Tag Archives: Բագրատ Հովհաննիսյան

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ՄԻ ԱՆՀԱՅՏ ՆԱՄԱԿ

11 Փտր

22261969 թվականին` Հովհաննես Թումանյանի ծննդյան 100-ամյակին, «Հայֆիլմ» կինոստուդիան որոշում է նկարահանել մի կինոալմանախ, որտեղ ընդգրկվելու էին գրողի երեք ստեղծագործությունները: Դրանց թվում էր նաև «Աղքատի պատիվը» պատմվածը: Պատմվածքը սցենարի վերածելու աշխատանքները ստանձնում է Հրանտ Մաթևոսյանը: Սակայն հենց սկզբից ի հայտ են գալիս տարաձայնություններ` մասնավորապես այն հարցի շուրջ, թե ու՞մ պետք է վստահել ֆիլմի նկարահանումները: Պարզվում է, որ կինոռեժիսոր Բագրատ Հովհաննիսյանի թեկնածությունը ոչ բոլորի սրտով էր: Եվ այդ ժամանակ Հրանտ Մաթևոսյանը մի նամակ է հղում ՀԽՍՀ Կինեմատոգրաֆիայի պետական կոմիտեի նախագահ Գևորգ Հայրյանին: Ստորև ներկայացնում ենք նամակն ամբողջությամբ:

«Հարգելի Գևորգ Արմենակովիչ,

Ես տեղյակ եմ, որ հիմա Ձեզ մոտ վճռվում է «Աղքատի պատվի» և Բագրատ Հովհաննիսյանի բախտը:

Որպես սցենարի հեղինակ, Թումանյանին շատ սիրող և Բագրատ Հովհաննիսյանի ստեղծագործական կարողությունները լավ ճանաչող մեկը, ես Ձեզ հայտնում եմ, որ սցենարը ես գրել եմ միմիայն Բագրատ Հովհաննիսյանի համար, և կարծում եմ, որ պետք է նկարահանի միայն նա: Այդ մասին ես գրավոր հայտնել եմ ստուդիայի դիրեկտորին:

Այլ մարդու հանձնելու դեպքում ես իմ սցենարը ետ կվերցնեմ:

Ձեզ խորապես հարգող` Հրանտ Մաթևոսյան:

21. 4. 1969 թ.»:

Դժվար է այժմ միանշանակորեն պնդել, թե հատկապես մեծ գրողի այս վերջնագրային նամակը վճռորոշ դեր խաղաց խնդրի դրական լուծման համար, սակայն նաև փաստ է, որ «Աղքատի պատիվը» կինոնկարի ռեժիսորը դարձավ Բագրատ Հովհաննիսյանը, իսկ ֆիլմը էկրան բարձրացավ 1971 թվականին:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆimg-202682-d12250368f

ՏԱՐԿՈՎՍԿՈՒ ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԵՐԸ

27 Սպտ

Ռուս հայտնի կինոռեժիսոր Անդրեյ Տարկովսկու հայկական առնչությունների մասին եղել են մի շարք հրապարակումներ: Հանրահայտ փաստ է, որ նա մտերմություն ու կապեր է ունեցել բազմաթիվ հայերի հետ: Հայտնի է նաև, որ Կինեմատոգրաֆիայի համամիութենական ինստիտուտում ուսանելիս իր դիպլոմային աշխատանքի` «Գլդոնը և ջութակը» կարճամետրաժ ֆիլմի մի քանի դրվագներ 1960-ին նկարահանել է Երևանում` Լենինի հրապարակում: Միաժամանակ տեղեկություններ կան այն մասին, որ Տարկովսկին Հայաստան է այցելել նաև 1965-ին: Այդ օրերից հրաշքով պահպանվել են ինչպես վավերագրական կադրեր, այնպես էլ լուսանկարներ` արված Լևոն Աթոյանցի կողմից: Փոխարենը քիչ հայտնի է Տարկովսկու մեկ այլ` համեմատաբար ավելի երկարատև և գործնական ուղևորությունը մեր հանրապետություն: Այս անգամ առիթը ռեժիսոր Բագրատ Հովհաննիսյանի նոր ֆիլմն էր` «Հնձանը»: Բ. Հովհաննիսյանի և Տարկովսկու մտերմական կապերը մինչ այդ արդեն «ամրագրվել» էին ռուս ռեժիսորի երկու աշխատանքներում. Հովհաննիսյանը «Անդրեյ Ռուբլյով» ֆիլմում աշխատել էր իբրև ստաժոր-բեմադրիչ, իսկ «Սոլյարիսում» խաղացել էր էպիզոդային մի դեր: Եվ ահա 1972 թ, ձեռնամուխ լինելով իր առաջին կինոնկարի ստեղծմանը` Հովհաննիսյանը դիմում է փորձառու բեմադրիչին:tarkovsky-1

Անդրեյ Տարկովսկու օրագրերում պահպանվել են մի շարք գրառումեր, որոնք արժեքավոր տեղեկություններ են հաղորդում այդ օրերի մասին: Այսպես 1972-ի մարտին Տարկովսկին գրել է. «Եկավ Բագրատ Հովհաննիսյանը: Խնդրում է ինձ դառնալ իր ֆիլմի գեղարվեստական ղեկավարը, որը նկարահանվելու է Հ. Մաթևոսյանի սցենարի հիման վրա: Բոլորովին ցանկություն չկա»: Նկատենք սակայն, որ իրականում Տարկովսկին մինչ այդ լուրջ մասնակցություն էր ունեցել Հովհաննիսյանի համար դեբյուտային ֆիլմ նկարելու թույլտվություն ձեռք բերելու գործում և նույնիսկ նամակ էր գրել «Հայկինո»-ին: Այնպես որ, մերժումն ի սկզբանե բացառվում էր:

Կարդում ենք Տարկովսկու` մայիսի 7-ի օրագրային գրառումը. «Լարիսայի հետ եղանք Երևանում: Բագրատի գործերը մի տեսակ անորոշ են: Չի հասցնում նկարահանումները սկսել: Ինձ համար մի տեսակ ձանձրալի դարձավ հայերի հետ»:

Մինչդեռ այդ օրերի հիշողություններն այլ բան են ասում: Բագրատ Հովհաննիսյանի դուստրը` Նունեն պատմում է. «Նա եղել է մեր տանը, ես լավ եմ հիշում այդ օրը: Հայրս, նա և պապս` բոլորն էլ հարբած ու երջանիկ: Տարկովսկին նստել էր պապիս կողքին, ով ռուսերեն ոչ մի բառ չգիտեր, պապս անընդհատ ինչ-որ տեղից լավ օղի էր բերում, նրանք խմում ու գրկախառնվում էին»:tarkovsky-2

Հնարավոր է, որ Տարկովսկու ներքին լարվածությունն ու դժգոհությունը պայմանավորված էր իր նոր ֆիլմի ճակատագրով: Նա պատրաստվում էր մեկնել Կաննի կինոփառատոն, որտեղ ներկայացվելու էր վերջին աշխատանքը` «Սոլյարիսը», մինչդեռ այդ նախապատրաստական շրջանում հարկադրաբար եկել էր Երևան` մտքերով մնալով իր հոգսերի հետ:

Հունիսին, արդեն Կաննի փառատոնից վերադառնալուց հետո, Տարկովսկին վերստին անդրադառնում է հայաստանյան ուղևորությանը` օրագրում գրելով. «Լարիսայի հետ Հայաստանում եղանք` Բագրատի և Պրոպագանդայի բյուրոյի գործերով: Բագրատի մոտ ամեն ինչ այնքան էլ լավ չի: Ես այնպիսի տպավորություն ունեմ, որ նա ինքն էլ չգիտի, թե ինչ անի իր «Հնձանի» հետ: Տղան լավը չի, սցենարն ու երկխոսությունները պարզապես վատն են, բանի պետք չեն: Չգիտեմ, հո չէի՞ կարող ես նրանց մոտ հավերժ մնալ: Պրոպագանդայի բյուրոյում աշխատավարձի հարցով ոչինչ չստացվեց: Չնայած այն բանին, որ Ղուկասյանը մի քանի ամիս շարունակ պահանջում էր  մեր այցելությունը, մենք ոչինչ չվաստակեցինք: Կամ մեզ խաբեցին, կամ նրանք ընդհանրապես աշխատել չգիտեն: Հայրյանի և Ռազմիկ Մադոյանի հետ մենք մեկնեցինք Զանգեզուր: Հիասքանչ վայրեր էին»:tarkovsky-3

Գևորգ Հայրյանը ՀԽՍՀ կինեմատոգրաֆիայի պետական կոմիտեի նախագահն էր, Մադոյանը` «Հայֆիլմ» կինոստուդիայի տնօրենը: Ի դեպ, զանգեզուրյան ուղևորության մասին մի փոքրիկ դրվագ էլ պահպանվել է գրականագետ Լևոն Մկրտչյանի հիշողություններում, ով հավանաբար եղել է նույն խմբի հետ: Նա գրում է. «… Սիսիանից մենք մեկնեցինք Գորիս: Մոտ 15 կլիլոմետր անցնելուց հետո կանգ առանք այսպես կոչված «պորտաքարի» մոտ: Այս «պորտ» քարը լայնորեն հայտնի է Զանգեզուրում: Կանայք, ովքեր չեն կարողանում հղիանալ, պորտի կողմով պառկում են պսպղացող պորտաքարի ոչ մեծ ցցվածքի վրա, որն ասես փայլեցվել է հազարավոր կանանց որովայնի հպումից. պառկում են, և գործն արդեն եղած է: Անդրեյ Տարկովսկու կինը (նրանք արդեն մի քանի երեխաներ ունեին) ոչ այլ կերպ, քան չարաճճիություն անելու համար, պառկեց պորտաքարին:

— Քո ինչին է պետք: Մենք առանց դրա էլ այդ իմաստով խնդիրներ ունենք,- բացականչեց Անդրեյ Արսենևիչը»:

Պահպանվել են նաև Հրանտ Մաթևոսյանի հիշողություններն այդ օրերից. «Երևանում ցուցադրելու կապակցությամբ իրեն հրավիրել էին, ու ինքը հետը բերել էր «Սոլյարիսը»: Հրավիրեց իր նոր ֆիլմը դիտելու, բայց ես հենց նախորդ օրն էի նայել «Անդրեյ Ռուբլյովը» ու իրեն ասեցի , որ գիտակցաբար չեմ գա քո նոր ֆիլմը նայելու, որովհետև վախենում եմ «Ռուբլյովից» ստացած տպավորությունը մի քիչ աղարտվի, իմ մեջ ստեղծված քո կերպարը մի քիչ աղարտվի… Երևանում իր գտնված ժամանակները մենք, կարելի է ասել, մի քիչ ընկերացանք: Մի հանդիպում էլ մեր տանը եղավ: Երկար զրուցեցինք ու չնայած ես ինձ ոչ առանց հավակնությունների գրող էի համարում, այդուհանդերձ, էստեղ ես իր սովորական հանդիսատեսն էի ու երկրպագուն: Էդպես ես միշտ խոշոր տաղանդների առաջ դառնում եմ սովորական հանդիսական ու ընթերցող, խոր ակնածանքով եմ վերաբերվում: Մեր տան հանդիպումը իմ մեջ տպավորվել է որպես փոխըմբռնման ու փոխադարձ սիրո ցույց»:tarkovski-bagrat

Պետք է կարծել, որ «Հնձանի» գլխավոր դերակատարներից մեկի` Սոս Սարգսյանի հուշերը ևս վերաբերում են այդ օրերին: Ս. Սարգսյանը, ով նաև հրաշալի դերակատարում էր ունեցել «Սոլյարիսում», մի առիթով պատմել է, որ Երևանում Տարկովսկին ապրում էր «Անի» հյուրանոցում, և մի օր, երբ նկարահանում չկար, իրենք միասին իջել են Հրազդանի ձորը լողանալու: « Վերադարձին մեքենա չկար, ստիպված ոտքով քայլեցինք դեպի վեր: Հանկարծ նկատեցի դուրս ցցված հսկա տրամաչափի մի խողովակ, փրփրած, սպիտակած ջուրը հորդում էր ուղղակի: Նայեցի Անդրեյին, նայեց ինձ, սուս ու փուս իջանք, հանվեցինք ու մտանք ջրի տակ: Երանություն էր…»:

Տարկովսկու հայաստանյան հոգսերն ու շփումներն այսքանով դեռ չէին ավարտվելու:

Պահպանվել է նույն տարվա սեպտեմբերի 18-ի նրա օրագրային մեկ այլ գրառում, ուր ասվում է. «Զանգահարեց «Հայֆիլմից» Ռազմիկը: Խնդրում է Իտալիայից հետո գալ Բագրատի մոտ: Այնտեղ նա ինչ-որ անախորժություններ ունի: Ամեն դեպքում, նա այնքան էլ ընդունակ մարդ չի: Առանց երևակայության: Պետք է շտապ նրան ուղարկել Վահեի եզրափակիչ մենախոսությունը, այլապես նա լիովին ծանր դրության մեջ կընկնի»:

Նկատենք, որ «Հնձան» ֆիլմի և նրա ռեժիսորի հարցում Տարկովսկին ակնհայտորեն խտացնում էր գույները: Բագրատ Հովհաննիսյանի աշխատանքը, որ էկրան բարձրացավ 1973-ին, ոչ միայն լավ ստացվեց, այլև ջերմ ընդունելության արժանացավ: Իսկ երկու ռեժիսորների տարակարծությունները պետք է բացատրել նրանց ընկալումների տարբերությամբ:  Ի վերջո, կինոյի աշխարհը նաև և առաջ անհատականությունների աշխարհ է, որտեղ յուրաքանչյուրը թողնում է իր ձեռագիրը, կերտում է արվեստագետի իր ճակատագիրը:

 Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

tarkovsky-4

%d bloggers like this: