացուցիչներ էին ապրում:  Սակայն ազգային փոքրամասնություններից հայկական բանակի շարքեր թույլատրվեց զորակոչել միայն եզիներին: Սա վստահության ամենատիպիկ օրինակներից մեկն էր: Նրանց արտոնվեց ծառայել կամավորական սկզբունքներով գործող իրենց ազգային զորամասերում: Հայաստանի Ազգային արխիվում պահպանվող վավերագրերից մեկը` գրված գեներալ Մ. Սիլիկյանի ձեռքով, փաստում է, որ 1918 թ. հայկական առանձին դիվիզիայի կազմում գործել է եզդի կամավորականների գումարտակ: Հենց այդ գումարտակն էր, որ որը ակտիվ  մասնակցություն ունեցավ 1918 թ.  Մայիսյան հերոսամարտերին: Նրա հրամանատար Յուսուպ Բեկ Թեյմուրովը Սարդարապատի ճակատամարտում երևանյան զորաջոկատին աջակցություն ցուցաբերելու համար ավելի ուշ պարգևատրվեց Սուրբ Գեորգիի 4-րդ աստիճանի Խաչ շքանշանով:

Մեկ այլ արխիվային փաստաթուղթ, որն իրենից ներկայացնում է տեղեկագիր` կազմված ռուս պաշտոնյաների կողմից, հաստատում է, որ 1920 թ. հայկական բանակի հեծելազորի կազմում գործում էր եզդիներից կազմված մի հեծյալ դիվիզիոն, որը տեղաբաշխված էր Էջմիածնում:  Նրա կազմում կար 200 ձիավոր և 3 սպա: Եզդիների մեկ այլ հեծյալ դիվիզիոն էլ գործում էր Դրոյի հրամանատարության տակ գտնվող Սուրմալուի զորաջոկատի կազմում:

Առայժմ այսքանը:

 

Հովիկ Չարխչյանscan0012-1

Եթերային անդրադարձ

30 Մրտ

Հովիկ Չարխչյանը, Մարինե Պետրոսյանը, Վիոլետ Գրիգորյանը, Արամ Պաչյանը և ուրիշներ խոսում են Հովհաննես Իշխանյանի «Ուվալնյատի օրը» գրքի և գրականության իրավունքների մասին:

Արտակարգ դրության արտակարգ գործիքը

11 Փտր

Երբ ընտրությունների նախաշեմին խորհրդարանը քննարկման է դնում «Արտակարգ դրության իրավական ռեժիմի» մասին օրենքի նախագիծը, ուրեմն սպասիր վատ լուրերի: Ուրեմն չկա վստահություն, որ ամեն բան կանցնի հանդարտ ու անաղմուկ: Մյուս կողմից էլ հասկանալի է, որ իշխանությունները օրինական տեսք են ուզում հաղորդել մի բանի, ինչը նախկինում կիրառվել է առանց օրենքի: Սա նաև նշանակում է, որ հիշյալ նախագիծը կյանքի է կոչվել ոչ թե ընդհանուր դաշտի տարածական ու ժամանակային բոլոր ասպեկտների դիտարկմամբ, այլ ընդամենը կառուցվել է մեկ հիմնական նախադեպի վրա: Այսինքն կառավարությունը նման օրինագիծ է ներկայացնում օրենսդրին` մտավախություն ունենալով, որ կկրկնվեն 2008 թվականի մարտի 1-ի դեպքերը, և հենց այդ ելակետն էլ նրան հուշում է օր առաջ անել հրատապն ու անհրաժեշտը:
Արդեն առաջին ընթերցմամբ ընդունված օրինագիծը մեզ տեղեկացնում է այն մասին, որ երկրում արտակարգ դրություն հայտարարվելու է ՀՀ սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելու կամ տապալելու փորձի, իշխանությունը գրավելու կամ յուրացնելու ժամանակ: Օրենքի կիրառումը նախատեսվում է նաև զինված խռովությունների, զանգվածային անկարգությունների, ահաբեկչական գրոհների, օկուպացիայի կամ հատուկ նշանակության օբյեկտների գրավման կամ շրջափակման դեպքում: Համաձայնենք, որ թվարկումը համարյա լիարժեք է: Այլ բան է, թե ո՞վ և ինչպե՞ս է դա անելու: Եվ հենց այս կետի վրա էլ բախվում են բոլոր տարակարծությունները: Բանն այն է, որ նախագծի հեղինակներն առանձնահատուկ դերակատարում են սահմանել ոչ միայն ներքին ուժերին (ինչը հասկանալի է), այլև բանակի համար (ինչն անհասկանալի է):
«Զինված ուժերի միջամտությունը թույլատրելի կլինի այն դեպքում, երբ ոստիկանության և ազգային անվտանգության մարմինների ուժերը չեն բավականացնի»,- իրենց որոշումը բացատրում են զինվորականների մասնակցության կողմնակիցները: Իսկ ընդդիմախոսներն այդ մասին լսել անգամ չեն ուզում՝ պնդելով, թե դա հղի է ներքաղաքական գործընթացներին բանակի միջամտության վտանգով:
Իսկապես էլ, խնդրին անաչառ վերաբերվելու պարագայում չի կարելի չնկատել, որ մեծ հաշվով սա հակասահմանադրական քայլ է: Եթե կողմ քվեարկող պատգամավորներն ու արդարադատության նախարարը տեղյակ չեն, նրանց կարելի է հիշեցնել, որ ՀՀ Սահմանադրության 8.2. հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, պաշտպանությունը և տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը։ Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո։
«Այդ որտե՞ղ տեսաք, որ բանակը պետք է ներգրավված լինի քաղաքականության մեջ»,- զարմացած բացականչում է միամիտ արդարադատության նախարարը և ոչ մի գնով չի ցանկանում տեսնել այն, ինչը տեսանելի է մյուսների համար: Բայց հետո կարծես թե տեղի է տալիս պնդումներին, նշմարում է ինչ-որ բաներ և անմիջապես գտնում դրա ամենապաթետիկ արդարացումը. «Բայց հիշեք, թե ինչ բարձր արժեք են նրանք պաշտպանելու ՝ սահմանադրական կարգը»։
Հիշում ենք: Եվ ոչ միայն դա: Հիշում ենք նաև, որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի ընդունման փորձեր արվել են երկու անգամ՝ 2007 թվականին, սակայն քննարկումների ընթացքում առաջ եկած հակասությունների պատճառով մնացին անավարտ: Հիշում ենք նաև այն, որ 2008թ. մարտի 1-ին Ռոբերտ Քոչարյանը արտակարգ դրություն սահմանեց նույն ՀՀ Սահմանադրության խախտմամբ, քանի որ՝ երկրի հիմնական օրենքի համապատասխան, նախագահն իրավունք ուներ հայտարարելու արտակարգ դրություն միայն այն պարագայում, երբ դրա իրավական ռեժիմը սահմանված է օրենսդրությամբ։ Մինչդեռ և այն ժամանակ, և այսօր Հայաստանում գոյություն չունի նման օրենք։
Թվարկվածներից զատ պիտի տրամաբանական հարց առաջանա. ո՞վ և ինչպե՞ս է որոշելու այն մշուշապատ սահմանագիծը, թե հատկապես որ իրավիճակներում կարելի է թույլատրելի համարել բանակի միջամտությունը ներքաղաքական կյանքին: Փաստ է, որ ներկա պահին չկան այդ դրույթների վերջնական ու խիստ հստակ սահմանումները: Եվ այդ պատճառով էլ արդյո՞ք կողմնակալ են նրանք, ովքեր հայտարարում են, թե օրինագիծը ընդհանրապես տանում է նախագահական ինստիտուտի հզորացմանն ու կենտրոնացմանը, որովհետև խնդրի ամբողջ օրենսդրական կարգավորումը հայտնվում է նախագահի դաշտում: Ինչ վերաբերում է խորհրդարանին, ապա Աժ լիազորություններն այս ուղղությամբ սահմանված չեն: Նրա կարծիքը կրիտիկական պահին կարող են ընդհանրապես չհարցնել: Իսկ եթե դա այդպես է, ապա աշխարհի ամենաազնիվ իշխանությանն էլ կարելի է մեղադրանք ներկայացնել, թե պարտության վտանգի պարագայում նա հնարավորություն ունի ամեն գնով պահպանել իր դիրքերը՝ օգտագործելով բանակը «հասարակական կարգը պաշտպանելու» հիմնավորմամբ:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

ՄԱՄՈՒԼԻ ԱՆԴՐԱԴԱՐՁ

15 Հկտ

ՔԱՆԻ ԴԵՌ ՀԵՏՆԱՄՈՒՏՔԻՑ ԿՄՏՆԵՆ

Բանակում վերջին ամիսների մահվան դեպքերի կապակցությամբ զրուցել ենք գրականագետ, 1996-98 թթ. ՀՀ ՊՆ լրատվության և քարոզչության վարչության պետի տեղակալ Հովիկ Չարխչյանի հետ

Պարոն Չարխչյան, Ձեր վերջին հոդվածը բանակում, հատկապես «Եղնիկներում» վերջին մի քանի ամիսների ընթացքում կատարված մահվան դեպքերի մասին է: Ըստ Ձեզ` ի՞նչ է կատարվում այսօր մեր բանակում:

Մեր բանակում ոչ մի լավ բան չի կատարվում: Սեպտեմբերի 21-ի շքերթի վառ տպավորություններից հետո միանգամից խորը գահավիժում տեղի ունեցավ, և պետք է հոգեբանորեն պատրաստ լինել տեղավորվելու այդ երկու ծայրահեղությունների միջև: Մենք մի դեպքում ասում ենք, որ կայացած բանակ ունենք, հրաշալի տեխնիկա ենք ցուցադրում, մյուս կողմից հասկանում ենք, որ այդ հրաշալի տեխնիկան կիրառելու համար մենք չունենք նույնքան ամուր, նույնքան երկաթե կարգապահությամբ զինուժ, որին կարող ենք վստահել մեր երկրի անվտանգությունը, մեր վաղվա օրը: Բացի այդ, սա մարդկային ողբերգություն է, այնտեղ մեր երեխաներն են սպանվում, ընդ որում` սպանվում են ոչ թե թշնամու գնդակից, այլ սպաների դաժանություններից, խոշտանգումներից, իրենց զինակից ընկերների անմարդկային վերաբերմունքից: Ընդհանուր պատկերը նայելով` հասկանում ես մի պարզ բան` այդ երեխաների անվտանգության համար պատասխանատու է սպայակազմը, որը պետք է ապահովի այդ հարաբերությունների կանոնադրական վիճակը, և եթե սպայակազմը թերանում է, պետք է պատասխանատվության կանչել թիվ մեկ պատասխանատուին`պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, ով արդեն 4-5 տարի է` մի բան է ապացուցում, որ նա պարզապես ընդունակ չէ այդ բարդ կառույցի ղեկավարը լինելու, մարդը չունի այդ ընդունակությունները:

Դուք 1996-98թթ. եղել եք ՀՀ ՊՆ լրատվության և քարոզչության վարչության պետի տեղակալ: Ի՞նչ վիճակագրություն կա այն ժամանակ տեղի ունեցող միջադեպերի կապակցությամբ:

Բոլորս գիտենք` այն ժամանակ շատ ավելի բարդ և շատ ավելի անմխիթար վիճակ էր, բայց մենք հասկանում էինք` մի ժամանակահատված էր, երբ բանակը անմիջապես հաջորդել էր պատերազմին և դեռևս իր կայացման փուլում էր, դեռևս ամբողջական վիճակի չէր եկել: Դեռ նոր կամավորական ջոկատներից բանակ էր ձևավորվում, չկային պատրաստի կադրեր, չկար այն ակադեմիան, որն այսօր գործում է, մեր սպաները գնում սովորում էին ռուսական, հունական, եվրոպական այլ երկրների ռազմական ուսումնարաններում, գալիս համալրում էին այդ կազմը, և հրամանատարական կազմի հիմնական մասը հենց այդ կամավոր տղաներն էին: Հասկանալի էր, որ նրանց մեծ պահանջներ ներկայացնել անհնար էր: Օրինակ` հիշում եմ` տարի կար մինչև 200 զոհ էինք ունենում, բայց ամբողջ պրոցեսը նրանում էր, որ մենք տարեցտարի ակնկալում ենք փոփոխություն:

Զինդատախազ Գևորգ Կոստանյանը ասում է, որ դեպքերի աճ չկա, նույնիսկ ասում է, որ առժամանակ հետո իրենք պաշտոնապես հայտարարությամբ հանդես կգան և ցույց կտան, որ ընդհակառակը, դեպքերի կտրուկ նվազում կա:

Հասարակությունն իր վիճակագրությունն ունի, զինվորական դատախազը` իր, և դրանք իրարից շատ են տարբերվում: Ես ընդամենն իրեն մի հարցով պատասխանեմ` մենք ի՞նչ դեպքերի մասին ենք սովորաբար իմանում, այն դեպքերի մասին, որոնց մասին իմանում է լրագրողը, ոչ թե այն դեպքերի մասին, որ ՊՆ է հայտարարում: Եթե լրագրողները չիմանան, մենք այդ ամենի մասին երբեք չենք իմանա: Բացի այդ, զինդատախազին ուզում եմ հիշեցնել, որ մենք իմանում ենք միայն մահվան դեպքերի մասին, իսկ մյուս հանցագործությունների մասին մենք ոչինչ չգիտենք, ի՞նչ գիտենք այնտեղ ինչքան կանոնադրական խախտումներ, փախուստներ, ինքնախեղումներ և այլ բաներ չեն կատարվում, ինչո՞ւ դրանք չեն հրապարակում:

Վերջերս սակայն բանակում բռնաբարության, հոգեկան խանգարման դեպքեր հանրությանը պարզ դարձան:

Այդ մասին դարձյալ իմացանք այն ժամանակ, երբ գրեցին լրագրողները և այդ մասին բարձրաձայնեցին ծնողները, բայց տասնյակ, հարյուրավոր դեպքեր կան, երբ ծնողները վախենում են այդ մասին բարձրաձայն հրապարակել, և մենք պարզապես չենք իմանում` ինչեր են կատարվում այնտեղ: Ես բավական մոտ եմ կանգնած եղել այդ համակարգին և նախկինում, և հետո էլ, երկու տղա եմ բանակում ունեցել, և անընդհատ տեղյակ եմ այնտեղ ինչ բարքեր են կատարվում, և լավը գիտեմ, կան հրաշալի սպաներ, որոնք իսկապես արժանի են մեր բանակի սպա կոչվելու բարձր պատվին, և նաև գիտեմ այն տականքներին, թափթփուկներին անուն առ անուն. պետք չէ այդպիսի վիճակագրությամբ փորձել ընդհանուր պատկեր ներկայացնել: Դիա՞կ են բերում սահմանից, վերջ, ուրեմն ամեն ինչ վատ է, կարևոր չէ՝ մեկն է, տասն է, հարյուրն է, ողբերգությունը մնում է ողբերգություն, մահերի քանակով չի որոշվում ողբերգության ծավալների մեծությունը կամ ահռելիությունը: Այնպես որ, պարոն Կոստանյանը թող իր վիճակագրությունը պահի իր անձնական օգտագործման համար, հասարակությունը բոլորովին այլ վերաբերմունք, այլ կարծիք ունի այդ ամենի մասին:

Հասարակությունն այս առումով ավելի պահանջատեր է դարձել, պահանջում է նախագահից մինչև նախարար հրաժարական:

Կարևորագույն ձեռքբերում է այն, որ հասարակությունը հասկանում է` բանակը ոչ թե պաշտպանության նախարարությանն է, այլ իրենը, բանակը մերն է: Մենք նրա համար անհանգստանում ենք, մեր սիրտը ցավում է: Այնպես որ, հասարակության ցանկացած արձագանք կարելի է որակել միայն իբրև դրական արձագանք: Երբ բժիշկը գալիս է հիվանդին ասում է, թե նա ինչ հիվանդություն ունի, չի գալիս, որ սպանի նրան, գալիս է`բուժի: Նույնն էլ հասարակությունը, երբ մատը դնում է խոցելի տեղերի վրա և ցույց է տալիս վարակի աղբյուրը, մի նպատակով է ցույց տալիս` որ այդ հիվանդ օրգանիզմը առողջանա: Եվ անիմաստ են բանակի վերանախավի հիվանդագին արձագանքները, ցնցումները, ճղճղանքները, դրանք ոչ մի բանի չեն հանգեցնի: Սա ինքնապաշտպանական ռեակցիա է, բայց ինչի՞ց են նրանք պաշտպանվում, ուրեմն ինչ-որ բան արե՞լ են, որ պաշտպանվում են:

Ավելի շատ հնչում է այն կարծիքը, որ այս ամենը Պաշտպանության նախարարի դեմ է արվում, այս կերպ են նրանք մեկնաբանում:

Սեյրան Օհանյանը դրա կարիքը չունի, որովհետև նա շատ լավ ինքն իր դեմ աշխատում է: Նա այնքան վատ է աշխատում, որ կարիք չկա կողքից միջնորդավորված ինչ-որ բան անել: Սեյրան Օհանյանն մի քանի տարի է պաշտպանության նախարար է, ի՞նչ փոփոխություն է կատարել բանակի միջավայրում: Հասկացա, մի քանի միլիոնի զենք գնեց, յուրաքանչյուր մեկն էլ կարող էր նման գործարք անել, սա արտաքին օղակներում, իսկ բանակի ներքի՞ն օղակներում… ներքին կանոնակարգի մեջ ի՞նչ փոփոխություն է արել: Օրերս մեծ հպարտությամբ հայտարարել էր, որ զինվորներ են մահացել Արմավիրում և մարդկանց գրավոր նկատողություն է տալիս, այ քեզ բան, մահվան դիմաց նկատողություն ես տալիս, ինչ համարժեք, համաչափ է: Առավոտից իրիկուն անողնաշար, անանուն հասարակական խորհուրդներ և կառույցներ են ստեղծում, մի հարցնող լինի` ի՞նչ են դրանք անում, ի՞նչ է դրանց զբաղմունքի առարկան, ովքե՞ր են այդ մարդիկ, որտեղի՞ց են դրանց գտնում, տանում այդ խորհուրդների կազմում ընդգրկում:

Հիմնականում զոհված զինվորների մայրեր են ՊՆ կից հոգաբարձուների խորհրդում` Մարգարիտա Խաչատրյանը, Գրետա Միրզորյանը և այլն:

Մարգարիտա Խաչատրյանին վաղուց եմ ճանաչում, ավելորդ է նրա արած-չարած աշխատանքների մասին խոսել: Ես ընդամենը մի սովորական քաղաքացի եմ, որն անհանգստացած է բանակով, երկրի ճակատագրով, բայց նաև կույր և խուլ չէ, տեսնում է` ինչ է կատարվում առաջնային գծում, թիկունքային մասերում, մեզ ընդամենը ուժեղ ձեռք ունեցող և ուղեղում խելք ունեցող ղեկավարություն է պետք, որ կարողանա այդ ամեն ինչը տեղը դնի, ընդամենը ցանկություն է պետք:

Այսինքն` ելքը ղեկավարության փոփոխությա՞ն մեջ եք տեսնում:

Երբ մեքենան շարժվում է, շատ կարևոր է, թե ով է վարորդը, ըստ դրա որոշում ես` այդ մեքենան ուղիղ ճանապարհո՞վ կգնա, թե՞ դուրս կգա ճանապարհից և անդունդը կգլորվի: Այնպես որ, յուրաքանչյուր պետական մարմին, պետական կառույցի հաջողություն մեծապես կախված է նրանից, թե ով է ղեկավարում այդ կառույցը և ինչպես է ղեկավարում:

Հնարավոր չէ՞ վարորդը սկզբում վատ վարել իմանա, ընթացքում հմտանա:

Երեխաների գլուխն ուտի ու հետո դրա հաշվին հմտանա՞: 20 տարվա անկախություն ունեցող երկիրն իրավունք չունի վատ վարորդներ ունենալու: Երբ վարորդներ էին 91-92 թթ., ասում էին`լավ, երկիրը նոր է ստեղծվել, նոր է կայանում, չունենք պատրաստի կադրեր և այլն, 20-40 տարի հետո էլ ասե՞նք նույնը: Հիշո՞ւմ եք, մի ժամանակ ասում էին անցումային փուլում ենք…

Հիմա էլ են ասում:

Հիմա ոչ ոք չգիտի`այդ անտեր մնացածը ինչքան է տևելու: Մի քանի հարյուրամյակ մենք անունը դնելու ենք անցումայի՞ն, անցումային փուլը չանցա՞վ, թե՞ գուցե հետ ենք նահաջել և վախենում ենք այդ մասին ասել, որ եկանք հասանք այդ գծին, որ պետք է անցնեինք, չանցանք և հետ նահանջեցինք: Մեր բանակը վաղուց պետք է ունենար այդ մարդկանց, ովքեր կարող էին վարպես վարողների նման այդ մեքենան հասցնել իր նպատակակետ, ինչո՞ւ ենք մենք անընդհատ փնտրտուքների մեջ, ինչու ենք անորոշ անձերով և կադրերով համալրում այս հսկայական պատասխանատու կառույցը և հետո ողբում` ինչու այդպես եղավ: Մեր հրամանատարությունը մոլորության մեջ է, մոռանում է, որ այնտեղ մեր երեխաներն են, ովքեր մեծ հնարավորություն ունեն մանրամասն պատմելու` այնտեղ ինչ է կատարվում:

Մենք տեսնում ենք, որ հիմնականում զինվորներ են դատվում, սպանություններն ինքնասպանություն որակվում:

Ինքնասպանվող զինվորը տասնհինգ րոպեում այդ որոշումը չի կայացնում, դրա համար ժամանակ և հանգամանքներ են պետք, դրա համար տրամադրություն և հասունացում է պետք, իսկ ո՞ւր էր այդ ընթացքում հրամանատարությունը, որ չէր տեսում այդ ամենը: Ի վերջո, ՊՆ մեծագույն թերություններից մեկը ռազմական ոստիկանություն և զինվորական դատախազություն փոխկապակցումն է, իրենք իրար վերահսկում են ներսից, պետք է վերացնել այդ կառույցները, պետք է անկախ մարմին լինի, որ կարողանա հետաքննություն անցկացնել և անկախ որոշումներ կայացնել: Զինվորականին ուղարկում են զինվորականին դատելու, իսկ պարզ է, որ այնտեղ շատ հեշտ է մեղքը բարդել մեռած զինվորի վրա: Իսկ անկախ քննչական մարմինը ուրիշ հայացքով կնայեր այդ ամենին: Նման կառույցների գործունեությունը բանակի ներսում համարում եմ աննպատակահարմար և նույնիսկ վնաս հասցնող:

Նաև կարծիք է հնչում, որ բանակում մեր զինվորներին հոգեբաններ և հոգևորականներ են պետք:

Երկուսի գործունեությոնն էլ տեսանք: Ես զորամասերում հանդիպել եմ հոգևորականների, ովքեր բացարձակապես ոչինչ չեն անում: Զրուցել եմ նրանցից մի քանիսի հետ, ասում են` այստեղ ոչ մեկը մեր կարիքը չունի, հրամանատարությունը մեզ անհարգալից է վերաբերվում, առանձնապես չի օժանդակում, իսկ մենք ծառայությունից խուսափելու համար ենք այստեղ, ժամ ենք անցկացնում, գնում տուն, նույնն էլ հոգեբանները:
Ու այնքան ժամանակ, քանի դեռ մեր նախարարը և մյուս պաշտոնյաները մարդկանցից խուսափելու համար կառավարության հետնամուտքից կմտնեն իրենց աշխատավայրերը, այս երկրում ոչ մի բան իր տեղը չի ընկնի, քանի դեռ պաշտոնյան մարդկանց աչքերում ուղիղ նայելու և պատասխանատվություն ստանձնելու ուժը չունի, ինչ առաջընթացի և լավ ցուցանիշների մասին է խոսքը:

Սիրանույշ Պապյան

Վեցերորդ պատվիրան. «Մի սպանիր»

31 Օգս

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շատ է սիրում խոսել: Կարելի է ասել՝ նա միայն խոսում է: Մարդիկ հոգնել են նրա ոչինչ չասող, տրիվյալ ելույթներից, որոնք շատ նման են մաշված ձայնասկավառակի պտույտներին: Խոսելուն զուգընթաց նա նաև սիրում է զանազան գրքեր գրել, հետո այդ գրքերը պարտադրում է իր անձնակազմին, իսկ երբ այլևս անելու ոչինչ չի մնում, հավաքում է լրագրողներին, մեկնում է որևէ հեռավոր զորամաս ու իր մտքերի գանձանակն այս անգամ բաց է անում այնտեղ՝ տպավորիչ բնանկարի ֆոնի վրա: Ահա այդպես, երեկ նա հայտնվեց սահմանային գոտում և սկսեց այնտեղ արտասանել այսօրինակ մտքեր. «Մենք բարձրացնում ենք անձնակազմի որակն ու պատրաստությունը», կամ՝ «Ամենակարևորը սպաների ու զինվորների անձնական հարաբերություններն են», ապա՝ «Սպաների անձնական օրինակը հայրենասիրության և ռազմական ոգու երաշխիքն է»: Պետք է օժտված լինել որոշակի հատկանիշներով և միևնույն ժամանակ զուրկ լինել մի քանի այլ հատկանիշներից, որպեսզի արտաբերես նմանատիպ դատողություններ այն ողբերգության ֆոնի վրա, որ տեղի է ունեցել այս օրերին՝ Ղարաբաղի տխրահռչակ «Եղնիկներ» կոչվող զորամասում: Հիշեցնենք, որ 1992 թվականին ծնված զինծառայող Աղասի Աբրահամյանը մահացել էր անգիտակից վիճակում զինվորական հոսպիտալ տեղափոխվելուց մեկ ժամ անց: Դեպքից անմիջապես հետո զորամասի հրամանատարները հայտարարել էին, թե իբր էպիլեպսիա հիվանդության պատճառով զինվորը ուշագնաց էր եղել, ինչի հետևանքով վայր էր ընկել անկողնուց ու ստացել վնասվածքներ: Եվ միայն այն բանից հետո, երբ հարազատները աղմուկ բարձրացրին, իսկ նրանց բողոքին միացան նաև Facebook սոցիալական ցանցի հարյուրավոր անդամներ, իրավիճակը նոր զարգացումներ ձեռք բերեց: Facebook-ում բացված խումբը «Գտնել և պատժել» անունն է կրում: Վրդովված մարդիկ այնտեղ գրում էին աղաղակող կեղծիքի մասին, իսկ այնուհետև նշում, որ շարունակաբար տեսնելով այսպիսի ցավալի դեպքեր, հայ երիտասարդը երկմտանքով է վերաբերվում ազգային բանակում ծառայելու փաստին:
Հասարակության արձագանքն ու ճնշումը այս անգամ էլ քանդեց լռության ու ստի պատը: Երկու օր անց ՀՀ զինդատախազ Գևորգ Կոստանյանն անձամբ մեկնեց «Եղնիկներ» զորամաս, իսկ հետո տեղեկացրեց, թե՝ «ամեն ինչ արվում է դեպքը բացահայտելու համար, գործում ներգրավված են քննչական, ոստիկանական, դատախազական մասով բոլոր ուժերը, կա համապատասխան անձանց շրջանակ, որոնց հետ հիմա աշխատում են»։ Զինդատախազը նաև հավաստիացրեց, որ տվյալ դեպքի բացահայտման հարցում իրենք լինելու են հետևողական: Այս հավաստիացումներին, իհարկե, հարկ չկա լիովին հավատ ընծայել, քանի որ արդեն իսկ հայտնի է, որ քրեական գործ պետք է հարուցվեր սպանության հատկանիշներով, մինչդեռ նախաքննական մարմինը քրեական գործ է հարուցել ՔՕ 112 հոդվածի երկրորդ մասի 14 կետի հատկանիշներով` դիտավորությամբ առողջությանը ծանր վնասվածք պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը:
Բայց վերադառնանք նախարար Օհանյանին, ով վերստին առիթը բաց չթողեց կացությունը գլխիվայր ներկայացնելու և ընդգծելու իր անուրանալի ավանդը արդարությունը վերականգնելու գործում: Ի դեպ, նրա համար նախընտրելի է այդ ամենը տարածել ավելի մեծ ժամանակահատվածի վրա, ճիշտ այնքան, որքան ինքը պաշտոնավարում է ՊՆ-ում: «2007 թվականն ամենահաջող տարին էր կորուստների նվազ ցուցանիշով: 2010 թվականի երկրորդ կիսամյակում սահմանում եղան միջադեպեր՝ նաև հակառակորդի կրակի, դիվերսիոն գործողությունների պատճառով: Իսկ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրեթե կիսով չափ քիչ պատահարներ են գրանցվել»,- հայտարարեց նա՝ հավելելով, թե Աղասի Աբրահամյանի մահվան հանգամանքների առնչությամբ ոչ միայն քրեական գործ է հարուցվում, այլ նաև ծառայողական քննություն է անցկացվում, և «ոչ մի հանցագործություն ու արտակարգ պատահար անպատիժ չի մնա»:
Պետք է անուղղելի միամիտ կամ դյուրահավատ լինել, որպեսզի Օհանյանի խոսքերն ընկալվեն իրենց նախաստեղծ իմաստով: Բոլոր մեղավորներին պատժելու մասով ավելորդ չէր լինի նախարարին հիշեցնել, որ այսօր կան դեռևս 2001թ. բանակում կատարված սպանություններ, որոնք չեն բացահայտվել: Իսկ ինչ վերաբերում է ներկա կացությանը, ապա նա պարզապես ի պաշտոնե պարտավոր է իմանալ, որ միայն անցյալ տարի զինված ուժերում մահվան 54 դեպք է արձանագրվել, և սա ընդամենը հայտնի փաստերը, քանի որ ՊՆ-ն տվյալներ չի տրամադրում մահվան դեպքերի վերաբերյալ՝ հայտարարելով, թե իբր դրանք ռազմական գաղտնիք են, և այժմ այդ հարցը իրավապաշտպանները վիճարկում են դատարանում: Բայց այս անմխիթար ու ցավալի վիճակը Սեյրան Օհանյանին չի կաշկանդում, որպեսզի լրագրողների առաջ կանգնած հպարտորեն ասի. «2011-ի առաջին կիսամյակը ՀՀ զինված ուժերում հայտարարվել է կարգապահության ամրապնդման կիսամյակ»:
Որպես օհանյանական կարգապահության ակնառու արգասիք, բանակում այս տարի արդեն 20 դեպք է գրանցվել, երբ զինվորը կամ ինքնասպանություն է գործել, կամ սպանվել մեկ ուրիշի ձեռքով: Իրավապաշտպան կազմակերպությունները հավաստիացնում են, որ այդ 20 դեպքերից միայն 5-ի դեպքում է քրեական գործ հարուցվել: Խիստ հատկանշական էր, որ հատկապես այս օրերին շրջանառու դարձավ Wikileaks կայքի կողմից գաղտնազերծված հերթական փաստաթուղթը, որտեղ ԱՄՆ Պետքարտուղարությանն ուղղված նամակում Հայաստանում ԱՄՆ դեսպանության ժամանակավոր հավատարմատար էնթոնի Գոդֆրին պատմում էր մեր բանակում տիրող անպատժելիության մթնոլորտի մասին ու իր զարմանքն արտահայտում, թե ինչպես են մեղավորները կամ մեղմ պատիժների արժանանում, կամ ընդհանրապես խուսափում արդարադատությունից:
Այո, կարիք չկա խաբել հանրությանը: Մարդիկ ոչ կույր են, ոչ խուլ: Նրանք տեսնում ու հասկանում են, որ մահվան դեպքերը բանակում չեն նվազում, իսկ իրավիճակը շարունակում է մնալ աղետալի: Դա կարող է միայն մի բացատրություն ունենալ. պաշտպանության նախարարությունը չի տիրապետում իրավիճակին, և կամք չի դրսևորում՝ փոխելու ստեղծված կացությունը: Իսկ հետևանքն այն է, որ զինված ուժերը վերածվում են մի միջավայրի, որտեղ բռնի բարքեր են, ագրեսիայի բարձր մակարդակ: Չկա վերահսկողություն, չկա կարգապահություն, ներքին հարաբերությունները չեն կանոնակարգվում և չեն վերահսկվում: Խիստ տեղին կլինի նկատել նաև, որ ՊՆ քննչական ծառայությունը, ով կոչված է զբաղվելու այդ ցավալի գործերի քննությամբ, գտնվում է նույն նախարարության համակարգում, այսինքն այն անկախ մարմին չէ և, բնականաբար, կախվածությունը բանակային վերանախավից դառնում է անխուսափելի: Սա էլ իր հերթին հանգեցնում է նրան, որ զինվորական դատախազությունը, զինվորական ոստիկանությունը, դատաբժշկական փորձաքննություն իրականացնող մարմինը աշխատում են մեկ ուղղությամբ` սպանությունը որակել կամ որպես հակառակորդի մարտական գործողությունների հետևանք, կամ ինքնասպանություն, կամ հիվանդության պատճառով վրա հասած մահ։ Եվ ստացվում է, որ զինակիցների կողմից դաժանաբար սպանված տղային կարելի է վերագրել էպիլեպսիա, մի հիվանդություն, ինչի ախտանիշները ճիշտ կլիներ որոնել մեր մի շարք բարձրաստիճան զինվորականների մոտ…

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Պարտվածները հեռանում են, հաղթողներ չկան

1 Օգս

Թուրքիայում հետընտրական ցնցումների թիվն ավելացավ ևս մեկով` հրաժարական տվեց այդ երկրի ողջ ռազմական ղեկավարությունը: Իրենց պաշտոնները լքեցին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, ցամաքային զորքերի, օդուժի և նավատորմի հրամանատարները: Նման բան Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ արձանագրվում էր առաջին անգամ։ Բայց ասել, թե պատահածն անսպասելի էր ու անակնկալի բերեց երկրի քաղաքական իշխանություններին, ճիշտ չի լինի: Իրավիճակը վաղուց ի վեր հասունացած էր: Ոչ մեկի համար գաղտնիք չէր, որ բանակային ղեկավարությունը լուրջ տարաձայնություններ ուներ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Եվ եթե համբերության բաժակը լցնող վերջին կաթիլի համար առիթ դարձան այն տարաձայնությունները, որոնք ի հայտ եկան բանակային բարձրագույն պաշտոնների նոր նշանակումների շուրջ, ապա դրանից շատ առաջ էլ զինուժի նկատմամբ թուրքական կառավարության հետևողական քաղաքականությունը հուշում էր, որ դա վաղ թե ուշ պիտի հանգեցներ խզման, և նախագահ Աբդուլլահ Գյուլն ու վարչապետ Էրդողանը սա նախատեսել էին:
Թուրք հանրությանն առավելապես ցնցեց երկրի ազդեցիկ անձանցից մեկի՝ Թուրքիայի Գլխավոր շտաբի պետ Սեբահաթթին Իսիկ Կոշաների հրաժարականը։ Վերջինս այդ պաշտոնում նշանակվել էր ընդամենը մեկ տարի առաջ, այն բանից հետո, երբ Թուրքիայում հայտարարվեց, թե բացահայտվել էր զինվորականների կողմից պատրաստվող դավադրությունը: Իսկ այսօր արդեն Կոշաները հայտարարում է, որ իրենց հեռանալը պայմանավորված է բանակային սպաների մեծաթիվ ձերբակալություններով. «Այս պահի դրությամբ ձերբակալված զինվորականների թիվը կազմում է 250, որոնցից 77-ը պաշտոնաթող են։ Դրանց թվում են հայտնվել բազմաթիվ գեներալներ, ծովակալներ, սպաներ ու ենթասպաներ։ Այլևս անհնար էր հաշտվել այդ ապօրինությունների հետ։ Մամուլում ամեն տիպի կեղծիքների ու ստերի տարածման միջոցով հասարակական կարծիք են ձևավորում՝ զինված ուժերի ղեկավարությանը ներկայացնելով որպես հանցախումբ»,- ասում է նախկին շտաբի պետը: Միայն թե նրա խոսքերը իրական կացության սոսկ մի դրվագն են ներկայացնում: Ճշմարտությունն այն է, որ հակասությունները պայմանավորված են ոչ միայն 2003 թվականին զինվորական հեղաշրջման նախապատրաստման գործի հետաքննությամբ, այլև այն լարվածությամբ, որ տարիներ շարունակ եղել է աշխարհիկ պետության օգտին հանդես եկող բանակի ղեկավարության ու չափավոր իսլամիստական գաղափարներ դավանող քաղաքական թևի, մասնավորապես Էրդողանի ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցության միջև: Ու բոլորովին պատահական չէր, որ հունիսի 12-ին Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից շատ օրեր առաջ Taraf պարբերականն արդեն գրում էր, թե ընտրություններում Էրդողանի կուսակցության հաղթանակի դեպքում հրաժարական է տալու Թուրքիայի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Կոշաները: Նման բան կանխագուշակելու համար հարկ չկար պայծառատես լինել:
Կոշաները, որն ի դեպ, այնքան էլ բարի պտուղը չէ ու այս տարվա մայիսին կայացած մի միջոցառման ժամանակ հայրենասերներ էր անվանել հայերին ցեղասպանության ենթարկած երիտթուրքական պաշտոնյաներին ու դրա հետ մեկտեղ ակտիվ դերակատարություն ուներ Ադրբեջանին ռազմական օգնություն ցուցաբերելու գործում, իր պաշտոնավարման ընթացքում ամեն գնով պայքարում էր զինվորականների ազդեցության նվազեցում թույլ չտալու ուղղությամբ` այդ նպատակին ծառայեցնելով նույնիսկ Եվրամիության կողմից պահանջվող արևմտյան բարեփոխումների պատրվակը: Սակայն Անկարայում լավ են հիշում, թե ինչ է պատահում, երբ բանակը սկսում է դուրս գալ վերահսկողությունից, իրեն ավելի բարձր դասել ժողովրդավարությունից ու խորհրդարանից: Վկան` Թուրքիայի նորագույն պատմության բոլոր ռազմական հեղաշրջումները 1960, 1971 և 1980 թվականներին ու դեռ դրանց էլ գումարված 1997 թվականի ռազմական միջամտությունը, որն անվանում են հետմոդեռնիստական: Ու հիմա հրամկազմի հրաժարականը շատերը գնահատում են որպես քաղաքական լիցքաթափում: Սակայն նրանք կարծես թե շտապում են:
Միամտություն կլինի կարծելը, որ մի քանի զինվորականների հեռանալը պիտի նշանակի ճգնաժամի ավարտ: Նույնիսկ իշխանական վերնախավում այսօր կա այն տագնապը, թե բանակը դեռ կասի իր խոսքը։ Թուրքիայում բանակը միշտ էլ դիտվել է իբրև երկրի մարտնչող թևը, եթե չասենք, որ շատ դեպքերում հենց նա է կանխորոշել երկրի քաղաքականությունը։ Ու եթե այժմ նախագահ Գյուլն իր քաղաքացիներին հանգստացնում է` հավաստիացնելով, որ Թուրքիայում արտակարգ իրադարձություններ են տեղի ունեցել, սակայն ճգնաժամ չկա, նա լիովին անկեղծ չէ: Անկեղծ չէ նաև այն դեպքում, երբ պնդում է, թե հրաժարականն արտակարգ իրավիճակ է, սակայն ոչ իշխանության վակուում առաջ բերելու պայման։ Շատ ավելի արժանահավատ է փորձագետների այն տեսակետը, որ այս իրադարձությունները Թուրքիայի համար կստեղծեն մեծ խնդիրներ: Բանն այն է, որ զինված ուժեր ասվածը սոսկ անհնազանդ մարդկանց մի խմբակ չէ, որին զրկեցին իշխանությունից և այսուհետ ամեն բան կլինի այլ կերպ: Ոմանց կարծիքով, ներկայումս խոսքն ավելի շուտ զինված ուժերում կադրերի շրջափոխության, բարձրաստիճան զինվորականների մի խումբը մեկ ուրիշով փոխարինելու մասին է, քանի որ, ամեն բանից անկախ, Թուրքիայի քաղաքական վերնախավը մեծ հաշվով շահագրգռված է զինված ուժերի որոշակի ազդեցության ու հեղինակության պահպանմամբ: Բանակը հսկայական կարևորություն ունեցող գործոն է այդ երկրում, և խելահեղությանը հավասարազոր մի բան պիտի լինի ջախջախել այն կառույցը, որը երկրի նեսում անվտանգության ու հավասարակշռության կարևոր երաշխիք է: Այդ իսկ պատճառով էլ թե Էրդողանը և թե նրա համախոհները ոչ թե բանակին կզրկեն իր դիրքերից, այլ հոգ կտանեն, որպեսզի այդ ուժը առավելագույնս ենթակա լինի իրենց ու ծառայեցվի ընդհանուր շահերին: Ահա նման համատեքստում անհիմն են բոլոր այն պնդումները, թե իբր սպայակազմի հրաժարականներից հետո Թուրքիայում սկսվեց ժողովրդավարությունը։
Արդեն հայտնի է, որ Թուրքիայի Ժանդարմերիայի հրամանատար, բանակի գեներալ Նեջդեթ Օզելը նախագահ Աբդուլլահ Գյուլի հրամանով նշանակվել է Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատար: Իսկ այսօր տեղի է ունենալու Բարձրագույն ռազմական խորհրդի նիստը, որը կոչված է լուծելու Գլխավոր շտաբի պետի և մյուս առանցքային պաշտոնների հավակնորդների հարցը։ Մինչ այդ Էրդողանն ասել էր, թե ինքը դեմ է լինելու այն սպաների պաշտոնները բարձրացնելուն, որոնց ինքը կասկածում է իր կառավարությունը տապալելու փորձերին մասնակցելու մեջ։ Կարծիք կա, որ հենց Նեջդեթ Օզելն էլ կդառնա Գլխավոր շտաբի պետ:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Լոպազությամբ երկիր չեն պաշտպանում

23 Փտր

Բանակի մասին ընդունված է միայն լավը խոսել: Դե, ասում են` պատերազմական վիճակ է, կարիք չկա ջուր լցնել թշնամու ջրաղացին, կոտրել մարտական ոգին ու նման բաներ: Մենք էլ փորձում ենք ըմբռնումով մոտենալ դրան: Սակայն ամեն ինչ իր սահմանն ունի: Համբերությունն` առավել ևս: Եվ երբ այդ համբերության բաժակը լցվում է, այլևս շատ դժվար է մնալ սահմանված կաղապարների ու վերապահ դատողությունների տիրույթում: Սա` ոչ միայն այն պատճառով, որ աղաղակող փաստերն ու ցավալի դեպքերը հակառակն են ստիպում, այլ նաև նրա համար, որ վիճակը շտկելուն կոչված ու պատասխանատու կառույցները շարունակում են ամեն կերպ սևը սպիտակ ներկայացնել և քարկոծել բոլոր նրանց, ովքեր համարձակվել են մատը դնել բաց վերքի վրա: Բայց մախաթը պարկում անվերջ պահելն անհնար է: Պետք է, այնուամենայնիվ, ինչ-որ բան ձեռնարկել: Եվ այդ պատճառով էլ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը որոշել է վերականգնել իր ղեկավարած կառույցի վարկը ոչ այլ կերպ, քան… դասախոսություններ կարդալու ճանապարհով:
Մի օր նա վարչապետ Տիգրան Սարգսյանին է հրավիրում ՊՆ, որտեղ մեծ երազողը բանակի բարձրագույն սպայկազմի համար թեզիսներ է ընթերցում տնտեսության նվաճումների և ֆինանսական հաջողությունների շուրջ: Մեկ այլ անգամ հենց ինքն է մտավորականների առաջ ելույթ ունենում ձեռքբերումների մասին, կամ էլ գնում է Երեւանի պետական համալսարան` հանդիպելու դասախոսների և ուսանողների հետ, որտեղ ուղիղ մարդկանց աչքերի մեջ նայելով հայտարարում է, թե բանակում կարգապահությունը տարեցտարի ամրապնդվում է, տարվում է հետևողական դաստիարակչական աշխատանք, անցանկալի երևույթների ու միջադեպերի պրոֆիլակտիկա, որոնց մասին, ըստ նախարարի, «անպայման պետք է բարձրաձայնել, այլ ոչ թե թաքցնել»:
Մենք այժմ չենք խոսի այն հարյուրավոր մեծ ու փոքր իրավախախտումների և հոռի բարքերի մասին, որ բանակի անբաժանելի մասն են դարձել: Ընդամենը կարձանագրենք, որ միայն 2010 թվականին, համաձայն հասարակական և իրավապաշտպան կազմակերպությունների ունեցած տվյալների, զինված ուժերում մահվան 54 դեպք է արձանագրվել: Իսկ այն փաստը, որ նշված դեպքերից միայն 10-ի դեպքում է պաշտպանության նախարարությունը պաշտոնական հաղորդագրություն տարածել, համաձայնեք, որ սա որևէ կերպ չի ներդաշնակում նախարարի` հրապարակայունությունը քաջալերելու խոստումների հետ: Դրա փոխարեն ՊՆ-ում ավելի հակված են պնդելու, թե իրավապաշտպանների հրապարակած թվերը «իրականությանը չեն համապատասխանում», սակայն նույն պահին էլ սեփական ամփոփագրերը ներկայացնելու պահանջին պատասխանում են, որ իրենք ձեռնպահ կմնան հրապարակել բանակում տեղի ունեցած մահվան դեպքերի պաշտոնական վիճակագրությունը: Այդպես ձեռնպահ-ձեռնպահ էլ մեր ուսադիրավոր պաշտպանները խուսափում են խոսել բանակում սպայակազմի հովանավորչության, պատասխանատվությունից խուսափելու, անպատժելիության մթնոլորտի, կանոնադրական հարաբերությունների խախտման, սպանությունների և ինքնասպանությունների մասին, որոք չեն կարող ծայրահեղ անհանգստություն չպատճառել հասարակությանը: Եվ միայն մենք չէ, որ այդ մասին ասում ենք: Օրերս նույնիսկ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի պատասխանատուները հայտարարեցին, որ Հայաստանի զինված ուժերի խնդիրները «մնում են իրենց ուշադրության կենտրոնում ու որոշակի անհանգստություն են հարուցում»: Նրանց ներկայիս պահանջն է, որպեսզի Հայաստանի ղեկավարությունը անհրաժեշտ միջոցներ ձեռնարկի առկա թերությունների վերացման ուղղությամբ, և որպեզի բանակը համապատասխանի ԵԱՀԿ չափորոշիչներին:
Ինչքան էլ այսօր փորձ արվի արդարացնել նման կացությունը, բացատրություն գտնել այս կամ այն դեպքը ծնող հանգամանքների համար, շատ դժվար պիտի լինի հիմնավորել, թե ինչու՞ մինչ օրս զինծառայողները (հատկապես ստորադասները) օրենքով սահմանված որևէ մեխանիզմ չունեին բողոքելու կամ բողոքարկելու այն ապօրինությունները, որ իրենց նկատմամբ կատարվել են: Դրա հետ մեկտեղ չենք կարող նաև չարձանագրել, որ այդ մեխանիզմների առկայությունն ընդամենը գործի մի մասը կլիներ, քանի որ զինված ուժերում բացակայում է ամենահիմնականը` ստեղծված խնդրահարույց իրավիճակը շտկելու կամքը:
Օհանյանը երեկ ասում էր, թե բանակում այժմ բարեփոխումներ են իրականացվում, որոնք կարևոր երկու նպատակ են հետապնդում` Հայաստանի պաշտպանության համար ազգային ու միջազգային երաշխիքների ստեղծում: Օհանյանից այս հավաստիացումը լսում ենք արդեն չորրորդ տարին: Իսկ խոստացած բարեփոխումները ոչ տեսնող է եղել, ոչ ճանաչող: Չկա նման բան: Սրանք պարապ խոսքեր են: Վերջին դարակազմիկ նախաձեռնությունը եղավ այն, որ օրերս ի վերջո Հայաստանի զինվորական դատախազությունում սկսեց կգործել թեժ գիծը: Հիմա էլ խոսում են այն մասին, թե հրատապ է ռազմական օմբուդսմենի ինստիտուտի ստեղծման անհրաժեշտությունը: Սակայն հազիվ թե ՊՆ-ն գրկաբաց ընդունի նման նախաձեռնությունը:
ԵՊՀ դահլիճում Սեյրան Օհանյանի ներկայությունից թևեր առած ռեկտոր Արամ Սիմոյանն իր ելույթում նշում էր. «Մենք լավ ենք հասկանում, որ հայոց բանակն է այն կարևոր ու միակ գործոնը, որ ապահովում է մեր երկրի ու ժողովրդի խաղաղ առաջընթացը»: Եթե ռեկտորն այսօր ասում է, թե բանակն է այն միակ գործոնը, որն ապահովում է մեր երկրի խաղաղ առաջընթացը (առաջընթա՞ցը), ապա այդ ռեկտորը նույնիսկ շարքային ուսուցիչ լինելու իրավունք չունի, քանի որ, նախ, յուրաքանչյուր իրեն հարգող երկիր չի կարող միայն մեկ գործոնի հույսին մնալ, և բացի դա էլ նշված այլ գործոններից մեկի առկայությունն էլ պարտավոր էր ապահովել հենց նույն ռեկտորն իր ղեկավարած հաստատության հետ միասին, ինչը, ինչպես տեսնում ենք, չի արվել: Իսկ գիտակցումն այն փաստի, որ Հայաստանն այլևս ոչ թե սպառող, այլ անվտանգության միջազգային երաշխավոր տարր է, էլ ավելի է առաջնային դարձնում պահանջը, որ մենք պետք է անհանդուժող լինենք Զինված ուժերում կատարված յուրաքանչյուր իրավախախտման նկատմամբ:
Հայաստանի խորհրդարանում մարտի 10-ին օտարերկրացի փորձագետների մասնակցությամբ կայանալու են լսումներ զինված ուժերում առկա իրավիճակի եւ ԶՈՒ ներքին ու արտաքին կարգապահական կանոնագրքերի վերաբերյալ: Անկատար օրենսդրական դաշտը շտկելու ջանքերը հաջողություն կունենան միայն այն պարագայում, եթե գործեն օրենքները կիրառելու մեխանիզմներն ու նվազի այն ավելորդ լոպազությունը, ինչի հաշվին դեռ ոչ մի երկրում հայրենիք չեն պաշտպանել:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

«Պատերազմը հիմարացնում է հաղթողին»

2 Փտր


Փետրվար 1, 2011

Երբ պրիմիտիվիզմը` գեղանկարչության ճյուղ լինելուց բացի` դառնում է քաղաքական վերնախավի ամենաբնորոշ հատկանիշը, եթերում Ազգային բանակի 19-ամյա տարեդարձը դառնում է պրիմիտիվ միջոցառումների, հաճախ` դատարկ ինքնագովության առիթ: Այդ օրը որեւէ իշխանավորից որեւէ լուրջ միտք չհնչեց: Իսկ հերթապահ խոսքերի թիկունքում քառասունից ավելի երիտասարդների ընդհատված կյանքերն են` միայն մեկ տարում, եւ այն վախը, որ կա այն ընտանիքներում, ուր որդի է մեծանում: Բանակում ծառայելը կյանքի հետ անհամատեղելի իրավիճակ համարելով` շատերը համալրում են արտագաղթողների ստվար շարքերը: Իսկ բանակի եւ, առհասարակ, երկրի պատասխանատուներից շատերն ինչ-որ անհասկանալի անուրջների մեջ են եւ գիտակցաբար չեն ցանկանում տեսնել իրականությունը: Նրանցից շատերի ականջին հաճելի է ոչ թե երկրի համար սրտացավ մարդկանց քննադատությունը, այլ հայ աստղերի գրած «հատուկ նշանակության երգերը»:
Երկրի անվտանգությունը երաշխավորում է հզոր, խելամիտ ղեկավարներ ունեցող բանակը: Կամ` հմուտ դիվանագիտությունը, որն, անհրաժեշտության դեպքում, կարող է նվազեցնել բանակների դերը` առհասարակ: Ունե՞նք մենք հզոր բանակ: Իսկ հզոր դիվանագիտությո՞ւն: Իմ զրուցակիցներն են արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանն ու լրագրող, գրող Հովիկ Չարխչյանը:

Լ.Ա. — Հովի՛կ, Դուք ծանոթ եք Ազգային բանակի խնդիրներին: Նախ` ժամանակին աշխատել եք ՊՆ լրատվական ծառայությունում (երբ նախարարը Վազգեն Սարգսյանն էր): Գիտեք` ինչպիսին էր բանակն այն ժամանակ: Եվ հետո` Ձեր երկու որդիները ծառայել են Ազգային բանակում եւ տակավին վերջերս են վերադարձել: Կարծում եմ` կարող եք զուգահեռներ անցկացնել:

Հ.Չ. — Ոչ միայն զուգահեռներ անցկացնել, այլեւ հետեւություն անել, իսկ հետեւություններս այնքան էլ նպաստավոր չեն: Տպավորությունն այնպիսին է, որ վերջին տասը տարիների ընթացքում Ազգային բանակում քիչ բան է փոխվել, թեեւ կարելի էր այդ ուղղությամբ ավելի մեծ հաջողությունների հասնել: Եթե մի ժամանակ դա զգում էի աշխատանքի վայրում, ապա այժմ կաշվիս վրա եմ զգացել: Իմ երկու որդիները 4 տարի, մեկը մյուսին հաջորդելով, ծառայեցին եւ բոլորովին վերջերս են վերադարձել: Անմիջական կապ կար եւ՛ զորամասի, եւ՛ բանակային կառույցների հետ: Գիտեմ` այնտեղ ինչեր էին կատարվում` թե՛ լավ, թե՛ վատ: Մեր բանակի մասին շատ են շռայլում զանազան մակդիրներ` «մեր պարծանքը», «մեր փառքը»: Այդ բառերն արդեն այնքան են մաշվել: Իրականում` բանակը պետության ձեռքին մի գործիք է` որոշակի պահերի որոշակի խնդիրներ իրականացնելու համար: Եվ եթե այդ գործիքը լավ չի աշխատում, այն պետք է վերակառուցել, բերել այնպիսի տեսքի, որ այն ծառայի իր հիմնական նպատակին: Այսինքն` մինչեւ ազգային հպարտություն, ազգային պարծանք լինելը` նա այլ խնդիրներ ունի: Այնքան էլ վստահ չեմ, որ մեր բանակն այսօր ի զորու է այդ խնդիրները լիարժեք լուծել: Սա ասում եմ` տեսնելով բանակում տիրող եւ՛ բարոյահոգեբանական վիճակը, եւ՛ խոցելի երեւույթները, եւ՛ մեր իշխանությունների վերաբերմունքը դրանց նկատմամբ: Չկա այն ջիղը, որ պետք է արմատախիլ անել այդ երեւույթները եւ բանակը բերել իսկապե՛ս կատարյալ վիճակի: Ընդունված է ասել` այսօր մեր երկրում ամենակայացած կառույցն Ազգային բանակն է: Ողբամ այն երկրին, որի ամենակայացած կառույցն Ազգային բանակն է, որովհետեւ բանակը բոլորովին էլ ամենակայացած կառույցը չէ:

Լ.Ա. — Պարո՛ն Նավասարդյան, Շվեյցարիայում մի քանի տարի առաջ հանրաքվեի դրվեց հարցը` այդ երկրին բանակ պե՞տք է, թե՞ ոչ: Հարցի ձեւակերպումն արդեն թույլ է տալիս պատկերացում կազմել տվյալ երկրի մասին: Չե՞ք կարծում, որ լուրջ դիվանագիտություն ունեցող երկրում բանակի դերը կարող է նվազել:

Ա.Ն. — Դիվանագիտությունն ու բանակը փոխկապակցված երեւույթներ են: Տարօրինակաբար, սակայն, բանակն ու դիվանագիտությունն, ըստ իս, անտիպոդներ են: Նախ` փիլիսոփայական առումով` բանակը, կոպիտ ասած, կռվի համար է, դիվանագիտությունը` խաղաղության: Իմիջիայլոց, բոլորովին վերջերս ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլ-Բյուլ օղլին պատերազմի կոչ արեց` գիտակցելով, թե անգիտակցաբար: Դիվանագիտության պատմության մեջ որեւէ տեղ չեմ կարդացել, որ դիվանագետը, ով միայն եւ միայն պետք է խաղաղության կոչ անի, կոչ անի պատերազմի: Ինչ վերաբերում է փոխկապակցվածությանը, կա այսպիսի աքսիոմատիկ ճշմարտություն` որքան հզոր է բանակը, այնքան թույլ է դիվանագիտությունը: Մ.թ.ա. 5-րդ դարում Պերիկլեսը` Հին Հունաստանի դեմոկրատիայի հայրը, ասաց. «Զգուշացեք բանակը չափից ավելի ուժեղացնելուց եւ կայսրությունն ընդարձակելուց. դա կարող է բերել կործանման»: Եվ այդպես էլ եղավ: Հարցն այն է, որ եթե երկիրն ունի ուժեղ բանակ, եթե վարում է ուժային, մկանային քաղաքականություն, դիվանագիտությունը մղվում է երկրորդ պլան:

Լ.Ա. — Չինաստանի բանակն այսօր համարվում է աշխարհի ուժեղագույններից մեկը: Ուրեմն այդ երկրի դիվանագիտությունը թո՞ւյլ է:

Ա.Ն. — Ինչո՞ւ, կարծում եք՝ Չինաստանի դիվանագիտությունը շա՞տ ուժեղ է:

Լ.Ա. — Դուք ասեք, ես չգիտեմ:

Ա.Ն. — Ես էլ շատ ծանոթ չեմ նրանց դիվանագիտական նրբություններին, սակայն պատմականորեն այդպես է: Նույնը նաեւ Հռոմին է վերաբերում. այն կայսրությունները, որոնք ուժի քաղաքականություն էին վարում, կործանվում էին, քանի որ նրանց դիվանագիտությունն այլեւս բանակցային չէր, պարտադրող էր, ճնշող, ինչը երբեք լավ արդյունքի չի բերում: Մեր պարագայում, եթե խոսում ենք հայկական իրականությունից, եւս ունենք բացթողումներ: Տեսե՛ք, Արցախյան պատերազմում մենք հաղթանակեցինք, բայց դիվանագիտության մեջ չեմ կարող ասել նույնը: Կան խոշոր զորավարներ, ովքեր, սակայն, խոշոր դիվանագետներ չեն: Նույն Ալեքսանդր Մեծը, նա մեծ դիվանագետ չէր, նրա հայրն էր մեծ դիվանագետ` Փիլիպոս Երկրորդը: Նույնը` Նապոլեոնը: Նա հանճար էր, իհարկե, բայց Նապոլեոնը չունենար Թալեյրան, չէր ունենա այն դիվանագիտությունը, որին հասավ Ֆրանսիան նրա օրոք: Պետրոս Առաջինը. պատահական չէ, որ երբ նա առաջին անգամ եկավ Փարիզ, ծնրադրեց Ռիշելյեի արձանի առաջ եւ ասաց հետեւյալը. «Ո՜վ մեծ կարդինալ, եթե դու ողջ լինեիր, քեզ կզոհաբերեի իմ կայսրության կեսը, որպեսզի դու ինձ օգնեիր ղեկավարել մյուս կեսը»:

Լ.Ա. — Հովի՛կ, բանակում` առհասարակ, հայկական բանակում` մասնավորապես, դժվար է խուսափել խնդիրներից: Ի վերջո, նույն տեղում են հարյուրավոր կամ անգամ մի քանի տասնյակ երիտասարդներ` հեռու ընտանիքներից: Էքստրեմալ վիճակ է, որը շարունակվում է ամբողջ երկու տարի:

Հ.Չ. — Կարծում եմ` իրավիճակը կարելի է ոչ միայն շտկել, այլեւ շտկել արագ ու հեշտ: Նախ` բանակը պետք է հանձնել խելամիտ, նաեւ քաղաքացիական մասնագետների ձեռքը: Այնտեղ պետք է ուղարկել մանկավարժներ, հոգեբաններ, լուրջ կրթություն ստացած, զարգացած, բանիմաց մարդկանց, ոչ թե մաուզերիստական, խմբապետական հովերով տարված մարդկանց, ովքեր ժամանակին երկրին ծառայություններ են մատուցել, բայց դա նրանց իրավունք չի տալիս զբաղեցնելու պատասխանատու պաշտոններ, տնօրինել ոչ միայն երկրի, այլեւ մեր երեխաների բախտը:

Լ.Ա. — Երբ քննադատում ենք բանակը, ընդ որում` փաստարկված, լրագրողներին մեղադրում են թշնամու ջրաղացին ջուր լցնելու մեջ:

Հ.Չ. — Ո՛չ միայն: Այսօր մի շատ տարածված մտայնություն կա` երբ քննադատում ես բանակը, ասում են` գիտե՞ք ինչ, այդ բացերը գալիս են հասարակությունից: Կարելի է կարծել` հասարակությունը Լուսնի վրա է: Բանակն ինքն էլ այդ հասարակության մի մասն է, դրանք իրար հետ փոխշաղկապված երեւույթներ են` մեկը մյուսի վրա ներգործող: Եվ այդ մի քանի փոփոխություններ անելու դեպքում, կարծում եմ, էական առաջընթաց կտեսնենք: Տասնյակներով մարդիկ ենք ուղարկում արտասահմանյան երկրների զինվորական բուհերում սովորելու, մասնագետներ ենք պատրաստում, սակայն այդ կադրային զինվորական սպայությունն այն դերակատարությունը չունի բանակում, ինչ ունեն նրանք, ովքեր ժամանակին ջոկատներ, խմբեր են ղեկավարել, եւ այսօր, որպես դրա փոխհատուցում, տնօրինում են բանակը: Ախր, տեսել ենք, չէ՞. փոխնախարարներ են եղել մարդիկ, ովքեր ընդհանրապես կրթություն չեն ունեցել:
Ա.Ն. — Բանակում տիրող երեւույթներն, իրոք, վախեցնող են, եւ այն, ինչ ասվում է քարոզչական մակարդակով, ինձ մի փոքր զգուշացնում է: Մենք, բոլոր թերություններով հանդերձ, տեսել ենք խորհրդային բանակը: Այսպիսի բաներ եթե լինեին, կսարսափեինք: Եվ հետո` բոլորս ապրում ենք սոցիումում, հասարակության մեջ: Անկեղծ ասենք` ի՞նչ վերաբերմունք կա մեր հասարակության մեջ` դեպի բանակը: Ո՞վ է ուզում, որ իր երեխան ծառայի: Առաջադեմ երկրներում ծնողի համար հպարտություն է, որ իր զավակը ծառայում է բանակում: Իսկ այստեղ ամեն ինչ անում են, որ երեխան բանակ չգնա: Աստված մի արասցե, եթե վաղը զինված ընդհարումներ ունենանք մեր հայտնի «բարեկամի» հետ, ինչպիսի՞ դիրքորոշում կունենա բանակի միջուկը: Ղարաբաղյան շարժման ժամանակ դա ժողովրդական պատերազմ էր: Հիմա՞ ինչ դիրքորոշում կունենանք: Խոսքը զենքի մասին չէ, զենքն` առանց զինվորի, ոչինչ է:

Հ.Չ. — Իմիջիայլոց, պարո՛ն Նավասարդյան, Ձեր հրապարակումներից մեկում խոսում էիք, թե որքան դեսպաններ ու հյուպատոսներ ունի Հայաստանը, որոնք առհասարակ պատկերացում չունեն դիվանագիտական աշխատանքի մասին:

Ա.Ն. — Հիմա էլ նույն վիճակն է:

Հ.Չ. — Ստացվում է նույն պատկերը` թե՛ դիվանագիտության ասպարեզում, թե՛ բանակում մարդիկ են եղանակ ստեղծում, ովքեր մասնագետներ չեն եւ այդ ամենը կարող են անել սիրողական մակարդակով: Մարդկային կյանքը գերագույն արժեք է. մենք խոսում ենք հայրենիքի մասին` մոռանալով, որ հայրենիքը տեղ է, ուր ապրում են մեր հայրենակիցները: Չկան մարդիկ, չկա հայրենիք. կան լեռներ, ձորեր, արոտավայրեր, որոնք այլեւս չեն կարող կոչվել հայրենիք: Եթե խոսում ես հայրենիքի պաշտպանության մասին, խոսում ես մարդկանց պաշտպանության մասին, ուրեմն` բարի եղիր պաշտպանել: Պաշտպանվելու կարիք այսօր ունի այն մարդը, ով կոչված է պաշտպանելու հասարակությանը: Ասում ենք` բանակը փակ կառույց է, չի կարելի նրա մասին խոսել: Ինչո՞ւ չի կարելի: Կարելի է: Եվ անգամ անհրաժեշտ է:

Ա.Ն. — Դա էժանագին տրյուկ է, որն օգտագործում են: Ես, չլինելով բանակի, ռազմական գործի մասնագետ, կարծում եմ` ինչ-որ բացթողում է եղել մեր բանակում: Կա այսպիսի հասկացություն` պատերազմը բացասական երեւույթ է բանակի համար: Պատահական չէ, որ ասում են` պատերազմը ավելի շատ հանցագործներ է ծնում, քան սպանում է: Ըստ երեւույթին, անցումային այդ փուլում, մեր հաղթանակից հետո, բանակը չկարողացան դասական առումով դնել այնպիսի հիմքի վրա, որ նման զրույցների հարկ չլիներ:

Հ.Չ. — Համաձայն եմ. պատերազմից հետո բանակը եւ նրանք, ովքեր ետ եկան` վետերանները, շատ դժվար փուլ անցան: Մի դեպքում` մերժվածների մեջ էին, մի դեպքում` նրանց խառնեցին քաղաքականությանն ու դարձրեցին քաղաքական նպատակներին ծառայող գործիքներ, եւ այս մարդիկ չկարողացան իրենց իրական տեղն ու արժեքը հասկանալ այս երկրում:

Ա.Ն. — Ասում են` պատերազմը հաղթողին դարձնում է հիմար, իսկ հաղթվողին` չար: Սա չպետք է մոռանանք, քանի որ մենք հաղթող ենք եղել:

Հ.Չ. — Այս զրույցները չպետք է տպավորություն ստեղծեն, թե մենք սրտացավ չենք բանակի ու երկրի համար: Երբ ասում են` բանակը քննադատելիս` ջուր եք լցնում թշնամու ջրաղացին, եկեք հարցին մյուս կողմից նայենք` եթե մեր բանակն ուժեղ է, մարտունակ ու պատրաստ դիմակայել ցանկացած վտանգի, մեր խոսակցությունները չեն կարող որեւէ մեկի ջրաղացին ջուր լցնել։ Ջուրը լցվում է այն դեպքում, երբ մեր ասածները ճիշտ են: Ուրեմն եկեք մտածենք` ինչո՞ւ ենք թույլ:

Հարցազրույցը` Լիլիթ ԱՎԱԳՅԱՆԻ

Հարյուր տարվա հիվանդություն

22 Նյմ

Հայկական բանակում հերթական արյունոտ միջադեպն է տեղի ունեցել. սպանվել են չորս զինծառայողներ, ևս չորսը հրազենային վերքեր են ստացել: Ասում ենք` հերթական, և այդ սովորական բառի թիկունքում թաքցնում ենք ողբերգությունների մի երկար շղթա, որոնց մասին դժբախտություն ունեցանք տեղեկանալու վերջին ամիսների ընթացքում: Սպանություններ, ինքնասպանություններ, դժբախտ պատահարներ, դիվերսիաներ, ոչ կանոնադրային հարաբերություններ, բանակային կոռուպցիա, հովանավորչություն… Հասարակությունը վրդովվում է, պահանջում է պատժել մեղավորներին, մամուլը սահմռկեցուցիչ մանրամասներ է հրապարակում, իսկ իբրև պատասխան ստանում է աստղաշատ ուսադիրներով մեծամեծների երկար ու բարակ դատարկախոսությունն այն մասին, թե չարիքի արմատը պետք է որոնել ամեն տեղ, բայց ոչ բանակում, թե այդ կարգի մեղադրանքները խարխլում են մեր երկրի ամենակայացած կառույցի հիմքերը, թե պաշտպանության նախարարության հասցեին յուրաքանչյուր թթու խոսքը դավաճանություն է ու պարտվողականություն… Եվ մինչ սեփական մեղքի գիտակցման իսպառ բացակայությունը նրանց մղում է ժողովրդին կերակրել ամենատարբեր ու անհեթեթ պատճառաբանություններով, կրակոցները շարունակվում են, սպանվում են երիտասարդներ, որոնց կյանքն ու անվտանգությունը վստահված էր այդ նույն «անմեղներին» ու «հայրենասերներին»:
Յուրաքանչուր ողբերգական դեպք իր նախապատմությունն ունի, իր հանգամանքներն ու դրդապատճառները: Կարելի է անվերջ քննարկել, մատնացույց անել այս կամ այն բացթողումը, խոսել իրավունքների ու պարտականությունների մասին և այդ տարատեսակ կարծիքների առատության մեջ շրջանցել ամենաէականը, այն, ինչի շուրջ մշտապես լռություն են պահպանում` իբրև անցանկալի ու տհաճ թեմա: Սակայն ու՞մ համար է այսօր գաղտնիք մեր բանակի մեծագույն ու հիմնական խոցը, որը մի անուն ունի` խմբապետական սինդրոմ: Հենց այդ բառով և ոչ ուրիշ կերպ պիտի բնորոշել այն չարիքը, որ եղել է, կա և ցավոք դեռ երկար կմնա կենսունակ ու կանխորոշիչ բանակային համակարգում` որպես իրավունքի ու հարաբերությունների գերակա աստիճան:
Խմբապետի դասական կերպարը` մազուրերով, մորթե գլխարկով ու թավ բեղերով, սոսկ իր դարն ապրած դիմապատկեր չէ, այլ էություն, որ անփոփոխ անցել է վերջին հարյուր տարիների միջով ու արմատներ ձգել մեր օրերում: Խմբապետն այսօր կենսակերպ է, ոգի, աշխարհայացք: Խմբապետը առանցքն ու հենասյունն է այն նախրային ըմբռնումի, համաձայն որի թշնամին նա է, ով իր դեմ է, իսկ յուրայինները նրանք են, որոնց հետ նա կիսում է իրեն բաժին ընկած պատառը: Եվ հիմա մի մեծ, բազմանդամ ու բազմաճյուղ կառույց, որ Ազգային բանակ է կոչվում, դեռ շարունակում է հենվել այդ երերուն հիմքի վրա, որից հնության բույր է փչում, որն առաջնորդվում է քարեդարյան սկզբունքներով:
Ու քանի դեռ կա այդ կարծրացած մտայնությունը, երեկվա թերուս ֆիդայինը կշարունակի զորամասեր ղեկավարել` համոզված, որ իր չնչին գիտելիքները լիովին բավարար են մի փոքրիկ վասալության իշխանը համարվելու համար: Քանի դեռ խմբապետությունն է պետության պատկերացումների վերջնակետը, մարտավարական ու ռազմավարական տարրական իմացություններից զուրկ մարդկանց մի կաստա իրենց փափուկ բազմոցներին նստած գեներալական տիտղոսներ ու շքանշանների շարաններ կվաստակեն երկրին մատուցած անհայտ ու անհասկանալի ծառայությունների դիմաց և ոչ մի գնով չեն բաժանվի այն բանի գիտակցումից, թե ի վերուստ իրենց է տրված հողի ու տասնյակ հազարավոր մարդկանց ճակատագիրը տնօրինելու իրավունքը: Ճիշտ այդպես մտածում էին նաև նրանց նախապապերը, որ Առաջին հանրապետության տարիներին առանց կրակոցի հանձնեցին Կարսը, որ ինտրիգներով ու գզվռտոցներով էին զբաղված, քանի դեռ թուրքական բանակը ավերում է Գյումրին ու Լոռին, որ նույնիսկ դուրս չեկան մի բուռ կիսաքաղց ու բոկոտն կարմիրբանակայինների դեմ` երկիրն անմռունչ նվիրելով նրանց: Ո՞վ կասի, թե ինչ-որ բան է փոխվել այն ժամանակներից: Եվ այսօր այդ նույն պաշարո՞վ են պատրաստվում կոչվելու տարածաշրջանի ամենամարտունակ բանակը, սրա՞նց հույսով պիտի ավարտին հասցնենք մեր անավարտ կռիվը, թե՞ Սփյուռի նախարար Հրանուշ Հակոբյանի օրինակով պիտի դեռ հավելենք, որ «իրատեսական է դառնում «Արի բանակ» ծրագիր իրականացնելու հնարավորությունը»:
Եկել են, գալիս են, դեռ գալու են, բայց ոչ թե սպանվելու, այլ պաշտպանելու համար: Գալու են այն բանի հստակ համոզմամբ, որ աշխարի ուրիշ ոչ մի` իրեն քիչ թե շատ հարգող երկրում խմբապետը զորքեր չի առաջնորդում, և զինվորն այդչափ անպաշտպան չի կամայականության մթնոլորտի մեջ…
Երեկ մի շարք հասարակական կազմակերպություններ արդեն հանդես են եկել հայտարարությամբ, որով բանակում կատարված վերջին դեպքերը որակել են որպես պետական և բանակային բարձրագույն իշխանությունների անպատասխանատվության ու ոչ պրոֆեսիոնալիզմի ճչացող փաստ, բանակի քայքայման և ապաբարոյականացման գագաթնակետ: Հիմա ինչպե՞ս վարվել. այս խոսքերը համարել բացարձակ ճշմարտությու՞ն, թե կրկին ասել, որ վարկաբեկում ենք զինված ուժերին, որ դրանով ջուր ենք լցնում թշնամու ջրաղացին:
Անձամբ ինքս կուզեի, որ նրանք վիրավորվեին, քանի որ վիրավորվելու ընդունակությունը գոնե չնչին նախանշանն է այն բանի, որ մարդը դեռևս ունի ամոթի ու խղճի զգացում: Ես կցանկանայի վարկաբեկած լինել նրանց հանուն մի զիվորի կյանքի: Հանուն մի քաղաքացու ազատ ու արժանապատիվ կյանքի ես կվարկաբեկեի այս իշխանություններին, որովհետև ու՞մն է պետք այդ բանակն առանց իր զինվորի և ու՞մն է պետք այս իշխանությունն առանց իր քաղաքացու:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Ծուռ հայելիների թագավորությունը

26 Հկտ

Նախագահներին հենց այնպես հարցեր չեն տալիս: Հայտնի բան է, որ դրանք նախօրոք շարադրվում, համաձայնեցվում են և հետո միայն իրավունք են ստանում հնչելու: Այսինքն, սա նշանակում է, որ նախագահն ինքն է ցանկություն հայտնում, որ իրեն այս կամ այն հարցն ուղղեն: Այնպես որ, երբ օրերս Սերժ Սարգսյանը հանդիպում էր լրագրողների հետ և վերջիններս հետաքրքրվեցին, թե նա ի՞նչ է մտածում մեր ազգային բանակի շուրջ հասարակության ներսում ծավալվող քննարկումների մասին, միանգամից պարզ դարձավ, որ նախագահը սպասում էր այդ հարցադրմանը:
Վերջին շրջանում բանակում տեղի ունեցած աղմկահարույց դեպքերն ու սպանությունները, այդ առիթներով մի շարք սպաների ձերբակալությունները, ինչպես նաև You Tube-ում խայտառակ տեսահոլովակների հայտնությունը արդարացիորեն հանրության վրդովմունքն էին հարուցել, մարդիկ պահանջում էին հանցագործությունների բացահայտում, կանոնադրական հարաբերությունների պահպանում, իրենց զավակների կյանքի ու առողջության պաշտպանություն, մի խոսքով, ոչ մի անհնարին բան: Սակայն այդ ընթացքում շատերի համար անհասկանալի էր մնում, թե ինչու հիշատակված դեպքերին չի արձագանքում նախագահը: Եթե ոչ իբրև պետության ղեկավար, ապա գոնե որպես զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար նա պարզապես պարտավոր էր վերաբերմունք ցուցաբերել այդ ամենի հանդեպ:
Եվ ահա նախագահը խոսեց: Նա ասաց, որ վատ է վերաբերմում այն մարդկանց, ովքեր բանակը պախարակում են` նեղ անձնական շահերից ելնելով, և ողջունում է բոլոր նրանց, ովքեր հայկական բանակը համարում են մեր աչքի լույսը: Նախագահն, իհարկե, հնարավոր չհամարեց, որ ասողները նույնպես կարող են առաջնորդվել նեղ անձնական շարժառիթներով, ինչպես դա անում է, ասենք, պաշտպանության նախարարը` դավաճան անվանելով բոլոր նրանց, ովքեր փորձում են խոսել զինված ուժերի թերությունների մասին, ինչպես վարվում է Գլխավոր շտաբի պետը, երբ պնդում է, թե բանակը համարյա հեքիաթի պես մի բան է դարձել իր օրոք, իսկ մեր քաղաքացիներն ուղղակի չմահավան են: Հետո նախագահը մեզ` անտեղյակներիս բացատրեց, որ հայրենասիրությունը այն է, երբ միայն ջերմությամբ ես խոսում զորքերի մասին: Իսկ վերջում ասաց, թե իր ցանկությունն է, որ մենք հպարտանանք մեր բանակով:
Հպարտության զգացողությունն, իհարկե, նախագահի պատվերով արմատ չի նետում ու սաղարթ չի կապում: Այն խիստ փոխկապակցված երևույթ է և է պահանջում: Սակայն մի կողմ թողնենք զգացական հատվածը և վերադառնանք սևին սև ասելու մեր վատ սովորությանը, որն այնքան ցավ ու վիրավորանք է պատճառում բանակի վերնախավին: Միայն հասկանալի չէ, թե ո՞րն է այստեղ կծու խոսքը: Երբ բժիշկը հիվանդին ասում է նրա հիվանդության մասին, դրանով արդյո՞ք վիրավորում է վերջինիս ինքնասիրությունը: Թե՞ բժիշկը սոսկ նրա համար է, որ հպարտանա դիմացինի տկարությամբ, փառք տա բացիլներին ու գովերգի վերքերը: Իսկ ո՞վ պիտի դարմանի, ո՞վ պիտի հուշի, որ հետևանքը վերացնելու համար նախ պատճառն է պետք գտնել:
Բայց արի ու տես, որ հանրապետության նախագահը նաև այդ հոռի բարքերի սկզբնաղբյուրն է գտել, և իր բացահայտումով կիսվեց լրագրողների հետ: :
Հայելու մասին այս արտահայտությունը շատ անգամներ է առիթ լինում լսելու: Երբ որևէ տեղ ինչ-որ բան այնպես չէ, հիշում են խեղճուկրակ հայելիներին: Եթե մի պատասխանատուի ասում ես, որ կրթական համակարգը վատն է, ուսուցիչները ծեծում են աշակերտներին ու մանկապղծությամբ զբաղվում, սովորողներն անգրագետ են ու անդաստիարակ, նա քեզ անպայման պատասխանում է. : Իրավապահ մարմինները կոռումպացված են, ոստիկանները` բռի, դատավորները` կաշառակեր. այո, սրանք էլ են հասարակության հայելում արտացոլվածներ: Հարկահավաքները թալանչիներ են, մաքսավորները` խարդախներ, վաշխառուները` խաբեբա. ճիշտ է, հասարակության հայելու պտուղներն են: Շենքերը վատ են կառուցվում, հողը բերք չի տալիս, գները թանկանում են. նույն հայելուց է, նույն տեղից…
Հիմա հասկացա՞ք, թե ով է մեղավորը: Հասարակությունը: Այդ հրեշը, այդ չարիքը, այդ թույնը, այդ ծուռ հայելին, որ աղճատում է ճշմարտության դեմքը, պղծում է ամեն բան ու թույլ չի տալիս մարդկանց ազնվորեն աշխատել այս օրինապահ թագավորությունում: Նա և միայն նա է մեր թշնամին: Ոչնչացնել է պետք նման հասարակությանը…
Լավ, մի պահ ենթադրենք, թե դա այդպես է: Իսկ ու՞մ հայելին է հասարակությունը: Այս հարցը պատասխան ունի՞: Գուցե այն միջավայրի՞, որտեղ մի կերպ իրենց գոյությունն են քարշ տալիս այս երկրի հազարավոր քաղաքացիներ, այն տիրող բարքերի, ամենաթողության, անպատժելիության, որ ստեղծվել ու ամրապնդվել են վերևներում` իրենց ենթակա լծակներով: Իսկ նախագահը՞: Մի՞թե նրա մասին էլ չենք կարող ասել, որ հասարակության հայելին է: Ու եթե այդպես է, ապա շրջանն այստեղ փակվեց: Ինչպիսին հասարակությունն է, այնպիսին էլ պիտի լինի նրա նախագահը` համաձայն նախագահի տրամաբանության: Եվ կամ` հակառակը:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: