Tag Archives: Արամ Խաչատրյան

ՄԱՀԸ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ՆՇԱՆ ՉԻ ԴՆՈՒՄ

17 Նյմ

Երբ 1978 թվականի մայիսի 1-ին Մոսկվայում վախճանվեց Արամ Խաչատրյանը, որոշում կայացվեց նրա մարմինը տեղափոխել Հայաստան: Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի և ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի որոշմամբ ստեղծվեց թաղման կառավարական հանձնաժողով: Հանձնաժողովի առաջին իսկ նիստի ժամանակ թողման վայրի ընտրության հարցում ներկաների տեսակետները բաժանվեցին: Հանձնաժողովի անդամներից ոմանք առաջարկում էին կոմպոզիտորի մարմինը ամփոփել ոչ թե Պանթեոնում, այլ քաղաքի կենտրոնում` հավանաբար նկատի ունենալով այն, որ, օրինակ, Ալեքսանդր Սպենդիարյանը թաղված էր օպերային թատրոնի մերձակա պուրակում։
Ի վերջո նախընտրում են այս խնդրով դիմել Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինին: Վեհափառն ուշադիր լսում է նրանց փաստարկները և ընդամենը մեկ նախադասություն է ասում.
— Գերեզմանատնից դուրս թաղում են միայն հանցագործներին ու ինքնասպաններին…
Արամ Խաչատրյանի մարմինը հողին հանձնվեց Պանթեոնում:арам ьацх

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԵՎ ՀԵՄԻՆԳՈՒԵՅ. ՄԻԱԿ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

13 Հկտ

Կուբայական հեղափոխությունից հետո հայ նշանավոր կոմպոզիտոր Արամ Խաչատրյանն առաջիններից մեկն էր, ով խորհրդային պատվիրակության ոչ մեծ կազմի հետ հյուրախաղերով մեկնեց Ազատության կղզի: Այդ ուղևորության մեջ քաղաքական ենթատեքստն ակնհայտ էր, բայց ոչ նրա համար: 1960 թ. փետրվարին Հավանայում Խաչատրյանը ներկայացրեց իր Երկրորդ սինֆոնիան: Նա նաև խմբավարն էր: Ելույթի հաջողությունը մեծ էր: Հանդիսատեսը բուռն ծափերով ողջունեց հայ երգահանին, իսկ դահլիճից ստացած բազում երկտողերի թվում կար նաև այս մեկը. «Դուք երկու հրաշք գործեցիք: Առաջինը ձեր սինֆոնիան էր, երկրորդն այն, թե ինչ արեցիք նվագախմբի հետ»: Երկտողի հեղինակը աշխարհահռչակ ամերիկացի գրող Էռնեստ Հեմինգուեյի կինն էր` Մերի Ուելշը:

Հեմինգուեյի գրչով հիացած և նրա ստեղծագործություններին լավ ծանոթ կոմպոզիտորի համար նման մեկից  գովասանքի խոսքեր լսելը պիտի որ կրկնակի հաճելի լիներ: Սակայն ամենամեծ անակնկալը` արվեստի երկու հզոր ներկայացուցիչների հանդիպումը, դեռ առջևում էր:

Պետք է ենթադրել, որ հենց Մերիի նախաձեռնությամբ էլ հնարավոր է դարձել Խաչատրյանի, նրա կնոջ` Նինա Մարկովնայի և Հեմինգուեյի տեսակցությունը: Այս վարկածն անուղղակիորեն հաստատում է նաև  նշանավոր խորհրդային պետական ու քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանի որդին` Սերգոն, ով նույնպես այդ օրերին հոր հետ գտնվում էր Կուբայում: Իր հուշերում գրում է. «…Այլ նվերների շարքում մենք Հեմինգուեյին տարել էինք նաև մի շիշ ռուսական օղի: Եվ զարմանքով նրա սեղանին նկատեցինք ճիշտ այդպիսի մի շիշ, բայց արդեն բացված:1960 kuba

— Մի քանի օր առաջ ես իմացա, որ Հավանայում է գտնվում հայտնի կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը,- ասաց նա:- Մենք նրան հրավիրեցինք մեզ մոտ: Ճաշի սեղանի շուրջ հետաքրքիր զրույց ունեցանք: Նա և իր կինը մեզ շատ դուր եկան: Ես սիրում եմ նրա երաժշտությունը: Հենց Խաչատրյանն էլ ինձ թողեց այս շիշը»:

Հիշյալ հանդիպման ականատեսներից մեկն էլ Արտասահմանյան երկրների հետ բարեկամության ընկերության ներկայացուցիչ Վլադիմիր Կուզմիշևն էր: Հեմինգուեյին հյուրընկալելիս նա ընկերացել է Խաչատրյանին:

Այդ տարիներին ամերիկացի գրողը բնակվում էր Հավանայից ոչ հեռու գտնվող «Լա Վիխիա» առանձնատանը: Այստեղ էր նա ընդունում հազարավոր երկրպագուների, որոնք ժամանում էին աշխարհի տարբեր անկյուններից: Խաչատրյանի հյուրընկալումն առավել քան ջերմ էր: Սկզբում, համաձայն ամերիկյան ավանդույթի, տանտերերը նրանց ուղեկցել են եռահարկ շինության բոլոր հարկաբաժիներով: Կուզմիշևն իր հուշերում պատմում է. «Խաչատրյանը շատ համեստ մարդ էր, և անկեղծ զարմանքով պարզեց, որ «Լա Վիխիայի» տանտերը պաշտում է իր երաժշտությունը»: Սակայն սա դեռ բոլորը չէր: Պարզվել է, որ Հեմինգուեյն ունեցել է Խաչատրյանի երաժշտության ձայնագրությունների հավաքածու` շուրջ 15 ձայնասկավառակներ ու մագնիտոֆոնային ժապավեններ:

«Հեմինգուեյը բառացիորեն ցնցեց Արամ Իլյիչին, երբ առանձնակի բարեկամական և հարգալից շարժումով հյուրասենյակի պահարաններից մեկում ցույց տվեց մագնիտոֆոնային ձայներիզները և ասաց. «Սրանք ձեր երաժշտություններն են, մաեստրո»:

— Իսկ ինչու՞ են դրանք այստեղ,- ակնհայտորեն հանկարծակիի եկած այն փաստից, որ Հեմենգուեյի մոտ կան իր ստեղծագործությունների ձայնագրությունները, շփոթված հարցրեց Խաչատրյանը:

Բոլորը, բացի կոմպոզիտորից, բնականաբար, ծիծաղեցին: Իսկ նա, շարունակելով տարակուսել, երկու-երեք անգամ հարցրեց. «Այստեղ ի՞նչ կա ծիծաղելի: Ինչու՞ եք ծիծաղում»: Պետք էր ճանաչել Արամ Իլյիչի համարյա մանկական անկեղծությունը` հասկանալու համար, որ խոսքը մեծ արվեստագետի սեթևեթանքի մասին չէ, այլ միանգամայն բնական ռեակցիայի. « Ինչպե՞ս թե, Նոբելյան մրցանակակիր, համարյա երկնային արարած, իսկ ես նրա համար մաեստրո՞ եմ»:

Երկու մեծերի հանդիպման մասին կա ևս մի վկայություն, որը գրառել է հայազգի ճանաչված գրող և հրապարակախոս Սերգեյ Դովլաթովը: Նա իր «Սոլո ունդերվունդի համար» ստեղծագործության մեջ մի այսպիսի դրվագ է նկարագրել. «Խաչատրյանը եկավ Կուբա: Հանդիպեց Հեմինգուեյին: Պետք էր ինչ-որ կերպ բացատրվել: Խաչատրյանն անգլերենով ինչ-որ բան ասաց: Հեմինգուեյը հարցրեց.

— Դուք խոսու՞մ եք անգլերեն:

Խաչատրյանը պատասխանեց.

— Մի քիչ:

— Ինչպես և մենք բոլորս,- ասաց Հեմինգուեյը»:

Հետաքրքրական է, որ նույն Սերգո Միկոյանը պնդում է, թե այս երկխոսությունը տեղի է ունեցել իր հետ, մինչդեռ Դովլաթովն առանց հիմքի այն վերագրել է Խաչատրյանին:

Ամեն  դեպքում, անկախ այն բանից, թե ում անգլերենի իմացության մասին է խոսել Հեմինգուեյը, դա չի խանգարել անկեղծ ու անմիջական երկխոսությանը: Ներկաների վկայության համաձայն, ճաշի ժամանակ նրանք զրուցում էին գրականության, երաժշտության, Կուբայի, Ռուսաստանի և Իսպանիայի` Հեմինգուեյի հավերժական սիրո մասին: Հաճելի էր փաստելը, որ բազմաթիվ հարցերում նրանք համակարծիք էին: Եվ դա զարմանալի չէր: Երկուսի համար էլ գնահատելին համամարդկային արժեքներն էին, որոնք չեն ճանաչում սահմաններ, ժամանակ և քաղաքականություն:

Որպես հիշատակ իրենց առաջին հանդիպումից, նրանք լուսանկարվել են առանձնատան բակում աճող նշանավոր սեյբա ծառի մոտ: Իսկ հրաժեշտի ժամանակ տանտերն առաջնորդվել է կուբայական ավանդույթներով, որտեղ տղամարդիկ երկար իրար ձեռք են թոթվում, իսկ կանայք ողջագուրվում են:

Ասում է, որ երբ մեկ ամիս անց Հեմինգուեյին այցելել են խորհրդային մեկ այլ պատվիրակության անդամներ, գրողը նրանց հյուրասիրել է Խաչատրյանի նվիրած հայկական կոնյակով և հիշել, որ Խաչատրյանն այն հանձնելիս առանձնակի հպարտությամբ շեշտել էր. «Երևանից է»:

Դժվար էր հավատալ, որ այս հանդիպումից մեկ տարի անց ամուր, կենսախինդ, նորանոր ծրագրեր նախագծող Էռնեստ Հեմինգուեյը պիտի ինքնասպան լիներ:

 

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆernest-hemingway-anastas-mikoian-1959-cuba1

%d bloggers like this: