Tag Archives: ԱՐՇԱԿ ՉՈՊԱՆՅԱՆ

ԿՈՄԻՏԱՍԻ ՆԱՄԱԿԸ ԱՐՇԱԿ ՉՈՊԱՆՅԱՆԻՆ

26 Սպտ

1912, դեկտեմբեր, Կ. Պոլիս

… Արդ, մեր երկիրն սկզբեն եղել է կռվախնձոր արշավող ու շրջակա հզոր պետությանց աշխարհակալության ճանապարհի վերա և պահել է ցարդ նույն վիճակը։ Մենք այժմ իրապես ռուսաց շահի առարկան ենք. մեր երկիրն արդեն որոշված է, այսօր կամ վաղր ռուս պետության բաժին դառնալու։ Ուրեմն պիտի ձգտենք մեզ ազատագրել երկու կերպ, թեպետ և երկուքի վերջակետն էլ նույնն է, տարբեր ուղիով միայն։ Առաջինն է առավելագույնը՝ ինքնուրույն ու անկախ լինելով իբր պատվար ցցվել ռուս դիվանագիտության առջև և երկրորդը՝ նվազագույնը՝ ապավինել Քեռի Ռուսին և միաձույլ հայություն սահմանել։ Երկուքն էլ նույն է, բայց երկրորդն իրագործելի՝ շահերի նույնության վերա հենվելով, իսկ առաջինը անիրագործելի։ Ռուս կառավարությունը ծայրագույն արևելքեն տուժեց, ուրեմն ընդարձակման ճանապարհը այս կողմը մնաց…

Ես չե՛մ կարող մտքես անցնել, որ ռուս կառավարությունը իր շահերը զոհե մեզ. զի նա չէ կարող թույլ տալ, որ այս բաժինն ավելի լավ վիճակ ունենա, քան իր երկրի հայերը, ուրեմն մի՛շտ ձգտելու է պահել մեզ (եթե իրան չմիանանք) իրան կարոտ վիճակի մեջ, որպեսզի ապագա գրավման ձեռնտու տարր հանդիսանանք, արդեն մեր մեծ ջարդերն ապացույց են ասածներիս։ Ռուս թերթերն էլ ճիշտ այս կետն է, որ շարունակ շեշտում են, թե մեր փրկությունը կռելու և կոփելու ենք Փերպուրկի [Պետերբուրգի] պարիսպներու դռներուն առաջ, ա ՛յս էր պնդել ժամանակին Լոռիս Մելիքով Գևորգ Դ. կաթողիկոսին զգուշացնելով (երբ սա ռուս-տաճկական պատերազմի ժամանակ, փրկությունը տեսնելով ու հուսալով տաճիկներեն, գրեթե բացարձակապես սպասելիս է եղել տաճիկներին էջմիածնի մեջ)։ Արդեն քաջ դիտես, որ Անգլիո, Ֆրանսիո ու Ռուսիո միության գլխավոր նպատակն էլ այս էր։ Ուրեմն չիք փրկություն արտաքո Ռուսիո։ Պետք է նախ բոլոր հայերը խմբվեն մեկ տերության, մեկ օրենքի տակ, աճեն ու զարգանան բարոյապես և նյութապես և ապա ժամանակն ինքն է, որ պիտի բերե մեզ մեծ ազատությունը. շտապելով, աոաջինը չառած երկրորդ քայլի դիմելով բոլորովին պիտի կորչենք, տաճիկէն ոչ մի հույս մի ունենաք, մի սպասեք, նորա ուղեղը քարե ժայռից է, զարգացման անընդունակ, լոկ փշրվելու համար պիտանի և ոտքի տակը սալահատության հարմար։

Չպետք է բաժանվենք, չպե՛տք է խաբվենք Եվրոպայի զանագան խոստումնալից խաբկանքներեն, միանալու ենք և գործնական ճամփան բռնելու՝ ըստ իս, աոաջին քայլն է բոլոր հայությունն ամփոփել ռուսի իշխանության տակ, երկրորդ քայլն է տնտեսապես ու բարոյապես, զուտ ազգային, առանց օտարեն ու մեզ անմարս գաղափարներով առաջնորդվելու զարգանալ. երրորդ քայլն արդեն ինքը ռուս հեղափոխությունն է, որ պիտի անե, ոչ թե մենք, իսկ մենք օգտվելու ենք այդ քայլեն, սակայն պատրաստվելով, լեհերու պես զուտ ազգային շավիղը բռնելով. եվյապական մարդկային գաղափարները որքան որ ընտիր են ու փափագելի, բայց մեզ անպետք են. պաղ երկրի բույսերը մեր ջերմ արևին տակ կկիզվեն։

Ես վախ չունիմ, թե ռուս կառավարության մեջ կհալենք, որքան ալ որ հալենք, այնուամենայնիվ մեր ինքնագիտակցությունը զարթնած է և եթե խելոք շարժվենք` կվաստկենք, ես այս կարծիքն ունիմ…

Համբույր ե կարոտով`

Քույդ Կոմիտաս վարդապետ:pizap.com13801567436881

ԱՐՇԱԿ ՉՈՊԱՆՅԱՆ

21 Փտր

ԱԴԱՄԻ ՎԻՇՏԸ

Լեռներու ստորոտ, մարմանդին վրա,
Շուքին տակ ծառի մը բազկատարած,
Վճիտ առվակի մը մոտ արծաթյա
Եվա մեղկորեն էր ընկողմանած:

Բոցակեզ արևն հորիզոնեն վեր
Կ’ելլեր հաղթական. զեփյուռն անուշակ
Կպարզեր օդին մեջ փափուկ թևեր,
Վարդը կխնկեր, ու կ’երգեր սոխակ:

Բայց ո՛չ արևին, ո՛չ ծաղիկներուն
Կնայեր Եվա. ուժով կսեղմեր
Իր թևերուն մեջ մանկիկ մ’ը սիրուն,
Խնձոր այտերով, խաժակն, ոսկեհեր:

Կշարժեր անդուլ մանկիկն անհանդարտ,
Խաղալով մանրիկ մատներով իր մոր
Գանգուրներուն հետ. և ան, գոհ, զվարթ
Կհամբուրեր զայն, ժպտալով անոր:

Ծառի մ’ ետևեն Ադամ կդիտեր
Այդ պատկերն աղու և շնորհալի,
Ու լուռ, տրտմությամբ լեցված, կխորհեր`
Աչքն իր մանկիկին հառած ծաղկատի:

Հանկարծ արցունքով աչքերը լեցան,
Հառաչ մը կուրծքեն թռավ թախծալիր,
Ճակտին զարկավ ձեռն ու շեշտով մը դառն`
«Տե՛ր,- ըսավ,- ինչո՞ւ մայր մ’ ինձ չտվիր»:

%d bloggers like this: