Tag Archives: արտակարգ դրություն

Արտակարգ դրության արտակարգ գործիքը

11 Փտր

Երբ ընտրությունների նախաշեմին խորհրդարանը քննարկման է դնում «Արտակարգ դրության իրավական ռեժիմի» մասին օրենքի նախագիծը, ուրեմն սպասիր վատ լուրերի: Ուրեմն չկա վստահություն, որ ամեն բան կանցնի հանդարտ ու անաղմուկ: Մյուս կողմից էլ հասկանալի է, որ իշխանությունները օրինական տեսք են ուզում հաղորդել մի բանի, ինչը նախկինում կիրառվել է առանց օրենքի: Սա նաև նշանակում է, որ հիշյալ նախագիծը կյանքի է կոչվել ոչ թե ընդհանուր դաշտի տարածական ու ժամանակային բոլոր ասպեկտների դիտարկմամբ, այլ ընդամենը կառուցվել է մեկ հիմնական նախադեպի վրա: Այսինքն կառավարությունը նման օրինագիծ է ներկայացնում օրենսդրին` մտավախություն ունենալով, որ կկրկնվեն 2008 թվականի մարտի 1-ի դեպքերը, և հենց այդ ելակետն էլ նրան հուշում է օր առաջ անել հրատապն ու անհրաժեշտը:
Արդեն առաջին ընթերցմամբ ընդունված օրինագիծը մեզ տեղեկացնում է այն մասին, որ երկրում արտակարգ դրություն հայտարարվելու է ՀՀ սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելու կամ տապալելու փորձի, իշխանությունը գրավելու կամ յուրացնելու ժամանակ: Օրենքի կիրառումը նախատեսվում է նաև զինված խռովությունների, զանգվածային անկարգությունների, ահաբեկչական գրոհների, օկուպացիայի կամ հատուկ նշանակության օբյեկտների գրավման կամ շրջափակման դեպքում: Համաձայնենք, որ թվարկումը համարյա լիարժեք է: Այլ բան է, թե ո՞վ և ինչպե՞ս է դա անելու: Եվ հենց այս կետի վրա էլ բախվում են բոլոր տարակարծությունները: Բանն այն է, որ նախագծի հեղինակներն առանձնահատուկ դերակատարում են սահմանել ոչ միայն ներքին ուժերին (ինչը հասկանալի է), այլև բանակի համար (ինչն անհասկանալի է):
«Զինված ուժերի միջամտությունը թույլատրելի կլինի այն դեպքում, երբ ոստիկանության և ազգային անվտանգության մարմինների ուժերը չեն բավականացնի»,- իրենց որոշումը բացատրում են զինվորականների մասնակցության կողմնակիցները: Իսկ ընդդիմախոսներն այդ մասին լսել անգամ չեն ուզում՝ պնդելով, թե դա հղի է ներքաղաքական գործընթացներին բանակի միջամտության վտանգով:
Իսկապես էլ, խնդրին անաչառ վերաբերվելու պարագայում չի կարելի չնկատել, որ մեծ հաշվով սա հակասահմանադրական քայլ է: Եթե կողմ քվեարկող պատգամավորներն ու արդարադատության նախարարը տեղյակ չեն, նրանց կարելի է հիշեցնել, որ ՀՀ Սահմանադրության 8.2. հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, պաշտպանությունը և տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը։ Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո։
«Այդ որտե՞ղ տեսաք, որ բանակը պետք է ներգրավված լինի քաղաքականության մեջ»,- զարմացած բացականչում է միամիտ արդարադատության նախարարը և ոչ մի գնով չի ցանկանում տեսնել այն, ինչը տեսանելի է մյուսների համար: Բայց հետո կարծես թե տեղի է տալիս պնդումներին, նշմարում է ինչ-որ բաներ և անմիջապես գտնում դրա ամենապաթետիկ արդարացումը. «Բայց հիշեք, թե ինչ բարձր արժեք են նրանք պաշտպանելու ՝ սահմանադրական կարգը»։
Հիշում ենք: Եվ ոչ միայն դա: Հիշում ենք նաև, որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի ընդունման փորձեր արվել են երկու անգամ՝ 2007 թվականին, սակայն քննարկումների ընթացքում առաջ եկած հակասությունների պատճառով մնացին անավարտ: Հիշում ենք նաև այն, որ 2008թ. մարտի 1-ին Ռոբերտ Քոչարյանը արտակարգ դրություն սահմանեց նույն ՀՀ Սահմանադրության խախտմամբ, քանի որ՝ երկրի հիմնական օրենքի համապատասխան, նախագահն իրավունք ուներ հայտարարելու արտակարգ դրություն միայն այն պարագայում, երբ դրա իրավական ռեժիմը սահմանված է օրենսդրությամբ։ Մինչդեռ և այն ժամանակ, և այսօր Հայաստանում գոյություն չունի նման օրենք։
Թվարկվածներից զատ պիտի տրամաբանական հարց առաջանա. ո՞վ և ինչպե՞ս է որոշելու այն մշուշապատ սահմանագիծը, թե հատկապես որ իրավիճակներում կարելի է թույլատրելի համարել բանակի միջամտությունը ներքաղաքական կյանքին: Փաստ է, որ ներկա պահին չկան այդ դրույթների վերջնական ու խիստ հստակ սահմանումները: Եվ այդ պատճառով էլ արդյո՞ք կողմնակալ են նրանք, ովքեր հայտարարում են, թե օրինագիծը ընդհանրապես տանում է նախագահական ինստիտուտի հզորացմանն ու կենտրոնացմանը, որովհետև խնդրի ամբողջ օրենսդրական կարգավորումը հայտնվում է նախագահի դաշտում: Ինչ վերաբերում է խորհրդարանին, ապա Աժ լիազորություններն այս ուղղությամբ սահմանված չեն: Նրա կարծիքը կրիտիկական պահին կարող են ընդհանրապես չհարցնել: Իսկ եթե դա այդպես է, ապա աշխարհի ամենաազնիվ իշխանությանն էլ կարելի է մեղադրանք ներկայացնել, թե պարտության վտանգի պարագայում նա հնարավորություն ունի ամեն գնով պահպանել իր դիրքերը՝ օգտագործելով բանակը «հասարակական կարգը պաշտպանելու» հիմնավորմամբ:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: