Tag Archives: Արվեստ

ԷՐԻԽ ՖՐՈՄՄ

30 Հկտ

Սերն արվե՞ստ է: Եթե այո, ապա այն պահանջում է գիտելիք ու ջանք: Կամ գուցե սերը հաճելի զգացողությու՞ն է, որը ճաշակելը նախախնամության գործն է, մի այնպիսի բան, որը բաժին է ընկնում մարդուն երջանիկ պատահականությամբ: Բանն այն չէ, որ մարդիկ սերը համարում են անկարևոր: Նրանք դա փափագում են, նրանք դիտում են անթիվ քանակությամբ երջանիկ ու դժբախտ սիրային պատմություններով ֆիլմեր, նրանք հարյուրավոր հիմար երգեր են լսում սիրո մասին, բայց հազիվ թե որևէ մեկն իսկապես մտածում է, որ կա սերը սովորելու անհրաժեշտություն: Մարդկանց մեծամասնության համար սիրո խնդիրը սիրված լինելն է, այլ ոչ թե սիրել կարողանալը:fromm-400x250

ԲԵՐԹՈԼԴ ԲՐԵԽԹ

17 Մյս

Մեծ արվեստագետը ծառայում է մեծ նպատակների: Առանց մեծ նպատակների դարաշրջանները չունեն և մեծ արվեստ: Արվեստագետը չի կարող տարերային հաջողությունը դիտել իբրև ճշմարիտ չափանիշ իր ստեղծագործության արժեքի: Գեղեցիկ բառեր համադրելը արվեստ չէ: Կոկելն ու գունազարդելը ոչ միայն գեղեցիկի, այլև քաղաքական իմաստնության ամենասարսափելի թշնամիներն են: Բավական չէ բժիշկ լինել, պետք է նաև կարողանալ բուժել: Արվեստը պետք է շտապի այնտեղ, որտեղ թաքնված է ինչ-որ արատ: Արվեստի ընկալումը միայն այն ժամանակ կարող է իսկական հաճույք պատճառել, երբ գոյություն ունի ընկալման արվեստ: Իսկ արվեստների բոլոր տեսակները ծառայում են արվեստներից մեծագույնին` երկրի վրա ապրելու արվեստին: Ամենագլխավորը` սովորեցնել մարդկանց ճիշտ մտածել: Մարդու ճակատագիրը ինքը մարդն է: Մենք` դա ավելի շատ է, քան ես և դու: Պետք է վախենալ ոչ թե մահից, այլ փուչ կյանքից: Երբ ոչնչացնում են մարդուն, արվեստ այլևս չկա:

ԳԱՌԶՈՒ

8 Հնվ

Էությամբ, աշխարհզգացողությամբ ես հայ նկարիչ եմ, ես իմ տառապած ժողովրդի մեկ բեկորն եմ, նրա տաղանդի մի փոքր փայլատակումը: Հպարտ պետք է զգամ ես ինձ, եթե սիրեն ու գնահատեն իմ արվեստը… Մեր լեռները, մեր կիրճերը, մեր քարերը արարողներ են: Անոնք շատ ամուր են, ինչպես պողպատը, և ինձի կթվա, որ ես արդեն նկարած եմ դրանք, որ ես այս հողը տեսած եմ ուրիշ` մեկ այլ կյանքի մեջ:
Երիտասարդները թող չմոռանան այն կապերը, որոնք մեզ կկապեն հիներու արվեստին. այդ կապերը որքան սերտ ըլլան, այնքան շատ պիտի կարելի ըլլա ստեղծել հայկական մեծ արվեստ մը, որ մեր հին նշանավոր ճարտարապետության և մանրանկարչության արժեքով արվեստ մը դառնալով, փոքր Հայաստանը պիտի մեծացնե այնքան, որ ան չափվի աշխարհի խոշորագույն արժեքների հետ: Արվեստը համաշխարհային կդառնա միայն ազգային տարրերով: Ազգայինը նկարչի ոտքի տակի հողն է: Բայց քայլել և չշնչել անկարելի է: Շնչելու օդը աշխարհինն է:

ՊԱԲԼՈ ՊԻԿԱՍՍՈ

3 Նյմ

ՑԱՆԿԱՑԱ ՆԿԱՐԻՉ ԴԱՌՆԱԼ ՈՒ ԴԱՐՁԱ

Արվեստը ոչ անցյալ ունի, ոչ ապագա: Այն արվեստը, որն այսօր անկարող է համոզել, վաղն ընդհանրապես կանհետանա: Օրինակ, չես ասի, թե հունական կամ եգիպտական արվեստը անցյալին են պատկանում, որովհետև նրանք այսօր ավելի խոսուն ու կենդանի են, քան երեկ:Ձևափոխությունը դեռ էվոլյուցիա չէ: Եթե արվեստագետը փոխել է արտահայտչամիջոցները, սա դեռ չի նշանակում, թե փոխել է իր աշխարհընկալումը: Բոլորը, այդ թվում և նկարիչները, ունեն դրա իրավունքը: Ես մեդիտացիայով չեմ զբաղվում ու փորձարկումներ չեմ անում: Եթե բան ունեմ ասելու, ապա ասում եմ այն եղանակով, որ ինձ ամենից հարմարն է թվում:

***
Ասում են, թե արվեստագետը պետք է աշխատի հանուն արվեստի` արհամարհելով հաջողության միտքն անգամ: Սուտ է, արվեստագետը կարիք ունի հաջողության ոչ միայն ապրուստի միջոցներ հայթայթելու կամ իր ստեղծագործությունները իրացնելու համար: Նույնիսկ հարուստ նկարիչը կարիք ունի հաջողության: Պարզապես շատ շատերը ոչինչ չեն հասկանում արվեստից և դատում են գործի մասին ըստ նրա ունեցած հաջողության: Ուրեմն, ինչու հաջողությունը թողնենք : Եվ որտե՞ղ է ասված, թե հաջողությունը նրանցն է, ովքեր շոյում են հասարակության ճաշակը: Ես կապացուցեմ, որ կարելի է հաջողության հասնել` անկախ ամեն ինչից:Չմոռանամ միայն նշել, որ այստեղ բացառված են ամեն կարգի փոխզիջումները:

***
Գեղեցկության ընկալման ակադեմիական դաստիարակությունը սխալ է: Մեզ խաբել են և այնքան լավ են խաբել, որ ճշմարտության հետք անգամ չես գտնի հիմա: Վեներայի, Պարթենոնի գեղեցկությունը նույնատիպ ստեր են: Արվեստը գեղեցկության դրույթի կամ կանոնի պարտադիր կիրառումը չէ, այլ այն, որ ուղեղն ու բնազդը կարող են ընկալել անկախ կանոնից: Նկարչությունը ինձնից ուժեղ է, նա ինձ ստիպում է անել այն, ինչ ինքն է ուզում:

***
Երբ նկարում եմ, աշխատում եմ ստեղծել այնպիսի մի պատկեր, որին մարդիկ ամենաքիչն են սպասում և որը բավականաչափ արտառոց է չհասկացվելու համար: Ես մարդկանց տալիս եմ բնության կամ հենց իրենց պատկերը: Եթե մասերի բաժանենք կտավի կերպարները, ապա առանձին- առանձին նրանք արված են ընդունված կարգի համաձայն, բայց ի մի են բերված ու հավաքված են այնքան խառնիխուռն ու հասկանալի, որ դիտողն ակամայից մտածմունքի մեջ է ընկնում, որը և ստիպում է նրանց հարցերն ուղղել ինքն իրեն: Ամենավատն այն է, որ նկարիչը երբեք չի ավարտում իր կտավը: Եվ չկա մի պահ, երբ նա կարող է հանգիստ ասել. : Հենց կանգ ես առնում, նշանակում է` նորից ես սկսում: Իհարկե, փորձում ես կտավը մի կողմ դնել, որոշում ես այլևս ձեռք չտալ: Բայց փաստն այն է, որ երբեք ոչ մի կտավի տակ չես կարող գրել` վերջ:

Թարգմ. Մ. Զինջերջյանի

ՍԱԼՎԱԴՈՐ ԴԱԼԻ

1 Նյմ

Պարոնայք, քանի դեռ ոտնամանները ծառայում են մեզ` հագնում ենք, իսկ երբ մաշվում են` գցում ենք ձեղնահարկ և նորերն ենք գնում: Իսկ ինչու՞ նույնը չպահանջենք արվեստից: Եվ եթե այն հնացել է ու այլևս չի ծառայում մեր զգացումներին` շպրտենք ձեղնահարկ: Թող դառնա պատմության սեփականությունը:Այն արվեստը, որ այսօր հիրավի ծառայում է մեզ և համապատասխանում մեր ժամանակին ու պահանջներին, անկասկած, ավանգարդիզմ կոչվող կամ նոր արվեստն է: Ամեն մի դարաշրջանի հին արվեստ, համոզված եղեք, իր ժամանակի համար նոր է եղել և, այսօրվա արվեստի նման, ձևավորվել է այն մարդկանց չափանիշներով ու, հետևաբար, ներդաշնակության օրենքներով, ովքեր օգտվել են դրանից:Հենց նոր կառուցված Պարթենոնն ավերակ չի եղել: Եղել է նոփ-նոր, ինչպես մեր ավտոմեքենաները, առանց փառ ու բորբոսի:
Որքան էլ մեծ լինի մեր հարգանքը հանգուցյալ ծնողի հանդեպ, ժամանակն է պարզելու` դեռ ինչքա՞ն պետք է մեր ուսերին քարշ տանք նրա դիակը` տոկալով նեխման բոլոր փուլերին: Վերջապես նրա մարմինը հողին հանձնենք պատշաճ հարգանք-պատվով և լավագույն հիշողություններ պահենք նրա մասին:
Իհարկե, լավ կլիներ, եթե հարգանքի վեհ զգացումն անցած արվեստի և, առհասարակ, արդն հնագիտության բնագավառին վերաբերող ամեն ինչի նկատմամբ այդքան խոր ու ամուր արմատներ չգցեր մեզանում: Չէ՞ որ դա է մեզ պարտադրում երկյուղածորեն պահպանելու այն ամենը, ինչ թողել են մեր նախնիները: Փչում-մաքրում ենք փոշին, աղոթում ենք, խնամում-պահում այնքան ժամանակ, մինչև որ մգլում ու փտում են դրանք` ի չիք դարձնելով և մեր հարմարակեցությունը, և քաղաքակիրթ հասարակության վարկը:
Այդպես ծաղկում է անմաքրությունների պաշտամունքը: Ի՞նչ է բորբոսը: Անմաքրություն է դա, որ ժամանակը կուտակում է պատերի, իրերի, կահույքի և նման բաների վրա… Եվ երկրպագում ենք բորբոսին…

Թարգմ. Սուրեն Խաչատրյան

ԵՐՎԱՆԴ ՔՈՉԱՐ

21 Հկտ

Վերջին բոհեմը
Երկար մազերով, սպանված թռչունի պես լայն փողկապը քամուն տված, թափթփված ու անխնամ, խորապես զզված ամեն ինչից` ահա անցնում է վերջին բոհեմը` Արվեստագետը. նա գալիս է անհիշատակ ժամանակներից` միշտ ամեն դարաշրջանի եւ երկրի պայմանների հետ փոփոխելով իր դեմքն ու կեցվածքը: Մեռավ այն պատմական շրջանը, որտեղ նա հաղթողների ու տիրողների պարծանքն էր, երբ իր ստեղծագործությունն էր բարգավաճման եւ զորության չափանիշը: Ռենեսանսի շրջանից, երբ դրամատիրական իշխանությունը իր թաթը դրեց եւ ընկճեց ամեն ինչ, Արվեստագետն այլեւս դարձավ ծառան, նվաստ հպատակը ոսկու: Արդեն, լավագույն դեպքում, նրան շրջապատում էին բարձր վարձատրությամբ եւ շքանշաններով, բայց միշտ իր տիրոջ փառքը ակնհայտ դարձնելու համար, չէ՞ որ ծառային նայելով` կարելի էր դատել տիրոջ մեծության մասին: Բայց այլեւս մեռած էր նրա սիրտը դեպի իշխողը եւ ուժեղը: Դրամատիրական կարգերը նրան դուրս շպրտեցին կյանքից, նա կյանքի լուսանցքի վրա էր միայն…Սկսած վերածնության շրջանից` ո՞ր դասակարգին է պատկանում նա: Ազնվական չէ, որովհետեւ մեծ մասամբ դուրս է գալիս խեղճ ու ընչազուրկ դասակարգի ծոցից, բուրժուա չէ, որովհետեւ չունի շահագործման աղբյուրներ: Նա միշտ տիրոջ, իշխողի տրամադրության տակ է, սպասում է նրա հրամանին, իսկ հաճախ էլ` քմայքին: Բանվոր չէ, որովհետեւ իր աշխատանքը չի կարելի չափել որեւէ չափանիշով, առավելապես մտային է նրա ստեղծագործությունը. նա մտավորական է ավելի շուտ, բայց մտավորականը որեւէ դասակարգի չի պատկանում. կարող է գաղափարաբանությամբ լինել բուրժուա, ազնվական, բանվոր:
Արվեստագետի եւ տիրողների միջեւ բացված է մի վիհ: Նրա գործերը զարդարում են պալատները, տաճարները, բայց ինքը նկուղներում է ապրում` հաճախ մոռացված. նա հասկացված չէ… Արվեստագետի նուրբ եւ զգայուն հոգին ատում է օրենքը, որովհետեւ տեսնում է, որ այն ծառայում է ուժեղներին ու հարուստներին, եւ ահա նա փախչում է օրենքից, ստեղծում իր ուրույն աշխարհը:

Կայեն ու Աբել
(Գործողությունը տեւում է մեկ վայրկյան)
Աբել — (Պառկած կանաչ խոտերի ու ծաղիկների մեջ՝ նայում է երկնքին) Երանի բարձր, շատ բարձր սարերի կատարներին լինեի հիմա, ինչպե՜ս են փայլում նրանց կատարները…
(Կայենը պառկած նայում է լճակի մեջ լուռ ու մտազբաղ)
Աբել — (Կայենին) Դու կուզեի՞ր, որ օրը չմթներ, միշտ վերջալույս լիներ` կարմիր, ծիրանի, էն լոտոսի պես: Անտառների մեջ միշտ լույս լիներ, եւ մենք գազաններից այլեւս չվախենայինք…
(Կայենը լուռ նայում է ալ ջրին, որ արտացոլում է նրա սեւ սաթի պես աչքերը` կարծես արյան մեջ թաթախված կարմիր դեմքի վրա):
Աբելը — (Կայենին) Ինչո՞ւ չես խոսում եւ ինչո՞ւ ես այդպես նայում ջրին: Այդտեղ փոքրիկ ծիրանագույն ձկնիկներ կան, կարո՞ղ ես մեկը բռնել…
Կայենը — (Աբելին) Ձկնիկներ չկան: Տե՛ս, այստեղ մորթած ուլի նման է երկինքը…

ՄԱՐԿ ՇԱԳԱԼ

18 Հկտ

Ի հեճուկս մեր աշխարհի բոլոր դժվարությունների, իմ մեջ պահպանվել է այն ոգեշունչ սիրո մի մասը, որով ես դաստիարակվել եմ, պահպանվել է հավատը Սերը ճաշակած մարդու նկատմամբ: Մեր կյանքում, ինչպես և նկարչի ներկապնակում, միայն մի գույն կա, որն ընդունակ է իմաստ տալ կյանքին և Արվեստին. Սիրո գույնը:
Այդ գույնի մեջ ես տարբերում եմ այն բոլոր հատկանիշները, որոնք ուժ են տալիս մեզ ցանկացած ասպարեզում ինչ-որ բան անելու:
Հաճախ հարցնում եմ ինքս ինձ, թե որտեղից է նման վեհասքանչ բնության մի մասնիկի`մարդու մեջ, այսքան դաժանություն: Հարցնում եմ ինքս ինձ, թե ինչպես կարող է դա լինել, երբ կան Մոցարտը, Բեթհովենը, Շեքսպիրը, Ջոտտոն, Ռեմբրանդտը և այնքան ուրիշներ` սկսած համեստ ու ազնիվ մշակներից, որ տաճարներ, հոյակերտ շինություններ են կառուցել, արվեստի բազում գործեր ստեղծել և վերջացրած նրանցով, ովքեր հորինել են այն ամենը, ինչ հեշտացնում ու բարելավում է մեր կյանքը: Հնարավոր է, որ մարդը, տիրելով երկրի վրա իշխանություն պարգևող բոլոր նոր միջոցներին, անզոր լինի իշխելու ինքն իրեն: Դա անհասանելի է իմ հասկացողությանը: Ի՞նչ կարիք կա փնտրել բնությունից դուրս: Ներդաշնակության և գեղեցիկի բանալիները պետք է որոնել իր մեջ: Այդ բանալիները մեր ձեռքերում են: Այն ամենը, ինչ ես տքնել եմ անել, դաժանությանը մարտահրավեր նետելու մի թույլ ճիգ է: Արվեստը, որով զբաղվել եմ մանկուց, ինձ սովորեցրել է, թե սերը կարող է նրան փրկել: Սիրո գույնն ինձ համար ճշմարտության գույնն է, Արվեստի ճշմարիտ նյութը. այնքան բնական, որքան ծառը կամ քարը…

Թարգմ. Զ. Սուրենյան

ԱՆԴՐԵ ԺԻԴ

17 Հկտ

… Այն չեզոք տարածքը, դեպի ուր կտրուկ շրջադարձ անելով միշտ պիտի դառնանք նորից ու նորից, շատ լավ գիտեք, պարոնայք, պարզապես Բնությունն է: Ուրեմն ես նույնպես խոսելու եմ դեպի բնությունը հանրահայտ այդ վերադարձի մասին, որը ոմանց կարծիքով թվում է ամեն արվեստի միակ գաղտնիքը, և սրանով արդեն համարվում է ամեն ինչ ասված…
Վերադարձ դեպի բնություն… Սակայն դա ի՞նչ է նշանակում: Դեպի էլ ու՞ր կարելի է դառնալ: Ինքդ քեզնից դուրս ի՞նչ կարող ես գտնել, եթե ոչ շարունակական և համատարած բնություն: Բայց և ուրիշ ի՞նչ կգտնես քո մեջ, եթե ոչ դարձյալ բնություն:
Դեպի բնություն իսկական վերադարձը վերջնական վերադարձ է դեպի տարրը, դեպի մահ: Սակայն քանի դեռ մարդուն մնում է դույզն ձգտումը առ կյանքը, ինքնադրսևորման աննշան պահանջը, մի՞թե դրա դեմ պայքարելու, արվեստագետի պարագայում` բնությանը հակադրվելու և ինքնահաստատվելու համար չէ դա:
Ինչպե՞ս, ինչու՞ չըմռնել, որ այս երկու արտաքինը և ներքինը հակադրվում են իրար, և ըստ այդ մեկի ձևավորվում և իրազեկվում է մյուսը: Այս բնական ներքինը արդյոք պակա՞ս արժեքավոր է, քան մյուսը, և մի՞թե նրան մերժվելու է այդ իրավունքը կամ ժխտվելու է այն ուժը, առանց որի այլևս չի լինում արվեստի գործ, թե՞ կարծում են, որ ամեն արվեստ լինելու է սոսկ ռեալիզմ:
Չափից դուրս ծայրահեղորեն ձևակերպված այս կարծիքը, հույս ունեմ, ոչ ոք չի պաշտպանի: Բայց չէ՞ որ այս տեսակետից են ելնում, երբ ասում են, թե արվեստագետը պիտի բացակա լինի իր գործի մեջ, թե առարկայացումը արվեստի նախապայմաններից մեկն է. այնպես որ, եթե հնարավոր լիներ հասնելու այս առաջարկված նպատակակետին` տրված երկից բացառելով ամեն անհատականություն, մի ստեղծագործությունը կտարբերվեր մյուսից լոկ ներկայացրած սյուժեով, և արվեստագետը վերջապես կգոհանար` անմահություն ապահովելով դատարկ ու անկարևոր դեպքերին, միայն թե ընտրություն կատարեր, որքան էլ անցանկալի լիներ պատահական բաներ հավերժացնելը: Սակայն ընտրության ո՞ր իրավունքով դա պիտի աներ: Եվ արդյո՞ք չի կոչվում նաև հետագայում արված առավել նուրբ, առավել մանրակրկիտ ընտրությունը, որը ընտրության նման գալիս է մատնանշելու եթե ոչ իմ կամքը, ապա գոնե իմ նախընտանքը…
Չե՞ք ենթադրում արդյոք, թե հարկ է ընդունել, որ հենց այս ընտրությունը, սկզբում բնազդական, իսկ հետո նաև կամային այս նախապատվությունը արվեստի իսկ հաստատումն է, այն արվեստի, որ ամենևին բնության մեջ չէ, բնական չէ, արվեստ, որ լոկ արվեստագետն է պարտադրում բնությանը և պարտադրում է տքնանքով ու տառապանքով…

Թարգմ. Արուս Բոյաջյան

%d bloggers like this: