Tag Archives: Արթիկ

ԲԱԿՈՒՆՑԻ ԱՐՇԱՎԱԽՈՒՄԲԸ

17 Փտր

Ակսել Բակունցի կյանքին առնչվող հետաքրքիր մի դրվագ վրիպել է ուսումնասիրողների ուշադրությունից, մինչդեռ իր ժամանակին դրան մեծ կարևորություն է տրվել թե իր բացառիկության և թե ակնկալիքների առումով: Խոսքը մեծ գրողի մի «ոչ գրական» առաքելության մասին է: Բանն այն է, որ 1928 թվականի ամռանը Բակունցին հանձնարարվել էր գլխավորել գիտական արշավախումբ: Սա տարօրինակ պիտի թվա ընդամենը առաջին հայացքից: Իրականում այդ օրերին Բակունցը Հողժողկոմատի հողվարչության պետի տեղակալն էր, ճանաչված ու հմուտ գյուղատնտես և միաժամանակ աշխատակցում էր «Մաճկալ» թերթին:  1920-ականներին նման բարձրակարգ մասնագետ Հայաստանում քիչ կգտնվեր: Այդ պատճառով էլ ընտրության հարցում իշխանությունները չէին սխալվել: Նույն օրերին «Խորհրդային Հայաստան» թերթում մի հակիրճ տեղեկատվություն տպագրվեց սպասվելիք արշավի մասին.1910

«Գյուղատնտեսների էքսկուրսիան դեպի Արագած

Հողժողկոմատի տեղկոմը և «Մաճկալի» Գյուղատնտեսական բաժինը գյուղատնտես ընկեր Ակսել Բակունցի ղեկավարությամբ գիտական նպատակներով կազմակերպել է մի արշավախումբ դեպի Արագածի գագաթը: Արշավախումբը բաղկացած է 12 հոգուց, մեծ մասամբ գյուղատնտեսներ: Երևանից դուրս է գալիս այսօր, առ. ժամը 5-ին, դեպի Բյուրական՝ մեքենայով, իսկ այնտեղից ճանապարհը շարունակելու են ձիով և ոտքով: Արշավախումբն ուսումնասիրելու է Արագածի ամենաբարձր լանջերին գտնվող եզդիների օբաները և արոտավայրերը, իսկ վերադարձին՝ Արթիկի տուֆը»:

«Խորհրդային Հայաստան», 12. 8. 1928 թ.:

Այս կարճ լրատվությունն ամեն դեպքում բավականին հագեցած էր՝ ծրագրերի մասին նախնական պատկերացում կազմելու համար: Գաղտնիք չէ, որ այդ տարիներին Արագածի ալպյան գոտու ռեսուրսները` խոտհարքներն ու արոտավայրերը, ինչպես նաև ջրային պաշարները մնում էին չօգտագործված, մինչդեռ լեռնային, քարքարոտ երկրի համար դրանք անգնահատելի արժեք էին ներկայացնում: Եվ, իհարկե, առանձնակի ուշադրության էր արժանի տուֆի հանքերի մասին ակնարկը: Այդ հանքերը դեռ նոր պիտի ներկայանային իրենց ողջ հարստությամբ` իբրև շինաքարի ամենանախընտրելի և անսպառ պաշար Հայաստանի համար, իսկ մեկ տարի առաջ Լենինականում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետևանքների ֆոնի վրա խնդրի հրատապ լուծումը հատկապես հրամայական էր դառնում:1930-ականներ

Բակունցի և նրա գործընկերների մեկնումից տասն օր անց հրապարակվում է երկրորդ հաղորդագրությունը: Այն հայտնում էր, որ «Հողժողկոմատի նախաձեռնած էքսկուրսիան` գյուղատնտես Ակսել Բակունցի ղեկավարությամբ, վերադարձավ Արագածից»: Այնուհետև ասվում էր. «Էքսպեդիցիան բաղկազած էր 15 հոգուց, մեծ մասամբ գյուղատնտեսներից: Երևանից դուրս գալով ամսի 9-ի գիշերը, Ապարանի կողմից (Ղազնաֆարով) էսպեդիցիան բարձրացել է Արագածը: Խմբից 12 հոգի հոգնածության պատճառով, գյուղատնտես Արամ Մելքոնյանի ղեկավարությամբ, միջին օբաներից ցած են իջել ու վերադարձել, իսկ ագրոնոմներ Ակսել Բակունցը, Ալիսը և մի հողաշինարար գիտական պարագաներով բարձրացել են Արագածի երկու բարձր գագաթները, 2 գիշեր մնացել են այնտեղ, ապա անցնելով Լենինականի լանջերը՝ իրենց ուսումնասիրությունը շարունակել են ու ամսի 15-ին Լենինականով վերադարձել»:

Արշավախամբի անակնկալ տրոհումը` հոգնածության պատճառաբանությամբ, անկեղծ ասած` այնքան էլ վստահություն չի ներշնչում: Թերևս նրանց վաղաժամ վերադարձի համար այլ խնդիրներ էին ծագել, հակառակ պարագայում ողջ արշավը կարելի էր ձախողված համարել, և նրանց կմիանային ինչպես Բակունցն, այնպես էլ Ալիս կեղծանունով Բակունցի օգնական և «Մաճկալի» թղթակից Ալեքսանդր Մարգարյանը: Սակայն նրանք ոչ միայն շարունակել էին արշավը, այլև բարեհաջող ավարտի հասցրել` ներկայացնելով արժեքավոր տեղեկություններ ու դիտարկումներ իրենց երթուղու բոլոր հատվածներից:

Հաշվետվությունը, որն այնուհետև ներկայացվեց իշխանություններին, բավականին ընդարձակ էր: Եթե շարադրելու լինենք այդ փաստաթղթի բովանդակության առավել հատկանշական հատվածները, ապա նեղ մասնագիտական զանազան տվյալների ու առաջարկների շարքում Բակունցն ու ընկերները նախ գրում էին, որ Արագածի արոտատեղիները նպատակահարմար եղանակով չէին օգտագործվում: «Արագածի ամենաբարձր լանջերի մի դեսյատինի արոտատեղի վրա արածում են միջին հաշվով 0,5-ական խոշոր անասուն կամ 2 ոչխար, մինչդեռ 14000 ֆուտ բարձրության վրա անգամ կան բնական երեքնուկ, կորնկան և բազմաթիվ հացազգի բույսեր: Նույն բարձրության վրա գտնվում են նույնիսկ բզեզներ և վայրի մեղուներ, որոնք գրավական են թիթեռնածաղիկների բեղմնավորման ու բազմացման համար»,- ասված էր հաշվետվությունում:bakunc

Էքսպեդիցիան ուսումնասիրել էր նաև օբաների խաշնարածների կոլեկտիվացման խնդիրը և գտել, որ այդ հարցի լուծումն էլ շատ դժվարությունների չի կարող հանդիպել, քանի որ  «նրանց մեջ արդեն արմատացած կան մի շարք կոլեկտիվ մոմենտներ, որպիսիք են՝ ցուլի ու ղոչի ընդհանուր լինելը, անասունների ընդհանուր արածացնելը, կաթի խաբ տալը (փոխ տալ) և պանիրն ընդհանուր կաթսայում եփելը: Հարկավոր է միայն կազմակերպչորեն նրանց ձևավորել և այդ աշխատանքները տանել այնպես, որպեսզի ոչ թե ունևրորներն օգտվեն, ինչպես եղել է մինչև այժմ, այլ չքավորները համախմբվեն ուժեղ տնտեսության մեջ»:

Ամփոփիչ հատվածում տեղ էր գտել այսպիի մի առաջարկ. «Որովհետև Արագածը շատ մեծ ուսումնասիրության կարիք ունի, էքսպեդիցիան կարծում է, որ նպատակահարմար կլիներ, եթե Հողժողկոմատը կամ տուրիստական ընկերությունը մի փոքր, բայց ամուր տնակ կառուցեր Արագածի գագաթի մոտ, որն զգալի չափով կնպաստեր զանազան էքսպեդիցիաների աշխատանքին»:

Դեպքերից առաջ ընկնելով ասենք, որ արշավախմբի ցանկություններից այս մեկը իրականություն դարձավ շատ արագ: Մի քանի ամիս անց հրապարակված հաղորդագրությունը տեղեկացնում էր. «Էքսկուրսիոն բազա Արագածի ստորոտում.- Բացի Երևանում, Ալլահվերդիում, Լենինականում և Սևանի կղզու վրա կազմակերպվելիք էքսկուրսիոն բազաներից՝ բազա է հիմնվելու նաև Արագածի ստորոտում: Բազաներում արվելու են գիշերելու հարմարություններ և տաք ջուր (սնունդ չի տրվելու)»:artik

Սակայն վերադառնանք արշավախմբի ծրագրերից գլխավորին` տուֆի հանքավայրերի ուսումնասիրմանը: Այս հանգամանքը կարևոր է թեկուզ այն պատճառով, որ տարիներ շարունակ ընդունված է եղել Արթիկի հանքերի հետախուզական աշխատանքների գլխավոր դերակատարներ համարել օտար մասնագետներին` երկրաբաններ Պ. Լեբեդևին, Բ. Զալեսկիին, Վ. Պետրովին, Ա․ Իվանչին-Պիսարևին, ազգությամբ հայ, բայց Ռուսաստանում ծնված Դավիթ Չիսլիևին: Սակայն որևէ անգամ չի հիշատակվել Բակունցի արշավախմբի առաքելության նշանակությունը: Իսկ մի՞թե պատահականություն կարելի էր համարել այն փաստը, որ 1928-ի օգոստոսից հետո արմատապես փոխվեց պատկան մարմինների և հատկապես Մոսկվայի վերաբերմունքը հանքավայրը լայնորեն շահագործելու և այդ նպատակի համար միջոցներ հատկացնելու գործում: Այն օրերի թերթերը նույնիսկ հաղորդեցին, թե ինչպես Մոսկվայում կառուցվում էր առաջին փորձնական բնակարանը Արթիկի տուֆից: Հայկական տուֆն իր գործնական կիրառումը գտավ նա Մոսկվայում թեթև արդյունաբերության ժողկոմատի, «Գրքի տան» շինարարության, ինչպես նաև բնակելի այլ շենքերի կառուցման ժամանակ։ Դրանից հետո տուֆը օգտագործվեց ԽՍՀՄ կենտգործկոմի` Սինոպում տնտեսական վարչության հանգստյան տան և ԽՍՀՄ կենտգործկոմի Սևծովյան առափնյա գոտում շենքերի կառուցման ժամանակ։ 1929-ի մայիսին հայտնի դարձավ, որ ԽՍՀՄ Հանքագիտության ինստիտուտը ձեռնարկում է Արագածի շրջանում Արթիկի տուֆային լավային հետազոտությունը: Հետազոտությանը հատկացված էր 100.000 ռուբլի: Մեծ քանակությամբ շինանյութ Ռուսաստան առաքելու հետ մեկտեղ Հայաստանն էլ անմասն չէր մնում այդ պաշարից:

Իսկ ի՞նչ պատահեց գրող Ակսել Բակունցին: Մի՞թե նրա կարճատև, բայց հագեցած ուղևորությունն այդպես էլ որևէ անդրադարձ չունեցավ գրողի ստեղծագործական էջերում: Իբրև այս հարցի պատասխան մենք կարող ենք միայն ենթադրություններ անել: Օրինակ, կարելի է վերհիշել նրա հանրահայտ գործերից մեկը` «Մուրոյի «զրուցը», որը սկսվում է այդպիսի գաղտնազերծող տողերով. «Երկրորդ օրն էր՝ Մաղդայում էինք` Ալագյազի լանջի ամենաբարձր գյուղերից մեկում, որտեղից բացվում է հիանալի տեսարան դեպի դաշտը…»: Կամ կարելի է մտաբերել, թե ինչպես 1935 թվականին «Հայկինոն» տեղեկացրեց այն մասին, որ սկսվել են «Արագած» պայմանական անունը կրող հնչյունային ֆիլմի նկարահանման աշխատանքները: Սցենարի հեղինակը Ակսել Բակունցն էր:Մուրոյի_«զրույցը»_1

Ավելի հետևողական պրպտումները թերևս նոր փաստեր էլ ի հայտ բերեն: Մի բան կասկածից վեր է. Ինչպես որ կենսափորձն ու տպավորություններն են իրենց հետքը թողնում հոգևոր արժեքների վրա, այնպես էլ մտավորականի կերպարն է ամբողջանում նրա կյանքի բոլոր դրսևորումներով: Եվ այդ իմաստով դեպի Արագած ճամփորդությունը պիտի դիտվի Բակունցի կենսագրության նշանակալի դրվագներից մեկը:

 

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

1950-ԱԿԱՆՆԵՐ. ԵՐԲ ՀԱՅԵՐԸ ԶԱՅՐԱՆՈՒՄ ԵՆ

2 Դկտ

Որքան երկար ենք թերթում մեր երկրի պատմության գիրքը, այնքան ավելի ենք համոզվում, թե այդ գրքում ինչ շատ են սպիտակ ու պատռված էջերը: Ժամանակը հեռացնում է, լռությունն ու մոռացությունն էլ իրենց հերթին են ջնջում խունացած շերտերը: Սակայն միշտ մնում է աննշան մի հետք, որպեսզի մեզ կրկին վերադարձնի կորստի տրված օրերի շղթան, հիշողության դաշտ բերի  անցյալի վտարված պատկերը` ամբողջացնելով մեր պատմության ճանապարհը:

Որպես ասվածի ապացույց, այսօր տեղափոխվենք հեռավոր 1950-ական թվականները` մտաբերելու այն տարիներից մի քանի արժանահիշատակ դրվագներ, որոնց մասին այսօր շատ քչերը գիտեն:

 ՍՄԿԿ 1954-ի մարտյան պլենումը երկրում հացահատիկի արտադրությունը բարձրացնելու նպատակով որոշում կայացրեց ընդլայնել ցանքատարածությունները Սիբիրում և Ղազախստանում անմշակ թողնված` խոպան հողերի իրացման հաշվին: Աշխատանքային ձեռքի պակասը լրացնելու նպատակով այդ երկրամասեր գործուղվեցին միութենական հանրապետությունների երիտասարդներն ու ուսանողները: Հայաստանը նույնպես բացառություն չէր: Այդպես եղավ նաև 1956 թվականի ամռանը:  Հայ ուսանողներից կազմված հսկայական մի խումբ մեկնեց ղազախական տափաստաններ` մասնակցելու բերքահավաքին: Աշխատանքի վայրը Կոստանայի մարզն էր: Ինչպես ընդունված էր այդ տարիներին, Երևանի երկաթուղային կայարանում տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն: Հնչեցին ելույթներ, հրաժեշտի բարեմաղթանքներ, գերազանց աշխատանքի խոստումներ: Գնացքը Միջին Ասիա էր տանում շուրջ 1700 հայ երիտասարդների: Բոլորի տրամադրությունը բարձր էր, ոգևորությունն` ակնհայտ: Սակայն երկար ճանապարհից այն հետզհետե նվազեց, իսկ երբ սպառվեցին ուտելիքի պաշարները, որ ուսանողներն իրենց հետ վերցրել էին` հուսալով, թե ճանապարհին կբաժանվի խոստացված սնունդը, շարժակազմի ուղևորների տրամադրությունը կտրուկ փոխվեց:Kristian-Pino-3

Հենց որ գնացքը կանգ առավ Օրենբուրգ քաղաքի կայարանում, քաղցած ու հոգնած մարդիկ դուրս թափվեցին կառամատույց` փորձելով գոնե այստեղ գտնել առևտրի կետեր և ինչ-որ բան ձեռք բերել հետագա ճանապարհի համար: Սակայն պարզվեց, որ կառամատույցում խանութներ չկան: Ծայր առավ դժգոհության ալիքը, որ գնալով տարածվեց ու թափ հավաքեց: Զգալով, որ տագնապալի ինչ-որ բան է հասունանում, իրավիճակին փորձեցին միջամտել ուսանողներին ուղեկցող անձինք: Նրանց թվում էին Հայաստանի ԿԿ Կենտկոմի քարտուղարներից մեկը, կոմերիտմիության կենտկոմի երկրորդ քարտուղարը, ինչպես նաև Հայաստանի միլիցիայի օպերատիվ խմբի անդամները: Սակայն ոչ հուսադրող զրույցները, ոչ խոստումները, ոչ սպառնալիքներն այլևս ի վիճակի չէին խաղաղեցնել զայրացած մարդկանց: Ուսանողները մեծ ու փոքր խմբերով դուրս եկան քաղաք ու ցրվեցին փողոցներով: Որոշ ժամանակ անց քաղաքի տարբեր անկյուններից սկսեցին անհանգստացնող տեղեկություններ ստացվել: Ոմանք պատմում էին, թե հայերը խուլիգանական արարքներ են թույլ տալիս, ոմանք պնդում էին, թե կանանց ու աղջիկների են վիրավորել, հետո լուրեր տարածվեցին, որ կռիվներ են ծագել երկաթգծի աշխատողների և ուսանողների միջև, իսկ որոշ վայրերում բախումներ էին եղել հենց խմբերի ներսում: Խառնաշփոթ իրավիճակում դժվար էր ճշտել` հաղորդվող լուրերից որոնք էին ճշմարիտ, իսկ որոնք` հորինված կամ չափազանցված: Ամեն դեպքում, քաղաքի իրավապահները ոտքի ելան և քիչ անց ձերբակալեցին մի հայ երիտասարդի, ով փողոցում խժդժություն էր հրահրել: Սակայն այդ քայլը նման էր կրակի վրա յուղ լցնելուն: Միջադեպն էլ ավելի սրեց կացությունը: Իմանալով դրա մասին, հսկա ամբոխը շարժվեց դեպի տեղի միլիցիայի բաժանմունք և պահանջեց անմիջապես ազատ արձակել իրենց հայրենակցին: Տեսնելով, որ վտանգն իրական է, իրավապահները որոշեցին գնալ փոխզիջման: Նրանք հայտարարեցին, թե բաց կթողնեն ձերբակալվածին` պայմանով, որ «հետագա էքսցեսներին վերջ տրվի»: Հավաքվածները համաձայնեցին: Միայն թե նրանք այնքան էլ իրենց խոստման տերը չեղան: Ինչպես հաղորդում էին օպերատիվ ամփոփագրերը, դրանից հետո էլ շուրջ 16 ժամ Օրենբուրգում մասսայական հուզումները չէին դադարում: Մեծ ճիգեր պահանջվեցին անկառավարելի ուսանողներին վերադարձնել վագոններ և շարունակել ճանապարհը:

Այս աննախադեպ միջադեպը շատերի համար անհետևանք չմնաց: Հայաստան վերադառնալուն պես որոշ ուսանողներ հեռացվեցին բուհերից ու կոմերիտմիության շարքերից, շատերն էլ նկատողություն ստացան: Ի դեպ, քանի որ խոսք գնաց Ղազախստանի Կոստանայի մարզի մասին, ասենք, որ այս նույն մարզի Կարաբալսկի շրջանի Մագնայ բնակավայրում 1959 թվականի սեպտեմբերի 10-ին ողբերգական դեպքեր ծավալվեցին` դարձյալ արտագնա աշխատանքի մեկնած հայ երիտասարդների մասնակցությամբ: Ամեն ինչ տեղի ունեցավ «Զագոտզեռնո» ակումբում, որտեղ մոտ 50 զինծառայողներ վիճաբանեցին, իսկ հետո հարձակվեցին ակումբ եկած հայերի վրա: Արդյունքում հայերից մեկը սպնվեց, 5-ը մարմնական վնասվածքներ ստացան:

Եթե օրենբուգյան հուզումների մեջ իշխանությունները լավագույն դեպում սոցիալական ենթատեքստ էին տեսնում (իսկ ոմանց համար դրանք ընդհանրապես փողոցային անկարգություններ էին), ապա այն, ինչ կատարվել էր նույն տարվա գարնանը, անպայման նաև քաղաքական դրդապատճառներ ուներ և այս փաստը հերքելը հեշտ չէր լինելու:

Հավանաբար քչերին է հայտնի, որ ֆրանսիացի հանրահայտ գրող և հեքիաթասաց Քրիստիան Պինոն 1956-58 թթ.  եղել է իր երկրի արտաքին գործերի նախարարը: Եվ ահա նրա առաջին արտասահմանյան ուղևորություններից մեկն էլ դեպի Հայաստան էր: Պինոն պաշտոնական այցով մեր հանրապետություն եկավ 1956 թ, մայիսի 22-ին` առիթ տալով այն տարիների համար չլսված տարերային ցույցերի: Ցուցարարները հիմնականում ներգաղթած ֆրանսահայերն էին, որոնք 1946-47 թթ հայրենադարձության տարիներին ներգաղթել էին Հայաստան: Համաձայն պաշտոնական վիճակագրության, խոսքը շուրջ 7000 մարդու մասին էր: Հայրենիք վերադարձողներին, դժբախտաբար, չէր սպասվում այն երազն ու խորհրդային դրախտը, որ նրանց խոստացվել էր: Դրանց փոխարեն հաջորդեցին հալածանքները, աքսորը դեպի Սիբիր, և այժմ, լսելով, որ Երևանում է գտնվում ֆրանսիացի բարձրաստիճան պաշտոնյան, նրանք փողոցում ուղղակի նետվեցին նախարարին տեղափոխող ավտոշարասյան վրա` աղաղակելով. «Փրկեք մեզ, փրկեք մեզ,  ուզում ենք այստեղից մեկնել, կեցցե Ֆրանսիան»: Հավաքվածներից ոմանք նույնիսկ սկսեցին Ֆրանսիայի ազգային հիմնը` «Մարսելյեզը» երգել:82210630e95009aeedd27dea26368025

Այս անսպասելի միջադեպը այն ժամանակ լայն արձագանք գտավ ֆրանսիական և ամերիկյան մամուլում: Փոխարենը «Սովետական Հայաստան» օրաթերթը մի պարզ թղթակցություն հրապարակեց Ք. Պինոնի այցի մասին` ոչ մի բառով չհիշատակելով «անկարգությունները»: Նույն օրերին ԱԳՆ մի բարձրաստիճան պաշտոնյա, հանդես գալով սփյուռքահայ մամուլում, գրում էր, թե ցույցերը ինքնաբուխ էին և հնարավոր էին դարձել խրուշչևյան վարչակարգի մեղմացած քաղաքականության շնորհիվ: Ինչ վերաբերում է Պինոնի արձագանքին, ապա պետք է ասել, որ վերջինս տեղեկացված էր ֆրանսահայերի ցանկության մասին: Մոսկվայում Ֆրանսիայի դեսպանատունն այն տարիներին պարբերաբար նամակներ էր ստանում Երևանից, որոնցով նամակագիրները խնդրում էին իրենց օգնել մուտքի արտոնագիր ստանալու և ԽՍՀՄ-ից հեռանալու և Ֆրանսիայում վերահաստատվելու հարցում:

Պատմում են, որ երևանյան ցույցի հետո նախարարը անմիջապես դեսպանատանը հրահանգեց լրջորեն զբաղվել այդ խնդրով: Ամենատարբեր ատյանների դռները ծեծելուց ու բողոքներից հետո ընդամենը 60 հոգու հաջողվեց հեռանալ Հայաստանից: Ողջ գործընթացքի ժամանակ ստեղծվում էին բազմաթիվ արգելքներ, մարդկանց ահաբեկում էին, ամբողջ թափով աշխատում էր ՊԱԿ-ի խափանարար ձեռքը: Եվ նույնիսկ այս պարագայում 1956-ի մայիսյան դեպքերը շատերին հույս ներշնչեցին, որ այնքան էլ անհնար չէ հասնել նպատակին, եթե նրանք միավորվեն:

1950-ականների տարեգրության մութ էջերում կան ևս մի քանի դրվագներ, որոնք թույլ են տալիս նոր հայացքով դիտարկել հասարակության ներսում առկա խմորումները: Եվ եթե անգամ այդ դեպքերը կրում էին լոկալ բնույթ, միևնույն է, դրանք այս կամ այն կերպ իրենց անդրադարձն էին ունենում համընդհանուր տրամադրությունների վրա: Այս իմաստով թերևս ավելորդ չի լինի հիշատակել նաև 1957 թ. հուլիսին Արթիկում տեղի ունեցած միջադեպը:

Այդ ամառ տեղի կայազոր էին ժամանել մեծ թվով ռուսաստանցի ուսանողներ, որոնք պիտի ռազմական պատրաստություն անցնեին Հայաստանում: Հենց այստեղ էլ բռնկվեց այն բազմամարդ կռիվը, որին մասնակցում էին ինչպես նորակոչիկները, այնպես էլ տեղաբնակներն ու զորամասի հրամանատարությունը: Պաշտոնական փաստաթղթերում նշվում է, թե միջադեպը ծայր էր առել «ներկաներից մեկի կողմից խորհրդային կառավարության բարձրաստիճան ղեկավարի հասցեին հնչեցրած անհարգալից արտահայտության» պատճառով: Սակայն այլ աղբյուրներ ակնարկում են, թե ծեծկռտուը ազգամիջյան հողի վրա էր: Բարեբախտաբար, իրավապահների արագ և արդյունավետ միջամտությունից հետո հաջողվեց կանխել և խուսափել զոհերից: Կռվի մի քանի տասնյակ մասնակիցներ վնասվածքներ ու կապտուկներ էին ստացել: Բայց առավել հետաքրքրականն այս պատմության ավարտն էր: Վերևներում որոշվեց ոչ մի կերպ չարձագանքել և ընթացք չտալ գործին: Մի գիշերում անհետացան ինչպես միջադեպի վկաները, այնպես էլ ռուս ուսանողները: Վերջիններիս հապշտապ հարգով Արթիկից ուղարկեցին հայրենիք: Ջնջվեցին կամ չհրկիզվող պահարաններում փակվեցին այն բոլոր գրավոր վկայությունները, որոնք առնչվում էին գործին: Եվ այսպես` տասնամյակներ շարունակ…

 

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆimages

%d bloggers like this: