Tag Archives: ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Արամի մահը

29 Հնվ

ՅԱՅՏՆՈՒՄ ԵՆ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ
ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ ՂԵԿԱՎԱՐ,
ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾՈՑ ՄԻՆԻՍՏՐ
ԱՐԱՄԻ ՄԱՀԸ,
որ տեղի ունեցաւ յունւարի 29-ին, ցերեկվա ժամը 14 1/2-ին, բծավոր տիֆից թոքատապից. խոստովանահայրը Հակոբ ավագ քահանա Խաչվանքյանն էր: Ամբիցքը այսօր երեկոյեան ժամը 6-ին, իր բնակարանում` ул. Свободы 7 N 6. Թաղման մասին կը յայտարարւի առանձին:
[1919 թ. հունվարի 29]

ՀԱԱ, ֆ. 1457, ց. 1, գ. 135, թ. 2: Մեքենագիր:MANUKYAN_ARAM_1

ՄԻ ԿՈՃՂԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

20 Հկտ

1918 թվականի մայիսի 26: Սարդարապատի մատույցներում հայ ժողովրդի կենաց ու մահու կռիվն էր մղվում: Գեներալ Սիլիկյանը շտապ հեռագրում է Արամ Մանուկյանին, որ անհապաղ նոր ուժեր, ինչպես նաև պարեն և ջուր հասցվի ռազմաճակատ: Օգնության հայթայթման գործը հանձնարարվում է Երևանի պարետ, դերասան ու էսթետ Արշավիր Շահխաթունուն: Ասում են, որ վերջինս կարողացել է մեկ գիշերվա ընթացքում երեք վագոն սնունդ ժողովել և ուղարկել զինվորներին: Պատմում են նաև, որ մինչ որոշ մեծահարուստներ այդ օրերին պատրաստվում էին փախչել Երևանից, մի քանի քաղցած գաղթականներ Շահխաթունուն են հանձնել մի-մի կտոր հաց՝ իրենց վերջին պատառը, ինպես նաև կես հատ ձուկ՝ խնդրելով դրանք ևս հասցնել մեր կռվող մարտիկներն:
Բայց կա մի պատմություն էլ՝ ջրի մասին: Նույն օրը Շահխաթունին ուղևորվում է երկաթգծի կայարան՝ այնտեղից Սարդարապատ ցիստեռներով ջուր ուղարկելու համար: Ջուրը պիտի վերցնեին կայարանի մերձակա ջրանցքից: Սակայն տեղ հասնելուն պես տեսնում են, որ ինչ-որ մեկը միտումնաբար հսկայական մի կոճղով խցանել-փակել էր ջրանցքի ակունքը…
Ջուրն ու սնունդն ի վերջո տեղ հասան: Մեր բանակը հաղթեց: Եվ ինչպես որ հաղթանակն է ունենում իր խորհրդանիշը, այնպես էլ տմարդությունը կարող է դա ունենալ: Պատմում են, որ ջրանցքից դուրս բերված կոճղը երկար ժամանակ պահվում ու ցուցադրվում էր՝ իբրև հիշեցում այն մասին, որ եղել է նաև այդպես: Իսկ հետո փայտն անհետացավ…

Հովիկ Չարխչյան795073

ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ

31 Մրտ

Մի գիշեր, բավականին վատ եղանակով, կարծեմ Բարեկենդանի չքնաղ օրերից մեկն էր, բեռնավորված հրացաններով` գնում էինք հեռու թաղերից մեկը, հասարակ տեղափոխություն էր: Պատահական կերպով անցա ամերիկյան որբանոցի առաջից , և հանկարծ, լսեցի եվրոպական մի երգի ձայն, որ երգում էր մի խումբ, հավանորեն կանայք, դաշնամուրի ներդաշնակությամբ: Հատկապես տեղս մեխվեցի և մի քանի վայրկյան ականջ էի դնում երգի ելևէջին: Մեջս ծնեցին տխուր-տխուր մտքեր: Մտածում էի, որ այս եվրոպացիները հանուն ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՐԴԱՍԻՐՈՒԹՅԱՆ եկել են մեր երկիրը և մեր թշվառության վրա մի բուրժուական երջանկություն հիմնել և դրանով իրենց մարդկայնական պարտականությունը կատարած են համարում, իսկ որբանոցից մի քանի քայլ անդին, հազար գյուղեր ու քաղաքի թաղեր, մերկ ու անոթի, հեկեկում են. նրանք էլ թշվառության երգն են մրմնջում… Բայց ինչո՞ւ մեր թշվառության վրա եվրոպացիների` իրենց համար հիմնած երջանկությունը մենք մարդասիրություն ենք համարում… Մտքերի ասոցիացիան հեռու-հեռու տարավ ինձ: Վերջը խորին համոզմունքով բացականչեցին. «Երանի թե այս ծով դժբախտության վայրում այս մի հատիկ օվասիսն էլ չլիներ»: Օվասիս, որ խաբուսիկ ու օդային է: Կարծես եվրոպական երգի մեղեդիները դիսոնանս էին համատարած երգի ալիքների մեջ…
Ախ, երանի այն օրերին, երբ որբանոցները և նման բուրժուական հիմնարկությունները կդադարեն օվասիս լինելուց, և այս դժբախտ երկրի ժողովուրդները կկարողանան իրեն կուլտուրական հանճարով և տնտեսական արդար վաստակով ստեղծել ամբողջ երկրի համար, բոլոր հասարակությունների և ժողովուրդների համար մի ավելի ալտրուիստ ու ռադիկալ ձգտումներով օվասիս…

%d bloggers like this: