Tag Archives: Բաթում

Վախեցած Շևարդնաձեն կամ Ռոքի թունել-2

9 Դկտ

Բավական է, որ հայ-վրացական հարաբերություններում աննշան ջերմացման միտումներ նկատվեն, երբ անմիջապես գտնվում է մեկը, ով թեթև ձեռքով պղտորում է զուլալվող ջրերը: Այս անգամ իր ձեռքերը թացացնելուց չխորշեց Վրաստանի նախկին նախագահ Էդվարդ Շևարդնաձեն: Ծերուկին լուրջ անհանգստացրել էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այցը Վրաստան և առանձնապես այն փաստը, որ երկու երկրների միջև համաձայնություն էր ձեռք բերվել նոր թափ հաղորդել Գոդերձի լեռնանցքով Հայաստանն ու Բաթում քաղաքն իրար կապող մայրուղու շինարարությունը: Համատեղ ասուլիսի ժամանակ Հայաստանի նախագահն ասաց, որ «2012-ին շահագործման կհանձնվի «Հյուսիս-հարավ» մայրուղին, որը կմիանա Նինոծմինդա-Բաթում ճանապարհին, ինչը հնարավորություն կտա որակյալ ճանապարհով Պարսից ծոցից Վրաստան բեռներ փոխադրել», իսկ Վրաստանի նախագահ Սահակաշվիլին իր հերթին շեշտեց, թե դա ավելի կմեծացնի հայ զբոսաշրջիկների հոսքը Վրաստան:
Թվում է՝ ցանկությունների ու հեռանկարների մեջ դժվար է ուրիշ մի բան գտնել, քան երկկողմանի շահավետություն և փոխադարձ շահագրգռվածություն: Բայց արի ու տես, որ Շևարդնաձեին հաջողվեց երրորդն էլ գտնել, և դա այլ բան չէր, քան սպառնալիքը: Ըստ նրա, Հայաստանն Աջարիային կապող ավտոմայրուղու նախագիծը կարող է ժողովրդագրական խնդիրներ առաջացնել Վրաստանում: Ահա այսպես նա իր վախերը կիսեց «Ասավալ-Դասավալի» շաբաթաթերթին տված հարցազրույցում: Եվ որպեսզի սեփական հոգու տագնապներն էլ ավելի առարկայական մատուցվեն, Շևարդնաձեն հուսահատված բացականչեց. «Նայեք Աբխազիային. այնտեղ ավելի շատ հայեր են ապրում, քան աբխազներ»։ Ավելորդ է ասել, որ իրավիճակի գույները խտացնելու համար նրան ևս մի փաստարկ էլ էր անհրաժեշտ, և այդ նպատակի համար սկսեց ինչ-ինչ դատողություններ անել այն մասին, թե իբր չի բացառում, որ Վրաստանի իշխանությունները զիջման կգնան, Հայաստանին կվերադարձնեն Վրաստանի տարածքում գտնվող «վիճելի եկեղեցիները» և այլն, և այլն:
Կա երկու տարբերակ այսպիսի մտքեր արտահայտելու համար: Կամ մարդը պիտի բացարձակ անտեղյակ լինի, կամ նա մտադրվել է միտումնաբար սադրանք հրահրել և թշնամանք սերմանել հայերի հանդեպ: Ինչ խոսք, Շևարդնաձեին անտեղյակ համարելը լուրջ չէ: Կնշանակի՝ մնում է երկրորդ տարբերակը: Եվ հիմա բացատրենք, թե ինչու: Վրաստանի հարավ-արևմուտքում գտնվող Աջարիայում, համաձայն վերջին տվյալների, ապրում են շուրջ 12 հազար հայեր, այն դեպքում, երբ այդ ինքնավար հանրապետության բնակչությունը կազմում է ավելի քան 380 հազար: Այժմ ինքներդ հաշվեք, թե դա որ տոկոսն է և որքանով կարող է իրենից ժողովրդագրական պատկերը փոփոխելու վտանգ ներկայացնել: Ավելորդ է նշելը, որ վրացիները Աջարիայի բնակչության 93, 4 տոկոսն են կազմում, իսկ, ասենք, ռուսները հայերից ավելին են: Ի դեպ, 20 տարի առաջ տեղի հայկական համայնքն ավելի մեծ էր. այն ժամանակ նրանց թիվը հասնում էր 20 հազարի: Ու եթե խոսելու լինենք ժողովրդագրության մասին, ապա ակնհայտը անկումն է, այլ ոչ թե աճը: Դրա հետ մեկտեղ մայրուղու առկայությամբ հոսք պայմանավորելը ու դեռ դա Աբխազիայի հետ համեմատելն առնվազն հիմարություն է: Ո՞վ չգիտի, որ արդեն քանի տարի փակ են ոչ միայն Հայաստանից դեպի Աբխազիա տանող ճանապարհները, այլև երկաթգիծը: Սակայն այսպիսի իրողությունները հազիվ թե Շևարդնաձեին խանգարեն իր ասելիքը պնդելու համար: Ու քանի որ առիթը ներկայացել է, ապա կարծում ենք, արժե նաև նշել, որ նման միտումը միայն զառամյալ գործչի մտասևեռումը չէ: Եկեք վերհիշենք, թե ինչպես էին ոչ հեռու անցյալում վրացի քաղաքականագետները մեղադրում սեփական կառավարությանն անհեռատեսության մեջ՝ նշելով, որ Ախալքալաք-Բաթում ավտոմայրուղու ստեղծման գաղափարն ընդունվել է այն իշխանական համակարգի կողմից, որը Վրաստանին հասցրեց ռազմական դրության և պետականության մասնատման: «Եթե ավտոմայրուղին դառնա ռուսական անձնագրերի բաժանման համաճարակի աղբյուր, թող ոչ ոք չնեղանա, եթե Վրաստանը դադարեցնի մայրուղու շինարարությունը»,- բացահայտ սպառնալիք էր հղում քաղաքագետ Սոսո Ցիսկարիշվիլին՝ հարցը տեղափոխելով միանգամայն այլ հարթություն: Այո, բազմաթիվ վրացիներ այսօր էլ Հայաստանից եկող ռուսական վտանգի ուրվականն են տեսնում և համոզված պնդում են, թե Երևան-Բաթում ավտոմայրուղին կարող է դառնալ «Ռոքի թունել-2»՝ հանգեցնելով Վրաստանի հերթական մասնատմանը: «Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ Գյումրիում տեղակայված ռուսական զորքն այդ ճանապահով չի շարժվի Վրաստան»,- կրկնում են նրանք: Իսկ եթե ասվածին գումարենք նաև այն, թե իբր մայրուղին կօգնի ջավախահայերին հանդես գալու Վրաստանի դեմ, ապա ամբողջական կդառնան այս ողջ սադրանքի ոչ միայն ծավալները, այլև անհեթեթության խորությունը: Նման պարագայում ուղղակի անիմաստ է դառնում մարդկանց բացատրել այն պարզ ճշմարտությունը, որ խնդիրները ծնվում են ոչ թե թունելներից կամ մայրուղիներից, այլ հանգամանքներից ու արատավոր քաղաքականությունից…
Վերադառնալով Շևարդնաձեի անձին, թերևս արժե մեջբերել Ռազմավարական և միջազգային հետազոտությունների վրացական հիմնադրամի ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Ռոնդելի մեկնաբանությունից մի հատված, որ վերաբերում է արծարծվող խնդրին. «Նա չափազանց շատ մեկնաբանություններ, գնահատականներ է տալիս, ընդ որում` դրանք ոչ միշտ են ադեկվատ: Հավանաբար, պատճառներց մեկը տարիքն է… Շևարդնաձեն հանգստի մեջ է, և, ըստ ամենայնի, ջանում է ռևանշի հասնել գործող իշխանությունների նկատմամբ: Նրա մեջ վիրավորանքն է խոսում»,-նշել է Ռոնդելին` ընդգծելով, որ ոչ մի էական գնահատական Շևարդնաձեի խոսքերի տակ պետք չէ փնտրել: «Այդ հայտարարությանն ընդհանրապես պետք չէ ուշադրություն դարձնել»,-եզրափակել է նա:
Ինչ խոսք, կարելի էր նաև ուշադրություն չդարձնել, եթե դա լիներ միակ ու վերջին ասույթը հայերի հասցեին: Կարելի էր նույնիսկ ըմբռնումով վերաբերվել, եթե Աջարիայի ժողովրդագրական ապագայով անհանգստացողները նշեին նաև այն մասին, թե վերջին մի քանի տարիների ընթացքում Բաթումում թուրքական խոշոր ընկերություններն ինչպիսի լուրջ ներդրումներ են անում, ինչպես են հայտնի թուրք գործարարները Աջարիայում տներ գնում, բնակություն հաստատում, և թուրքերի թիվն այդ վայրերում ինչպիսի զգալի աճել է արձանագրել: Բայց չէ: Ինչու՞ վիրավորել բարեկամ թուրքերին, եթե կան հայերը:
Իբրև ասվածի հավելում նշենք նաև, որ այս օրերին ակտիվացել են հայ-աջարական շփումները: Գործարարների, դիվանագետների ու պաշտոնյաների հանդիպումների ժամանակ քննարկվում են գյուղարտադրության, գյուղմթերքների վերամշակման, առևտրաշրջանառության բնագավառներում Հայաստանի ու Աջարիայի միջև համագործակցության զարգացման, ներդրումների խթանման հարցեր: Ծրագրվում է առաջիկայում Բաթումում անցկացնել հայկական մշակույթի օրեր: Անդրադարձ է եղել Աջարիայում հայ աշակերտների շրջանում հայոց լեզվի, գրականության և պատմության ուսուցման որակը բարձրացնելու անհրաշետությունը։ Ինչպես ասում են, քարավանը առաջ է շարժվում, որքան էլ մոտակայքից լսվում են այլ չորքոտանիների ձայները…

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Մեզնից բացի բոլորն անհանգիստ են

6 Ապր

Տեղեկությունն այն մասին, որ Բաթումի նավահանգստում հայտնաբերվել են բարձր ռադիացիա պարունակող բեռներ, ինչի կապակցությամբ նավահանգիստը փակվել է, իսկ աշխատակիցները` տարհանվել, անխտիր բոլորին անհանգստություն պատճառեց, բացի Հայաստանին: Մենչդեռ ամենքն էլ գիտեն, որ մեր հանրապետություն ներմուծվող բեռների մի մասն այդ ճանապարհով է գալիս: Երբ այս հարցով դիմեցին պատկան մարմիններին, պատասխանն այն եղավ, որ Հայաստանի տրանսպորտի ու կապի նախարարությունը պաշտոնական տեղեկատվություն չի ստացել Բաթումիի նավահանգստում հայկական բեռների վիճակի մասին: Այսինքն` ինքներս չենք հետաքրքրվի մեր բեռների վիճակով, քանի դեռ վրացիները մեզ դրա մասին չեն ասել:
Նույն պատկերն է երկիր ներկրվող սննդամթերքի ստուգման ոլորտում: Արդեն մի քանի անգամ ահազանգ է հնչեցվել, որպեսզի առողջապահության և գյուղատնտեսության նախարարությունները միջոցներ ձեռք առնեն հայաստանյան մաքսակետերում Ճապոնիայից ու մի շարք այլ երկրներից ներկրվող ապրանքների վրա լրացուցիչ վերահսկողություն սահմանելու համար։ Գաղտնիք չէ, որ ճապոնական «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ում տեղի ունեցած վթարից հետո ռադիոացիոն ալիքը հասել է նաև Ռուսաստան, Չինաստան և ԱՄՆ, իսկ Հայաստանն այդ երկրներից մեծ քանակությամբ սնունդ է ներմուծում: Ու եթե այսօր հանրապետության որևէ քաղաքացի հստակ պատկերացում չունի՝ վերահսկելի՞ է սննդամթերքի որակը մեր երկրում և իր գնած ապրանքներն իրո՞ք անվտանգ են, ապա շարքային սպառողի շահերը քչերին են մտահոգում:
Բայց արի ու տես, որ մեզնից առավել անհանգստացած են մեր մոտիկ ու հեռու հարևանները: Իհարկե, նրանք առաջին հերթին անհանգստացած են իրենց համար, երբ ճապոնական աղետից հետո համոզված պնդում են, թե հայկական ԱԷԿ-ը նույնքան վտանգավոր է ու լրջորեն սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը: Օրերս Ժնևում կայացած «Խորհրդարանների դերը սպառազինությունների վերահսկման, զինաթափման և զանգվածային ոչնչացման զենքերի չտարածման գործում» խորագրով սեմինարի ընթացքում Թուրքիայի ու Ադրբեջանի ներկայացուցիչները, շեղվելով սեմինարի հիմնական նյութից, անդրադարձան Մեծամորի տաոմակայանի աշխատանքին, ինչպես նաև նոր կառուցվելիք ատոմակայանի շինարարության հարցերին` նշելով, թե սեյսմիկ գոտում ԱԷԿ-ի գործունեությունը մտահոգություն է ներկայացնում ողջ տարածաշրջանի համար: Նրանք կոչ արեցին փակել ատոմակայանը, ինչպես նաև դիմեցին ԱՄՆ-ին ու Եվրամիությանը` չաջակցել նոր ԱԷԿ-ի շինարարությանը և չֆինանսավորել այն:
Այս երկու երկրներից ետ չի մնում հարևան Վրաստանը: Բազում կարծիքներին վերջերս հավելվեց նաև Վրաստանի նախկին նախագահ Է. Շևարդնաձեի տեսակետը: «Ինչպես պարզվել է, Հայաստանի ատոմակայանը բարդ վիճակում է, եւ այնտեղ անվտանգության ոչ մի երաշխիք չկա, ինչն ակնհայտորեն սպառնում է ամբողջ տարածաշրջանին»,- նշել էր Շևարդնաձեն ու հավելել, որ նման պայմաններում Վրաստանի իշխանությունները պարտավոր են բանակցություններ սկսել Հայաստանի հետ ու անել հնարավորը հավանական ողբերգությունից խուսափելու համար: Ի դեպ, նույն օրերին «Շաբաթվա ներկապնակ» վրացական հանդեսը հայկական ԱԷԿ-ի շուրջ հասարակական կարծիքի հարցում էր անցկացրել: Հարցման մասնակիցների 86,3 տոկոսը հայտարարել էր, որ Մեծամորի ԱԷԿ-ը չափազանց լուրջ վտանգ է ներկայացնում իրենց երկրի համար:
Իսկ այդ ընթացքում տագնապները մեր տարածաշրջանից շատ ավելի հեռուներն են հասնում: Այսպես, Եվրամիությունը որոշում է կայացրել կառուցվող և արդեն գործարկվող ԱԷԿ-երի թեստավորում իրականացնել ինչպես ԵՄ անդամ բոլոր երկրներում, այնպես էլ ողջ աշխարհում: Մեծամորն այս ցանկում առաջիններից մեկն է: Արձագանքելով նման պահանջներին, ԱՄՆ կոնգրեսմեն Ջեյմս Մորանը իր կարծիքն է հայտնել հայկական ատոմակայանի վերաբերյալ. «Հայաստանի էլեկտրաէներգիայի 40 տոկոսը բավարարող Մեծամորի ատոմակայանը կառուցվել է հետխորհրդային ժամանակներում և չի համապատասխանում անվտանգության ներկայիս չափանիշներին»: Կոնգրեսականը նաև խոստացել է, որ ուշադիր կհետևի անցկացվող կամպանիայի ընթացքին և այդ հարցը կքննարկվի ԱՄՆ կոնգրեսում:
Ամերիկացիները նաև նախատեսել են Հայաստանում մինչև սեպտեմբեր կազմակերպել «Միջուկային կամ ճառագայթաակտիվ (ռադիացիոն) վթարների հետ կապված արտակարգ իրավիճակների կառավարման օրենսդրական հիմքեր» անվամբ կոնֆերանս։ Ֆինանսավորումը իրենցն է, մասնակցությունը` մերը:
Այստեղ հարկ է նկատել, որ Ռուսաստանը ևս առանձնապես շահագրգռված չէ հայկական ատոմակայանի երկարակեցությամբ: Թեև նրանք հասկանում են, որ հայերն էներգիայի այլընտրանքային աղբյուրներ չունեն, և ԱԷԿ-ից կառչած մնալը որոշ իմաստով պարտադրված ելք է, սակայն դրա վտանգների մասին ահազանգել չեն զլանում: Այս կրավորական վերաբերմունքը նույնիսկ առիթ տվեց ենթադրելու, թե խնդիրը կապված է մոտ ժամանակներս գործարկվող Հրազդանի ՊՇԷԿ-ի հետ: Որպեսզի 5-րդ բլոկն աշխատի եւ եկամուտներ ապահովի ներդրումներ կատարած Ռուսաստանի համար, ատոմակայանի բացակայությունը չափազանց տեղին ու շահավետ կլինի:
Իսկ ի՞նչ է անում Հայաստանն այս ընթացքում: Էական ոչինչ: Օրերս ատոմակայանը դադարեցրեց իր աշխատանքները: Մասնագետներն ասացին, որ ըստ աշխատանքային կանոնակարգի` տարեկան մեկ անգամ նախատեսվում է կայանում իրականացնել էներգաբլոկի պրոֆիլակտիկ նորոգման և մաքրման աշխատանքներ: Բայց վերջին անգամ ԱԷԿ-ը կանգնեցվել էր հոկտեմբերին` 55 օրով: Այսինքն տարին չի լրացել, առավելագունը կես տարին է անցել: Միայն թե մեր պատասխանատուներից այս առթիվ որևէ տրամաբանված բացատրություն լսելն անհույս է: Դրա փոխարեն բոլոր կարգի ահազանգերին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը պատասխանում է, թե իր համար ատոմակայանի անվտանգության խնդրի հետ կապված հասարակության մտահոգիչ հայտարարությունները քննարկելը տեղին չէ:
Մնում է հուսալ, որ համանման անհոգության պայմաններում գոնե բնությունն ու երկրակեղևը մեր հանդեպ բարեհաճ կգտնվեն:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: