Tag Archives: բանականություն

ԴԱՆԻԵԼ ԿԻԶ

8 Հկտ

Բանականությունը մարդկության մեծագույն ձեռքբերումն է: Եվ այնուհանդերձ, հաճախ է գիտելիքի հետապնդումը փոխարինում սիրո որոնմանը: Ես այդ բանը հասկացա բոլորովին վերջերս: Առաջարկում եմ աշխատող վարկած. գիտակցությամբ օժտված մարդը, ով սակայն զրկված է սիրելու և սիրված լինելու ընդունակությունից, դատապարտված է ինտելեկտուլ և բարոյական աղետի, իսկ գուցե նաև ծանր հոգեկան հիվանդության: Բացի այդ ես պնդում եմ, որ իր մեջ ներփակված ուղեղը անկարող է շրջապատին տալ այլ բան, քան ցավ և բռնություն:DanielKeyes

ԷԴԳԱՐ ՊՈ

29 Մյս

Արդյո՞ք խելագարությունը բանականության գերագույն դրսևորումը չէ: Թերևս այն, ինչ պանծալի է, և այն ամենը, ինչ վեհ է, ծագում է հենց հիվանդագին ուղեղի այն հատուկ վիճակներից, որոնց շնորհիվ իմացությունը վեր է հառնում ի հաշիվ հասարակ գիտակցության: Ցերեկով երազողներին բացահայտ են շատ բաներ, որոնք մատչելի չեն նրանց, ով երազում է միայն գիշերները: Մշուշոտ անուրջներում նրանք նշմարում են հավերժի վաղանցիկ պատկերներն ու սարսռալով արթնանում` հիշելով, որ հաղորդակից են եղել մի մեծ գաղտնիքի: Կցկտուր դրվագներով նրանք յուրացնում են բարու իմաստությունը, բայց ավելի շատ` չարիքի ստորին գիտությունը: Ինչևէ, անղեկ ու անառագաստ նրանք խրվում են «անճառելի լույսի» անհուն օվկիանոսը, որ, ինչպես նուբիացի բնախույզը կասեր, «նորից մտնեն խավարի ծովը` նրա պարունակությունը հետազոտելու համար»:

EAP

ԽՈՐԽԵ ԼՈՒԻՍ ԲՈՐԽԵՍ

6 Մյս

Ինձ մոտ այն տպավորությունն է, որ մարդիկ հիմա ապրում են՝ չզգալով այն, շուրջը ոչինչ չտեսնելով, ասես… ասես նրանց զգացմունքները բթացել են, ես ճիշտ չե՞մ: Բայց իմ տպավորությունն այդ է:
Մարդիկ չեն զգում իրենց շրջապատող աշխարհը, նրանք լսում և կրկնում են խոսքերը, բայց նույնիսկ չեն ջանում պատկերացնել այն, թե ինչ են այդ բառերը նշանակում, և եզրահանգումներ չեն անում: Մարդիկ հիմա ապրում են, իհարկե, ընկալելով շրջապատող աշխարհը, բայց ընկալելով այն մակերեսորեն, ասես ոչ ոք ոչ մի բանի մասին չի խորհրդածում, կարծես բանականությունը վտարված է մարդկանց շրջապատող միջավայրից, ուր նրանք կորսված են: Մտածելը մարդու համար արդեն ծանր գործ է դարձել…

ՊԵՏՐԱՐԿԱ

22 Օգս

ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ- Ես մի լավ տեր ունեմ:
ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ- Ուրեմն կորցրել ես ազատությունդ, որովհետև չի կարելի միաժամանակ երկուսն էլ ունենալ: Այժմ վտանգի տակ են և քույրերդ, և դուստրերդ, և հարսներդ, և նույնիսկ կինդ, ինչպես նաև ունեցվածքդ ու կյանքդ:
ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ- Ճակատագիրը ինձ և հայրենիքին տվել է բարի տեր:
ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ- Դրանք անհամատեղելի և նույնիսկ հակադիր բաներ են: Եթե նա բարի է, ապա տեր չէ, եթե տեր է, ապա բարի չէ, մանավանդ, եթե նա ցանկանում է տեր կոչվել: Բարի են ծնողները, բարի կարող են լինել եղբայրները, բայց բարի ասել տիրոջը,- հաճելի կեղծիք է և ակնհայտ շողոքորթություն է…

(Ըստ «Լավ տերերի մասին» դիալոգի)

ԲԼԵԶ ՊԱՍԿԱԼ

7 Ապր

Մարդն ինչքան խելոք է, նա այնքան շատ է գտնում ինքնատիպ մարդկանց: Միջակ անհատները տարբերություն չեն դնում մարդկանց միջև: Իսկ մարդու ամբողջ արժանիքը պարփակված է մտքերում, այն բանում, որ մենք ընդունակ ենք մտածելու: Ուրեմն պետք է ձգտենք ճիշտ մտածել: Դրանում է բարոյականության հիմքը: Մեզ վեհացնում են ոչ թե տարածությունն ու ժամանակը, որոնք մենք չենք կարող լցնել, այլ հենց նա` մեր միտքը: Բանականության թելադրանքներն անհամեմատ ավելի տիրազոր են, քան ցանկացած տիրակալի հրամանները: Վերջինիս նկատմամբ անհնազանդությունը մարդուն դարձնում է դժբախտ, իսկ առաջինի նկատմամբ անհնազանդությունը` հիմար: Ինչի՞ց է, որ կաղ մարդը մեզ չի գրգռում, իսկ մտավոր կաղը գրգռում է: Նրանից է, որ կաղը գիտակցում է, որ մենք ուղիղ ենք քայլում, իսկ մտավոր կաղը պնդում է, որ ոչ թե ինքը, այլ մենք ենք կաղում:
Միտքը փոխվում է այն բառերի համեմատ, որոնք արտահայտում են այդ միտքը: Իսկական պերճախոսությունը չի զգում պերճախոսության մասին գիտելիքի կարիք, ինչպես որ իսկական բարոյականությունը չի զգում բարոյականության մասին գիտության կարիքը: Պերճախոսությունը պետք է լինի հաճելի և բովանդակալից, բայց հարկավոր է, որ այդ հաճելին իր հերթին փոխառված լինի ճշմարտացիից: Պերճախոսությունը մտքի գեղանկարչությունն է:

ԺԱՆ ԱՆՐԻ ՖԱԲՐ

15 Հնվ

Բանականությանը յուրահատուկ է մտորել, գիտակցել, այսինքն` կապակցել պատճառներն ու հետևանքները, պատասխան տալ «ինչու» հարցին, բացահայտել պատահականը, ի հայտ բերել օրինաչափը, որոշել նոր պայմանների հետ նոր հատկությունների համաձայնվածությունը, տեղի ունեցողի շղթայի մեջ գտնել սկիզբն ու ավարտը: Մեր մեջ ապրում են մեզնից առաջ ապրածների աշխատանքը, ուժերը: Թող ապագա սերունդներն էլ իրենց հերթին կարողանան ապրել շնորհիվ մեր աշխատանքի, շնորհիվ մեր ձեռքերի ու մտքի ուժի: Միայն այդ դեպքում մենք արժանի կերպով կկատարենք մեր կոչումը: Հարկավոր է աշխատել, հավաքել ամբողջ կամքը, որպեսզի այն պայթի ռումբի նման` տապալելով խոչընդոտները: Երբեք չի հաջողվի լինել այնպես երջանիկ, ինչպես այն ժամանակ, երբ աշխատանքը ոչ մի ազատ րոպե չի թողնում: Ճիշտ ապրել` նշանակում է աշխատել: Երբ մեքենան անգործության է մատնվում, նրան սկսում է քայքայել ժանգը: Հոգեկան վերքերը սպիանում են միայն ժամանակի ընթացքում ու նաև աշխատանքով: Ուրեմն` դեպի գործ, քանի դեռ ուժ կա: Ավելի լավ սրտի դեղ չկա:

ԴԱՆԻԵԼ ԿԻԶ

25 Դկտ

Առաջ ինձ արհամարհում էին հիմարության ու անպետքության համար, հիմա ինձ ատում են բանականության ու խելքի համար: Աստած իմ, ի՞նչ են ուզում ինձնից…
Զարմանալի է, թե ինչպես են բարձր բարոյական ու զգայական հատկությունններով օժտված մարդիկ, որ երբեք իրենց թույլ չեն տա օգտվել այն մարդու նկատմամբ իրենց առավելությունից, ով ծնվել է առանց ձեռք, ոտք կամ աչք, ինչ հեշտությամբ ու անմտությամբ են զվարճանում` տեսնելով մեկին, ով ծնվել է առանց բանականության:
Ես հասկացել եմ, որ պարզապես բանականությունը ոչինչ չարժի: Դուք աստվածացնում եք գիտելիքները, կրթությունը, միտքը: Իսկ ես գիտեմ այն, ինչ դուք չեք նկատել. պարզապես գիտելիքները, որոնք ողողված չեն մարդկային զգացմունքներով, գրոշ չարժեն:
Ո՞վ ասաց, թե իմ լույսը քո խավարից լավն է…

ՖՐԵՆՍԻՍ ԲԵԿՈՆ

13 Դկտ

Նոր օրգանոն

Մարդու բանականությունն ամեն ինչ ընդգրկում է, որպեսզի հիմնավորի և համաձայնեցնի այն բանի հետ, ինչն ինքը մի անգամ ընդունել է` արդյոք այն պատճառով, որ դա ընդհանուր հավատի առարկա է, թե այն պատճառով, որ դա իրեն դուր է գալիս: Ինչպիսին էլ որ լինեն հակառակը վկայող հանգամանքների ուժն ու թիվը, բանականությունը կամ չի նկատում, կամ անտեսում է դրանք, կամ էլ մեծ ու կործանարար կանխակալ հավատով մերժում և հերքում է դրանք` բացառությունները նկատելու միջոցով, ձգտելով, որ նախկին եզրակացությունների հավաստիությունն անսասան մնա: Ուստի և ճիշտ է պատասխանել մեկը հետևյալ դեպքում. երբ նրան տաճարում ցույց են տվել այն մարդկանց պատկերները, որոնք ուխտելու շնորհիվ փրկվել են վտանգավոր նավաբեկությունից, ապա նա, պատասխանելով այն հարցին, թե ինքն արդյո՞ք այժմ ընդունում է աստվածների հզորությունը, իր հերթին հարցրել է. «Իսկ որտե՞ղ են նրանց պատկերները, ովքեր ուխտելուց հետո զոհվել են»: Այդպիսին է գրեթե բոլոր նախապաշարմունքների` աստրոլոգիայի, երազների, նախանշանների, աստծո կանխորոշումների և նման բաների հիմնավորումը: Նրանք, ովքեր իրենց սփոփում են նմանօրինակ սին բաներով, նկատում են այն դեպքը, որը կատարվել է, և անուշադրության են մատնում այն, ինչ հուսախաբել է, թեև վերջինս ավելի հաճախ է լինում:

%d bloggers like this: