Tag Archives: ատոմակայան

ԹԵ ԻՆՉՊԵՍ ՓՐԿՎԵՑԻՆՔ ԱՏՈՄԱՅԻՆ ԱՂԵՏԻՑ

24 Փտր

1982 թվականի հոկտեմբերի 15-ին, առավոտյան ժամը 9.55-ին Հայաստանի ատոմակայանում ահազանգ հնչեց: Կառավարման կենտրոնի ցուցատախտակի վրա վառվող լուսերը հուշում էին, որ կարճ միացման հետևանքով հրդեհ էր բռնկվել ԱԷԿ-ի առաջին էլեկտրաբլոկի տեխնիկական ջրերի մղիչ պոմպերի էլեկտրաշարժիչում: Այլ աղբյուրների տեղեկություններով, պայթյուն էր որոտացել գեներատորում: Ժամը 10.00-ին կանչ արձանագրվեց հրշեջ ծառայությունում, իսկ 5 րոպե անց մեկը մյուսի ետևից սկսեցին անջատվել կայանի շահագործումն ու անվտանգութունը ապահովող համակարգերը: Եվս հաշված րոպեներ, և խզվեց կապը միացյալ էներգահամակարգի հետ: Սրահները թաղվեցին ծխի ու մթության մեջ:8

Ղեկավարությունը տեղյակ էր, որ երկրորդ էներգաբլոկը գտնվում էր վերանորոգման փուլում, իսկ առաջինն աշխատում է ամբողջ հզորությամբ: Սակայն դեպքերի նման զարգացում ոչ ոք ենթադրել անգամ չէր կարող: Դեռ որևէ հստակ տեղեկություն չունենալով վտանգի ծավալների մասին` անմիջապես հրահանգ տրվեց ԱԷԿ-ի աշխատակիցների մեծ մասին տարհանել: Սակայն բոլորը չէ, որ հեռացան: Բազմաթիվ մասնագետներ` անտեսելով հնարավոր հետևանքները, շարունակում էին ելքեր որոնել չարաբաստիկ ընթացքը կասեցնելու համար: Միայն թե դա նրանց չէր հաջողվում: Վթարին հաջորդած առաջին ժամերի ընթացքում իրավիճակը գնալով բարդանում էր: Ոչ հրշեջների, ոչ օպերատիվ աշխատակիցների ջանքերը որևէ արդյունք չէին տալիս: Ի հայտ էին գալիս հրդեհի նոր օջախներ, տարբեր հատվածներում լսվում էին մեծ ու փոքր պայթյուններ:

Ժամը 12. 45-ին պարզ դարձավ, որ ռեակտորի նկատմամբ հսկողությունը լիովին բացակայում էր: Լարվածությունը ծայրահեղ էր: Հիմա արդեն կառավարման վահանակի մոտ կարելի էր աշխատել միայն հակագազ հագած վիճակում: Մարդիկ անընդհատ ներսուդուս էին անում` օդ շնչելու համար: Կայանը զրկվել էր ինչպես արտաքին, այնտես էլ ներքին էներգասնուցումից: Շարքից դուրս էր եկել սառեցման համակարգը, արձանագրվել էր ջրածնի վտանգավոր կուտակում: Պաշտպանական համակարգի խափանումը անհնար էր դարձնում որևէ վերահսկողություն, մինչդեռ միջուկային ռեակցիան ներսում շարունակվում էր: Ռեակտորում ջերմաստիճանը սկսեց բարձրանալ, ինչը կարող էր հանգեցնել ջերմային պայթյունի: Իսկ թանկագին ժամանակը հոսում էր…201985606

Հրդեհաշիջման աշխատանքներին, որ տևեց 7 ժամ,  մասնակցում էին 110 հրշեջ ծառայության աշխատակիցներ: Շատ հատվածներում նրանք ստիպված էին քանդել հարկաբաժնի պատերը` կրակի օջախներին մոտենալու համար: Ընդհանուր վնասը կազմել էր շուրջ 1 միլիոն ռուբլի (այն տարիների գներով): Շարքից դուրս էին եկել մեքենայական բաժնի գեներատորները, տուրբինները, տրանսֆորմատորը, պոմպերը, 20 մետր երկարությամբ կարևորագույն մալուխային գծերը: Եվ նույնիսկ այս բոլոր կենսական կարևորության սարքերի բացակայության պայմաններում հայ մասնագետներին հաջողվեց փրկել ատոմակայանը և չեզոքացնել մահաբեր վտանգը:

Ավելի ուշ ռուսական որոշ աղբյուրներ փորձեցին իրավիճակը գլխիվայր ներկայացնել` գրելով, թե վթարի պահին բոլոր հայերը փախուստի էին դիմել, և միայն Ռուսաստանի Կոլսկի թերակղզուց ինքնաթիռով օգնության շտապած օպերատիվ խմբի մասնագետներին էր հաջողվել տեղում փրկել ռեակտորը: Այս պնդումները իրականությանը չեն համապատասխանում: Ռուսներն, իհարկե, եկան, բայց հետո, երբ անհրաժեշտություն էր առաջացել հետաքննելու վթարի պատճառները և շահագործելու երկրորդ էներգաբլոկը:

Ինչ վերաբերում է խուճապին, ապա նմանատիպ տրամադրությունը գերիշխող դարձավ միայն այն բանից հետո, երբ անցակետում խմբված մարդկանց մոտեցավ ուսադիրներով մեկը և գոռաց. «Բոլորդ այստեղից իսկույն հեռացեք, հիմա ամեն ինչ կպայթի»: Մինչդեռ ներսում մնացած մեր մասնագետները` օպերատորները, տեխնիկական անձնակազմը, զրկված լինելով ավտոմատ համակարգը գործածելու հնարավորությունից (ամբողջությամբ այրվել էր) ծխապատ հարկաբաժիններում, երբ շնչել անգամ հնարավոր չէր, կարողացան կանգնեցնել բլոկը, հրաշքով խուսափել պայթյունից:142-hpp-21-1976-big

Հրաշքո՞վ: Նման դեպքերում հրաշքների մասին չեն խոսում: Խոսում են այն մարդկանց մասին, ովքեր հերոսաբար կարողացան կանխել սարսափելի աղետը: Սակայն ովքե՞ր են այսօր մտաբերում այդ օրերի մասին, ո՞վ է հիշում և ճանաչում նրանց:

1982-ի հոկտեմբերին ԱԷԿ-ում բարեբախտաբար գտնվեց այն մարդը, ով ոչ միայն իր վրա վերցրեց իրավիճակը կարգավորելու ողջ պատասխանատվությունը, այլև օժտված էր բարձր մասնագիտական հմտություններով և գիտելիքներով: Դա ատոմակայանի լաբորատորիաներից մեկի ղեկավար Վիլեն Արզումանյանն էր: Հրաշալի պատկերացնելով ողջ տեխնոլոգիական պրոցեսը և կայանի կառուցվածքային առանձնահատկությունները` Արզումանյանը անմիջապես ձեռնամուխ եղավ ռեակտորի հովացումն ապահովելու գործին: Այդ գործընթացի բարդ ու խրթին տերմիններով հարուստ մանրամասները շրջանցելով` նշենք միայն, որ անձնակազմի անդամների ուժերով հաջողվեց աներևակայելի կարճ ժամանակում տեղում ձևավորել այլընտրանքային կապի համակարգ, ավտոմատացված գործողությունները կատարել ձեռքով և վերջապես բարձրացնել ռեակտորի 25 տոննայանոց կափարիչը, որտեղ մղվեց անհրաժեշտ քանակությամբ բոր: Միայն դրանից հետո ռեակտորի ջերմաստիճանը սկսեց հետզհետե նվազել, ինչը նշանակում էր մեկ բան` պայթյուն չի լինի:

Հոկտեմբերի 15-ին, ժամը 20.40-ին վերականգնվեց հսկողությունը նեյտրոնային հոսքերի նկատմամբ:

Հոկտեմբերի 19-ին իրկանացված դիտարկումները հաստատեցին, որ ճառագայթման վտանգ չկա: Այսպես կոչված` գամմա-ֆոնը մնացել էր անփոփոխ:vilen

Ավելի ուշ ձևավորված հատուկ հանձնաժողովը իր հաշվետվության մեջ պիտի զեկուցեր, որ ԱԷԿ-ի վթարը պայմանավորված էր արտաքին ցանցի հետ չարտոնված միացումով: Իրավիճակի բարդացման հաջորդ փուլերում օպերատորները զրկվել էին հեռախոսային կապից, հիմնական և վթարային լուսավորումից: Դրանից բացի ինքնաբերաբար անջատվել և միացվել էին որոշ սարքավորումներ, բռնկվել էին մի քանի հրդեհներ, որոնցից  մի քանիսը` պայթյունով: Փորձագետների վկայությամբ, իրենց հաջողվել էր մալուխային բաժանմունքում գտնել նվազագույնը 9 խոցելի կետեր, որոնք կարող էին կարճ միացումների և հետևաբար հրդեհների պատճառ դառնալ: Նշվում էր նաև, որ իրավիճակից նյարդայնացած օպերատորները հոգեկան անկայուն վիճակում սխալ հաջորդականությամբ էին իրականացրել ջրածնի արտամղման գործողությունը և գազի բաղադրության վերահսկողությունը:

Ինչ վերաբերում է դրսից ակնկալված օգնությանը, ապա Խորհրդային Միության տարբեր քաղաքներից մասնագետները Մեծամոր եկան օրեր անց: Հրդեհի հետևանքով վնասներ էր կրել ոչ միայն առաջին, այլև երկրորդ բլոկը, և ռուս փորձագետների կարևորագույն խնդիրներից մեկն էր գործարկել դրանք: Ինչպես պատմում են ականատեսները, այն, ինչ նրանք տեսան պատահարի վայրում, ցնցող ու ճնշող տպավորություն թողեց: Ռուս փորձագետ Է. Կուլմատիցկին իր հիշողություններում գրել է. «Առավել մեծ ավերածություններով տեսարան հետագայում ես տեսել եմ միայն Չեռնոբիլի ԱԷԿ-ում: Բայց դա արդեն իսկական աղետ էր: Իսկ Հայաստանն, այնուամենայնիվ մեր հիշողություններում լուսավոր հետք թողեց…»:

Իսկ այդ տարիների ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ, ակադեմիկոս Ֆադեյ Սարգսյանը շատ ավելի ուշ այսպես պիտի վերհիշեր ճակատագրական ժամերը. «Այն, որ ատոմակայանը վտանգավոր է, ես համոզվեցի 1982 թվականին, երբ այրվել էր մալուխը: Այն ժամանակ մենք որքան մոտ էինք արհավիրքին: Կարելի է ասել` հրաշքով փրկվեցինք»:5792

Պատահարի մասին լրատվամիջոցները լռեցին: Բայց եղածը թաքցնել չհաջողվեց: Ճիշտ է, ոչ ոք հստակ չգիտեր, թե իրականում ինչ էր պատահել, բայց դառը փորձի տրամաբանությունը հուշում էր, որ կատարվածը սովորական չէր: Հայկական ԱԷԿ-ի վթարից մի քանի ամիս անց, երբ վախճանվեց ԽՍՀՄ ղեկավար Լեոնիդ Բրեժնևը և նրան փոխարինելու եկավ Յուրի Անդրոպովը, վերջինս ձեռնամուխ եղավ երկրում կարգապահության ամրապնդմանը: Հենց այդ օրերին Կրեմլում ստացան մի ահազանգող նամակ, որտեղ մասնավորապես ասվում էր. «Միայն երջանիկ պատահականությամբ երկրի ատոմակայաններից մեկի աշխատակիցների հանցավոր անտարբերությունը չհանգեցրեց խոշոր աղետի»: Այս նամակին հաջորդեցին պատժիչ գործողությունները: Եզրակացվեց, որ հենց «մարդկային գործոնն» է Հայաստանի խոշորագույն ատոմային կառույցը վտանգավոր սահմանագծի հասցրել: Աշխատանքից հեռացվեցին մի շարք պաշտոնատար անձինք, շատերը խիստ նկատողություն ստացան, իսկ ԽՍՀՄ Մինիստրների խորհդին կից ձևավորվեց ատոմակայաննների անվտանգության և հսկողության գծով հատուկ հանձնաժողով:

Եթե իսկապես մեղավորներ կային, պատիժները միանգամայն տրամաբանված էին: Սակայն ինչու՞ չհիշվեցին նրանք, ովքեր ոչ միայն շտկեցին այդ սխալները, այլև մոռացած սեփական անձն ու մահաբեր վտանգները, մինչև վերջին վայրկյանը պայքարեցին ու հաղթանակած դուրս եկան այդ անհավասար կռվից:

Մենք այս նյութում հիշատակեցինք նրանցից միայն մեկի անունը: Վստահ ենք, որ եղել են նաև «անանուն» հերոսներ, որոնց պարտական ենք մեր և սերունդների անվտանգ կյանքի համար: Այդ մարդիկ ոչ միայն պիտի հայտնի դառնան, այլև արժանանան այն պատվին, որ վաստակել են իրենց անձնազոհությամբ ու մասնագիտական հմտությամբ: Վիլեն Արզումանյանն այլևս կենդանի չէ: Բայց հիշողության արթնացման համար վաղեմության ժամկետներ չկան:

 Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Ձեր կողքին ենք, բայց ձեզ հետ չենք

9 Փտր

«Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոն եկավ Հայաստան, հանդիպեց, բանակցեց, պայմանավորվեց, իրեն շնորհված մեդալը վերցրեց ու մեկնեց մեր երկրից: Սակայն ամենամեծ լավությունը, որ նա արեց մեր ժողովրդին, այն էր, որ սկիզբ դրեց նոր ատոմակայան կառուցելու մասին իրարամերժ խոսակցություններին: Մինչ նրա այցը բոլորը համարյա համոզված էին, որ հենց Ռուսաստանն է ՀՀ կառավարության գլխավոր գործընկերը նոր ԱԷԿ-ի կառուցման հարցում: Իսկ ուրիշ էլ ո՞վ: Սակայն հարգարժան հյուրը բաց տեքստվ մեզ հայտնեց, որ ինքը դրական է գնահատում ատոմային էլեկտրակայանի անվտանգությանն ուղղված աշխատանքները և դրանով հանդերձ օբյեկտի կառավարման գործում Ռուսաստանի մասնակցության անհրաժեշտությունը չի տեսնում:
Այս հայտարարությանը պետք էր սպասել թեկուզ այն պատճառով, որ ռուսական « Интер РАО ЕЭС» էներգահոլդինգը այս տարվա. հունվարից արդեն դադարեցրել էր Հայկական ԱԷԿ-ի ֆինանսական հոսքերի կառավարումը, մի բան, որ նրան վերապահված էր դեռևս 2003 թվականից:
«Հիմնական ներդրումները, կարծում եմ, կլինեն Հայաստանի կառավարության կողմից, բայց մենք դիտարկում ենք, իհարկե, նաև Ռուսաստանի մասնակցությունը: Ես արդեն ասացի, որ ռուսական կողմի մասնակցությունը կկազմի 20-25%, բայց մենք կարող ենք քննարկել ավելի մեծ թիվ: Ամեն դեպքում Հայաստանի կառավարությունը պետք է ունենա 50 և գումարած 1 տոկոս բաժնետոմս: Բայց այս ամենը պետք է քննարկվի»,- պարզաբանեց Կիրիենկոն:
Որպեսզի հնարավոր լինի լիովին ըմբռնել նրա խոսքերի իմաստը, նախ հարկ է հիշել, որ նոր ատոմակայանի շինարարության հարցում արդեն կա հայ-ռուսական համաձայնագիրը: Ըստ այդ համաձայնագրի, Ռուսաստանը ստանձնում է շինարարությունը, ինչպես նաև պատրաստակամություն հայտնում ֆինանսավորել մոտ 20 տոկոսի չափով: Գումարային տեսքի բերելու դեպքում դա կնշանակի մոտ 1 միլիարդ դոլար, եթե նկատի ունենանք որ Հայաստանի նոր ատոմակայանի արժեքը, ըստ նախնական հաշվարկի, մեզ վրա կարող է նստել շուրջ 5 միլիարդ դոլար: Հիմա ռուսները մեծահոգաբար, կարելի է նույնիսկ ասել՝ առատաձեռնորեն հայերին են թողնում 50+1-ը, իսկ իրենք խոսում են 20-25-ի մասին: Այդ դեպքում ի՞նչ է լինելու մնացածը: Նման համաձայնություն կարելի էր ձեռք բերել միայն այն պարագայում, եթե Հայաստանն ունենար ֆինանսավորման մի երրորդ աղբյուր: Բայց, որքան հայտնի է, այդ ցանկալի երրորդը դեռևս չկա: Իսկ գուցե կա՞:
Հենց այստեղ է, որ բոլորը հանկարծ վերհիշեցին, թե Երևան այցելած Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին իր ելույթներից մեկի ժամանակ ինչ ասաց Հայաստանի ատոմակայանի մասին: Նա նշեց, որ Ֆրանսիան պատրաստ է մասնակցել ատոմակայանի շինարարությանը ու նույնիսկ ամենամոտ ժամանակներս աշխատանքային խումբ կգա Հայաստան, որը կդիտարկի այդ շինարարությանը մասնակցելու հնարավոր տարբերակները:
Նման խումբ դեռ մեզ հյուր չի եկել, սակայն նրանց գալը լիովին բացառելու համար նույնպես հիմքեր առայժմ չկան: Մնում է ենթադրել, որ ԱԷԿ-ի շուրջ երեք տեղերից մեկը Կիրիենկոյի թեթև ձեռքով ու Հայաստանի համաձայնությամբ բաց է մնում հատկապես ֆրանսիացիների համար:
Ինչ վերաբերում է սարքերի մատակարարման գործում Ռուսաստանի մասնակցության հարցին, ապա ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, նոր էներգաբլոկում տեղակայվելու է ռուսական ջրային ռեակտոր: Նոր էներգաբլոկում կիրառվելու է ավելի ժամանակակից տեխնոլոգիա: «Ռոսատոմ»-ի ղեկավարը հավելեց, որ իրենց բլոկը կարելի է այսօր համարել միակն աշխարհում, որը համապատասխանում է անվտանգության «հետֆուկուսիմյան» չափանիշներին: Իսկ ԱԷԿ-ի կառուցման համար էլ արդեն ստեղծվել է համատեղ ռուս-հայկական ընկերություն` «Մեծամոր-ԻնտերՌԱՕ»-ն:
Նոր էներգաբլոկը պետք է կառուցվի մինչև 2020թ, այնպես որ բավականաչափ ժամանակ դեռ կա կարևորագույն խնդիրները մեկ անգամ ևս ծանրութեթև անելու համար: Գործող ԱԷԿ-ին փոխարինելու եկող նոր կայանի պարագայում խոսքը միայն մեկ 1000 մվտ հզորությամբ էներգաբլոկի կառուցման մասին է լինելու: Իսկ մնացյալը… Բայց ավելի լավ է, սպասենք Կիրիենկոյի երկրորդ գալստյանը:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

ԹԵ ԻՆՉՊԵՍ ՓԱԿԵՑԻՆ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԸ

17 Հլս

Հայաստանի ատոմային էլեկտրակայանն իր հիմնադրման օրից ի վեր մշտապես ունեցել է թե ընդդիմախոսներ և թե երդվյալ պաշտպաններ: Մինչ առաջինները պնդում էին կայանի վտանգավորության հանգամանքը, մյուսները փաստում էին այլընտրանքային էներգիայի աղբյուրներից զուրկ հանրապետության համար ԱԷԿ-ի կենսական անհրաժեշտությունն ու հրամայականը: Եվ եթե այս բանավեճը շարունակվում է նաև այսօր, ապա թերևս ավելորդ չի լինի ետադարձ հայացք նետել ոչ վաղ անցյալի դեպքերի վրա` մեկ անգամ ևս վերհիշելու, թե ինչպես եղավ և ինչ եղավ, որ որոշվեց ատոմակայանը փակել:
Դա 1988 թվականի աշնանն էր: Դեռևս տեղի չէր ունեցել Սպիտակի աղետալի երկրաշարժը, և նրանք, ովքեր հետագայում ջանում էին Մեծամորի կայանի փակման փաստը պայմանավորել երկրաշարժի հանգամանքով, ժամանակային առումով ակամա կամ միտումնավոր սխալ էին թույլ տալիս: Այդ սխալը տեղ գրավեց գրքերում և նույնիսկ որոշ հանրագիտարանային հրատարակութունններում հենց այդպես էլ նշված է. «Փակվեց 1988-ի երկրաշարժի պատճառով»: Սակայն ճշմարտությունն այն է, որ մինչև դեկտեմբերյան աղետը կառավարությունն արդեն իսկ հանրությանը խոստացել էր դիմել նման ծայրահեղ քայլի, իսկ երկրաշարժի փաստը սոսկ արագացրեց գործության իրականացումը: Կայանի առաջին բլոկի աշխատանքները դադարեցվեցին 1989 թվականի փետրվարի 25-ին, իսկ երկրորդ բլոկինը` նույն թվի մարտի 18-ին: Դրանից հետո շատ կարճ ժամանակ էր անհրաժեշտ համոզվելու համար, թե որքան սխալ ու ճակատագրական որոշում էր դա և ինչ հետևանքներ ունեցավ Հայաստանի համար: 1990-ականների առաջին տարիները մեր երկրի պատմության և մարդկանց հիշողության մեջ հենց այդպիսի անվամբ էլ մնացին` «ցուրտ ու մութ տարիներ», իսկ եթե եղածին էլ գումարենք շարունակվող պատերազմը, ապա ուրիշ ոչինչ անհրաժեշտ չի լինի հավելել` իրական կացության ողբերգականությունը ներկայացնելու համար: Արդեն 1993 թվականին Հայաստանի կառավարությանը այլ բան չէր մնում անել, քան որոշում կայացնել ԱԷԿ-ի վերաբացման մասին: «Սարք 2» ռեակտորը գործողության բերվեց 1995 թվականի հոկտեմբերի 26-ին:
Բայց վերստին ետ գնանք դեպի այն օրերը, երբ առաջին անգամ հրապարակ եկավ հայկական ատոմակայանը փակելու պահանջը: Իսկ նման վերադարձի հնարավորություն մեզ տալիս են հրաշքով պահպանված վավերագրերը: Հավանաբար քչերը գիտեն, որ 1988-ին Ազատության հրապարակում տեղի ունեցող ցույցերը ոչ միայն ձայնագրվում էին, այլև ճշտությամբ սղագրվում: Եվ այժմ մեր ձեռքի տակ են այդ սղագրությունների մի քանի էջեր, որոնք կատարվել են 1988 թ. սեպտեմբերի 10-ի` այն ժամանակ դեռ Թատերական հրապարակի հավաքի ժամանակ: Այդ օրը հրապարակում «Ղարաբաղ» կոմիտեն հրապարակային երկխոսության էր հարվիրել Հայաստանի կառավարության և Կոմունիստական կուսակցության ղեկավարներին: Մասնակցում էին Հայաստանի ԳԽ նախկին նախագահ Հրանտ Ոսկանյանը, ՀԿԿ ԿԿ քարտուղար Կառլեն Ղամբարյանը, Երևանի քաղաքագլուխ Էդուարդ Ավագյանը, մայրաքաղաքի քաղկոմի առաջին քարտուղար Միքայել Մինասբեկյանը և ուրիշներ: Ստորև ներկայացնում ենք նրանց խոսքը առանց որևէ միջամտության:


{…..}
ԿԱՌԼԵՆ ՂԱՄԲԱՐՅԱՆ
(Կոմկուսի կենտկոմի քարտուղար)
Հարգելի ընկերներ, մի շարք հարցեր են ստացվել քաղաքում էկոլոգիայի մասին: Այդ հարցը շատ է անհանգստացնում մեր ազգաբնակչությանը: Ես պետք է ասեմ, որ իսկապես ձեր անհանգստությունը հիմքեր ունի, որովհետև մենք նույնպես այդ բանը գիտենք և մտահոգված ենք քաղաքի օդային ավազանի վիճակով: Այդ թվում մենք նաև գիտենք ձեր պահանջը…. մենք նույնպես համաձայն ենք այդ ատոմակայանը փակել….
(Ժողովուրդը վանկարկում է. «Փակել, փակել, փակել»):
… Մենք համաձայն ենք ատոմային էլեկտրակայանը փակելու հարցին: Հայաստանի Կենտկոմի առաջին քարտուղար ընկեր Հարությունյանը պաշտոնապես դիմել է վերադաս մարմիններին` ատոմային կայանը փակելու համար: Այդ հարցը շուտով կքննարկվի Կենտկոմի առաջկա պլենումում:
(Ժողովուրդը դարձյալ աղմկում է):

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
( «Ղարաբաղ» կոմիտեի անդամ)
-Սիրելի հայրենակիցներ, դուք արդեն խախտում եք մեր պայմանավորվածությունը: Մենք պայմանավորվել էինք, որ պետք է ելույթ ունեցողներին լսենք մինչև վերջ…

ԿԱՌԼԵՆ ՂԱՄԲԱՐՅԱՆ
— Այս ինֆորմացիան, որ ես ուզում եմ ձեզ տալ, ես դա գիտեմ, ձեզ համար եմ ասում, որպեսզի իմանաք, թե ինչի մասին է խոսքը: Մեր ժողովրդական տնտեսությունը առանց էլեկտրաէներգիայի մենք պահել չենք կարող: Մեր բալանսը այսօր առանց ատոմակայանի չի ապահովում հանրապետության ժողովրդական տնտեսության….
(Ժողովուրդն աղմկում է, լսելի չէ):
… Մենք որոշել ենք ընդլայնել մեր էներգետիկ կարողությունները Հրազդանի (անհասկանալի բառ) սկսելու ենք նոր բլոկների շինարարություն: Պետք է կառուցել 4 բլոկ, բայց առանց սպասելու 4 բլոկի շինարարությանը, առաջին բլոկն ավարտելուց հետո մենք կփակենք ատոմակայանի առաջին բլոկը: Երկրորդ բլոկը կառուցելուց հետո մենք կփակենք ատոմակայանը:
(Ժողովուրդն աղմկում է, լսելի չէ):
Ես զգում եմ մեր շահագրգռվածությունը ատոմային կայանի շուտ փակման համար, և ինչ, կոչ եմ անում ձեզ, եկեք մեզ օգնեք, այս շինարարությունը եկող տարի վերջացնենք, եկող տարի ատոմային կայանը փակենք:
(Ժողովուրդը գոռում է. «Ոչ: Հիմա փակեք: Գործադուլ»):

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
— Ես մի փոքր զարմացած եմ. առաջին անգամ մեր ղեկավարությունից լսում ենք այնպիսի խոսքեր, որոնց ութ ամիս շարունակ սպասում էինք, իսկ դուք նորից սկսել եք հուզվել… Այս վերջին ելույթի առիթով ես կկարդամ մի փոքրիկ հաղորդում, որ տպագրված է «Գիտատեխնիկական հեղափոխություն» բյուլետենում: Այս հաղորդագրությունը Երևանից է: Թույլ տվեք կարդալ ռուսերեն:
(Ժողովուրդը դժգոհում է. «Ոչ, հայերեն: Հայերեն»):
Ռուսերեն թերթ է, որ հենց նոր են բերել մեզ:
(Ժողովուրդը դարձյալ ընդհատում է):
— Ուշադրություն, ուշադրություն, ուրեմն. (ռուսերեն կարդում է հաղորդում այն մասին, որ Սևանում և Հայաստանի այլ շրջաններում հնարավոր է օգտագործել քամու էներգիան): Ուրեմն, միայն քամու հզորությամբ Հայաստանում Սևանում կարելի է ստանալ այնքան էներգիա, որքան այժմ ծախսում է մեր ամբողջ հանրապետությունը տարվա ընթացքում… Ուստի, ինձ թվում է, ընկեր Ղամբարյանն էլ ասաց, որ ատոմակայանի տված էլեկտրաէներգիան կարող են փոխհատուցել մեր ջերաէլեկտրակայանները և, այսպես կոչված, ժամանակակից հողմաղացները: Ինձ թվում է, մեր ղեկավարությունը պետք է հոգ տանի այդ ուղղությամբ: Այժմ ընկեր Ղամբարյանին մի հարց ունի կոմիտեի անդամ Սամվել Գևորգյանը:

ՍԱՄՎԵԼ ԳԵՎՈՐԳՅԱՆ
(«Ղարաբաղ» կոմիտեի անդամ)
— Ես ուզում եմ հարցնել ընկեր Ղամբարյանին. եթե ջերմաէլեկտրակայանը փակվի երկու տարի հետո, իսկ ատոմակայանը (եթե մեզ վստահեցվի, որ չի պայթելու) 10-20 օր հետո, ապա այս դեպքում ժողովրդի ճակատագի՞րն է կարևոր, թե՞ էներգիան, որ կարող է լրացվել էներգիայի այլ աղբյուրների հաշվին: Խնդրում եմ ժողովրդին վստահեցնել, որ հրդեհ չի լինելու, վթար չի լինելու, չի պայթելու:
(Ժողովուրդը աղմկում է):

ԿԱՌԼԵՆ ՂԱՄԲԱՐՅԱՆ
— Ընկերներ, բոլորդ գիտեք, որ մենք սկսել ենք կառուցել ատոմային էլեկտրակայանի երկրորդ հերթը` նույնքան հզորությամբ: Մենք այդ շինարարությունը դադարեցրել ենք, և երկրորդ հերթը այլևս չենք կառուցելու: Սկզբունքային համաձայնություն ենք ստացել եղած ատոմակայանը փակելու մասին (ես դրա մասին արդեն ասացի): Մենք ունենք ատոմակայանի վերակառուցման նախագիծ և սկսել էինք դա, բայց երբ հարցը դրեցին, որ առաջիկայում փակենք, մենք պայմանավորվել էինք այն բոլոր միջոցառումները, որոնք նախատեսված էին վերակառուցման նախագծով, որոնք պետք է ապահովեն անվտանգությունը. այդ բոլոր միջոցառումները մենք կատարում ենք, որպեսզի մինչև փակելը որևէ բան չպատահի: Ուրեմն, մեզ տրված գումարները ուղղում ենք միայն նրա անվտանգության պահպանման գործին:
(Ժողովուրդը վանկարկում է. «Փակել, փակել, փակել»):

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
— Մեր ղեկավարները, ինձ թվում է, մեզ հասկացան. մեր ժողովուրդը պահանջում է, վճռականորեն պահանջում է փակել ատոմակայանը, ուրեմն ատոմակայանը պետք է փակվի:
(Ժողովուրդը. »Այո, փակել: Փակել, փակել: Գործադուլ»): {… }

Ահա այսպես կայացվեց որոշումը` հրապարակավ, բոլորի ներկայությամբ ու բոլորի ցանկությամբ: Միամիտ հավատն այն մասին, թե քամու էներգիան կամ ջերմաէլեկտրակայանները կփրկեն Հայաստանին, չարդարացավ, ինչպես որ ժամանակի ընթացքում ի չիք դարձան համանման տասնյակ «փրկիչ» գործոնների մասին միֆերը:
Ժողովուրդը պահանջեց: Նրա առաջնորդները կատարեցին ժողովրդի կամքը: Եվ նա, ով դեռ կպնդի, թե ժողովուրդը երբեք չի սխալվում, թող առաջինը քար գցի մեզ վրա:

Հովիկ Չարխչյան

Սթրես- տեստ, թե՞ միայն սթրես

19 Մյս

Նախաձեռնությունը գործողության մեջ է: Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ-ի) հովանու ներքո գործող OSART հանձնաժողովի ներկայացուցիչներն արդեն երրորդ օր է` գտնվում են Հայաստանում ու վաղօրոք ծրագրված ստուգումներն են իրականացնում: Դրանք կտևեն երկու շաբաթ: Հանձնաժողովի կազմում են ատոմային էներգետիկայի 12 առաջատար մասնագետներ աշխարհի ինը երկրներից: ՄԱԳԱՏԷ-ի փորձագետների հիմնական նպատակն է տեղում պարզել, թե ինչպես է կազմակերպված ատոմակայանի շահագործման անվտանգությունը: Մեծամորի ատոմակայանն այս ընթացքում սթրես-տեստային քննության է ենթարկվելու, որպեսզի բացահայտվի նրա ուժեղ և թույլ կողմերը: Միանգամից ասենք, որ սա այն դեպքերից հերթականը չէ, երբ արտերկրից ժամանող խմբերն իրեն աշխատանքը կատարում են սոսկ արձանագրումների համար` առանձնապես որևէ լուրջ բան չավելացնելով արդեն եղածին: Հիշյալ հանձնաժողովի մասին չար լեզուներն ասում են, թե այն չափազանց խիստ կառույցի համբավ ունի, իսկ նրա կողմից կայացված եզրակացությունները սովորաբար լինում են վերջնական` առանց բեկման հնարավորության: Գուցե այս իմաստով գույները խտացված են, սակայն հիշենք, որ ավելի վաղ նույն հանձնաժողովի որոշմամբ փակվեցին երկու ատոմակայաններ Լիտվայում ու Բուլղարիայում:
Մյուս կողմից էլ հարկ է նկատել, որ հյուրերի անբասիր համբավը Հայաստանի ճանապարհին մի փոքր խամրեց այն փաստով, որ OSART-ի ժամանման մասին թեև վաղուց էր հայտնի, սակայն Եվրոպայի մշակած սթրես-տեստերի պահանջները վերջնականապես հաստատվեցին չափազանց ուշացումով, ինչից հետո միայն դրանք առաքվեցին Եվրամիության անդամ երկրների միջուկային անվտանգության կարգավորման պետական կառույցներին:
Ինչպես հայտնի է, Ճապոնյայի միջուկային աղետից հետո Արևմուտքը սկսեց ընդգծված անհանգստություն դրսևորել հայկական ատոմակայանի առնչությամբ: Որքան էլ դա կարելի էր հասկանալ, այնուամենայնիվ մեր իշխանությունները շտապեցին հանգստացնել նրանց և հայտնեցին, թե այդ իմաստով Հայաստանի ատոմակայանն անհամեմատ ավելի անվտանգ է, քան ճապոնական «Ֆուկուսիման»: Իր հերթին վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ «Ֆուկուսիմա» ատոմակայանի վթարից հետո Հայաստանը սեփական նախաձեռնությամբ վերագնահատել է Մեծամորի անվտանգության մակարդակը, այն համարել է բավարար և դրանով հանդերձ պատրաստ է ընդունել միջազգային փորձագետներին:
Թերևս այս խնդիրը նման հնչեղության չարժանանար, եթե չլիներ հարցի երկրորդ կողմը` ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցման նախագիծը: Հենց այս կետի վրա էլ մեր հարևանները ի հայտ բերեցին իրենց անհամաձայնությունը: Ճիշտ է, Հայաստանը ներքին օրենսդրության և միջազգային կոնվենցիաների պահանջներին համապատասխան այսպես թե այնպես հարևան երկրներին տեղեկացնում է ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի շինարարության ծրագրի մասին, սակայն տարածաշրջանի չորս երկրներից երեքը` Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը նպատակահարմար գտան արձագանքել դրան ու ցանկություն հայտնել կազմակերպելու այդ հարցի քննարկումը: Դժվար է ասել, թե դա ինչ կտա կողմերին, որքան էլ մեզ համար հասկանալի լինի վերջիններիս անհանգստությունը` հաշվի առնելով ԱԷԿ-ի` նրանց սահմաններին մոտ գտնվելու փաստը: Իրականությունն այն է, որ հիշյալ երկրները ոչ մի իրավական հիմք չունեն, որով կկարողանան դիմակայել նոր էներգաբլոկի շինարարությանը:
Իսկ ահա Հայաստանում բուն հարցը իրավական դաշտից այն կողմ է: Փաստ է, որ մեծ հաշվով ոչ մեկս էլ հիացած չենք ոչ ներկա ԱԷԿ-ի գոյության հանգամանքով, ոչ էլ նորի կառուցման հեռանկարով: Բայց քանի դեռ չկա դրա այլընտրանքը, համակերպումը մնում է իբրև եզակի տարբերակ: Մեծամորի ռեակտորն ապահովում է Հայաստանի էլեկտրաէներգիայի մոտ 40 տոկոսը: Ուրեմն ինչպե՞ս չընդունել ու չկրկնել այն միտքը, որ օրերս արտասանեց հայտնի բնապահպաններից մեկը. «Որպես բնապահպան ես հասկանում եմ, թե ինչ վտանգներ կան, որպես քաղաքացի` գիտակցում, որ ատոմակայանին այլընտրանք չունենք»:
Բայց արդյո՞ք նույն կարծիքին են նրանք, ովքեր շտապում են մեզ մոտ ստուգումների և զանազան խորհուրդներ են տալիս` առանձնապես չմտահոգվելով, թե ինչ պիտի անի երկիրն առանց այդ կայանի: Այդ ընթացքում միջազգային մամուլը թեթև ձեռքով որպես «ամենավտանգավորներից» մեկն է որակում Մեծամորը, իսկ Foreign Policy Journal պարբերականը պնդում է, թե հայկական ԱԷԿ-ի ու բոլոր խորհրդային ատոմակայանների անվտանգության մակարդակը չափազանց ցածր է: Իրենց հերթին Մեծամորի փակման անհրաժեշտության մասին են բարձրաձայնում Ադրբեջանն ու Թուրքիան` զարմանք հայտնելով, որ եթե մոլորակի ամենաառաջավոր երկրներից մեկը` Ճապոնիան է այդ առումով վտանգված, էլ ինչպե՞ս կարելի է «ապահով» համարել մեր ատոմակայանը: Իսկ հետո նույն Ադրբեջանը, որ այնպես ահաբեկված էր միջուկային աղետից, հանկարծ վերցնում ու հայտարարում է, թե պատերազմելու դեպքում իրենք կարող են հարվածներ հասցնել հայկական ատոմակայանին: Եվ այդ ժամանակ ինչպես մեր հակառակորդի, այնպես էլ մյուս «մտահոգվածների» խոսքերի շուրջ հարկ է լինում խորհել, թե որքանո՞վ են պահանջները ընդհանուր անվտանգության պահպանման շրջանակում և որքանով` քաղաքական հարթության վրա:
Չի կարելի լիովին բացառել, որ ՄԱԳԱՏէ-ի փորձագետները բացասական եզրակացություն կտան` Հայաստանին կանգնեցնելով անելանելի կացության առաջ: Սակայն անկախ այս դիտարկումների նպաստավոր կամ անբարենպաստ ելքից, անկախ այն բանից, թե ինչ կասեն ու կձեռնարկեն օտարները, մենք պիտի շարունակենք հասկանալ, որ եթե կա վտանգ, ապա դրա օջախը մեր ներսում է, ուրեմն և լրջության օջախը նույնպես պիտի մերձ լինի դրա հետ:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Մեր ներսի վտանգը

22 Մրտ

Ճապոնիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժը մեկ անգամ ևս արթնացրեց մեր ինքնապաշտպանական բնազդները: Եվ սա ոչ միայն այն պատճառով, որ Հայաստանը սեյսմիկ անվտանգության առումով գտնում է ռիսկային գոտում, այլ նաև նրա համար, որ մեր հանրապետությունում ևս կա վտանգավոր մի կառույց` ատոմակայանը: Հանկարծ բոլորը միանգամից հասկացան, որ եթե Ճապոնիայի նման երկրում է հնարավոր ատոմակայանի վթարն ու ճառագայթումը, ապա Հայաստանում դրա հավանականությունը շատ անգամ ավելին կարող է լինել: Ասվածն էլ ավելի առարկայական դարձավ այն բանից հետո, երբ ճապոնական աղետին արձագանքելով Գերմանիան, օրինակ, կանգնեցրեց երկրի տարածքում գործող ամենահին 7 միջուկային ռեակտորների աշխատանքը, իսկ Չինաստանը սառեցրեց ԱԷԿ կառուցելու իր ծրագրերը: Այս խնդրով Եվրամիության կառույցներն անմիջապես խորհրդակցություններ անցկացրեցին և որոշեցին հաջորդ շաբաթ նախատեսել հատուկ հանդիպում միջուկային անվտանգության մարմինների ներկայացուցիչների հետ, որի ժամանակ կքննարկվեն ու գնահատականներ կտրվեն ոչ միայն տեղի ունեցած վթարի հետևանքներին, այլև կորոշակիացվեն այն դասերը, որոնք կարելի է քաղել Ճապոնիայի իրադարձություններից:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մեր անելիքները եվրոպացիների հոգսերից մի քանի անգամ ավելին են լինելու: Հազիվ թե ձեռքի տակ եղած միջոցները ներկա պահին թույլ տան լուրջ քայլեր ձեռնարկել ԱԷԿ-ի անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ: Առավելագույնը, որ հնարավոր է անել, մեկ անգամ ևս աչքի անցկացնել այն ենթակառուցվածքները, որոնք ապահովում են ատոմակայանի անխափան գործունեությունը: Կառավարությունն արդեն որոշում է կայացրել մոտ ժամանակներս երկիր հրավիրել միջազգային փորձագետներին` ստանալու նրանց խորհուրդները, թե ինչ լրացուցիչ ջանքեր պետք է գործադրել` ամեն կարգի անցանկալի հետևանքներից հեռու մնալու համար: Ու եթե նույնիսկ հիմա փոքր-ինչ անիրատեսական է թվում այն հեռանկարը, թե Հայաստանի իշխանությունները պատրաստ են մինչև 2016 թվականը Մեծամորում տեղակայված խորհրդային տիպի ատոմակայանը փոխարինել նոր ատոմակայանով, բայց ոչինչ նրանց չի խանգարում ժամանակ առ ժամանակ խոսել դրա մասին: Մինչդեռ բոլորի համար էլ վաղուց հասկանալի է դարձել, որ նոր ատոմակայանի կառուցումը ձգձգվում է անորոշ ժամանակով, իսկ էներգետիկայի նախարարությունում սոսկ մտածում են հնի աշխատանքի ժամկետը երկարաձգելու մասին:
Այս ընթացքում բնապահպանները շարունակում են ահազանգել, որ Մեծամորի ատոմակայանը երկրաշարժային բեկվածքներին շատ մոտ է գտնվում: Նվազագույնը 5 երկրաշարժային տեկտոնիկ բեկվածքներ կան, մեկը 34 կմ, մյուսը` 16 կմ, իսկ երրորդը` ռեակտորից 500 մ հեռավորության վրա: Եթե ասվածին էլ հավելենք այն, որ երկրաշարժն անկանխատեսելի երևույթ է (ժամանակակից տեխնոլոգիաները միայն մոտալուտ երկրաշարժն են կարողանում կանխատեսել), ապա դժվար չէ կռահել ամեն կարգի հանգստացուցիչ խոսքերի և հավաստիացումների իրական արժեքը:
Բայց արի ու տես, որ մեր գլխի տակ փափուկ բարձեր դնողների քանակը ոչ մի կերպ չի նվազում: Այս օրերին էլ սկսել են խոսել այն մասին, թե հայկական ատոմակայանը կոնստրուկցիոն տեսանկյունից ճապոնականից տարբեր է ու իր անվտանգության տեսանկյունից ավելի բարձր է: «Այստեղ օգտագործվում է այլ մեթոդ: Ճապոնիայում հավանաբար հույսը դրել էին ավելի բարձր աշխատանքային կարգապահության և ավելի էժան էներգիա ստանալու վրա»,- պնդում են նրանք:
Նույնիսկ ոմանք չզլացան կռահումներ կատարել երկրաշարժ հնարավորության դեպքում ՀԱԷԿ-ը աշխատանքի բնույթի մասին: Համաձայն դրա, ատոմակայանի բոլոր կարևորագույն հանգույցները` ռեակտորը, պարագեներատորը, գլխավոր շրջանառու պոմպերը կապված են հատուկ հիդրոամորտիզատորներով, որոնք սովորական աշխատանքային ռեժիմում թույլ են տալիս ջերմային ընդարձակումներ ու դինամիկ տատանումներ, բայց երկրաշարժի ժամանակ այդ հարվածները վերցնում են իրենց վրա և արգելում են կարևոր հանգույցների տեղաշարժը:
Եվ այնուամենայնիվ, սա բավարար բացատրություն կամ լիակատար երաշխիք դիտվել չի կարող: Խիստ բնական է, որ մարդիկ լրջորեն անհանգստանում են իրենց վաղվա օրվա համար: Ըստ էության ոչ ոք դեմ չէ առոմային էներգիայի կիրառմանը, սակայն ինչպե՞ս կարելի է հանուն այդ ցանկության հաշվի չառնել բնության կատակլիզմները: Եվ այն մասնագետները, ովքեր շարունակում են պնդել, թե անհապաղ պետք է վերանայել պաշտպանության չափորոշիչները, լավ գիտեն, որ մեր ատոմակայանը սեյսմավտանգ Հայաստանում կառուցվել է խորհրդային ստանդարտներով, առանց «տանիքի», ինչպես Չեռնոբիլը: Գիտեն նաև, որ պաշտպանության մակարդակը ցածր է ճապոնական ԱԷԿ-ից, և հազիվ թե այն դիմանա 8 բալանոց երկրաշարժերին:
Այս օրերին սկսեցին նաև զանազան լուրեր շրջանառվել, թե իբր ճապոնական ատոմակայանի հետ տեղի ունեցած դեպքից հետո միջազգային կառույցները ճնշումներ են գործադրում Հայաստանի վրա՝ Մեծամորի ատոմակայանը փակելու համար: Այդ տեղեկություններն առայժմ չեն հաստատվել: Սակայն փոխարենը Մեծամորի ԱԷԿ-ի վտանգի մասին բարձր ձայնով ահազանգներ են հնչում հարևան երկրներում: Այդպես են վարվում վրացիները: Նույն բանն են ասում թուրքերը, իսկ Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը ոչ ավել, ոչ պակաս, նույնիսկ պահանջեց հայկական ատոմակայանի փակման գործընթաց սկսել։
Դրսից եկող կարծիքներն ու դժգոհությունները դեռևս ամենակարևոր շարժառիթները չեն: Դրանից առավել մեր երկրի ու քաղաքացիների անվտանգությունն է: Եվ հանուն այս գերակա խնդրի արժե մտահոգվել լրջորեն և կանգ չառնել ոչ մի զոհողության առաջ:

Հովիկ Չարխչյան

Թուրքերը մտան Մոսկվա

17 Մրտ

Եռօրյա աշխատանքային այցով Ռուսաստանի մայրաքաղաք մեկնեց Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակություն բառն այս դեպքում շատ նեղ հասկացություն կարելի է դիտվել, քանի որ Էրդողանի հետ Մոսկվա են ժամանել ահռելի թվով թուրք պաշտոնյաներ, կառավարության անդամներ, ինչպես նաև մի քանի հարյուր գործարարներ: Զարմանալի չէ, որ այդ բազմամարդ ուղևորությունն առաջին բանն էր, ինչը հայտնվեց լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, իսկ թուրքական թերթերը նույնիսկ գրեցին, թե այցը պատմական են համարում, քանի որ «ողջ կառավարությունը ժամանակավորապես տեղափոխվում է Ռուսաստան»: Սակայն այս հանգամանքը բոլորովին չի մտահոգել ռուսներին: Ինչպես ասում են, մեծ նպատակները մեծ զոհաբերումներ են պահանջում:
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը որոշեց Էրդողանի հետ աշխատանքային ճաշը դարձնել Թուրքիայի վարչապետի այցի օրակարգի առաջին միջոցառումը: Մի սեղանի շուրջ երկու երկրների առաջնորդները քննարկեցին տնտեսական համագործակցությանը, այդ թվում էներգավառելիքային ոլորտին առնչվող հարցեր: Ժամանակը լիովին բավարար էր նաև անդրադառնալու տարածաշրջանային խնդիրներին, կարծիքներ փոխանակելու ինչպես Իրաքի, Մերձավոր Արևելքում ծավալվող իրադարձությունների, այնպես էլ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի շուրջ։ Այսօր Մեդվեդևի ու Էրդողանի բանակցությունները կշարունակվեն բարձր մակարդակի Համագործակցության խորհրդի նիստի շրջանակներում: Այդ նպատակի համար մոտ 200 թուրք գործարարների հետ Մոսկվա է եկել նաև Թուրքիայի արտաքին առևտրի գծով պետնախարար Զաֆեր Չաղլայանը, ով այժմ «Ուկրաինա» հյուրանոցում իրեն զգում է տանտիրոջ պես և այն համոզմանն է, որ երկու երկրների միջև հիշյալ խորհրդի ստեղծումը վկայում է նրանց տնտեսական բարձր կապերի մասին: Սպասելիքներն առավել քան մեծ են: Կողմերն այժմ նպատակադրվել են, որպեսզի ավելացնեն իրենց ներդրումների ծավալը` հասցնելով այն 7-ական միլիարդ դոլարի: Բայց սա դեռ բոլորը չէ: Ինչպես հայտնի է, Թուրքիան շինարարական մեծածավալ աշխատանքներ է իրականացնում ողջ աշխարհում, որի 18 տոկոսը միայն բաժին է ընկնում Ռուսաստանին: Վերջին 20 տարիներին Թուրքիան Ռուսաստանում իրականացրել է 33.7 միլիարդ դոլարի շինարարություն: Եվ ուրեմն ինչու՞ չպահպանել ու չբազմապատկել դրա տեմպերը:
Ռուսների գրկաբաց ընդունելությունը նույնպես իր շարժառիթներն ունի: Այստեղ ամենևին չեն թաքցնում, որ Թուրքիան Ռուսաստանի համար այնպիսի շահավետ առաջարկներ է պատրաստել, որոնցից իրենք պարզապես չեն կարող հրաժարվել: Արդեն թվարկվածներից զատ Մոսկվայում նրանք պատրաստվում են քննարկել միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության հարցեր: Ամենայն հավանականությամբ խոսք է լինելու նաև պաշտպանական ոլորտում փոխգործակցության մասին: Կարևորագույն խնդիրների շարքում հարկ է նշել այն փաստը, որ Թուրքիան պատրաստ է չեղյալ հայտարարել վիզային ռեժիմը Ռուսաստանի հետ: Այդ մասին Էրդողանն արդեն հայտարարել է: «Մենք ցանկանում ենք լիովին հանել սահմանափակումները մեր երկրի բոլոր քաղաքացիների համար, թեև որոշ ուղղություններով ու որոշ խմբերի համար նման ռեժիմն արդեն գործում է»,- նշել է Թուրքիայի վարչապետը:
Մոսկվայում բանակցող կողմերը չեն շրջանցի նաև իրադարձությունների թելադրանքով առաջին պլան մղված մտահոգությունները: Իսկ նման անհանգստության պատճառ կարող է դիտվել Ճապոնիայի աղետաբեր երկրաշարժը, ինչը Թուրքիայում անարձագանք չի մնացել: Ինչպես հայտնի է, Ռուսաստանի աջակցությամբ այդ երկրում կառուցվում է առաջին ատոմակայանը: Եվ այժմ Անկարան պատրաստվում է դիմել Ռուսաստանին` խնդրելով վերանայել ատոմակայանի անվտանգության համակարգին ներկայացվող պահանջները:
Ահա այս խիստ գործնական ու լարված շփումների ֆոնի վրա էլ ի հայտ է գալիս մի կնճիռ, որի սկզբնաղբյուրը Հայաստանում է: Բանն այն է, որ այսօր 1921 թվականի Մոսկվայի` ռուս-թուրքական պայմանագրի 90-րդ տարելիցն է: Այդ չարաբաստիկ պայմանագիրը, որի արդյունքում մեր երկիրը տրոհվեց, մինչ օրս շարունակում է մնալ հայ-թուրքական ու ռուս-հայկական հարաբերությունների մռայլ էջերում: Եվ այժմ Հայաստանում կարծում են, որ Էրդողանի այցի ամսաթվային համընկնումը բոլորովին էլ պատահականություն չէ և դա հատուկ է կազմակերպվել` հիշեցնելու Մոսկվայի ամոթալի պայմանագրի ստորագրումը։ Ավելին ասենք: Նույնիսկ կարծիքներ հնչեցին այն մասին, որ Ղարաբաղի հարցով Սոչիի բանակցություններից հետո Մոսկվայում ռուս-թուրքական զույգը համաձայնության կգա այն խնդրի շուրջ, թե ինչ է ստանալու Ադրբեջանը իր դիրքորոշումը մեղմացնելու դիմաց: Մի խոսքով, մի մեծ դավադրություն, որի արդյունքում ինչպես նախորդ, այնպես էլ այս դարասկզբին Հայաստանը կրկին հայտնվում է ռուս-թուրքական պայմանավորվածությունների թակարդում:
Թե որքանով է նման բացատրությունը հիմնավոր և ինչ է դրանից հետևում, դժվար է ասել: Բայց այս կարգի մտքերը հարուցեցին Մոսկվայի տարակուսանքը: Արձագանքելով հայերի մտահոգությանը, ռուսները շտապեցին պարզաբանել, որ Թուրքիայի վարչապետ Էրդողանի այցը Մոսկվա չի կարելի պայմանավորել պատմական ենթատեքստով: «Հնարավոր է, թուրքական կողմը պատմական ինչ-որ շեշտադրումներ մտածել է, սակայն նույնը չի կարելի ասել ռուսական կողմի մասին»,- հայտարարեց ռուսաստանյան Ռազավարական մշակույթի հիմնադրամի փոխտնօրեն Անդրեյ Արեշևը: Ըստ նրա, Ռուսաստանը որևէ կերպ ցանկություն չունի վիրավորել հայ ժողովրդի զգացմունքները: Իսկ ահա հայերը, պարզվում է, արդեն վիրավորվել են:
Ի դեպ, այսօրվա հետ համընկնող ևս մի տարելիցի մասին կարելի է խոսել: Լրանում է Թուրքիայի վարչապետի պաշտոնում Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնավարության 8-րդ տարին: Սակայն այս զուգադիպության առնչությամբ հայկական կողմը դեռևս որևէ առարկություն չի հնչեցրել:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Յոթ սարից այն կողմ

17 Նյմ

Ռադիոակտիվ նյութերի մաքսանենգության սկանդալային պատմությունը, ուրանի հանքերի շահագործման առիթով բարձրացված աղմուկը և այդ ամենի շուրջ ծավալված քննարկումները մեկ անգամ ևս հիշեցրին Հայաստանի ատոմակայանի, նրա ճակատագրի և երկրորդ ատոմակայանը կառուցելու հոգսերի մասին: Օգոստոսից ի վեր, երբ Հայաստան ժամանեց Ռուսաստանի նախագահ Դ. Մեդվեդևը և նույն օրերին ռուսական կողմը մեր երկրի հետ կնքեց ատոմակայանի նոր էներգաբլոկը համատեղ ուժերով կառուցելու համաձայնագիր, այդ թեմայի շուրջ կարծես թե որևէ այլ անդրադարձ չէր եղել: Իսկ հիմա բոլորը կրկին վերհիշեցին ԱԷԿ-ը, և դեռ նրանց համատեղ մտաբերումներում ներգրավվեցին նորանոր ձայներ: Այս շարքում առաջին հերթին ուշադրության էր արժանի ԱՄՆ-ի անակնկալ հայտնությունը: Երևան ժամանած ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի Եվրոպական և Եվրասիական երկրներին ամերիկյան օժանդակության ծրագրերի համակարգող Դենիել Ռոզենբլումը կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, թե Միացյալ Նահանգները հույս ունի, որ ամերիկյան ընկերությունները ևս կմասնակցեն Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման աշխատանքներին: Հազիվ թե այս նախանձախնդրությունը պայմանավորված լիներ մեր երկրի էներգետիկ ապագայի մասին մտահոգություններով: Պարզից էլ պարզ էր, որ ամերիկացիներին առաջին հերթին անհանգստացնում է այն փաստը, որ Հայաստանի կառավարության և ռուսաստանյան Ռոսատոմ կորպորացիայի միջև ստորագրված համաձայնագրով ատոմակայանի նոր էներգաբլոկի միջուկային կղզյակը կառուցելու է ռուսական Ատոմստրոյէքսպորտը: Իսկ ռուսներին միջուկային հարցերում միայնակ չթողնելը Վաշինգտոնում միշտ էլ պատվի գործ են համարել: Եվ այժմ երրորդ կողմ դառնալու համար նրանք շանսեր ունեն, քանի որ անվտանգության սարքավորումների մատակարարման համար մրցույթ է հայտարարվելու և դրան կարող են մասնակցել տարբեր երկրների կազմակերպություններ: Ինչ խոսք, ամերիկացիներն այս հնարավորությունը հազիվ թե ձեռքից բաց թողնեն:
Ներկա պահին այլ մասնակիցներ ևս կան: Նոր միջուկային էներգաբլոկի հարթակի սեյսմատեկտոնիկ ուսումնասիրությունն իրականացրել է բուլղարական ,,Ուորլի Պարսոնս Յուրոպ Էներջի Սիստեմս Լիմիտեդ,, ընկերությունը։ Այդ աշխատանքներն անցել են փորձաքննություն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագետների կողմից: Գլխավոր նախագծողը լինելու է Ատոմէներգոնախագիծը: Ի դեպ, սա այն նույն ընկերությունն է, որի անունն առաջին հերթին կապվում է Իրանի Բուշերի ատոմակայանի հետ, որն էլ իր հերթին այդքան մեծ հոգսեր է պատճառում Արևմուտքին:
Սակայն եղածով հանդերձ բաց է մնում հարցերից ամենահիմնականը` ե՞րբ շահագործումից կհանվի Հայաստանի գործող ատոմակայանը և ե՞րբ պատրաստ կլինի նորը: Ըստ տրամաբանության, ատոմակայանը կդադարի գործել, երբ կշահագործվի միջուկային նոր էներգաբլոկը։ Ընդ որում, գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը լրանում է 2016 թվականի հունվարի 5-ին։ Միայն թե այս ամենը ասվածին մոտ լինելու այնքան էլ շոշոփելի հիմքեր չունի: Նախ սկսենք նրանից, որ գործող ատոմակայանը առաջին սերնդի է և դրա գործունեության ժամկետի երկարեցման կամ դրա կոնսերվացման վերաբերյալ որոշում կկայացվի միայն 2014-2015 թթ., իսկ այդ նպատակի համար կպահանջվի առնվազն 350-400 մլն. դոլար։ Եվ հավանաբար սա է պատճառը, որ Հայաստանն այժմ փորձում է թույլտվություն ստանալ Մեծամորի էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարաձգելու համար։
Գալով նորի ճակատագրին, նախ հիշենք, որ դեռևս 2009-ի մայիսին Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարեց, որ նախատեսվում է նոր ատոմակայանի շինարարությունը սկսել 2011 թվականի սկզբին եւ ավարտին հասցնել մինչեւ 2017 թվականը։ 1200 մեգավատտ հզորությամբ կայանի կառուցման համար, ըստ նախնական հաշվարկների, կպահանջվի 5-7.2 միլիարդ դոլար։ Սա մեզ համար ահռելի թիվ է, իսկ կառավարությունն առ այսօր դեռ չի մատնանշել, թե կոնկրետ ինչ աղբյուրներից է հայթայթելու այդ գումարը։ Փոխարենը հապշտապ կարգով ու փութաջանությամբ վերանայվեցին ժամկետները: Նախկին 2011-ի փոխարեն այժմ էլ հայտարարում են, որ նոր բլոկի կառուցումը կսկսվի, ամենայն հավանականությամբ, 2012 թվականին։ Իսկ կառուցման համար նախատեսվում է 6 տարի ժամկետը, ինչը նշանակում է, որ շինարարությունն այս դեպքում կավարտվի 2018 թվականին:
Բոլորովին վերջերս ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը հայտարարեց, թե 2011 թվականի պետական բյուջեում ոչ նոր ատոմակայանի և ոչ էլ Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության համար գումարներ հատկացված չեն: Նախարարը նաև նշեց, որ առաջիկա տարիների համար էլ` միջնաժամկետ ծրագրերում, բյուջեով նման ծախսեր արտացոլված չեն: Ստացվում է, որ մի օր էլ կգա վերանայվածը վերանայելու պահը: Այսինքն հեռանկար ասվածը մեզ համար առայժմ խիստ առաձգական ու հարաբերական է:
Ինչ վերաբերում է ավելի կարճաժամկետ ու մոտ խնդիրներին, դրանցից մեկը աշխատած միջուկային վառելիքի պահեստավորման ու անվտանգության հարցն է: Հայտնի է, որ թափոններն այսօր չեն տեղափոխվում Ռուսաստան, քանի որ Հայաստանը շրջափակման մեջ է։ Ադրբեջանի կողմից երկաթգիծը չի գործում, Վրաստանով տանելը նույնպես անհնար է: Վերջին տասնամյակի ընթացքում կուտակվածը մնում է Հայաստանում ու դեռ պարզ չէ, թե դա որքան պիտի շարունակվի:
Հոկտեմբերի 15-ին ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի գործունեությունը դադարեցվեց 55 օրով՝ պլանային նորոգման, ինչպես նաև անվտանգության մի շարք միջոցառումների իրականացման համար։ Եվ քանի դեռ նորի ուրվականը յոթ սարից այն կողմ է, մեզ մնում է հուսալ, որ գոնե հինը աշխատել կսկսի սահմանված ժամկետներում և մոտակա տարիներին տհաճ անակնկալներ չի մատուցի:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: