Tag Archives: արձակ

ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳՐՈՂՆԵՐԻՆ

24 Հնվ

«Մեր երիտասարդ գրողները, մանավանդ բանաստեղծներն ինձ ուրախացնում են: Մեր երիտասարդները շատ բան արեցին: Նրանք ցույց տվեցին, թե ինչպես չի կարելի գրել: Այդ ինչպիսի ուղղությամբ նրանք մեծ արդյունքի հասան. շատ լավ են գրում, կուլտուրական, մակարդակով: Բայց նույն համապատասխանությամբ տուժում է ինչը: Այսինքն թե ինչպե՞ս ես ասում, լավ է, բայց ի՞նչ ես ասում: Եվ վերջապես, չէ՞ որ ինչպեսը անցողիկ է, կարևորը ինչն է: Գրականության պատմությունը ցույց է տալիս, որ հաղթում է ինչը: Ինչպիսի տեսակետից  էլ եթե ուսումնասիրեք, կտեսնեք, նույնիսկ մեր որոշ լրագրողներ ավելի լավ են գրում, քան անցյալի որոշ հայտնի գրողներ: Բայց ինչը կարևորն է: Դժբախտաբար, երիտասարդները դրա մասին մտածում են մի քանի տարի հետո, երբ արդեն ուշ է լինում:  Ահա այստեղ է, որ ես տխրում եմ: Մեր երիտասարդ բանաստեղծները այժմ գրում են ձևի տեսակետից կատարյալ բանաստեղծություններ, բայց թող թույլ տրվի ասել, այդ բանաստեղծությունները երբեմն ունենում են  երեք գլուխ (կամ բոլորովին չեն ունենում), մի քանի ձեռք, մի քանի ոտք:

Այնինչ ընթերցողներին հարկավոր են նորմալ կառուցվածք ունեցող  բանաստեղծություններ: Ես սարսափով եմ  մտածում առաջիկա տասը տարվա մասին: Ինձ անհանգստացնում է ասելիքի բացակայությունը: Հիմա ամենավերջին ակնարկագիրն  ավելի գեղարվեստական ձևով է գրում, քան 30-ական թվականների պատմվածքագիրը: Բայց այստեղ էլ մի վտանգ կա: Մեր արձակը սկսել է մոտենալ չափածոյին: «Մեղավորը» երևի Բակունցն է: Բայց չէ՞ որ Բակունցը ելավ չորության և տափակության դեմ: Նա լուծեց ինչպեսի և ինչի հարցը: Իսկ մեր արձակին հատկապես կարևոր է ինչը: Բայց մեր արձակը մի տեսակ անկերպար, կամ լավագույն դեպքում` անանուն, անարյուն մարդկանցով է լցված:

Այնտեղ հանդիպող մարդիկ ի՞նչ են անում: Ինչի՞ համար, ի՞նչ են ուզում աշխարհից, դժվարանում ես որոշել: Վերջապես արձակը արձակ է, չափածոն` չափածո: Սեռերի հասկացողությունը չպետք է շփոթել: Խառնարյունությունը վատ է:

Չմոռանամ ասելու նաև մի վտանգի մասին, որ սպառնում է երիտասարդական պոեզիային: Դա, այսպես ասած,  հատվածայնությունն է, կոտորակայնությունը: Կարդում ես մեր երիտասարդների որոշ գործեր և թվում է` կարդում ես հատված մի մեծ գործից: Մտածում ես` որպես հատված լավ է, բայց որպես ինքնուրույն գործ` թույլ:

 Մի ժամանակ ես հանգով էի գրում: Հետո հրաժարվեցի հանգից, որովհետև հանգը ինձ խանգարում էր: Երբ ասելիքը շատ է, բանաստեղծը  դժվարանում է հանգով գրել:  Բայց անհանգ գրելը դարձավ նորաձևություն: Անհանգ են գրում նույնիսկ քիչ ասելիք ունեցող մարդիկ: Մի օրինակ բերեմ: Երբ առվում ջուրը քիչ է, այգեգործը ջրով բզբզում է հունը, հարթում, որ ջուրը  մի կերպ այգուն հասցնի: Բայց երբ ջուրը առատ է, բահի կարիք չի զգացվում: Հիմա ստացվել է այնպես, որ որոշ բանաստեղծներ մի ծորակի չափ ջուր չունեն, բայց աշխատում են առանց բահի (նորաձևությամբ): Ստացվում է այնպես, որ բովանդակությամբ թույլ, բայց հանգ ու վանկի շնորհիվ մի քիչ շունչ առնող ոտանավորները մեռնում են դեռ չծնված…»:

 ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

1968sev-10

%d bloggers like this: