Tag Archives: արտոնագիր

Երկիր, որ կորցրել է իր անունը

15 Հլս

Կա հանրածանոթ մի պատմություն, որն ավելի շատ իրականություն է, քան անեկդոտ: Ասում են, որ 2008-ի ռուս-վրացական պատերազմի ժամանակ, երբ հեռուստատեսությամբ հաղորդել են, որ ռուսական տանկերը մտել են «Ջորջիա», մի ամերիկուհի աշխատանքի վայրից զանգահարել է ԱՄՆ Ջորջիա նահանգում ապրող իր ծնողներին և զգուշացրել, որ շտապ լքեն նահանգը, քանի որ «Իվաններն են գալիս…»:
Ակամա այս դեպքը հիշեցինք, երբ հայտնի դարձավ, որ Վրաստանի իշխանությունները ՄԱԿ-ի անդամ բոլոր պետություններին պաշտոնապես կոչ են արել իրենց երկրի «Գռուզիա» անվանումը փոխել անգլալեզու «Ջորջիա» (Georgia) անվամբ։ Այնուհետև Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն տեղեկացրեց, որ այդ նախաձեռնությամբ վաղուց են հանդես եկել և խնդրանքին առաջինը արձագանքել է Հարավային Կորեան, որտեղ մտադիր են պաշտոնական փաստաթղթերում կատարել համապատասխան փոփոխությունը: Հիշյալ նախաձեռնության դրդապատճառները վրացիները հիմնավորում են հետևյալ կերպ: Նրանք ասում են, թե «Գռուզիա» անվանումը ոչ մի կապ չունի այն երկրի հետ, որտեղ իրենք ապրում են: Դա թուրքական «գյուրջի» բառի աղավաղված տարբերակն է: Վրաստանին պետք է կոչել «Սաքարթվելո» կամ «Գեորգիա», որն անգլերեն հնչում է «Ջորջիա»: Բայց քանի որ տասնամյակներ շարունակ «Գռուզիա» անվանումն ընդունվել ու կիրառվել է Կենտրոնական և Արևմտյան Եվրոպայի, Ասիայի մի շարք երկրներում, այժմ Թբիլիսին պատրաստվում է քայլ առ քայլ դա ուղղել: Կա հիշյալ երևույթի մեկ այլ բացատրություն, համաձայն որի արևմտյան երկրներում Վրաստանը հայտնի է որպես Ջորջիա, Արևելյան Եվրոպայում` որպես Գռուզիա, և այդ անունը ասոցացվում է այն փաստի հետ, որ Վրաստանը շուրջ երկու դար եղել է Ռուսական կայսրության մասը, հետևաբար դա տարածվել է հենց Ռուսաստանի միջոցով:
Ընդունենք, որ դա այդպես է: Իսկ եթե երկիրը մեծ ցանկություն ունի ձերբազատվելու իր օտարաշունչ անունից և վերագտնելու իրականը, ապա պարզ տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում Վրաստանը պիտի ընդամենը խնդրեր այլ երկրներին, որպեսզի իրեն այսուհետ անվանեն Սաքարթվելո: Բայց արի ու տես, որ նման ցանկություն չկա: Վրացիներն ընդամենը պատրաստվում են մի օտար անվանումը փոխարինել մեկ այլ օտար անվանումով: Հարց է ծագում. իսկ ինչու՞: Ի վերջո, տարբեր ժողովուրդների մոտ այդ երկրի անունը տարբեր կերպ է հնչում: Հենց օրինակ մենք` հայերս, հարևան երկիրն անվանում ենք Վրաստան, թուրքերը այն կոչում են Գյուրջիստան, բայց արի ու տես, որ վրացիներին նյարդայնացնում է միայն Գռուզիա անունը և ուրիշ ոչինչ: Եվ ստացվում է, որ այդ ողջ իրարանցման միակ շարժիչ ուժը դարձյալ ու նորից հակառուսական տրամադրություններն են: Վրացական մտասևեռումը պատրաստ է ցանկացած գործողության, միայն թե այն ուղղված լինի ռուսների դեմ:
Սակայն խնդիրը միայն Ռուսաստանով չի սահմանափակվում: Ներկայումս տասնյակ երկրներ են Վրաստանին անվանում Գռուզիա, այդ թվում` Բուլղարիան, Բելառուսը, Չինաստանը, Սլովենիան, Հունգարիան, Բալթյան երկրները և այլն: Նրանցից յուրաքանչյուրին հարկ կլինի խելամիտ բացատրություն տալ փոփոխություն կատարելու առնչությամբ և ստանալ համաձայնությունը, ինչն այս պահին կարծես թե հաջողությամբ չի պսակվում:
Վերջերս Վրաստանի ԱԳ փոխնախարար Կալանդաձեն ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ ոչ մի օտար երկիր դեռևս պաշտոնապես չի հրաժարվել Վրաստանի աշխարհագրական անվանման փոխարեն «Ջորջիա» բառը կիրառելուց։ Բայց տիկինը, մեղմ ասած, ճիշտ չէր ասում: Բերենք ընդամենը մի քանի օրինակ: Այսպես, Ճապոնիայի կառավարությունը, չնայած Վրաստանի խնդրանքին, չի պատրաստվում փոխել Վրաստանի անվանումը։ Այդ մասին հայտնել են Ճապոնիայի ԱԳՆ Կենտրոնական Ասիայի և Կովկասի բաժնից։ Ճապոնացիները նշել են, որ այդ հարցն ընդհանրապես չի քննարկվում։ Նույն կերպ հրաժարվել է նաև Լատվիան: Նման հայտարարությամբ է հանդես եկել Լատվիայի ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը: Դրանից անմիջապես հետո համանման դիրքորոշում է արտահայտել նաև Լիտվան, որտեղ լեզվի պետական հանձնաժողովը հրաժարվել է փոխել Վրաստանի ավանդական անվանումը: Այդ մասին էլ տեղեկացրել է Լիտվայի ԱԳ նախարարությունը: Հայտնի է նաև, որ Թբիլիսին արդեն մեկ տարի է, ինչ նման խնդրանքով դիմել է չեխական իշխանություններին: Չեխիայի ԱԳ նախարարությունից հաստատել են, որ դիմում իրենք ստացել են, սակայն հրաժարվել են հայտնել` փոխելո՞ւ են անվանումը, թե՞ ոչ: Որևէ դրական պատասխան չկա Լեհաստանից: Այդ երկրի կառավարությունը դեռ հստակ դիրքորոշում չունի Վրաստանի խնդրանքի կապակցությամբ: Նրանք ընդամենն ասել են, որ Գռուզիա բառը խորը արմատացած է լեհերենում և շատ դժվար կլինի փոխել:
Այս ամենից հետո Կալանդաձեի լավատեսությունը ոչինչ չարժե, ինչպես որ անարժեք է նրա այն պարզաբանումը, թե իբր շատ երկրների համար դա տեխնիկական բարդ ընթացակարգ է, ինչը կապված է նաև ֆինանսների հետ: Օրինակ, ամերիկացիները ոչ միայն ընդհանրապես խոսք չբացեցին խոչընդոտների մասին, այլև իսկույն ձեռնամուխ եղան Վրաստանի խնդրանքը բավարարելու գործին, թեև, եթե առողջ դատենք, առաջին հերթին նրանք պիտի հրաժարվեին` իրենց երկրի նույնանուն նահանգի հետ չշփոթելու հիմնավորմամբ: Բայց ոչ, ԱՄՆ-ն արդեն կանաչ լույս է վառել Վրաստանի քաղաքացիների համար ԱՄՆ մուտքի արտոնագրերի վրա կոդի փոփոխություն կատարելու գործընթացի առաջ: Մասնավորապես, GRZ (Gruzia)-ն փոխվում է` դառնալով GEO (Georgia): Այս առթիվ առավել քան անկեղծ է ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Յակոբաշվիլու արձագանքը, երբ նա ասում է. «Սովետական ժառանգությունից ազատվելու գործընթացը շարունակվում է ոչ միայն Վրաստանում, GRZ կոդը մեզ համար անընդունելի էր և չնայած այն բանին, որ ԱՄՆ մուտք գործելու արտոնագրերի վրա կոդի փոփոխությունը մի շարք խնդիրների հետ էր կապված, այնուամենայնիվ այդ հարցը դրական լուծում ստացավ»: Իսկ հետո դեսպանը հավելում է. «Դա վրացական դիվանագիտության հաղթանակն է»:
Սա իսկապես ծիծաղելի է, քանի որ հաղթանակներն այսպիսին չեն լինում: Արդեն 20 տարի գոյություն չունեցող խորհրդային երկրի ստվերի հետ կռիվ տալը արիություն չէ, և ոչ էլ մեծ նվաճում է ամերիկյան կամ անգլալեզու պիտակը սեփական երկրին փակցնելը` ի նշան խոնահության ու հավատարմության: Չի սխալվում Վրաստանի ընդդիմադիր Հանրապետական կուսակցության անդամներից Դավիթ Զուրաբիշվիլին, երբ ասում է, որ Վրաստանի այս նախաձեռնությունը վատ օրինակ է: «Ես կասկածում եմ, որ սա Սահակաշվիլիի անձնական մտասևեռումն է»,- ընդգծում է նա:
Իսկ վերջում արժե հիշել ևս մի պատմությունը, որը նույնպես անեկդոտ չէ: Ժամանակին Թուրքիան անգլախոս երկրներին առաջարկել էր իր երկրի անվան մեջ տառափոխություն անել, քանի որ Turkey անվանումը անգլերեն նշանակում է հնդկահավ: Բայց Թուրքիայի առաջարկը ոչ մի երկիր չընդունեց:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: