Tag Archives: արև

ՊԱՐԱԿԱՆՈՆ ԴԻՄԱՆԿԱՐ

4 Փտր

ՎԱՆ ԳՈԳ

Իր էության անհարմարությունը զգալով` Վան Գոգը փորձեց հասկանալ իր ներկայության իմաստը: Եվ ընդհանրապես` նյութեղեն գոյության խորհուրդը: Իր բոլոր զգայարաններով շոշափեց նյութը` ամենակոշտ առարկաները, մարդկանց խոժոռ, գետնակոր կերպարանքները, նրանց դեմքերն ու անտաշ ձեռքերը, կորդապատառ հագ ու կապը, ամրափայտ աթոռն ու սեղանը, կոշկոռ կարտոֆիլ ուտողների բիրտ մակատեսքն ու նույնիսկ նրանց շարժումների նյութականությունը… Առարկայի մեջ թափանցելու, նրա միջուկը տնտղելու նպատակով իջավ հանքախորշերը: Ու առարկան կախեց հոգուց և սկսեց քարոզել փրկարար հոգու զորությունն ու բանականությունը, հավերժությունը: Բայց սեփական գոյի տառապանքը չնվազեց. ճար չուներ ու ելք: Հոգու անասելի ու անմիտ ցավերից սկսեց աջ ու ձախ ընկնել, դուրս ելավ հանքախորշից, հեռացավ առարկայի կամքից ու կոնկրետությունից, տագնապահար վրձինը պտտեցնում էր իր շուրջը` ընդարձակ ու լայն` գտնելու հույսով որևէ հենակայան, ուր իր հոգեմաշ անձկության և վայրագ ձանձրախտի ոտքերը կկապեր և որտեղ կջարդեր ներչարչարանքի աննպատակությունը: Ու քարոզիչ Վան Գոգը դարձավ աղաղակող, բոռացող վտարակ, պտտեցրեց իր հուսալքությունը, պտտեցրեց և գծեց արև… Արևը մեծացրեց-մեծացրեց և արևով լցրեց աշխարհը, ու ինքը մտավ արևի մեջ: Ու նորեն մեծացրեց-մեծացրեց և դարձրեց Աստված: Քրիստոնյա Վան Գոգը փոխակերպվեց արևապաշտի: Քարոզիչը դարձավ հեթանոս: Այդ էլ չփոքրացրեց նրա տառապանքը: Եվ նա կրակեց իր սրտին` հասկանալու համար, թե այդ երկուսից այն կողմ ինչ կա, և որտեղ կարող է հանգստացնել իր գոյության ծուռնումուռ անիվներով սայլը:

ԱՂԱՍԻ ԱՅՎԱԶՅԱՆ

ԱՐԵՎԵԼԱՀԱԿՈՒԹՅՈՒՆ

18 Հնվ

Եվրոպան որպես օտարածին բույս, աճել է Ասիայի վիթխարի մարմնի վրա: Նա միշտ էլ սնվել է նրա հյութերով: Եթե լայնորեն բացենք Հին Աշխարհի կիսագնդերը, Եվրոպան պատկերանում է որպես Ասիայի քարքարոտ անպարագրելի ամայուտներում աճած կանաչ ու հյութալի կակտուս: Ամենայն կենարար հոսանքները` կրոնը եւ արվեստը, նա խմում էր նրա ավելցուկից:
Հունաստանը հասակ է առնում փոքրասիական թագավորությունների հագեցած կյանքից, ինքնադրսեւորվում է վանող ուժերով, գիտակցում է իրեն պարսիկների դեմ պայքարով, նրա ծաղիկը լայնորեն բացվում է հնդկական չամպուկիի հանգույն, մակեդոնական կայծակի լույսի ներքո, որն ակնթարթորեն լուսավորում է Ասիայի հեքիաթային գիշերը: Հռոմը լոտոսի պես լողում է ողողված ու սատարված Ասիայի վիթխարի ջրերով, որոնք հետագայում կծածկեն նրան: Ժողովուրդների գաղթից հետո Արեւելքը հեղեղում է Միջերկրական ծովը: Եվրոպայի դալար երեք սնուցող արմատները` Պիրենեյանը, Ապենինյանը եւ Բալկանյանը, ընկղմվում են իսլամի կենարար հեղուկի մեջ, եւ վիրավորված ու վայրենացած Եվրոպան նրանց միջոցով վերստին լցվում է կենաց ուժերով:
Եվ այդ ժամանակվանից ի վեր մինչեւ վերջին տարիները մուսուլմանական Արեւելքը միջանկյալ միջավայր է ծառայում Եվրոպայի եւ այն ծայրագույն Ասիայի միջեւ, որի հետ մենք սկսեցինք անմիջականորեն դեմ առ դեմ կանգնել միայն վերջին օրերս: Պատմական Արեւելքը Եվրոպայի համար մահմեդական Արեւելքն է` Լևանտը: Նրան հարած Եվրոպայի զգայարանները, ինչպիսիք են Բյուզանդիան, Վենետիկը, Ճենովան, Ֆանագուստան, ներկված են առանձնահատուկ ոսկեթույր բրոնզափառով, որը հուզում է եվրոպացու հոգին: Ցամաքող 19-րդ դարում Լեւանտի նկատմամբ եվրոպական արվեստի վերաբերմունքը դրսեւորվեց արեւելահակության մեջ:
Արևելասիրությունը ռոմանտիզմի մասնակի դրսեւորումներից մեկն էր: Արվեստում «արեւելասիրության» ծնունդը նշանավորում է այն պատմական պահը, երբ Արեւելքի հետ Արեւմուտքի օրգանական կապը խզվում է: Արևելասիրությունը կողքանց, կողմնակի դիտորդի աչքով, դեպի Արեւելք ուղղված հայացք է: Եվրոպան մոռանում է իր որդիական առնչությունը Ասիայի հետ: Մանկիկին մորը կապող պորտալարը կտրվել է: Բույսն այլեւս չի զգում կարիքն արմատների, որոնց վրա ինքն է աճել: Արևելահակությունը դրսևորվեց ռոմանտիկների մեջ, թեեւ նրա տարրերը, ինչպես եւ ռոմանտիզմի տարրերը, արդեն ակնհայտ էին 18-րդ դարում: Նվաճողը, ճամփորդը, արկածներ որոնողը Բայրոնի ժամանակվանից սկսում են դառնալ զբոսաշրջիկներ, հետաքրքրվող ու ներողամիտ դիտորդներ, սիրային միջադեպերի եւ հազվագյուտ հոտավետ բաների հավաքորդներ: Ռոմանտիկները (ավաղ) եղել են Արևելքի գրեթե առաջին զբոսաշրջիկները, որոնք ուղեւորվել են տեսնելու նրա տեսարժանությունները: Արևելասիրության զարգացման մեջ գեղանկարչությունը եւ իրականությունն ընթանում են զուգահեռաբար, գրեթե միաձուլվելով, բանաստեղծներն Արևելքը պատկերելու համար դառնում են գեղանկարիչներ, գեղանկարիչները` բանաստեղծներ: Ամենքն ասում են, որ Արևելքի հետ արվեստի օրգանական կապը խզվեց: Փոխանակ արեւելյան ստեղծագործության մեթոդներն ընդունելու, նրանք տեսնում են գեղապատկերային սյուժեների եւ թեմաների ցրոնքը: Դելակրուան, Դեկանը, Ֆրոմանտենը իրենց զուտ արեւելյան վարպետությունն են կիրառում Արևելքի զգայացունց բնապատկերները, natures mortes-ները վրձնելու համար, զենքի եւ հանդերձանքի ու ավել կամ պակաս չափով վարպետորեն համակցված մանեկենների, երբեմն էլ՝ բնորդների վրա հագցված զգեստների թանգարան, դրանում է նրանց ողջ արևելահակությունը: Այդ գեղանկարիչները կանգնած են եվրոպական վարպետության տարբեր աստիճանների վրա, սակայն Արևելքի նկատմամբ նրանց վերաբերմունքը քիչ է տարբերվում: Նրանք կարող են տալ լավ, երբեմն՝ նույնիսկ հանճարեղ «գեղանկարչության պատառներ», բայց դրանցում չկան իրենց նախահայրենիքի կենդանի ջրերից ըմպող արմատներ:
Դրանում է արեւելահակության բնածին անզորությունը: Նա երբեք չի եղել կենդանի շիթ, նա մահացածության ախտանիշ է եղել:
ՄԱՔՍԻՄԻԼԻԱՆ ՎՈԼՈՇԻՆ

Թարգմ. Վարդան ՖԵՐԵՇԵԹՅԱՆ

ԼԵԳԵՆԴՆԵՐ ԱՐԵՎԻ ՄԱՍԻՆ

2 Նյմ

Մի կին իր որդու համար գուլպա է գործելիս լինում: Երբ քիչ է մնում վերջացնելու, արևը պատրաստվում է մայր մտնել: Որդին խնդրում է արևին սպասել, մինչև մայրը կվերջացնի գուլպան: Արևը կատարում է նրա խնդիրքը: Երբ ուշ երեկոյան արևի մայրը հարցնում է արևին, թե ինչու՞ այդքան ուշացավ, արևը պատմում է եղածի մասին: Արևի մայրը անիծում է տղային, որ նա ցերեկը մեռնի, գիշերը կենդանանա, իսկ նրա մայրը էլ երբեք չվերջացնի գուլպան: Տղան ցերեկները մեռնում է, գիշերները կենդանանում, գալիս է մոր մոտ և խնդրում իր գուլպան: Մայրը չի կարողանում վերջացնել գուլպան, որովհետև գործածը ինքն իրեն քանդվում է, և տղան ստիպված թափառում է ոտաբոբիկ…

* * *
Մի աղջիկ արևը մայր մտնելուց հետո տունն ավլել և աղբը դուրս է ածել: Ծերեկը արևի մոտ սևերես լինելով, նա մեռած է մնում, գիշերը` կենդանանում: Աղջկա հայրը հագնում է երկաթե տրեխներ, ձեռքն է առնում երկաթե գավազան և ճանապարհ ընկնում արևի մոտ` նրանից խնդրելու այն ջրից, որով արևը լվանում է իր երեսը: Ասում են, թե մինչ այսօր էլ աղջկա հայրը շարունակում է թափառել և չի կարողանում գտնել արևի բնակարանը:

* * *
Առավոտյան, երբ արևը դուրս է գալիս ծովից` երկրին շատ մոտիկ է լինում, ջերմությունը` սաստիկ: Նա կարող է այրել ու մոխիր դարձնել երկիրը, եթե դեմը դուրս չգա մի մեծ թռչուն, որն իր հսկայական թևերով հովանի է անում երկրին, մինչ արևը բարձրանում է երկնքի մեջտեղը, հեռանում երկրից, որով պակասում է նրա ջերմությունը: Թռչունի թևերը խանձվում են, նա կիսակենդան ընկնում է ծովի մեջ, զովանում, բուժում թևերը և մյուս առավոտ նորից կազդուրված դուրս է գալիս արևի դեմ` երկրին հովանի անելու:

Քաղեց և շարադրեց Վ. Ֆերեշեթյանը

ԳՈՐԱՆ ՊԵՏՐՈՎԻՉ

23 Հկտ

Ինչ հրաշք ասես չի լինում լուս աշխարհում

Մենք նստած էինք դրսում եւ արձակում էինք արեւի խիտ շողերը, որպեսզի դրանք չայրեին մեր պարտեզը, երբ հանկարծ դարպասների մոտ հայտնվեց քաղաքային անորոշ-մոխրավուն հագուստով եւ հեւասպառ մի մարդ: Մենք միանգամից հասկացանք, որ նա տեղացի չէ, առաջինը, նրան ոչ ոք չէր ճանաչում, իսկ երկրորդ, նրա անդրավարտիքը մինչեւ ծնկները թաց էր, չէ՞ որ նեղ գերանով մեր գետն անցնել կարողանում են միայն մերոնք։
— Ինչու դուք կամուրջ չեք սարքում,- ողջույնի փոխարեն հարցրեց նա:
— Ճիշտն ասած, դրա կարիքը բնավ չկա,- պատասխանեց պապս՝ ձեռքի շարժմունքով հյուրին հրավիրելով նստարանին նստելու:
Հյուրն արագահայաց զննեց բակն ու նստեց: Տատս նրան երեք խճճված արեւի շող երկարեց, որպեսզի նա ինչ-որ բանով զբաղվի. աշխատանքի մեջ խոսքուզրույցն էլ ավելի զվարթ է: Բայց նա միայն թոթվեց ուսերը, հավանաբար, չիմանալով, թե այդ ամենի հետ ինչ անի:
— Դուք ի՞նչ է, արեւի շողերը երբեք չեք արձակել,- խիստ զարմացած հարցրեց մայրս:
— Ոչ,- ասաց հյուրը:
— Կներեք, իսկ դուք ինչպես եք փրկվում տապից,- հարցրեց հայրս:
— Այ թե ինչպես,- ասաց հյուրն ու պայուսակից հանեց տաղտկալի կոստյումի գույնի պլաստմասսե հովհարը:
— Արդարադատ Աստված, ինչ հրաշք ասես չի լինում էս լուս աշխարհում,- խաչակնքեց տատս:

%d bloggers like this: