Tag Archives: ԱՐԱՐԱՏ

Իսկ վագրեր եղել են

14 Հնվ

1924 թվականի մայիսին թերթերը գրել են այն մասին, որ Դավալու (ներկայիս Արարատ) գյուղի մերձակայքում բնակիչները վագր են սպանել: Իսկ հետո լրագրողը շարունակում է. «Մի շաբաթ առաջ Դավալվի մի գյուղացի դաշտում պատահաբար հանդիպում է մի վագրի ձագի, որը հարձակվում է նրա վրա և բարձրանում նրա ուսը: Հաղթանդամ գյուղացին բռնում է վագրի բկից և սկսում է խեղդել նրան: Վագրի ձագը պատառոտում է գյուղացու զգեստներն ու մարմինը, մինչև որ գյուղացուն հաջողվում է դանակը հանել և կտրել նրա կոկորդը»:
Այնուհետև այս միջադեպի մասին լրատվությունն ավարտվում է հետևյալ նախադասությամբ. «Նման կենդանիների ու վայրի խոզերի դավալվեցիք հաճախ են հանդիպում»: Ստացվում, որ տասնամյակներ առաջ Հայաստանում վագրերն այնքան շատ էին, որ նրանց կարելի էր հանդիպել նույնիսկ Արարատյան դաշտում:

panthera_tigris_sondaica_01

ԱՅԴ ԻՆՁ ԱՍԱՑ ԱՐԱՐԱՏԸ

1 Նյմ

1918 թվական: Մայիս: Գիշերվա ժամը 2-ն է: Քաղաքի մասնավոր տներից մեկում հավաքվել է գլխավոր սպայակույտը, ազդեցիկ քաղաքական դեմքեր՝ վճռելու երկրի ճակատագիրը: Գլխավոր հարցը մեկն է. հանձնե՞լ Երևանն ու Էջմիածինը և նահանջել, որ հետո հարմար դիրքից հարված հասցվի թշնամուն, թե՞ ամեն գնով պահել Սարդարապատի բնագիծը: Կարծիքները տարբեր են, թեև նույնիսկ նահանջի կողմնակիցները մտավախություն ունեն, որ մայրաքաղաքի հանձնումը կբարոյալքի ժողովրդին ու կկազմաքանդի դիմադրությունը: Վերջապես համաձայնության են գալիս կանգնել ու կռվել մինչև վերջին շունչը:
Խորհրդակցությունն ավարտվում է լուսաբացին մոտ: Զորավար Թովմաս Նազարբեկյանը նստում է իր մեքենան և ուղղություն է վերցնում դեպի Ղարաքիլիսա: Բայց Քանաքեռի բարձունքին հասնելով կարգադրում է կանգնեցնել մեքենան: Դուրս է գալիս, մի փոքր առաջ է գնում ու վերից երկար նայում է խավարի մեջ թաղված Երևանի աղոտ կրակներին: Նա դեռ երկմտանքի մեջ է: Դեռ լիովին վստահ չէ, որ ճակատագրական որոշումն անսխալ է: Ու հանկարծ նրա մռայլված դեմքին մի ժպիտ է գծագրվում: Այդ ժամանակ զորավարը դառնում է իր ուղեկցողներին ու ասում է.
— Տեսեք, թե ինչ հանգիստ է քնած Երևանը: Նայեք՝ ինչպես է կարմրել Արարատի գագաթը… Երևանը հանձնել չի կարելի: Հրամայում եմ անմիջապես գործողության պատրաստություն: Ամենաուժեղ կերպով պաշտպանեք Սարդարապատ- Ղարթուն գիծը: Միշտ ուշադրություն դարձրեք Արալըխի ճամփին. տաճկական հեծելազորը կարող է առաջանալ ու կտրել մեր թիկունքը: Պիտի հաղթենք մենք: Մենք ենք հաղթելու: Այդ ինձ ասաց Արարատը…Ararat_at_sunset

ԿԱՐԾՐ ԱՄՊԸ

29 Հկտ

Արարատ էր նկարում և կատարին՝ մի ամպ.
— Այ քեզ բան, այսպիսի կարծր ամպ չեմ տեսել, կարծես քար լինի, որ կարելի է տաշել, ձև տալ, անկյունաքար դարձնել: Գրանիտից էլ կարծր է:
Նկարի երկրորդ օրն էր ու ամպ չկար Արարատի կատարին, բայց նա նկարում էր կարծր ամպ, որ տեսել էր առաջին օրը, գույները խտացնում, ամրացնում, կարծրացնում էր և հետն էլ կրկնում.
— Այդպիսի ամպ չէի տեսել, կայծքարի նման կարծր է:
Երրորդ օրը կտավի վրայի ամպը ծանրացավ, նստեց Արարատի կատարին, սեղմեց, իջեցրեց լեռը և երբ արդեն նկարը ավարտելու վրա էր, հանկարծ ջնջեց ամպն ու ասաց.
— Ո՞վ է տեսել կարծր ամպ, և այնքան կարծր, որ Արարատի նման սարը ճզմվի նրա ծանրությունից: Պետք չէ, թող լեռը բարձրանա, սլանա դեպի վեր, թող իմ ժողովրդի նման հպարտ մնա:
Ու կարծր ամպի փոխարեն փետրուրի նման թեթև և ճերմակ մի ամպի թև նկարեց, որ գրկել էր լեռան կատարն ու նրա հետ ասես բարձրանում էր վեր, մխրճվում երկնքի կապույտի մեջ:

ՌԱՖԱՅԵԼ ԱՐԱՄՅԱՆ

????????????????????????????????????????????????????????????

ԱՐԱՐԱՏԻ ԳԱԳԱԹԻՆ

27 Սպտ

1829 թվականի սեպտեմբերի 27-ին, ժամը 15: 15-ին Խաչատուր Աբովյանը պրոֆեսոր Պարրոտի և 4 ուղեկցողների հետ ոտք դրեց Արարատի գագաթին: «Ես ուրախությունից դողում էի,- պատմում է Աբովյանը,- և մինչ պարոն պրոֆեսորը զբաղված էր ծանրաչափական դիտողություններով, ես մանկան նման հրճվանքով վազվզում էի լեռան գագաթով այս ու այն կողմ և ագահությամբ որոնում էի որևէ առարկա, որը կարողանայի վերցնել ի հիշատակ, բայց խորին տխրությամբ պետք է ասեմ, որ ոչինչ չգտա»:
Լեռան գագաթին նրանք հաց ու գինի են ճաշակում, Աբովյանը ամրացնում է իր հետ տարած փայտե խաչը, ապա թաշկինակի մեջ փաթաթում է մի մեծ կտոր սառույց ու ետ են դառնում:34aa11e3-acd9-4347-8cdf-7872601f287a_800x600

ՎՏԱՆԳԱՎՈՐ ԽԱՂԵՐ

20 Նյմ

Ֆուտբոլի վետերանները միահամուռ հաստատում են, որ տարիներ շարունակ Երևանի «Արարատի» և Բաքվի «Նևթչիի» խաղերը վերածվել են երդվյալ թշնամիների բախումների: Մոսկվայի «Տորպեդոյի» դարպասապահ Վյաչեսլավ Չանովն իր հուշերում պատմում է, որ երբ 1984-ի մայիսին «Արարատը» հաղթել էր բաքվեցիներին` Բաքվի մարզադաշտում երկու գնդակ խփելով մրցակցի դարպասը, ադրբեջանցիները պարտությունը «նշանավորել» էին իրենց մարզադաշտը հրկիզելու փորձերով և քաղաքում հրահրված ջարդերով: Իսկ 1985 թվի հանդիպումներից մեկն ընդհանրապես կարող էր ավարտվել ողբերգությամբ: Բանն այն է, որ այդ տարի լրանում էր Շուշիի ջարդերի 65-րդ տարելիցը, և ֆուտբոլային հանդիպման նախօրեին Բաքվում սադրիչ թռուցկիներ էին տարածվել: Խաղը կայանալու էր ապրիլի 21-ին: Սարսափած ղեկավարությունը որոշում է խաղը հետաձգել, սակայն վերջին պահին վճռում են այն անցկացնել` իրավապահների խիստ հսկողության տակ: Այդ օրը «Նևթչիին» հաջողվում է մեկ անպատասխան գնդակ խփել հայերի դարպասը: Գոլը փոքր-ինչ լիցքաթափում է կատաղած ամբոխին: Բայց ժամանակավորապես: Խաղի ավարտից հետո հանդերձասրահում վիճաբանություն է ծագում, որն արագ վերածվում է ձեռնամարտի: Միայն միլիցիայի միջամտությամբ է հաջողվում խուսափել արյունահեղությունից:

Հ. Չարխչյան

photo_159005_7b30f91b0

Անկարծիք Արարատը և երեք մրցակիցների ախորժակը

3 Փտր

Արարատցիներին առաջիկայում ծանր օրեր են սպասվում: Մոտեցող ընտրություններն այսօր նրանց հուշում են այն մասին, որ իրենք կրկին կռվախնձոր են դառնալու տարբեր քաղաքական ուժերի ձեռքին, իսկ որ նման իրարանցման մեջ տուժողը դարձյալ իրենք են լինելու, այդ մասին էլ Արարատում գիտեն:
Երկար ժամանակ իշխանական ձայների դարբնոց համարվող Արարատը վերջին տարիներին հետզհետե փոխել է իր կողմնորոշումը: Այս պարագայում անաչառությունը պահանջում է արձանագրել, որ նման փոփոխությունը ոչ այնքան արարատցիների քաղաքացիական գիտակցության աճի վկայությունն է, որքան կողմնակի ազդակներին ու ճնշումներին կուլ գնալու նրանց թուլության ապացույցը: Սրան-նրան լավամարդ լինելու արդյունքում իրենք էլ այլևս չեն հասկանում, թե ինչ են ուզում, սակայն դրանից ոչ մարդկանց ապրելակերպն է փոխվել, ոչ էլ կյանքն է երջանկության երանգներ ձեռք բերել:
Հանրապետականները մինչ օրս էլ համոզված են, որ Արարատն իրենց կայուն հսկողության ներքո է: Այդ մասին առաջին հավաստիացնողներից մեկը մնում է Հովիկ Աբրահամյանը՝ պատվի հարց համարելով իր թևի տակ ծվարած տարածքից առավելագույն քվեներ կորզել հարազատ կուսակցության համար: Քիչ չեն նաև նախկին ոստիկանապետ Ալիք Սարգսյանի երդում-խոստումները, որը «ռեաբիլիտացման» գնալու համար այսօր այլ ճանապարհ չունի, քան իշխանությանն իր նվիրվածության ապացույցներ տալը: Արարատով էր անհանգստացած Հանրապետականի անդամատոմսեր բաժանող վարչապետ Տիգրան Սարգսյանն, ով օրերս անակնկալ այցելություն կատարեց այնտեղ ու նույնիսկ եղավ Վազգեն Սարգսյանի տանը: Թվարկվածների հետ մրցության մեջ է մտել նոր ոստիկանապետը՝ Վովա Գասպարյանը: Սա ավելի կտրուկ գտնվեց, և իրեն հատուկ գործելաոճով անմիջապես տեղում կադրային փոփոխություններ կատարեց՝ ձեռքի հետ 400 ԲՀԿ-ականների մի գիշերում դարձնելով հանրապետական:
Սակայն նման ոտնձգությունը անարձագանք չէր մնալու: Եվ սրընթաց արշավով Արարատ մեկնեցին «Բարգավաճ Հայաստանի» գրոհայինները՝ իրենց միակ ու անփոխարինելի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, որպեսզի հենց բնում խեղդեն խռովությունը, անհնազանդ արարատցիների պորտը տեղը դնեն և կորուստները վերադարձնեն՝ հավելավճարով: Այս ասպատակությունը պատահական չէր: Ծառուկյանը, որ տնօրինում է Արարատի ցեմենտի գործարանը, վաղուց իրեն ներշնչել է այն հավատով, որ իր ձեռքից կերակրվողները կարող են միայն իր հրաման-հրահանգները կատարել, և ըստ այդմ էլ Արարատն այլ բան չէ, քան ԲՀԿ-ի «դուստր ձեռնարկությունը»: Ու հիմա, լսելով այն մասին, որ ինչ-որ մեկը հանդգնել է սեփական բոստանի տարածք ոտք դնել, նա ոչ միայն զայրացավ, այլև լրջորեն մտահոգվեց:
Մեծ ախորժակի առումով ԲՀԿ-ին ու Հանրապետականին զիջել չի ցանկանում Հայ Ազգային Կոնգրեսը: Արմատական ընդդիմությունը չի կասկածում, որ Արարատից նա պիտի վերցնի ձայների մեծ քանակություն, քանի որ այդ շրջանը վաղուց ի վեր համակրանք է տածում նախկին ՀՀՇ-ականների հանդեպ և բացի դա Արամ Սարգսյանն ուղղակի պարտավոր է վազգենական Դավալուն և հարակից տարածքներն իրենով անել:
Այս ողջ խառնաշփոթի մեջ ամենահետաքրքրականն այն է, որ ոչ մեկի մտքով անգամ չի անցնում հարցնել արարատցիներին. «Իսկ դուք որի՞ն եք ընտրելու»: Չեն հարցնում երկու պատճառով. նախ, որովհետև առաջներում էլ չեն հարցրել, և բացի այդ հենց Արարատը թույլ է տվել, որ իր կարծիքը հաշվի չառնեն: Այնպես որ, երբ գա մեղավորներ փնտրելու ժամանակը, Արարատում դա կարող են որոնել միայն ներսում:

Ես իմ Մասիս սարն եմ սիրում…

28 Հլս

Երբ նախագահ Սերժ Սարգսյանը Ծաղկաձորում դպրոցականների հետ հանդիպման ժամանակ պատասխանում էր ներկաներից մեկի հարցին, թե ի՞նչ սահմաններ է ունենալու ապագա երկիրը և արդյո՞ք մեզ կվերադարձվի Արևմտյան Հայաստանը` Արարատով հանդերձ, շատ լավ հասկանում էր և իր պատասխանի հետևանքը, և այն, թե ինչու տրվեց նման հարց: Այդ օրը նա աշակերտին հետևյալն ասաց. «Ամբողջը կախված է քեզնից ու քո սերնդից: Իմ սերունդը, կարծում եմ, իր առջև դրած պարտականությունը կատարեց, երբ 1990-ական թվականների սկզբներին անհրաժեշտ էր մեր հայրենիքի հատվածներից մեկը` Ղարաբաղը պաշտպանել թշնամիներից, մենք կարողացանք դա անել… Եթե դու և քո հասակակիցները ջանք ու եռանդ չխնայեք, եթե ձեզնից ավագներն ու ձեզնից կրտսերները ձեզ նման վարվեն՝ մենք ունենալու ենք աշխարհի լավագույն երկրներից մեկը»:
Ինչ էլ ասեն` սա առավելագույնս զուսպ ու կշռադատված բացատրություն էր: Ու եթե հաջորդ օրն իսկ նախագահի մտքերն արժանացան միանգամայն այլ մեկնաբանության ու գնահատականի, դա էլ իր պատճառներն ու նպատակներն ուներ: Օրինակ, մի՞թե Թուրքիայում ասվածը կարող էին ընկալել այլ կերպ, քան իբրև հատուկ ուղերձ` հետևյալ հորդորով. «Ղարաբաղը մենք ազատագրեցինք, Արարատը ձեզ թողեցինք»: Իսկ սրանից պիտի բխեր, որ Սերժ Սարգսյանը Արևմտահայաստանի վերադարձի հարցը հանձնարարում է գալիք սերունդներին: Պետք է միանգամից ասել, որ թուրքերը չեն սխալվում: Հայաստանում ոչ մի քաղաքացի` սկսած նախագահից և վերջացրած նրա ամենաերդվյալ ընդդիմախոսով, այդ բանը թաքցնելու կամ այդ մասին լռելու պատճառ չունի: Բայց ահա թուրքական կողմի արձագանքը փոքր-ինչ տարօրինակ էր: Նրանք իրենց այնպես պահեցին, կարծես առաջին անգամ լսեցին մեր պահանջատիրության մասին: Իսկ ինչ վերաբերում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարությանը, ապա դա արդեն ամբողջապես զավեշտ է, որտեղ նշվում էր, թե Անկարան խիստ դատապարտում է Սարգսյանի պատասխանը` այդ երկրի արևելքը «օկուպացնելու» մասին:
«Օկուպացնելու» ժամանակները դեռ կգան: Այս հարցում Թուրքիան մի փոքր շտապում է: Այլ խնդիր է նրանց զարմանքը, թե ինչու՞ է Հայաստանի նախագահը իր «շատ անպատասխանատու պահվածքով» երկու ժողովուրդների միջև թշնամանքի ու ատելության գաղափարախոսություն ձևավորում: Բանն այն է, որ Սարգսյանը գոնե այս հարցում մեղքի բաժին չունի, քանի որ թե գաղափարախոսությունը, թե ատելությունը ծնվել են նախագահի լույս աշխարհ գալուց շատ առաջ, ու թուրքերն էլ հրաշալի գիտեն դրա պատճառները, և դեմագոգիկ ապշանքներ բեմադրելը շատ է ժամանակավրեպ:
Գալով ներկա քաղաքական իրավիճակին, Թուրքիայի ԱԳՆ-ն հարկ էր համարել հիշեցնել, որ այժմ, երբ «ուժեղացվում են ջանքերը տարածաշրջանում խաղաղության հաստատման համար, Սարգսյանի հայտարարությունները խոսում են նրա՝ խաղաղություն չցանկանալու մասին։ Մենք հավատում ենք, որ նրանք, ովքեր քայլեր են ձեռնարկում տարածաշրջանում կայունություն և խաղաղություն ապահովելու համար, եզրակացություններ կանեն»:
Այս նույն երգը` ոչ պահաս պաթոսով, երգեց նաև վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, այն էլ երկու անգամ: Նախ Ադրբեջան կատարելիք այցելությունից առաջ նա ասաց, թե նման մոտեցմամբ հնարավոր չէ հասնել կարգավորման, իսկ այնուհետև, արդեն Բաքվում աքլորացած հավելեց, որ Հայաստանի ապագան ինքը մութ է տեսնում, իսկ Սարգսյանը պետք է ներողություն խնդրի իրենցից` նման հայտարարության համար:
Էրդողանը վերջերս վատ սովորույթ է ձեռք բերել` աջուձախ բոլորից ներողություն է պահանջում: Նրան պիտի ներողություն ասի Իսրայելը, Եվրամիությունը, Սարկոզին, Անգելա Մերկելը, էլի մի քանի տասնյակ հայտնի ու անհայտ դեմքեր, բայց մինչ օրս նա դեռ ոչ մեկից նման բառեր չի լսել: Հայաստանի ապաշխարանքին առավել ևս չի արժանանա: Սակայն այս ամենով հանդերձ Էրդողանը դեռ վերջին ապուշը չէ, որպեսզի չգիտակցի, որ Հայաստանի նախագահի խոսքերը ինքնանպատակ չէին: Այլ հարց է, թե ինչ է թաքնված դրանց թիկունքում և ինչու դրանք արտասանվեցին հատկապես այժմ: Թուրքիայի Եվրամիության հարցերով նախարար Էգեմեն Բաղըշի այն պատկերավոր ձևակերպումը, թե իբր Սարգսյանի արաքը ոչ այլ ինչ է, քան կրակոց սեփական ոտքին, իրականությանը մոտ չէ: Ոտքի ցավից դժգոհելու է մեկ ուրիշը, իսկ «կրակոցն» անմիջական առնչություն ունի հայ-թուրքական հարաբերությունների ներկա կացության հետ: Սա ավելի շուտ պատասխան կրակոց էր` արձակված այն ուղղությամբ, որտեղից վտանգ է սպառնում: Իսկ ինչ վերաբերում է թուրքական հիստերիային, ապա անհնար է այնտեղ չնկատել շինծու, արհետածին հնչերանգներ: Հակառակ պարագայում թուրքերը այնքան խելամիտ կգտնվեին, որ կընթերցեին նաև Հայաստանի նախագահի խոսքերի շարունակությունը, ուր հետևյալն էր ասվում. «…Շատ դեպքերում հողի չափերով չէ երկրի կշիռը որոշվում. երկիրը պետք է լինի ժամանակակից, երկիրը պետք է լինի անվտանգ, լինի բարեկեցիկ, և սրանք այն պայմաններն են, որոնք հնարավորություն են տալիս ցանկացած ժողովրդի նստել աշխարհի հայտնի, ուժեղ, ճանաչված ժողովուրդների կողքին»: Ցանկության դեպքում յուրաքանչյուրը կհասկանա, որ այս բառերում ձևակերպված է ուժեղ պետության պատկերացումը` միաժամանակ ակնարկելով, որ մեր երկիրը տարածքային հավակնություններ չունի Թուրքիայի հանդեպ կամ գոնե նման խնդիր ձևակերպված չէ մեր արտաքին քաղաքականության օրակարգում:
Բայց եթե Անկարան սևով սպիտակի վրա գրվածը չի ընկալում հենց այդպես, կնշանակի դա իրեն պարզապես պետք չէ: Իսկ սա էլ իր հերթին իրավունք է տալիս մտածելու, որ Թուրքիան շահագրգռված չէ երկու երկրների հարաբերությունների կարգավորմամբ և առիթի էր սպասում` պատասխանատվությունը հայակական կողմի վրա գցելու համար: Առիթը ներկայացավ և դա միանգամայն հարմար էր Հայաստանին մեղադրելու ապակառուցողական պահվածքի, հողային պահանջատիրության և տարածաշրջանում խաղաղություն ու կայություն հաստատելու գործին խոչընդոտելու համար: Եվ ուրեմն Սարգսյանի կրակոցը դիպել էր նշանակետին: Մնում է միայն այս «հրաձգությունից» ճիշտ հետևություններ կատարել:
Այո, Հայաստանի իշխանություններն այսօր Թուրքիային տարածքային պահանջներ չեն ներկայացնում: Առայժմ չեն ներկայացնում: Սակայն դա այլ բան է` պայմանավորված նախ և առաջ ներկա պահի հնարավորություններով: Ինչ վերաբերում է ժողովրդի մղումներին ու պատմական հիշողությանը, ապա դա անհնար է կարգավորել իշխանական լծակներով կամ որոշումներով: Ու հենց այդ իրողության արձանագրմամբ էր շարադրված Հայաստանի իշխող կուսակցության պատասխանը, որտեղ ասված էր. «Ցանկացած հայ երիտասարդի համար Արարատ լեռը երբեք Ագրիդաղ չի դառնա, իսկ Արևմտյան Հայաստանն էլ՝ Արևելյան Անատոլիա: Ցանկացած հայի սրտում կա և կմնա 300 հազար քառակուսի կմ հայկական լեռնաշխարհը»:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

ԱՆՏԻՊ ՍԵՎԱԿԸ

17 Հկտ

Պարույր Սևակի մահից տասնամյակներ են անցել, սակայն մինչև այսօր անտիպ են մնում նրա բազմաթիվ ստեղծագործությունները, հրապարակ չեն հանվում օրագրությունները, զանազան գրառումներ, նամակներ, այլ ձեռագրեր: Տվյալ դեպքում խոսքն առավելապես վերաբերում է Սևակի վաղ շրջանի գործերին, երբ դեռ նոր-նոր ձևավորվող գրական ճաշակի ու աշխարհընկալման վրա իրենց անխուսափելի կնիքն էին թողնում ժամանակաշրջանի ոգին և սոցռեալիզմի անբեկանելի պահանջները: Սակայն, ինչպես էլ գնահատելու լինենք այդ տարիներին ստեղծված էջերը, դրանք սևակյան ժառանգության բաղկացուցիչներն են, առանց որոնց անհնար պիտի լինի ունենալ այն տեսանելի հանրագումարը, ինչն իր մեջ կներառի անցած ճանապարհի բոլոր փուլերը:
Ստորև ներկայացնում ենք Պարույր Սևակի երկու անծանոթ բանաստեղծությունները, որոնք արտացոլում են, այսպես կոչված, «սառը պատերազմ»-ի տարիները, երբ Խորհրդային Միության ու Արևմուտքի առճակատումը թևակոխել էր նոր փուլ, երբ նույնիսկ կոմիտասյան թեման (ինչպես Սևակի օրինակում է) պիտի շաղկապվեր միջազգային իրավիճակի հետ:

«ՆՈՅԱՆ ՏԱՊԱՆԸ» ՈՐՈՆՈՂՆԵՐԻՆ
Թյուրքիայի մինիստրների խորհուրդը թույլ է տվել ամերիկյան «արշավախմբին» Արարատ լեռան վրա որոնել «Նոյան տապանի մնացորդները»: (թերթերից)

Նորից «արշավախումբ»,
Եվ այս անգամ դեպի կատարները Մասսի…
Սակայն ծանոթ է աշխարհը «տուրիստներին» ամերիկյան.
Այդպես, նրանք առած օդանավեր,
Առած տանկ ու ական,
Կատարների վրա Ոլիմպոսի
Որոնում են նյութեր հին հունական
«Հովվերգության» մասին,
Որոնում են, սակայն…
Ահավասիկ
Հունաստանը փեղկված երկու մասի1,
Ազատության ոգին, մարտիկները նրա
Ապաստանած Գրամոսի2
Քարափներին խորունկ ու ժայռերի վրա…
Իտալիայում նրանք, այդ «տուրիստները» նույն՝
Արձանն են «որոնում»
Առասպելի Ռոմոս- Ռոմուլոսի:
Եվ ինչ,
Տոլիատին3 է վիրավորվում ծանր և մահացու
Ու ժառանգորդները Կրասոսի,-
Ծանոթ առասպելին ճիշտ հակառակ,-
Գայլի նման երկրի, մարդկանց հյութն է ծծում:
«Անմեղ տուրիստներին» այդ բարբարոս
Որտեղ դու չես ճարի.
Չինաստան ու Չիլի, Վիետնամ ու Բիրմա
Ճամփորդում են նրանք միշտ նույն ուղեգրով՝
«Ալպյան ցուպի» վրա լպիրշ ռեկլամով
Գրած նույն դեվիզը-
դոլար,
բիզնես,
ֆիրմա:
… Մի նոր «տուրիստական արշավախումբ» հիմա,
Եվ այս անգամ դեպի կատարները Մասսի:
Վերստին մարդկային արյունի մեջ
Լողանալու հարմար այս առիթի համար
Անզուսպ խնդությունից բարբարոսի
Համիդն անշուշտ շիրմում շուռ է եկել հիմա…
Բայց ոչ: Ոչ, արյունից,
Պատերազմից չէ, որ մենք ուզում ենք խոսել:
Խաղաղությունն է մեր խորհրդանիշն այսօր
Եվ նշանաբանը ապագայի:
Թող որ արհեստական ներվայնությամբ հոսեն
Իրերն ու պակտերը Ատլանտական,
Բայց հողագունդը մեր, գլոբուսը, սակայն,
(Որ պատկերանում է անդրօվկիանոսյան քեռիներին
Իբրև ակցիաներով,
ակտիվներով,
ոսկով լեցուն տակառ),
Զարդարվել է այսօր նոր գույներով,
Եվ աղավնին ճերմակ,
Կտցին խաղաղության ընձյուղն ու ծիլը նոր,
Սավառնում է հիմա երկրագնդի բոլոր գոտիներով:
Աղավնին այդ ճերմակ, բայց ոչ ելած
Տապանից այն չեղյալ,
Այլ ափերից Օբի և Վոլգայի:
Խաղաղությունն է մեր խորհրդանիշն այսօր
Եվ նշանաբանն ապագայի:
Սակայն եթե փորձեն…
Այնժամ- Ստալինգրադը վկա-
Կելնենք ոչ միայն մենք՝
երկրագնդի
Միլիարդավոր բանակը հասարակ մարդկանց.
Կելնեն և ծովերն իրենց խոր անդունդից,
Կելնեն օվկիանները
Եվ կջրհեղեղեն դաժանորեն դաժան…
Եվ չի փրկի այնժամ
Անգամ առասպելի Նոյան տապանը ձեզ,
Չի գտնվի այնժամ աշխարհում ոչ մի լեռ,
Որ ապաստան տա իր կատարին
Խարխլված ու փլուզված ձեր տապանին:
Չի ճարվի աշխարհում և ոչ մի լեռ,
Չհիշելով արդեն Արարատին,
Արարատին տանջված, բայց և տոկուն,
Որ Մոմբլանի, Անդի, Վեզուվի4 հետ
Պահում է ձեզ համար
Վրեժից կարծրացած իր ընդերքում
Հրաբխի վերջին իր ժայթքումները դեռ…»:
1949 թ. օգոստոս

ԵՐԳԻ ՎԱՐՊԵՏԻՆ
….Երբ հարգում են հիշատակը հանգուցյալի՝
Ընդունված է չանդրադառնալ։ Սակայն ինչպե՞ս, ինչպես լռե՞լ,
Երբ բովանդակ զարհուրանքը մոտ անցյալի
Կամենում են երկրի վրա նորից փռել,
Կամենում են կրկին հանել հրապարակ,
Լույս ընծայել նոր վարիանտով, հավելվածով արյունալի,
Կամենում են նորից նրանք,
Որոնք ձայնը կախարդական քո քնարի
Խլացրին բիրտ խուժանի քրքիջի մեջ…
Հոկտեմբերը մեզ առհավետ փրկեց մահվան ճիրաններից:
Ավանդական մեր դաշտերում հնչեց նորից
Քո «Հորովելը» քաղցրալուր,
Պտղավորվեց «Ծիրանի ծառը» քաղցրանուշ,
Եվ «Անտունին» քո հանճարեղ,
Սրտակեղեք ծանոթ երգը «տնավարի»,
Թովիչ դարձավ էլ ավելի՝
Դադարելով կյանք լինելուց
Եվ մնալով լոկ իբրև երգ,
Լոկ եղանակ չնաշխարհիկ:
Բայց աշխարհին
Սպառնում են այսօր նորից կոտորածով:
Ատլանտյանով դեպի Բոսֆոր, Մարմարա ծով,
Թավալվում է մի մութ ալիք:
Հոխորտանքով ամոթալի՝
Յաթաղանն են փոխարինում ատոմային արկով նրանք,
Ենիչերին՝ էքսպերտով,
Կավե բերդը՝ «Թռչող բերդով»,
Եվ մահիկը՝ արշավանքով խաչակրաց:
Սակայն մարդն իր դարավոր խաչը կրած
Շպրտել է արդեն մի կողմ՝ Չինաստանից
Մինչև Վարշավ և Վարշավից մինչև Աթենք…
Եվ թող հիմա «Հորովելը» քո հանճարեղ
Թող որ փռվի մեր արտերին,
Իբրև սիմվոլ խաղաղության,
Իբրև բարիք,
Իբրև ցորեն:
Թող փառավոր կվարտետդ քո համբավը հեռուն տանի:
Մենք հանգիստ ենք վաղվա հանդեպ.
Հին աշխարհի պատառոտվող խավարի դեմ՝
Մեր երկիրը «քելեր- ցոլեր»:
1949 թ. Սեպտեմբեր

1. Նկատի ունի 1945-49 թթ Հունաստանում ծայր առած քաղաքացիական պատերազմը:
2. Բնակավայր Էգեյան ծովի ափին, քաղաքացիական կռիվների օջախներից մեկը:
3. Պալմիրո Տոլյատի (1893-1964)- Իտալիայի կոմունիստների առաջնորդը: Վիրավորվել է 1948 թ. իր դեմ կատարված մահափորձի հետևանքով:
4. Գործող հրաբուխներ:


Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: