Tag Archives: արաբական

Կասկածելի համերաշխության պտուղները

28 Փտր

Այսօր Լիբիայում իրադարձությունները զարգանում են այնպիսի աղետալի արագությամբ, որ որևէ իրավիճակ արձանագրելուց հետո անմիջապես անհրաժեշտություն է ծագում վերանայել ստեղծված կացությունը նոր դեպքերի լույսի ներքո: Ընդամենը հաշված օրեր պահանջվեցին, որպեսզի այդ երկրում խաղաղ ցույցերը վերաճեին արյունալի խռովության, մի բան, որից գուցե և հնարավոր լիներ խուսափել, ինչպես դա պատահեց «արաբական հեղափոխությունների» հորձանքի մեջ ընկած որոշ երկրներում: Հասկանալի է, որ ցանկացած իշխող վարչակարգի պատասխանը հանրային ընդվզումներին նախ և առաջ պիտի լիներ զսպման մեխանիզմների գործադրումը: Եվ միայն այն բանից հետո, երբ ակնհայտ է դառնում, որ անհավասար են ուժերը, ներգործման ազդակներն իրենց սպառվել են, իսկ ընթացքը դուրս է գալիս վերահսկողությունից, վրա է հասնելու ընտրության պահը:
Ցավոք, Լիբիայում նման բան չկատարվեց: Այստեղ շրջանցվեց «անցումային փուլը»` հենց սկզբից ձեռք բերելով այնպիսի բնույթ, ինչն այլ կերպ անհնար է անվանել, քան իսկական քաղաքացիական պատերազմ: 40 տարի շարունակ երկիրը ղեկավարող գնդապետ Մուամար Քադաֆիի համար այդ վճռական պահին այլընտրանքը բացառվում էր: Եվ բացառվում էր ոչ միայն իր մեղքով:
Աշխարհի վերաբերմունքն ու արձագանքը Լիբիայում ծայր առած հուզումներին չունեցավ այն ճկուն մաևրումների բնութագիրը, ինչն այս կամ այն կեպ պահպանվում և դրսևորվում էր նախորդած իրադարձությունների ժամանակ: Քադաֆին Մուբարաք չէր, որին կարելի էր հրավիրել Գերմանիա` բուժման: Քադաֆին նույնիսկ Թունիսի նախագահ Բեն Ալիի բախտին չարժանացավ, որին քաղաքական ապաստան կտային հարևան երկրներից որևէ մեկում: Աշխարհը որոշեց, որ Քադաֆին օրենքից դուրս է` դրանով իսկ բաց անելով դեպի ծայրահեղության գնալու նրա ճանապարհը և յուղ լցնելով արդեն բորբոքված կրակի վրա:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, որն այլ պարագայում որևէ բռնապետի կոչ կաներ երկխոսության գնալ ընդդիմության հետ կամ երկրում բարեփոխումներ իրականացնել, այս անգամ անհրաժեշտ համարեց հրապարակայնորեն Քադաֆիից պահանջել` անհապաղ հրաժարական տալ։ «Եթե առաջնորդը իշխանությունը կարողանում է պահել միայն սեփական ժողովրդի նկատմամբ զանգվածային բռնություններ գործադրելու օգնությամբ, ապա դա նշանակում է, որ նա կորցրել է իր լեգիտիմությունը և պետք է հրաժարական տա»,- ասաց Օբաման, ինչից հետո Միացյալ Նահանգները միակողմանի սանկցիա կիրառեց Լիբիայի կառավարության նկատմամբ ու խզեց դիվանագիտական հարաբերությունները այդ երկրի հետ:
Պաշտոնական Լոնդոնն իր հերթին որոշեց Լիբիայի առաջնորդին և նրա որդիներին զրկել Մեծ Բրիտանիայի տարածքում դիվանագիտական անձեռնմխելիությունից և ավելի քան 5 միլիարդ դոլարի ակտիվներից` կոչ անելով Քադաֆիին վայր դնել իր լիազորությունները։ «Գնդապետի հեռանալու ժամանակն է»,- հայտարարեց այդ երկրի արտգործնախարարը։
Եվրոպական Միության երկրները շատ արագ համաձայնության եկան Լիբիայի նկատմամբ պատժամիջոցների մի ամբողջ փաթեթ կիրառելու հարցում: Համաձայն այդ միահամուռ որոշման, արգելք էր սահմանվում դեպի Լիբիա զենք-զինամթերքի մատակարարումների վրա, ինչը, ըստ ԵՄ-ի, կարող էր օգտագործվել բողոքի ալիքը զսպելու համար: Բացի այդ, այս տարածքում էլ սառեցվեցին նախագահ Մ. Քադաֆիի ու նրա հարազատների բանկային հաշիվները:
Հետո հերթը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդինն էր, որը միաձայն բանաձև ընդունեց Լիբիայի ղեկավարության նկատմամբ միջազգային պատժամիջոցների կիրառման մասին: «ՄԱԿ ԱԽ միջոցները կոչված են կասեցնելու Մուամար Քադաֆիի ռեժիմի հակառակորդների սպանությունները, դրանք նաև ենթադրում են էմբարգո` Լիբիայի հետ զենքի առևտրի վրա, լիբիական առաջնորդի հաշիվների սառեցում ու նրա, ինչպես նաև նրա ընտանիքի ու մերձավորների միջազգային այցերի արգելք»,- ասված էր այդ փաստաթղթում: Սրա հետ մեկտեղ Անվտանգության խորհուրդը պատմության մեջ առաջին անգամ միաձայն դիմեց Հաագայի Միջազգային դատարանին՝ մարդու իրավունքների ոտնահարման աղաղակող փաստերի առնչությամբ։
«Թեև այս փաստաթուղթը ինքնին չի կարող կանգնեցնել արյունահեղությունը Լիբիայում, այդուամենայնիվ, այն խիստ կարևոր որոշում է, որն արտահայտում է միջազգային համայնքի համախմբված դիրքորոշումը»,- ավելի ուշ պիտի հայտարարեր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի–մունը` բացահայտելով իրենց գործադրած ջանքերի իսկական էությունը: Ստացվում էր այնպես, որ միջազգային հանրության միասնությունն ավելին արժեր, քան լիբիացու արյունը:
Հերթական անգամ հարկ է լինում բախվել մի խնդրի, որը երկու դեմք ունի: Մի կողմից միջազգայնորեն ընդունելի սկզբունքներն են և հումանիստական մոտեցումները, իսկ մյուս կողմից մերկ իրականությունն է` շատ ավելի առարկայական և շատ ավելի կենսական: Երես դարձնել այդ ամենից` ոչ միայն պիտի նշանակեր զբաղվել ինքնախաբեությամբ: Դա նախ և առաջ պիտի նշանակեր այրել նահանջի բոլոր կամուրջները և փաստացի պարտադրել մեկուսացում, այնպիսի մի կացություն, որն արդեն իսկ հարկադրում էր դիմել ծայրահեղ միջոցների: Եվ հենց դա էլ կատարվեց Լիբիայի պարագայում: Քադաֆին հազիվ թե վարվեր այլ կերպ, քան վարվում է այժմ` ծուղակն ընկած գազանի կատաղությամբ հաշվեհարդար տեսնելով բոլորի հետ անխտիր:
Որքան էլ տարօրինակ թվա, այնուամենայնիվ Թուրքիայն այն քչերի շարքում էր, ովքեր Լիբիայի դեմ պատժամիջոցների վերաբերյալ ընդունված որոշումից անմիջապես հետո դատապատարտեցին ՄԱԿ-ի բանաձևը: Իսկ այդ երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նույնիսկ հայտարարեց, որ «դրանից ավելի շատ կտուժի Լիբիայի ժողովուրդը, քան ինքը` Մուամար Քադաֆին»: Նա նաև հավելեց, որ միջազգային հանրությունն ավելի շատ հետաքրքրված է լիբիական նավթով, քան այդ երկրի ժողովրդի ճակատագրով:
Ակամա մտաբերում ես հայկական ասացվածքը. «Երբ եզն ընկնում է, դանակավորները շատանում են»: Երկար տարիներ այս նույն` դատապարտող աշխարհը ներկա համերաշխությունից ոչ պակաս համերաշխ հանդուրժողականություն էր դրսևորում Քադաֆիի ու նրա ռեժիմի նկատմամբ` առանձնապես չմտահոգվելով ոչ ժողովրդավարության բացակայության, ոչ նրա իշխանության լեգիտիմության մասին: Շատ անգամներ էր Քադաֆին դաժան հաշվեհարդար տեսել ներքին հակառակորդների ու ընդդիմախոսների հետ, բայց ամեն անգամ այդ պղտոր ջրից չոր էր դուրս եկել: Իսկ հիմա փոխվել են պահանջները, ուրիշ են նպատակները և հանուն այդ մեծ նպատակների մի քանի հազար լիբիացու կյանքը ոչինչ չարժե: Այսպես են կարծում նրանք, ովքեր պատրաստ են ճաշակել իրենց կասկածելի համերաշխության պտուղները:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

«Սև ցուցակի» հավակնորդը

3 Փտր

Այսպես կոչված «արաբական հեղափոխությունների» ալիքի ուժգնությունն ու շղթայական ռեակցիան առիթ տվեցին շատերին խորհելու այն մասին, թե դեռ որքան այն կարող է ծավալվել և ուրիշ ո՞ր երկրները կարող են հայտնվել այդ ցնցումների ճիրաններում: Հավանական «զոհերի» ցանկում առավել հաճախ հիշատակվող անուններից մեկն էլ Ադրբեջանն էր: Նման ընտրությունն, ինչ խոսք, պատահական չի լինում: Կանխատեսումների հեղինակներն իրենց կազմած այդ «սև ցուցակում» առայժմ պայմանականորեն ընդգրկում են այն երկրները, որտեղ բացահայտ տոտալիտար ռեժիմ է` ավտորիտար պետությունը հատուկ ատրիբուտներով և կառույցներով, ժողովրդավարական ազատությունների ճնշման ավանդական մեթոդներով: Ինչ խոսք, չի կարելի Եգիպտոսի, Թունիսի կամ մեկ այլ երկրի օրինակը պարզապես վերցնել ու պրոյեկտել մեր տարածաշրջանի վրա, բայց դժվար է նաև լիովին բացառել լուրջ հետևություններ անելու անհրաժեշտությունը: Այս օրերին հաճախ կարելի է լսել այն մասին, թե Եգիպտոսի և մյուս վայրերի սրված իրավիճակն աշխարհաքաղաքական մեծ խաղի մասն է, լուրջ նախագիծ, որը կարող է իր ազդեցությունն ունենալ նաև Հարավկովկասյան տարածաշրջանի վրա: Եվ այն պնդումները, թե կատարվող դեպքերը զուտ սոցիալական հիմքեր չունեն, կարող են կրկնվել աշխարհի այլ անկյուններում, որտեղ առկա են դրա նախադրյալները, հենց այնպես արտասանված բառեր չեն:
Սակայն հատկանշականն այստեղ այն է, որ բուն Ադրբեջանում բոլորվին էլ չեն բացառում ժողովրդի դժգոհության ալիքի սանձազերծման հնարավորությունը, ինչը ոչ միայն «արաբական» դեպքերից, այլև վերջին շրջանում իսլամիստների եւ հիջաբի նկատմամբ այդ երկրի իշխանությունների գործողություններից հետո կարող է իսկապես ահագնանալ: Այդ մասին նույնիսկ պնդում են ադրբեջանցի որոշ փորձագետներ` համոզված, թե «Թունիս-Եգիպտոս» շղթայի հաջորդ կետը հատկապես Ադրբեջանն է: Նրանք նաև հիշեցնում են, որ բոլորովին էլ պատահական չէր այս օրերին Ի. Ալիևի վարչախմբի կողմից ընդդիմադիր մի շարք քաղաքական ուժերի առաջնորդների ու ներկայացուցիչների ձերբակալությունը: (Հիշեցնենք, որ այդ ձերբակալությունները կատարվել էին հունվարի 7-ին` «ապօրինաբար զենք ու զինամթերք պահելու» մեղադրանքով): Նկատենք նաև, որ
Ադրբեջանի պետական հեռուստատեսությունն ու իշխանամետ մամուլը չափազանց քիչ տեղ են հատկացնում Եգիպտոսում տեղի ունեցող իրադարձություններին, ինչը մեծ հաճույքով լրացնում են ընդդիմադիր ԶԼՄ-ները` լայնորեն լուսաբանելով Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքին իշխանությունից զրկվելու գործողությունները: Հենց այս օրերին էր, որ Ադրբեջանի ընդդիմությունը պահանջեց քանդել Մուբարաքի արձանը, որը տեղադրված է Խիրդալան քաղաքում: Վերջիններս նաև պնդեցին, թե անհապաղ պետք է չեղյալ հայտարարել կրթության նախարարության կայացրած որոշումը, որով Բաքվի դպրոցներից մեկին շնորհվել էր Եգիպտոսի առաջին տիկնոջ` Սյուզան Մուբարաքի անունը: Արաբական սցենարից ոգևորվածները շաբաթվա սկզբին բողոքի ակցիա կազմակերպեցին Բաքվին մերձակա Նովխանի ավանում: Նրանց հիմնական կարգախոսը սա էր` «Երեկ` Բեն Ալին, վաղը` Իլհամ Ալին»: Համոզմունքը, որ Ադրբեջանի նախագահը նույն ճակատագրին է արժանանալու, ինչ իր թունիսցի պաշտոնակիցը, այստեղ շատերին է համակել: «2011 թվականը Ադրբեջանում կդառնա ժողովրդավարական բարեփոխումների տարի: Մեր երկիրը լուրջ փոփոխությունների շեմին է»,- պնդում է ընդդիմությունը` պատրաստ այդ նպատակի համար համախմբվել մեկ ընդհանուր դրոշի տակ: Նոր ձևավորված «Հանրային խորհուրդ» ժողովրդավարական քաղաքացիական շարժման թիվ մեկ նպատակն այժմ դա է: Շարժումն առայժմ կոչ է անում նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնել Ադրբեջանում` երկրում թունիսյան և եգիպտական սցենարներից խուսափելու համար, սակայն սպառնում է անցնել առավել ակտիվ գործողությունների: Մեկ այլ ընդդիմադիր ուժ` «Մուսավաթ» կուսակցությունը նույնպես հայտարարել է, որ իշխանությունները պետք է փոխվեն ընտրությունների միջոցով: «Եթե իշխանությունները չիրականացնեն այս գործընթացը, ժողովուրդը ոտքի կկանգնի: Բայց այդ ժամանակ արդեն շատ ուշ կլինի իշխանությունների համար, և իրադարձությունները կծավալվեն Եգիպտոսի փորձի համաձայն»,- ասել են նրանք:
Հասկանալի է, որ Բաքվի իշխանություններն այդպես չեն կարծում: Կառավարող «Ենի Ազերբայջան» կուսակցությունը օրերս հայտարարեց. «Այսօր Ադրբեջանում հասարակական-քաղաքական կայունություն է, և մենք չենք կանխատեսում երկրում այնպիսի իրադարձություններ, ինչպիսիք տեղի են ունենում Թունիսում և Եգիպտոսում»: Վերնախավը պնդում է, որ ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս կան մարդիկ, ովքեր չեն ցանկանում կայունություն Ադրբեջանումու հենց նրանք էլ սադրում են բողոքի գործողությունները Բայց իշխանավորներն առայժմ լռում են այն մասին, թե որքան հոգս ու դառնություն են պատճառել այդ խռովությունները Բաքվի պաշտոնյա օլիգարխներին: Բանն այն է, որ շատերն արաբական երկրներում տնօրինում են խոշոր բիզնեսի ու սեփականության, և այժմ այդ հարստության կորցնելու վտանգը խուճապ է հարուցել:
Այս ամենն, իհարկե, դեռ չի նշանակում, թե Ադրբեջանն իսկապես դատապարտված է, իսկ Ալիևի իշխանությանը հաշված օրեր են մնացել: Մեծ է հավանականությունը, որ էական ոչինչ էլ չի կատարվի այդ երկրում: Բայց դրանով հանդերձ արժե ի գիտություն ընդունել ազդեցիկ «Bloomberg» գործակալության վերլուծաբանների կարծիքը, որոնք գրում են. «Նախագահի լիազորությունների սահմանափակումների վերացումից հետո Իլհամ Ալիևը կարող է երկար տարիներ մնալ իշխանության գլուխ: Դա կարող է իշխող վերնախավի և բնակչության կենսամակարդակների միջև մեծ ճեղքվածք ունեցող Ադրբեջանում բերել զանգվածային ժողովրդական բողոքների»: Իսկ ահա Ավգուստի համալսարանի պրոֆեսոր, Ադրբեջանի հարցերով փորձագետ Մայքլ Տկաչիկի դիտարկումների համաձայն, Ադրբեջանի նման երկրներում, ուր առկա է տնտեսական հետամնացությունն ու կոռուպցիայի բարձր մակարդակը, այդ գործոնները ավելի շատ բան կարող են անել, քան ընդդիմությունը:
Մնում է սպասել և տեսնել, թե կողմերից ո՞վ է իրավացին և ի՞նչ ընթացք է նախատեսել պատմության անիվը այդ երկրի համար:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: