Tag Archives: բախտ

ԱՊՈԿԱԼԻՊՍԻՍ

1 Ապր

Մարդ պիտի բախտ ունենա: Թե որ չեղավ` թեկուզ երկնքից մանանա թափվի, իզուր է:
Ասենք թե ուշ գիշերով տուն ես գալիս: Աշխարհի հետ ոչ մի առնելիք-տալիք չունես: Ուզածդ մի բան է միայն. չհարցնեն, թե որտեղ էիր: Ասեին` ինչ լավ է, որ եկար, տաք սուրճը քեզ է սպասում, հետո հանվիր, անկողին մտիր` հոգնած կլինես: Չէ, ո՞նց կլինի: Ախր դու բախտ չունես, է… Չունես ու վերջ: Չկա: Նյետու: Ոտքդ դեռ շեմքից ներս չես դրել` հարցդ ուզես:
Դու, իհարկե, տղամարդ ես: Շվարած չես կանգնի, չէ: Ոչ էլ սուտ կասես (մեկ է` չեն հավատա): Ուրեմն ի՞նչ ես անելու: Ճիշտ է: Սկսիր բախտից բողոքել: Ասա, որ էդ անտերից մի գրամ էլ իսկի չկա, ասա, որ կյանքում երեսն էլ տեսած չկաս, որ բախտ բաժանելիս դու ընդհանրապես հերթի մեջ չէիր, որ… Մի խոսքով, մի բան ասա… Չկասկածես: Մի վայրկյան անգամ չկասկածես: Որովհետև քեզ արդեն հարբածի տեղ են դրել: Դեռ կոշիկներիդ կապերն էլ իրենք կարձակեն, մինուճար շալվարդ հագիցդ կհանեն ու շրմփ` լվացքի մեջ (մինչև առավոտ չորացավ` չորացավ, չէ, ուրեմն ճարդ տես), կասեն, որ խմելը մի օր տունդ քանդելու է (չփորձես հակաճառել, թե իբր արդեն ինչքան պետք է` քանդել է), թևերդ ընկած կհրեն ննջարան ու լույսը կանջատեն: Դու էլ չկաս: Էս տանը չես: Ի՞նչ ես անելու: Ճիշտ է, քնելու ես: Ինչքան շուտ ու խորը` այնքան քո շահն է…
Ի՞նչ: Քունդ չի՞ տանում: Դե գիտե՞ս ինչ, դա արդեն տնաքանդություն է: Ասենք` դու գիտես, քեզ համար էինք ասում: Կուզե՞ս, թեկուզ հենց հիմա մի բարակ շապիկ քաշիր վրադ ու վեր կաց: (Կմտածեն` երևի սիրտն է խառնում, թասը կսեղմեն բկիդ. առ ու պահիր): Հետո՞: Հետո էն, որ կես ժամից քեզ շատ հանրամատչելի ձևով կբացատրեն, թե ինչ ասել է բախտ չունենալ (մռփեիր, էլի…):
— Չասացիր, է՞, թե էս ուշ ժամին որտեղից ես գալիս…
(Տանը մուրճ ունե՞ք. վերցրու ու խփիր գլխիդ, օգնում է):
Դու, իհարկե, լռում ես, իբր` բերանս մի բացեք, հոգնած եմ, իբր` իմ դարդը քիչ էր, հիմա էլ սրանք: Բայց չէ, հույս չունենաս, քանի կենդանի ես, քանի դեռ բերանդ շունչ կա, հարցնելու են: (Արդեն լուրջ եմ հարցնում` մուրճ ունե՞ք):
Վեր կաց, հիստերիկ շարժումներով ծխախոտ վառիր ու դուրս արի պատշգամբ, իբր` գլուխս առնեմ ու՞ր գնամ էս տնից: Դուրս եկա՞ր: Ապրես: Հիմա կանգնիր: (Մուրճը չգտա՞ր):
Կանգնեցի՞ր: Կեցցես: Հիշում ես, չէ՞, որ շալվարդ արդեն մի կես ժամ կլինի` հագիդ չէ: Լավ է, որ հիշում ես: Ուրեմն ի՞նչ պիտի անե՞ս… Բա կասեիր, էլի… Տո ցնդած, ո՞նց պիտի գնաս հագնես, թե որ ջրի մեջ է… Հագնեմ… Թան էլ չէ, բրդած մածուն: Քեզ ասում են` կանգնիր, ուրեմն կանգնիր: Այդպես: Հիմա ինձ լսիր:
Նախ, վերև չենք նայում: Ինչու, հա ինչու: Որովհետև, քաղցրիկ ջան, էս աշխարհում քո բարեհաճ թույլտվությամբ ուրիշ մարդիկ էլ են ապրում, օրինակի համար, վերևիդ հարևանը… Հասկացար, հա՞: Դե, փառքդ շատ, աստված, էս մի բանը շուտ հասկացար: Ուրեմն չես նայում: Հիմա լսիր, թե ինչ եմ ասում: Դու որ չես նայում, դեռ չի նշանակում, թե նա էլ չի նայում: Այն էլ ոնց է նայում: Ասենք, դու շատ էլ վատ մի զգա. քեզ չի նայում, շալվար չեղած տեղին է նայում: Կնայի, կնայի, հետո կհոգնի, կգնա, հո քեզ պես չի առնելու` չորանա պատշգամբում:
Բայց չէ, սպասիր, ոնց որ թե բան է հարցնում, հը՞… Ասա` ֆուտբոլ էի նայում, դրա համար եմ էս շորերով… Ի՞նչ, խաղի հաշի՞վն է հարցնում: Այ մարդ, ասա, իմ սև սիրտ, քո վարդագույն… Կամ հակառակը… Վերջը, մի բան ասա:
Ի՞նչ: Գնա՞ս: Ու՞ր, նե՞րս: Ախ, հա, մյուս կողմի վրա: Դե դա արդեն բախտի հետ կապ չունի: Դրան դժբախտ պատահար են ասում:
Հիմա ի՞նչ անես: Ես ի՞նչ գիտեմ` ինչ անես: Ժամանակին տուն գայիր, այ թե ինչ անես… Լավ, սպասիր, մի բան կմտածեմ:
Ինձ լսիր, ինչ ասեմ` նույնությամբ արա: Ձայն տուր հարևանիդ: Ո՞նց թե` որ մեկին: Նա, որ քեզնով էր հիանում: Ասա` իջիր, նարդի խաղանք… Ջհանդամը, թե խաղալ չգիտի: Բանուգործ թողնեմ, նստեմ խաղալ սովորեցնե՞մ: Համոզիր, մի բան հնարիր: Ասա թող իրենց մուրճն էլ հետը վերցնի (ընկերով մահը հարսանիք է):
Ի՞նչ, չի գալի՞ս: Վայ քո… Նամարդ: Ասենք` ճիշտ է անում: Ո՞ր խելառը գիշերով տկլոր մարդու հետ գլուխ կդնի: Հերիք չի` բախտ չունի, դեռ մուրճ էլ չունի: Երևի պարան էլ չունեք, չէ՞, որ կախվեիր ու ազատեիր քեզ էլ, մեզ էլ: Ասում էի, չէ՞, որ չեն ունենա: Վատ է: Շատ վատ է: Ես կասեի` համարյա անհույս է… Մնաց միայն մի տարբերակ: Այլընտրանք չկա: Հայ-հայդ գնացել` վայ-վայդ է մնացել: Ապրել ես ուզում` պիտի տառապես: Երևի Տերն այդպես կամեցավ…
Բայց ներս գնալուց առաջ սպասիր` մի բան էլ ասեմ: Չգիտեմ, թե էդ գեհենը ինչքան կտևի, թե առավոտյան քանի կապտուկ կհաշվեմ դեմքիդ, սակայն եթե գիտակցությունդ կորցրած չլինես, էս մի բանը լավ միտքդ պահիր. ճիշտ է, որ մարդը պիտի բախտ ունենա, բայց իմացած լինես, որ բախտն էլ իր հերթին երազում է խելքը գլխին բախտատեր ունենալու մասին…

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

ՌԱԲԻՆԴՐԱՆԱԹ ԹԱԳՈՐ

9 Հնվ

ՊԱՐՏԻԶՊԱՆԸ
Օրը դեռ չի վերջացել, շուկան դեռ չի փակվել, շուկան գետի եզերքին:
Ես կարծում էի, թե ժամանակս ապարդյուն անցավ և կորավ վերջին հույսն իմ:
Բայց ո՛չ, եղբա՛յր իմ, դեռ էլի մի բան մնացել է մոտս:
Բախտն ինձ հիմնովին դեռ չի կողոպտել:

Առևտուրը վերջացավ:
Երկու կողմից էլ հաշվարկը պարզ է: Արդ, ժամանակն է, որ ես տուն գնամ:
Հը՛, դռնապան, հա՞րկ ես պահանջում:
Մի վախեցիր, մա՛րդ, դեռ էլի մի բան մնացել է մոտս:
Բախտն ինձ հիմնովին դեռ չի կողոպտել:

Քամու օրորը փոթորկով է սպառնում, և արևմուտքում կուտակվող ամպերը լավ բան չեն գուշակում:
Խաղաղ ջրերը սպասում են հողմին:
Շտապում եմ անցնել գետը` քանի գիշերը վրա չի հասել:
Հը՛, լաստավար, քեզ պետք է վճարեմ:
Ա՛ռ, եղբա՛յրս, դեռ էլի մի բան մնացել է մոտս:
Բախտն ինձ հիմնովին դեռ չի կողոպտել:

Ճանապարհի եզրին, ծառի տակ նստած է մուրացկանը: Ավա՜ղ, նա երկչոտ հույսով նայում է դեմքիս:
Նա կարծում է, թե այսօրվա գործով հարստացել եմ:
Այո՛, իմ եղբայր, դեռ էլի մի բան մնացել է մոտս:
Բախտն ինձ հիմնովին դեռ չի կողոպտել:

Գիշերն ավելի է մթնում, ճամփան դատարկվում է: Լուսատտիկներն առկայծում են թփերում:
Ո՞վ ես դու, որ գաղտագողի, անշշուկ քայլերով հետևում ես ինձ:
Գիտե՛մ, գիտեմ — դու ուզում ես հափշտակել ամբողջ վաստակս: Ես քեզ չեմ հուսախաբի:
Որովհետև դեռ էլի մի բան մնացել է մոտս:
Բախտն ինձ հիմնովին դեռ չի կողոպտել:

Կես-գիշերին տուն եմ գալիս դատարկ ձեռքերով:
Անքուն ու տագնապալի աչքերով դու անհամբեր սպասում ես ինձ իմ դռան մոտ:
Երկչոտ թռչունի պես դու գիրկս ես ընկնում, կրքոտ, անզուսպ սիրով:
Ա՜խ, աստված, այո՛, այո՛, ես դեռ շատ բան ունեմ:
Բախտն ինձ հիմնովին դեռ չի կողոպտել:

ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ

11 Նյմ

Ես հաշտ էի ապրում իմ բախտի հետ
Ու տարբերում հստակ չարն ու բարին,
Բայց դու ինչո՞ւ եկար, իմ սեթևեթ,
Ու կանգնեցիր սիրուս ճանապարհին:
Ինչո՞ւ եկար, որ ես ոչինչ, ոչինչ
Չհասկանամ նորից պատանու պես,
Ոչ հայացքները քո խրթին ու ջինջ,
Ոչ հմայքները քո և չար և հեզ:
Ինչո՞ւ եկար, որ ես երազանքիս
Շքեղ գաղտնարանը նորից բանամ,
Ծիածաններ, գույներ հանեմ անգին,
Քեզ զարդարեմ ու լուռ սքանչանամ:
Որ քեզ հանեմ լուսե մի բարձունքի
Ու կերպարանքը քո լույսով ցողեմ,
Մաքրության մեջ վճիտ իմ արցունքի
Ամբողջ քո հասակը արտացոլեմ:
Եվ որ հետո, հետո բերեմ քեզ վար
Իբրև իմ իսկ ձեռքով կերտված բագին…
Ես հաշտ էի ապրում, ինչո՞ւ եկար
Ինձ մատնելու այս հին տառապանքին:

%d bloggers like this: