Tag Archives: Արկադի Տեր-Թադևոսյան

Հարվածին պետք է հարվածով պատասխանել

2 Մյս

Անցած շաբաթը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում առանձնացավ հրադադարի ռեժիմի խախտման շեշտակի աճով: Սահմանի ամբողջ երկայնքով միջադեպեր արձանագրվեցին շուրջ 350 անգամ: Արձակվեց մոտ 3000 կրակոց: Լարվածությունն էլ ավելի ինտենսիվ դարձավ ապրիլի 27-ից հետո: Եվ մինչ կողմերը մեղադրանքներ էին փոխանակում իրավիճակն ապակայունացնելու համար, դիպուկահարների կրակոցներից սպանվեցին երեք հայ զինծառայողներ:
Ողբերգությունից անմիջապես հետո ԼՂՀ պաշտպանական բանակը հայտարարություն տարածեց` արձանագրելով, որ «պաշտոնական Բաքուն ոչ միայն չի կատարում միջազգային տարբեր մակարդակներում տեղի ունեցած բանակցություններում ձեռք բերված հրադադարի ռեժիմի պահպանման պահանջները, այլև առավել լկտի ու սանձարձակ բնույթ է հաղորդել իր ագրեսիվ ձեռնարկումներին»: Սակայն բոլորն էլ արդեն հասկանում էին, որ պահն ամենևին էլ դեկլարատիվ բնույթի կոչերի ու մեկնաբանությունների կարիք չէր զգում: Անհրաժեշտ էր առավել ազդեցիկ պատասխան քայլ: Սակայն ի՞նչ: Եվ ո՞վ պիտի կրեր դրա հետևանքների պատասխանատվությունը:
Եթե պատերազմն իր օրենքներն ունի, ապա դա օրենքների բացակայությունն է: Այս առումով չէր սխալվում Հայաստանի արտգործնախարարությունը, որն իր հրապարակած հաղորդագրության մեջ նշում էր, թե «Ադրբեջանը ցույց է տալիս, որ կարող է արհամարհել միջազգային տարբեր ատյաններից ու երկրներից հնչող հրադադարի ամրապնդման, դիպուկահարների դուրսբերման, վստահության ամրապնդման և միայն խաղաղ ճանապարհով խնդիրները լուծելու վերաբերյալ կոչերը»: Այո, Ադրբեջանն արհամարհում է և կարհամարհի դեռ շատ երկար, քանի որ վստահ է` մնալու է անպատիժ: Իսկ այսպիսի ինքնավստահությունը ծնող երկու պատճառներ կան: Առաջինը միջազգային հանրություն ասված անհասկանալի գոյացության կրավորական պահվածն է` խարսխված այն սխալ մտայնության վրա, թե կոշտ միջամտությունները կհանգեցնեն բարդացումների: Իսկ երկրորդ պատճառը երկակի ստանդարտների կիրառումն է, երբ պահանջների անհամաչափությունն իր հերթին ծնում է գործողությունների կարելիության սահմանների գերագնահատում: Ահա նման ամենաթողության պայմաններում էլ Ադրբեջանը անկաշկանդ կերպով օգտվում է թե մեկից, թե մյուսից:
Խիստ ընդգծված է ևս մի օրինաչափություն, ինչը թույլ է տալիս մտածել, որ Բաքուն սադրանքների հստակ համակարգ է մշակել: Այդ համակարգի մի բաղկացուցիչն է դարձել է այն, որ ամեն անգամ, երբ տարածաշրջան են ժամանում Արևմուտքի բարձրաստիճան պաշտոնյաներ ( այս դեպքում դա ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Թինա Քեյդենաուն էր, ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շ. Ֆյուլեն), Ադրբեջանը թեժացնում է մթնոլորտը զանազան սադրանքներով: Այս կարգի մարտահրավերը հավակնում է թաղել այն բոլոր ծրագրերն ու պայմանավորվածությունները, որոնց մեջ ադրբեջանական շահը փոքր-ինչ ստվերված է, ջնջել գրված էջերը ու ստիպել սկսելու դատարկ էջից: Բայց այդ խաղը չի կարող անվերջ շարունակվել:
Վերջին իրադարձությունները Հայաստանի հասարակական ու քաղաքական դաշտում գործելաոճի վերանայման պահանջ են պարտադրում: Փոփոխության անհրաժեշտություն զգում են ամենքը, սակայն առաջարկված տարբերակների հարցում դեռևս չկա միասնականություն: Լեռնային Ղարաբաղում այն կարծիքին են, որ կատարվածը ոչ մարտական գործողությունների արդյունք է, ոչ ռազմական օպերացիա, այլ պարզապես ահաբեկչություն է: «Այդ պետությունը վաղուց դարձել է ահակեբչության բուն»,- համոզված են Ստեփանակերտում:
«Պետք է պատասխանել, պատասխանել նույն կերպ, այլ տարբերակ չկա։ Մի քանի ամիս առաջ նրանք կրակում էին, իսկ մենք լռում էինք, ինչպես գառնուկներ։ Պետք է հասկանալ, որ նրանք այսուհետ էլ կրակելու են, քանի դեռ պատասխան չեն ստացել»,- ասում է գեներալ-մայորը Արկադի Տեր-Թադևոսյանը: Հանրապետական կուսակցությունը ընդհանուր առմամբ կիսում է գեներալի կարծիքը և վստահ է, որ շփման գծում Ադրբեջանի գործողությունները ցանկացած դեպքում ստանալու են համարժեք պատասխան: «Ի՞նչ է, պատերազմ են ուզում: Նրանք 20 տարի առաջ ստացել են այդ պատերազմն ու դրա պտուղները: Ի՞նչ է, մոռացել են, թե ինչպես են իրենց լակոտները դուրս շպրտվել Արցախի հողից»,- այս օրերին հիշեցին ոմանք: Դաշնակցությունը նույնպես պատասխան հարված հասցնելու կողմնակիցն է: Իսկ ահա «Ժառանգությունը» կարծում է, որ Բաքվի սադրանքներին ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից համարժեք արձագանքի բացակայության պայմաններում հայկական կողմը պետք է պատասխան տա, բայց ոչ ռազմական հարթությունում:
Ոչ ռազմական կոչված տարածություններում գործելու հնարավորություններ է տեսնում նաև «Բարգավաճ Հայաստանը»: Համաձայն այդ մոտեցման, առաջին հերթին Մինսկի խումբը պետք է մատնանշի ղարաբաղյան հարցի կարգավորումը ձախողող իրական մեղավորներին։ Իսկ եթե միջնորդների միջամտությունն անարդյունավետ լինի (ինչի հավանականությունը մեծ է), ապա այդ դեպքում Հայաստանը կարող է ձեռնարկել մի քանի քայլեր: Օրինակ, Երևանը կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Մեկ այլ մոտեցում է առաջարկն այն մասին, որ հայկական կողմը ընդունի միջազգային դատարանի իրավասությունը և հայց ներկայացնի Ադրբեջանի դեմ` ռազմական գործողություններ սանձազերծելու համար: Եվ վերջապես, Հայաստանը կարող է ժամանակավորապես հրաժարվել հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին մասնակցությունից:
Թե որքանով վերը թվարկված քայլերը կարող են արդյունավետություն խոստանալ, վիճարկելի հարց է: Հազիվ թե որևէ մեկը փորձի խստացնել Ադրբեջանի հանդեպ իր դիրքորոշումը և կամ պատժամիջոցներ կիրառել։ Ասվածի լավագույն ապացույցը կարող է համարվել այն, որ զինվորների սպանությունից այսքան օրեր հետո էլ ոչ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ոչ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական գրասենյակը ոչ մի կերպ չեն արձագանքել սահմանային արյունալի բախմանը: Եվ ուրեմն այս պահին դիվանագիտություն խաղալու ժամանակը չէ: Եկել է կոշտ միջոցներ ձեռնարկելու ժամանակը: Հարվածին հարվածով են պատասխան տալիս: Իսկ մտահոգությունն այն մասին, թե արդյո՞ք միջազգային հանրությունը վերջապես կգիտակցի, որ անտարբերությունը նման ողբերգությունների է հանգեցնում, թողնենք այդ հանրության խղճին:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: