Tag Archives: արտ

ՋԵՐՈՄ Դ. ՍԵԼԻՆՋԵՐ

24 Օգս

… Ես պատկերացրեցի, թե ինչպես են երեխաները երեկոյան խաղում հսկայական տարեկանի դաշտում: Հազարավոր փոքրիկներ, իսկ շուրջը ոչ մի շունչ չկա, ոչ մի մեծ մարդ, բացի ինձնից: Իսկ ես կանգնել եմ հենց ժայռի եզերքին, անդունդին մոտ, հասկանու՞մ ես: Եվ իմ գործն է որսալ երեխաներին, որպեսզի նրանք անդունդը չընկնեն: Հասկանու՞մ ես, նրանք խաղում են ու չեն նկատում, թե ուր են վազում, իսկ այդ ժամանակ ես վազ եմ տալիս ու բռնում եմ նրանց, որպեսզի վայր չընկնեն: Ահա և իմ ամբողջ գործը: Հսկել երեխաներին տարեկանի արտում, անդունդի եզրին: Գիտեմ, դա հիմարություն է, բայց դա միակ բանն է, որ ես իսկապես ուզում եմ: Հավանաբար ես հիմար եմ…
Անդունդը, որի վրայով դու թռչում ես, ահավոր անդունդ է, վտանգավոր: Նա, ով կընկնի այնտեղ, երբեք չի զգա հատակը: Նա կընկնի, կընկնի անվերջ: Դա պատահում է այն մարդկանց հետ, ովքեր իրենց կյանքի ինչ-որ մի պահի սկսել են որոնել այն, ինչը չի կարող տալ նրանց սովորական շրջապատը: Ավելի ճիշտ, նրանք կարծում են, թե սովորական միջավայրում իրենց համար ոչինչ գտնել չեն կարող: Եվ նրանք դադարել են որոնել: Դադարել են որոնել՝ նույնիսկ փորձ չանելով ինչ-որ բան գտնել…

ՎԵՐԻՆ ԱՐՏԻ ՑՈՐԵՆԸ

2 Մրտ

Այսպիսի պատմություն լսե՞լ եք. մի գյուղում երկու արտ է լինում` վերինն ու ներքինը: Վերին արտին տաք աչքով են նայում, և ցորենը ամռանը ծփում է փարթամ ու դեղին: Իսկ ներքին արտին ժամանակ է լինում, որ իսկի ջուր էլ չեն տալիս, դրա համար խանձվում է արևի տակ, սմքում ու չորանում: Դե, գյուղին էլ մի արտի տվածը հերիք չի անում:
Բայց գալիս է մի օր, որ պատահմամբ քանդվում է առվի թումբը, ջուրը հոսում, ողողում է ներքին արտը, հողը փափկում է հաճույքից, սերմը ուռչում է հրճվանքով: Կանաչում է ներքին արտի ցորենը, ձգվում է վեր ու դեղին ալիք է տալիս ամառվա արևի տակ: Գյուղը ցնծում է. Հիմա որ հաստատ առատ հունձք է լինելու, հիմա որ հաստատ կուշտ փորով հաց կուտեն:
Բայց ցնծության ամենաթեժ պահին ելնում է մեկը` թե էս ի՞նչ եք անում, այ ժողովուրդ, այսքանից հետո ո՞նց եք հանդուրժում, որ աճի վերին արտի ցորենը: Բա նա չէ՞ր, որ խմում էր ներքին արտի բաժին ջուրը, նա չէ՞ր մեղավորը, որ մենք էսքան քաղցած մնացինք:
Ու որովհետև գյուղում նրանից ավելի բարձր խոսող չկար, ելնում են մարդիկ ու փակում են վերև հոսող առուների ձանապարհը: Չորանում է վերին արտը, դառնում անապատ: Եվ ինչքան էլ առատ է լինում ներքին արտի բերքը, գյուղը դարձյալ նույն սովածն է մնում, որովհետև մի արտի տվածը հերիք չի անում:
Այս տխուր պատմությունն էլ ձեզնից մի խնդրանք ունի. որտեղ տեսնեք մեծ արտը վերինի ու ներքինի բաժանող մարդուն, կախ տվեք առաջին իսկ պատահած սյունից: Ու դուք էլ, եթե նեղություն չի, բացեք առուների բոլոր թմբերը:

Հովիկ Չարխչյան

%d bloggers like this: