Tag Archives: ԲԱԿՈՒՆՑ

ԲԱԿՈՒՆՑԻ ԿՅԱՆՔԻ ՎԵՐՋԻՆ ՐՈՊԵՆԵՐԸ

13 Հնս

«… Ինձ միշտ հետաքրքրել է Բակունցի՝ ժամանակի ամենափայլուն գրողի ճակատագիրը, բայց ոչինչ չգիտեի նրա վախճանի մասին: Երբ ես 1989 թ. վերջին անգամ եղա Հայաստանում, շատերը ինձ գրեթե նույնությամբ պատմեցին նրա կյանքի վերջին օրվա մասին:
Մահվան դատապարտելուց հետո նրան բերում են Զանգվի կիրճ, Խանջյանի նախկին սև ամառանոցի դիմաց: Զանգվի հակառակ ափին նրա ձեռքն են տալիս բահը և ստիպում փորել սեփական գերեզմանը: Նա շատ երկար է փորում, հետո ջուր է խնդրում ու նստում հանգստանալու, որից հետո կրկին շարունակում է փորել: Նրան շտապեցնում էին: Երբ վերջացնում է փորելը, նետում է բահը, նստում հողաթմբին և թույլտվություն խնդրում ծխելու վերջին գլանակը: Նրան թույլ են տալիս: Նա երկար ու դանդաղ ծխում, վերջացնում է և անմիջապես էլ գնդակահարում ու նետում են իր իսկ փորած գերեզմանի մեջ…»:

ՄԱՐԻԱՄ ԱՍԼԱՄԱԶՅԱՆ

ԲԱԿՈՒՆՑԻ ՈՒ ՄԱԿԻՆՑՅԱՆԻ ՎԵՃԸ

14 Մյս

«… Պողոս Մակինցյանը մի տարի եղավ մեր ռուսերենի ուսուցիչը: Նա ամեն բան էր, բայց ոչ ուսուցիչ: Արդեն նա այդ տարիներին իսկ ճանաչված գրականագետ էր, մի բան, որ նրան դարձրել էր շատ հավակնոտ և շուրջիններին` ուսուցիչ կամ ուսանող, նայում էր բարձրից: Իր կյանքից հիշում եմ հետևյալ դրվագը:
Ճեմարանը իր փոքրիկ հիվանդանոցն ուներ, ուր պառկում էին հիվանդ աշակերտները: Մի քանի օրով ես այնտեղ պառկած ժամանակ, այնտեղ էին նաև Ակսել Բակունցը և մի երրորդ լսարանական ուսանող: Պատահաբար Մակինցյանը այցելության էր եկել այդ երրորդ ուսանողին: Երկար նստեց և խոսակցության բռնվեց նրանց հետ: Ես լուռ հետևում էի նրանց խոսակցությանը: Խոսակցության նյութը Հոկտեմբերյան հեղափոխությունն էր, որ այդ օրերում բռնկվել էր: Ինձ շատ տպավորել է Մակինցյանի և Ա. Բակունցի միջև եղած այս մտքերի փոխանակությունը: Մակինցյանն այն միտքն արտահայտեց, թե` եթե միջազգային հեղափոխությունը պահանջի, որ հայ ժողովուրդը բնաջինջ լինի, չպետք է ցավել դրա համար, պետք է բնաջնջվի: Բակունցը իրենից դուրս եկած պատասխանեց` եթե հայ ժողովրդի ազատագրությունը պահանջի, որ միջազգային հեղափոխությունը կործանվի, չպետք է ցավել, թող կործանվի:
Մակինցյանը չկարողացավ հանդուրժել մի աշակերտի այս հախուռն արտահայտության, ջղայինացած հեռացավ հիվանդանոցից…»:

ԱՇՈՏ ՊԱՏՄԱԳՐՅԱՆ

ԲԱԿՈՒՆՑԸ` ԺԱՄԱՆԱԿԻ ՀԱՅԱՑՔԻ ՆԵՐՔՈ

30 Ապր

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ` ՎԿԱ ԱՇՈՏ ԳԱՐԵԳԻՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅԱՆ

16 սեպտեմբերի 1954թ.
Ակսել Բակունցին գիտեի 1914թ., Էջմիածնի Գեւորգյան ճեմարանում նրա ուսանելու ժամանակից, որտեղ ես դասավանդում էի պատմություն, լատիներեն ու գերմաներեն լեզուներ, ինչպես նաև բարձր դասարաններում՝ քաղաքատնտեսություն: 1923թ. Բակունցը, որը նոր էր վերադարձել Խարկովից, ղեկավար մասնակցություն ունեցավ դաշնակցականների կուսակցությունը վերացնելու համագումարի հրավիրման և անցկացման գործում: Անցյալում չունենալով որևէ կապ Դաշնակցություն կուսակցության հետ, չլինելով այդ կուսակցության անդամ կամ նրա գաղափարական հետևող, Ակսել Բակունցը Հայաստանի կոմունիստական կուսակցության Լենինականի գավառային կոմիտեի քարտուղար Երեմիա Բակունցի միջոցով, որը նրա համերկրացին ու բարեկամն էր (ժամանակին մոտիկ մասնակցություն է ունեցել գրողի գաղափարական ձևավորման մեջ), ներգրավվել է դաշնակցականների համագումարի կազմակերպման գործում և բուն համագումարում հանդես եկել «զղջացող դաշնակցականի» դերում:
Այդ ժամանակ լինելով ՀԿ(բ)Կ Կենտկոմի գլխավոր քարտուղար, ես հետևում էի այդ համագումարի նախապատրաստությանը: Այն անմիջապես ղեկավարում էր Կենտկոմի առանձնացրած հանձնաժողովը, Կենտկոմի քարտուղար Ա.Շահսուվարյանի գլխավորությամբ: Հանձնաժողովի նախապատրաստական աշխատանքի մասին հարցը քննարկելու ժամանակ Կենտկոմը նպատակահարմար գտավ այդ գործի մեջ Բակունցի ներգրավումը, մի մարդու, որն ի վիճակի էր ղեկավարել համագումարը և նպաստել մտավորականների զգալի շերտերի հեռացմանը դաշնակցականներից, մտավորականներ, որոնք անցյալում կապված էին եղել նրանց հետ: Բակունցի
կատարած աշխատանքը հետագայում մեզ համոզեց, որ մեր հաշվարկները ճիշտ էին: Նա իրականացրեց ստանձնած առաքելությունը: Դժբախտաբար Բակունցն անձամբ դաժանորեն հատուցեց դաշնակցականների համագումարի կազմակերպմանը եռանդուն մասնակցելու համար: Հայ «ռապպականների» խմբից նրա հակառակորդները հետագայում ամբոխավարի մատնացույց էին անում նրա «դաշնակցականությունը», մտածելով այդպիսի էժան եղանակով վարկաբեկել և նրան գցել գրական վեճերում գրաված դիրքից: Սակայն ոչ տրոցկիզմի ու աջերի դեմ պայքարի ժամանակ Բակունցի վարքագիծը, ոչ նրա գրական ելույթների բնույթն ու բովանդակությունը, ոչ նրա բողոքները Անդրկովկասում ժողովրդի թշնամի Լ.Բերիայի անցկացրած ազգայնական քաղաքականության դեմ, հիմք չէին տալիս կասկածելու Բակունցին՝ որպես դաշնակցականի կամ ազգայնականի: Հայաստանի Կ(բ)Կ Կենտկոմը, քարտուղար Ա.Խանջյանի գլխավորությամբ, նրան լրիվ վստահում էր: Բնորոշ է, որ 1930-ական թվականների կեսերին, երբ դաշնակցականներին մերկացնելու համար Ա.Միկոյանի առաջարկությամբ ձեռնարկվեց «Զանգեզուր» կինոնկարի նկարահանումը, որի բովանդակությունը Հայաստանում քաղաքացիական պատերազմի ժամանակ դաշնակցականների կատարած գազանություններն էին, այդ կինոնկարի սցենարի հեղինակ առաջադրվեց Ա.Բակունցը: «Զանգեզուր» կինոնկարը, որն իրականացվեց այդ սցենարով, փայլուն կերպով արդարացրեց իրեն:

Աշոտ Իոաննիսյան
Արդարադատության գնդապետ՝
Ա.Վիտիևսկի

ՀՀ ԱԱՆԱ, ԿԳՖ, գ. 3036 (8 հատոր), հ.8, թ. 302 եւ հակ. — 305 և հակ.:
Բնագիր: Ինքնագիր: Թարգմ. ռուս.:

ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑ

14 Ապր

ԱՆՁՐԵՎԸ

Մթին սարերի ամպերից, կապույտ ձյուներից և սառը աղբյուրների ակունքներից գլոր-գլոր իջնում է Ձորագետը, գարնանը՝ հեղեղների աղմուկով, ամառվա տապին՝ զով կոհակներով և աշնանը՝ դեղնակարմիր տերևներով, որ հավաքում են ջրերը ձորերում։ Հետո ջրերի վրա, նուրբ ծանրանում է ցուրտ մառախուղը, և լոռեցիների բարձր աշխարհում մաղում է ձյունը։
Տխրություն, ահ, լեռնային երկրի երկա՜ր ձմեռ…
Արդեն տերևաթափ են թզենիները։ Անտառում երևում են հացենի ծառերը նարնջագույն տերևներով, կաղնիները՝ բաց դեղին և կարմիր տերևներով տանձիները, որոնց շուրջը չոր խազալի վրա գիշերում է մի գազան։ Ծառից ընկնում են տերևները, ահավոր կանչում է կույր մոշահավը և բոլորովին մոտիկ, դեղնած սաղարթի մեջ փայտահարը կտուցով թմբկահարում Է կեղևը։ Անտառում մառախուղ է, կաթում է խոնավությունը մամուռների վրա, ծառերի վրա և քարափների լանջին։ Մի խանգարված մատուռի առաջ դեռ մխում է չոբան Սաբոյի կրակը։ Ես զգում եմ ոչխարների՝ անձրևից տաքացած բրդի հոտը։ Հետո իրար եմ հավաքում կրակը և մոխիրների տակ կարդում գերեզմանաքարի երկաթագիրը՝ «Երեմիա սուրբ ծերունի»… Խշշում են քարափի ուռիները։ Բարձրերում բուք կա, և լեռնային բադերը մառախուղի միջով իջնում են դեպի տաք ձորերը։
Ահա քարանձավը… Նստել է որսկան Չատին, ոտքերի առաջ եղջերուն փռել է բարակ վիզը և սառած աչքերով նայում է գորշ մշուշին։ Քամուց ծփում է որսկանի սպիտակ միրուքը, նրա ոտքերի վրա բուսել է մամուռը։ Կարմիր մասուրներ կան մատների վրա։ Նա նայում է ինչպես եղջերուն, չզիտես խեղճ աղերսով, թե անբարբառ աղոթքով։ Գուցե խարույկ է եղել նրա մոտ։ Վառել է չիբուխը խարույկի կրակից, և գիշերվա ահից կուչ եկած թուխ մանուկներին պատմել քարանձավներում քրքջացող այսերի և մարդագող ալքերի հեքիաթը, երկար, ինչպես լեռնային երկրի ահավոր ձմեռը։
Գվվում է ձորը անհայտ աղմուկից, դողում է գետինը, դողում են ծառերը և տարափով տեղում աշնան անձրևի ծանր կաթիլները։
Գվվում է քարանձավը, և լսում եմ մի ձայն, որ արձագանքի պես հնչում է մութ փչակից.
…Էս խոր ձորերում էս է՝ չորս քսան տարիս լրացավ,
Ոչ մի խնդություն տեսա իմ օրում,
Ոչ էլ մի անգամ աչքս լիացավ։
Խշշում են մասրիները, որ բուսել են քարափի լանջին, որոնց խառնվել են այն տեսիլք ծերունու մեռած մազերը։ Հետո աղմկում է ամբողջ անտառը, քամին է շառաչում և հողմահալած մառախուղը կորչում է փչակներում, մթին քարանձավներում։ Կաղնիների բաց դեղին սաղարթի միջից աշնան արևը լուսավորում է փափուկ արահետները։
Խաղաղ խնդությամբ իջնում եմ գետափը։
Վերևում՝ քարանձավների առաջ, մնացին այն լուսերես ծերունիները, որոնք ապրեցին «ամեն մեռնողին երանի տալով», ոտքերի առաջ մի մեռած եղջերու…

* * *
Գետը։
Գետի վրա, պողպատյա լարերից կախված օրորվում է մի կամուրջ։ Այն ափին բարձրացել է հիդրոցենտրալի բազմահարկ շենքր, որի վիթխարի ապակիներն արտացոլում են Լոռու ձորի ժայռերը, անտառը, ավերակ մատուռը և այն երեք տունը, որ ծվարել են քարափի գլխին։
Շենքի ներսը՝ այս ձորերին անծանոթ եռուզեռով խլրտում են մարդիկ, որոնք հերոսական ջանքերով և դժվար զրկանքներով հաստատեցին լույսի այս ամրոցը։ Ահա երկաթակուռ բետոնի անկործան և անփոփոխ հունով, Ձորագետի ջրերը բարձր ժայռից իջնում են ծանր տուրբինների վրա։ Ամեհի թափով պտտվում է սյունը, հարյուրավոր մեքենաներ դարձ են անում, ռիթմով դառնում և վերևի ընդարձակ դահլիճում գեներատորը երկնում է հազար-հազար կիլովատ։
Մեքենաների ժխորի մեջ լսում եմ տարիների համառ աշխատանքի պատմությունը — երեք ագրեգատ, յուրաքանչյուրը մի քանի հազար ձիու ուժ… բացի այդ՝ մի պեյլտոն ագրեգատ…։ Օդային ֆիդերները տանում են այդ ուժը դեպի պղնձաձուլարանները, դեպի ցիանամիդի և գրանիտի գործարանները, դեպի Ստեփանավան։ Հետագայում մի գիծ կմիանա Քանաքեռի հիդրոկայանին, իրար կմիանան Լենինականը, Երևանը և հիմք կդրվի Հայաստանի էներգետիկ հզոր հանգույցին։
Զվարթ աղմկում են մեքենաները, և դժվար է լսվում այդ պատմությունը։ Բաց պատուհանից ներս է մտնում անտառի գաղջ բույրը և նոր ներկած վահանների հոտը։
Մեկը կանգնել է ամպերոմետրի մարմարե տախտակների մոտ և ուշադրությամբ նայում է պղնձե սլաքների ընթացքին։ Նա երբեմն բաց պատուհանից նայում է դիմացի լեռներին, անտառին և այն երեք տանը, որ կուչ են եկել քարափի գլխին։
Նրա կապույտ աչքերից, նիհար և բարձր հասակից երևում է այդ լեռների մարդը, անբան հովիվների շառավիղը՝ լոռեցի բանվորը։ Ոչ ահ կա սրտում, ոչ խոնարհ վախ աստծուց, թավադից, չարքից ու չարչուց։
Լոռու ձորում կնստի ձմեռը, և ծմակներում կոռնա քաղցած գազանը, հոտոտելով նա կհասնի մինչև քարափի եզրը և ահից ետ կդառնա, երբ տեսնի լույսերով ողողված ձորը։
Ձմռան գիշերը լուսավոր դահլիճում մարդը կլսի մեքենաների զվարթ աղմուկը, ապա նոր ճանապարհներով կդառնա տուն և իր թուխ մանուկներին կպատմի, որպես մի առասպել, այն ժամանակները, երբ քար ու քարափների վրայով, մեջքը կքած, մեջքից ծանր բեռ բարձրանում էր լոռեցին իր գյուղը՝ խավարի ու աղքատության մագիլներում։ Այն ժամանակները, երբ «մի տուն լիքը մանուկներ» ահով էին լսում և բուքի ոռնոցը, և պարտքատիրոջ ոտնաձայնը… Ապա կանցնի նորոգ օրերի պատմությանը, երբ Լոռու ձորում մի խեղճ Չատի սպանեց թավադին և «ղակոնը» նրան քշեց Սիբիր։ Կավանդի և հերոսական նոյեմբերը, որպես նոր պատմության սկիզբ, կպատմի և նրանց մասին, որոնք այս ամայի ձորում բարձրացրին լույսի առաջին ամրոցը… Դուրսը մաղում էր բարակ անձրև ջրերի վրա, արահետների վրա և դեղնակարմիր անտառի վրա…
Այն կապուտաչյա լոռեցին մերթ նայում էր պղնձե սլաքներին և մերթ արահետին, որով մի օր իջավ քարափի գլխիս ծվարած տներից և այստեղ, այս նոր ամրոցի կառուցման հետ, նրա ներսն ամրացավ մի նոր հավատ, նոր բարբառ…
* * *
Ես նայում եմ նրան և հիշում իմ երկրի հին պատմությունը։
Քարերն ու մագաղաթներն ավանդում են նրա քաղաքների կործանումը և սուր, և գաղթ։
Ինչպես մի եղեգն՝ նախ խոնարհել է գլուխը հողմերի առաջ և խաղաղության ժամին նորից հառնել։ Նա սարսափահար փախել է իր գյուղերից, ինչպես նախիրը հրդեհվող անտառից, ապա տուն է շինել քարափների վրա, և անձրևախառն քամին ծեծել է նրա հողաշեն խրճիթը։
Մեր երկրի ժայռերի վրա հաղթողները սնապարծ ոճով փորագրել են ավարառության և կողոպուտի պատմություններ, իսկ խավար խուցերում պատմագիրը հորինել է նույնքան սնամեջ առասպելներ հին փառքի մասին։
Ռամիկն անմռունչ պառկել է խանի, թավադի և սպիտակ ցարի մտրակի տակ, երբեմն ըմբոստացել, որպեսզի մյուս օրն ապավինի իր տխուր երգերին և նորից քաշի հին լուծը։ Նա հերկել է ուրիշի հողը, սերմել է արյուն-քրտինք, իսկ առյուծի բաժին առել են ռեսը վանքը և ռուբլու արքան։
Նրա գորշ հյուղերի վրա երկինքը մաղել է տրտմության անձրևը։
Ես նայում եմ այս նորոգ մարդու աչքերին և կարդում նոր պատմությունը։ Դեռ ինչպիսի շենքեր պիտի բարձրանան մեր լեռների լանջերին և ձորերում, ինչքան քաղաքներ պիտի հառնեն տափարակների վրա և զվարթաձայն հնչեն կառուցողների նոր երգերը։
Երկրի և մարդկանց վրա, հերկած հողերի վրա, իջնում է աշնան բարեբեր անձրևը…

ՆՈՐԱՀԱՅՏ ԷՋ ՉԱՐԵՆՑԻՑ

2 Ապր

ԱՅԴ ԳՈՒՆԱՏ ՍՈՒԲՅԵԿՏԸ

 Սիրելի Ակսելին

Այդ գունատ սուբյեկտը, որ նստած է դեմըդ,-
Դու նրան ճանաչո՛ւմ ես, դու նրան գիտես:-
Նա այդպես միշտ գունատ է, և այդպես միշտ հե՛տդ է`
Թե շրջում ես կյանքո՛ւմ դու, երազում ես թե:

Այդ գունատ սուբյեկտը:- Առաջին անգամ նա
Երևաց կյանքում քո, երբ առար գրիչ:
Եվ այդպես` այդ օրը սկսվեց անկումդ —
Նա ցնցեց հոգին քո ու հանձնեց հրի: —

Այդ հիմար սուբյեկտը: — Քո ձեռքից բռնած նա
Քեզ տարավ բուլվարը և ասաց` նայի՛ր –
Քեզ թովում է գիշերը ու գունատ լուսաբացը,
Քեզ թովում է ալլեյը` այսքա՛ն ամայի:

Նա ասաց. – Տեսնո՞ւմ ես ոսկեգույն տերևները,
Որ այդպես ընկնում են ու ծածկում ուղիդ…
Աշխարհում օրե՛նք է իր ժամին մեռնելը…
Եվ այսպես` քեզ խաբե՛ց նա ու տվեց օղի:

Նա ասաց` ամբո՛ղջը, ինչ որ կա, չնչի՛ն է.
Ինչ որ կա — երա՛զ է, ու երազը` ծուխ, —
Դու սիրիր միայն երգը, տխրությունն ու կինը,
Որ քեզ պես անցողիկ է ու քեզ պես մահացո՛ւ:

Եվ այսպես – նա խաբե՛ց քեզ ու մնաց նա մոտդ
Ամենուր հետևե՛ց նա ու հսկեց նա քեզ:
Եվ անգամ չկորավ նա այն խնդուն առավոտը,
Երբ ցնդեց մառախուղը և արևը ծագեց…

Այդ գունատ սուբյեկտը:- Նա մի խեղճ կրետի՛ն է,
Նա հիվանդ երազող է, նա մելանխոլի՛կ,-
Բայց նրա հայացքի տակ, տե՛ս, ցնդում է գետինը
Եվ փոխվում է աշխարհը մանկական հոլի…

Թե չգար այդ սուբյեկտը, չբռներ թե վզիցդ`
Ախ, գուցե դառնայի՛ր դու հանճարեղ Իկար, —
Բայց նայի՛ր` քաշել է իր մթին շրջագիծը
Եվ ցմահ քեզ գերե՛լ է այդ սրիկա՛ն…

Կքամի նա ուղեղդ, կծծի եռանդդ,
Կխմե արյունդ` քեզ գերի դեռ թե —
Օ, խեղդի՛ր, քանի շուտ է, օ, խեղդի՛ր նրան դու
Քանի ինքը, քանի ինքը դեռ քեզ չի խեղդել…

1927, 29. III Արմավիր, ճաշարանում

ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑ

22 Հկտ

ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԸ*
(առաջին հրապարակում)

Անդրկովկասն ընկած է երկրագնդի այն շրջանում, որ գիտության մեջ հայտնի է որպես երկրաշարժի ենթակա գոտի: Վերջին 15 տարում մենք ունեցանք Գորիի երկրաշարժը 1920 թ., ապա Լենինականի և այս տարի` Զանգեզուրի երկրաշարժերը:
Պատմությունից հայտնի են երկրաշարժի ավելի մեծ աղետներ, օրինակ` Շամախին: 1679 թ. Երևանում եղել է մի այնպիսի երկրաշարժ, որ ինչպես ականատեսներն են նկարագրում, քարը քարի վրա չի մնացել: Միայն Քանաքեռ գյուղում սպանվել է 900 մարդ: :
Այսպես է գրում մի ականատես: Այն ժամանակվա պատմագիրները մանրամասն նկարագրել են բերդի, վանքերի, մեջիդների, խաների և սարդարների պալատների, կամուրջների ավերածությունը, իսկ հասարակ ժողովրդի մասին մի քանի խոսք են ասել:
Ինչո՞ւ է այդքան ժողովուրդ ոչնչացել երկրաշարժի ժամանակ: Միայն նրա համար, որ չի եղել ոչ հասարակական և ոչ էլ պետական օգնություն:
Երևանի երկրաշարժի հետևանքով ոչնչացել է մոտ 12 հազար մարդ, ամայացել են ամբողջ գյուղեր, ժողովուրդը կանաչով է պրել, սկսվել են սովը, հիվանդությունները, հրդեհները, որոնք տասն անգամ ավելի շատ վնասներ են խլել, քան երկրաշարժը:
Երևանի սարդարը ձիավոր սուրհանդակ է ուղարկել Նախիջևան` օգնություն խնդրելու, այնտեղից էլ ուղարկել են Թավրիզ, մինչև պատասխանը ստացվել է, անցել է քսան օր: Ուրիշ երկրների խաները մտարակի զոռով հավաքել էին ժողովրդից ցորեն, բրինձ և ուղտերի քարավանով ուղարկել էին Երևան:
Այսպես էր , որից ոչ մի աղետյալ ոչ մի կոտ ցորեն չի ստացել, ամբողջը կլանել են սարդարները, Երևանի մելիքները:
Պատմությունից վերցրած այս տեղեկությունները մենք բերում ենք, որպեսզի պարզ լինի, թե մեր երկրի համար երկրաշարժն անծանոթ բան չի և որ երկրաշարժը այնքան սարսափելի չի, ինչքան օգնության բացակայությունը և նրա հետևանքով առաջացած սովն ու հիվանդությունը:
Զանգեզուրի երկրաշարժի երրորդ օրն իսկ Երևանից, Թիֆլիսից, Բաքվից այնքան բժշկական ու սանիտարական բրիգադներ գնացին, որ ամենակարճ ժամանակում բոլոր վիրավորները ստացան բժշկական օգնություն: Նույնը և սնունդի կազմակերպման գործը, հագուստեղենի խնդիրը, վրանները, տուժած գյուղացիներին տեղավորելը,- այս ամենը կատարվեց ամենակարճ ժամանակամիջոցում և ավարտվեց առաջին օգնությունը:
Երկու շաբաթ չի անցել աղետից, մենք արդեն պատրաստվում ենք նոր, սոցիալիստական Զանգեզուրի վերաշինման ծրագիրը: Լայնածավալ Խորհրդային Միության բոլոր անկյուններից հեռագրեր են ստացվում օգնության մասին: Ուկրաինայից մինչև Դաղստան, Դոնբասից Սիբիր, մինչև հետավոր Յակուտիան, բոլոր տեղերի կուսակցական, խորհրդային և հասարակական մարմինները կազմակերպում են օգնություն` ինտերնացիանալ շաղկապի նշանաբանի և սոցիալիստական Զանգեզուր վերաշինելու լոզունգի տակ:
Բուրժուական ոչ մի երկրից ոչ մի օգնություն չենք խնդրի: Մեր սեփական ուժերով ամենակարճ ժամանակամիջոցում կկառուցենք օրինակելի կոլտնտեսությունների և անասնապահական խոշոր սովխոզների Զանգեզուր, նոր կոլերիտ դպրոցներով, կոլեկտիվի քաղաքատիպ բնակարաններով,- և այդ ռայոնները կդառնան սոցիալիստական անասնապահության ռայոններ:
Զանգեզուրի աղետի շուրջը հակախորհրդային դաշնակ կուլակային տարրերն աշխատում են պրովակացիա ստեղծել, առաջ բերելու հուսալքում, պղտորելու ջուրը, անվստահություն սերմանելու դեպի այն մեծ շինարարությունը, որ ծավալվում է երկրաշարժից տուժած վայրերում, հարվածելու առաջին հերթին գարնանացանի աշխատանքները, որոնց առանց գլուխ կորցնելու և հարվածային տեմպերով ձեռնամուխ եղան Զանգեզուրի կոլխոզնիկն ու գյուղացին:
Երկրաշարժի առթիվ միշտ էլ տարածվել են պառավական զրույցներ աշխարհի կործանման և աստծո պատժի մասին: Երևանի մեծ երկրաշարժից հետո լուրեր են տարածում, թե հավերի փորում սև օձ կա, որ աստված ուղարկել ի իբրև պատիժ: Այն ժամանակվա սնատիապաշտ ժողովուրդը սկսել է հավերի կատարյալ ջարդ, նույնիսկ կենդանի թաղելով նրանց: Հազարավոր հավեր են մատաղ բերել վանքերին, խաչերին, եկեղեցիներին: Դրա հետ միասին ստեղծվել են սուտ լուրեր ինչ-որ սև ջրի մասին, որ իբրև թե ժայթքել է և խեղդելու է ամբողջ աշխարհը:
Իհարկե, այսպիսի լուրերը հիմա ծիծաղ կառաջացնեն: Պրովակացիան հավերի սև ջրի մասին չէ, այլ սպասվելիք իբրև թե մեծ երկրաշարժի մասին, որ տարածում է մեր թշնամին` խուճապ և հուսալքում առաջ բերելու նպատակով:
Այդ նրանց չի հաջողվի: Երկրաշարժը հետևանք է ստորջրյա խոշոր զանգվածների տեղաշարժումների: Գիտությունը մինչև հիմա ուսումնասիրել է երկրաշարժի պատճառները, շատ շուտով նա կարող է և նախօրոք գուշակել երկրաշարժը, ազդարարել այնպես, ինչպես մոլորակների մեջ կատարվող երևույթները:
Բնության տարերքի պատճառած աղետը մեզ չի հուսալքի: Մենք կկառուցենք հզոր և հարուստ կոլեկտիվներ և սովխոզներ, Զանգեզուրը կդարձնենք մեր անպարտելի սոցիալիստական բերդերից մեկը:

* Զանգեզուրի երկրաշարժը տեղի է ունեցել 1931 թ: Այն պատճառեց ահռելի ավերածություններ, ի շարս որոնց ավերվեց նաև Տաթևի նշանավոր վանքը:

%d bloggers like this: