Tag Archives: ավտոմեքենա

ՀԱՅ ԱՌԱՋԻՆ ԿԱՄ ԱՌԱՋԻՆ ՀԱՅ

16 Փտր

Ո՞վ է եղել առաջինը, ի՞նչն է եղել առաջինը. սրանք պարզ հարցեր են, որոնց պատասխանը կփնտրի յուրաքանչյուր հետաքրքրասեր մարդ: Իսկ եթե դրանց էլ մի փոքր ազգային երանգավորում հաղորդենք, ապա պատկերը կհամեմվի ոչ թե սնափառությամբ, այլ սեփական երկրի ու ժողովրդի մասին ավելին իմանալու բնական մղումով: Իսկ նման պատմությունները բազմաթիվ են: Ներկայացնենք դրանցից երեքը:

Հայ առաջին «դզող-փչողը»

Առաջին հայացքից փոքր-ինչ անհավանական կարող է թվալ, որ պատմությունը պահպանել է հիշատակություններ այն հայի մասին, ով առաջինն է ավտոմեքենա վերանորոգել կամ, ինչպես ժողովրդի մոտ է ընդունված ասել` եղել է հայ առաջին «դզող-փչողը»: Սակայն, բարեբախտաբար, վկայություններ կան և դրանք հավաստի են:
1898 թվականին ավտոմեքենաներ արտադրող եվրոպական մի ընկերություն որոշում է ընդարձակել իր իրացման շուկաները և այդ նպատակի համար մեքենաներից մեկն ուղարկում է Անդրկովկաս` տեղում ցուցադրական վազք կատարելու համար: Մեծ տպավորություն ստեղծելու համար ընտրվում է Թիֆլիս-Կարս ճանապարհը: Եվ ահա Կարսից վերադառնալիս Լոռվա սարերում կատարվում է ամենաանցանկալին` ավտոմեքենան խափանվում է: Տեղում կարգի բերելու բոլոր փորձերը ձախողվում են: Ստիպված օգնության են կանչում լոռեցիներին, ովքեր էլ եզներ են տրամադրում ձախորդ արշավորդներին ու «երկաթե նժույգը» եզներին լծած` հասցնում են Թիֆլիս: Բայց տեղ հասնելը դեռ գործի միայն կեսն էր: Իսկ ինչպե՞ս վարվել խափանված շարժիչի հետ: Քաղաքում ոչ ոք հանձն չի առնում անել մի բան, ինչը երբեք չի արել: Եվ հենց այդ պահին էլ կատարվում է անսպասելին: Ասում են, որ Թիֆլիսի Յավորսկու օպտիկամեխանիկական արհեստանոցում կա մի հայ, ով պատրաստ է մեքենան նորոգել: Այդ երիտասարդի անունն էր Հակոբ Հարությունի Երզինկյան: Այս բանիմաց, ճարպիկ ու տրամաբանող վարպետին էլ վիճակված էր լինել հայ առաջին ավտովերանորոգողը` հիացմունք ու զարմանք պատճառելով թե օտարներին, թե տեղաբնակներին: Նաև դա էր պատճառը, որ աշխատանքը փայլուն կերպով կատարելուց հետո որոշում են արհետանոցի դիմաց լուսանկարվել` անմահացնելով հիշարժան դեպքը:111111

Հայաստանի առաջին լուսացույցը

Երանի փողոցներում լուսացույցներ (կամ ինչպես այն օրերին էին ասում` լուսաֆորներ) տեղադրելու անհրաժեշտությունը ծագեց բավականին ուշ և դա շատ պարզ բացատրություն ուներ. քիչ էին մեքենաները: Սակայն երբ այդ քչությամբ հանդերձ վթարներ արձանագրվեցին, պարզ դարձավ, որ առանց եթևեկության կանոնավորման իրավիճակը չի շտկվի: Եվ ահա 1934 թվականի գարնանը ցանկությունը վերածվեց գործի:
Այդ օրերին բնակիչներին տեղեկացեց. «Միլիցիայի գլխավոր վարչությունն աշխատանք է տանում Երևանի մի շարք փողոցներում դնելու լուսաֆորներ (լուսատու լապտերներ), որոնք ծառայելու են փողոցային շարժումը կարգավորելու համար:
Լուսաֆորները դրվելու են փողոցների խաչմերուկների կենտրոններում, հրապարակներում և ընդհանրապես այն տեղերում, որտեղ տեղի է ունենում փոխադրական միջոցների ու հետիոտն մարդկանց ուժեղ երթևեկությունը: Նախատեսված է այդպիսի լուսաֆորներ դնել Գնունի- Աբովյան փողոցների խաչմերուկի կենտրոնում, Սպանդարյան- Աբովյան, Մարքսի 26 փողոցների, Շահումյան հրապարակի և մյուս գլխավոր փողոցների խաչմերուկների կենտրոններում: Լուսաֆորներն արդեն ստացված են և կտեղադրվեն մինչև ապրիլի 10-ը»:
Հենց սրանք էլ փաստորեն դարձան մեր երկրում տեղադրված առաջին լուսացույցները: Ճիշտ է (ինչպես և պետք էր սպասել), սկզբնապես երևանցիները նորամուծությունն ընդունեցին իբրև քաղաքի ընդհանուր պատկերի վրա ավելացված հետաքրքրաշարժ ատրիբուտ, որը կարելի էր գնալ-դիտել և ընդամենը այդքանը, սակայն լուսազդանշաններին ենթարկվելու անհրաժեշտության գիտակցումը հետզհետե արմատներ նետեց և դարձավ նրանց կենցաղի անբաժանելի ուղեկիցը:16650220_1401103726627105_833824306_n

Հայերի առաջին ծամոնը

Խոսքն այս դեպքում հանրահայտ սարի ծամոնի մասին չէ. այն միշտ է եղել: Ոչ էլ այն ծամոնի մասին է, որ խորհրդային տարիներին դրսից Հայաստան էր հասնում սփյուռքահայերի կամ զբոսաշրջիկների ձեռքով և ավելի շուտ վերածվում էր ցուցադրման առարկայի, քան ծամվում էր: Մայրաքաղաքի բնակիչները հավանաբար կհիշեն նաև այն տարեց կնոջը, ով Աբովյան փողոցի նրբանցքներից մեկում հատիկով արտասահմանյան մաստակ էր վաճառում` յուրաքանչյուր ծամոնի դիմաց գրպանելով կլորիկ մի գումար: Այս անգամ պատմությունն այն մասին է, թե ինչպես ԽՍՀՄ-ում մի օր որոշեցին ծամոնին «ռեաբիլիտացնել» և հիմք դնել դրա արտադրությանը:
Նույնիսկ կարող է զարմանալի թվալ, բայց ծամոնի արտադրության առաջին հոսքագիծը շարք մտավ հենց Հայաստանում` Երևանի հրուշակեղենի ֆաբրիկայում, 1977 թվականին: Այսպիսի ընտրության համար տարատեսակ պատճառներ կարելի է թվարկել, բայց գլխավորն այն է, որ հայերը մեծ ոգևորությամբ ստանձնեցին առաջինը լինելու դժվարին առաքելությունը և պատվով հանձնեցին քննությունը: Ավելի ուշ մերոնք որոշեցին էլ ավելի առաջ անցնել ու արտադրել բուժիչ ծամոններ: Սննդի արդյունաբերության մասնագետների և բժիշկների համատեղ աշխատանքը տվեց իր արդյունքը: Նորելուկը կոչվում էր «Գամիբազին» և նախատեսված էր դառնալ թե ծանոն, թե հականիկոտինային դեղամիջոց: Նրանք, ովքեր գնում էին այդ ծամոնը, թղթի դարձերեսին կարող էին տեսնել այսպիսի գրություն. «Արդյունքների և ձեր ցանկությունների մասին խնդրում ենք հայտնել Հայկական ՍՍՀ սննդի արդյունաբերության մինիստրությանը»: Եթե վստահենք այդ տարիների արձագանքներին, ապա հայկական ծամոնի բուժիչ ներգործությունը բավականին արդյունավետ է եղել, և հարյուրավոր մարդիկ իսկապես հրաժարվել են ծխելու սովորությունից:
Իսկ հետո եկավ նոր տեսականին: Հայրենական պոլիմերային հիմքի վրա, որը մշակել էր «Պլաստպոլիմեր» գիտահետազոտական միավորման Երևանի բաժանմունքը, խանութներում հայտնվեցին «Նարնջի», «Անանուխի» և «Ելակի» ծամոնները: Համաձայն վիճակագրության, 1979 թվականին արդեն թողարկվել էր 4 հազար տոննա ծամոն, իսկ 1981-ին ծավալը կրկնապատկվեց: Իր արտաքին տեսքով և համով հայկական ծամոնն առանձնապես չէր փայլում, բայց դա մեր ծամոնն էր: Իսկ սա միշտ էլ փաստարկներից ամենածանրակշիռն է եղել:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

26333_300

ԹԵ ԻՆՉՊԵՍ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ ԵԿԱՎ ՀԱՅԱՍՏԱՆ

12 Օգս

Իր ժամանակին Հովհաննես Թումանյանի տաղանդավոր գրիչը անմահացրեց այն պատմական պահը, երբ երկաթուղին մուտք գործեց Հայաստան աշխարհ: Ցավոք, առաջին ավտոմեքենաների հայտնությունը փաստող գեղարվեստական նկարագրություններ գրեթե չկան, թեև եթե գործի դնենք երևակայությունը, դժվար չի լինի պատկերացնել, թե ինչպես առաջին անգամ երկաթե նժույգի ազդանշանի ձայնը խախտեց գավառական քաղաքների նահապետական անդորրը և անիվներից բարձրացող փոշին ազդարարեց քաղաքակրթության մուտքը: Իսկ եթե այնուամենայնիվ մի կողմ թողնենք կռահումներ կատարելու փորձերը, ապա առկա վավերագրերն ու վկայությունները թույլ են տալիս այդ շրջադարձային իրադարձության մասին գոնե ընդհանուր գծերով որոշակի պատկերացում կազմել:erivanskaya_krepost_sluzhit_stenoj_tramvajnogo_parka_-_1939_god_-big
Եվ այսպես, համաձայն այդ աղբյուրների, առաջին քառանիվը մեր կողմերում երևաց անցյալ դարի 10-ական թվականներին, ընդ որում դա կատարվեց այնպես միանգամից ու հախուռն, որ հայաստանցիները նույնիսկ ժամանակ չունեցան զարմանքի, հիացմունքի ու տագնապների համար: Իսկ երբ 1914 թ. վրա հասավ առաջին համաշխարհային պատերազմը, Կարս–Սարիղամիշի վրայով դեպի Էրզրում, Երզնկա և այլուր ավտոտրանսպորտը սկսեց երթևեկել գիշեր ու ցերեկ, առանց դադարի: Ճիշտ է, մեքենաները գերազանցապես Ռուսաստանից էին, իսկ վարորդները՝ օտարականներ, սակայն մերն էին ճանապարհներն ու ուղևորների մի մասը, այնպես որ բնակչությունը դա ընդունեց ոչ իբրև անցողիկ մի բան, այլ հաստատվող ու մնայուն երևույթ: Ըստ որոշ աղբյուրների, մինչև 1918 թվականը Հայաստանում արդեն կային շուրջ 100 տարատեսակ ինքնաշարժեր:
Սակայն եթե խոսենք այն մեքենայի մասին, որին կարելի է պայմանականորեն անվանել առաջին «հայաստանյան», ապա այս խնդրի շուրջ կարծիքները բաժանվում են, ու մինչ օրս էլ շարունակվում է բանավեճը, թե որն է եղել այն, երբ է բերվել և ում կողմից: Ասվում է, որ առաջնեկը Երևանում հայտնվել է 1912 թվականին: Այն բերվել է Թիֆլիսից: Առաջին վարորդի անունը եղել է Վարդան, թեև քաղաքում նրան անվանել են Մաշտի: Մեքենայի մակնիշը կոչվել է «Պաներ-Սալվարսոն» կամ «Իսպանո-Սյուիզա»:Нубарашен. Олдскульные шоферы и не менее олдскульные автомобили. Начало XX века.
Տարբերակների թվում արժանահիշատակ է նաև պատմությունն այն մասին, որ առաջին մեքենան Ֆրանսիայից բերվել է էջմիածինցի մի խումբ հարուստ բամբակագործների նախաձեռնությամբ: Նպատակն էր` դա աշխատացնել Երևան-Էջմիածին ճանապարհի վրա: Միայն թե տեղ հասնելուն պես պարզվել է, որ ճանապարհի կամուրջները թույլ են ու չեն դիմանում մեքենայի ծանրությանը: Շուրջ մեկ տարի էլ պահանջվել է, մինչև խճուղու բոլոր կամուրջները փոխվել ու ամրացվել են: Միայն դրանից հետո ավտոմեքենան սկսել է երթևեկել: Բայց դա էլ երկար չի տևել: Բամբակագործները հաշվարկել են, որ առավել ձեռնտու կլինի, եթե մեքենայի շարժիչը հանեն և օգտագործեն բամբակ զտելու համար: Իսկ բեռները կարելի էր նաև տեղափոխել հին եղանակով՝ սայլերով…
Ամեն դեպքում, ֆայտոնների, սայլերի ու կառքերի քաղաք Երևանի առաջին ավտոպարկի հիմնադրման տարեթիվն է համարվում 1917 թվականի դեկտեմբերի 28-ը, երբ հայկական երկրորդ հրաձգային դիվիզիայի շտաբին կից՝ Աբովյան և Թարխանյան փողոցների անկյունում հավաքվեցին այն բոլոր մեքենաները, որոնք դեռ կարող էին փոխադրամիջոց կոչվել: Ականատեսների պնդմամբ, այդ հարկի տակ հայտնված առաջին փոխադրամիջոցը եղել է «Բենց» մակնիշի մեքենան, որը պատկանում էր «Ռուս-Բլթիկ» բանկին: Այդ իսկ պատճառով էլ ընդունված է ասել, թե հենց այդ մեքենայով հիմք դրվեց հայաստանյան ավտոտրանսպորտին:
Դրանից հետո եկավ նաև երկրորդը՝ դարձյալ «Բենց» մակնիշի, սակայն շղթայաքարշ ավտոմոբիլը: Հաջորդ տարի Թիֆլիսի Ազգային խորհրդից ստացվեցին ևս 3 մեքենաներ: Սակայն այդ ամիսներին ակտիվացան ռազմական գործողությունները, մեքենաները ցրվեցին տարբեր ճակատներում, և շուրջ կես տարի Երևանի ավտոպարկը մնաց դատարկ: Պատերազմը քայքայել էր ռուսական բանակը, ավելի ուշ թուրքերը զավթեցին Կարսն ու մյուս շրջանները և այնտեղ գտնվող ողջ տեխնիկան անցավ նրանց ձեռքը: Երևանում մնացել էին միայն այն մեքենաները, որոնք սպասարկում էին կառավարության անդամներին:

ավտո

Բարեբախտաբար, Հայաստանն արդեն ուներ ինչպես ավտոգործի վարպետներ, այնպես էլ մարդիկ, ովքեր կարող էին վարորդություն դասավանդել: Հենց նրանք էլ ձեռնամուխ եղան փրկված բեկորներից ու պահպանված ջարդոններից երկրորդ կյանք հաղորդելու հատուկենտ մեքենաներին: Հիմա արդեն համեստ շարժակազմը Երևանում նոր հանգրվան էր գտել Պոչտովայա ու Բազարնայա փողոցների խաչմերուկում: Այդ ընթացքում բացվեց նաև առաջին մեխանիկական արհեստանոցը, այլ կերպ ասած՝ ծնունդ տրվեց մի վայրի, որտեղ աշխատում էին հայ «դզող-փչողների» նախակարապետները:
Դրանք իսկապես շատ դժվարին տարիներ էին: Անկախություն հռչակած Հայաստանում միջոցների ծայրահեղ սղության պայմաններում առնվազն անլրջություն պիտի լիներ մտածել ավտոպարկը թարմացնելու մասին: Պահեստամասեր գրեթե չկային, իսկ երբ ճանապարհները փակվում էին, բենզինի մասին խոսք լինել չէր կարող: Մի անգամ բանվորները որոշեցին մեքենաներից մեկը աշխատացնել սպիրտով, սակայն այդ փորձը ձախողվեց: Վիճակն առավել բարդացավ 1921 թվականի փետրվարյան ապստամբությունից հետո: Ականատեսները պատմում են, որ երբ մարտական գործողություններն ի վերջո ավարտվեցին, երկրի ճանապարհներին կարելի էր հանդիպել եղած մեքենաների թալանված, ջարդոտված կամ այրված կմախքներ: Հենց այդ անմխիթար «ժառանգության» հիմքի վրա էլ էնտուզիաստները նախ վերադարձրեցին կորստի մատնվածը, ապա կարողացան պահպանվածը համալրել նորերով: Նրանց համար ավտոմեքենան, ինչպես ասում են, այլևս ոչ թե շքեղություն էր, այլ փոխադրամիջոց:
Համաձայն պահպանված տեղեկությունների, 1921 թվականի գարնանը Երևանում կային 32 բեռնատար և 16 մարդատար ավտոմեքենաներ, ինչպես նաև շուրջ 300 տրանսպորտային գործի մասնագետներ:
Հայաստանյան ավտոտրանսպորտի պատմությունն այնուհետև դառնալու էր զարգացման ու առաջընթացի ժամանակագրություն: Բայց մենք այնուամենայնիվ հիշատակենք ևս երկու հետաքրքրական դրվագ: Նախ նշենք այն մասին, որ 1923 թվականին երեք բեռնատարներ սկսեցին երթևեկել Երևան-Ելենովկա-Դիլիջան-Նոր Բայազետ երթուղով: Սրանց թերևս կարելի է համարել առաջին հայկական «дальнобойщик»-ներ: Իսկ նույն տարվա վերջին երթուղի դուրս եկավ 8-տեղանի մարդատարը՝ ճանապարհվելով Երևանից Դիլիջան: Այն ժամանակ մարդիկ դեռ չէին գործածում ավտոբուս բառը: Բայց այդ օրերն արդեն հեռու չէին:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ12647325_932122243568975_1632871812458966226_n

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ

23 Հկտ

Տարատեսակ կարծիքներ ու վկայություններ կան այն մասին, թե որն է եղել Հայաստան բերված առաջին մեքենան, երբ է բերվել կամ ում կողմից: Ու քանի դեռ այդ բանավեճը շարունակվում է, ներկայացնեմ մի պատմություն, թե ինչ ճակատագրի արժանացավ ավտոմեքենաներից առաջինը:
Ասում են, որ այդ մեքենան Ֆրանսիայից բերվել է էջմիածինցի մի խումբ հարուստ բամբակագործների նախաձեռնությամբ: Նպատակն էր դա աշխատացնել Երևան-Էջմիածին ճանապարհի վրա: Միայն թե տեղ հասնելուն պես պարզվել է, որ ճանապարհի կամուրջները թույլ են ու չեն դիմանում մեքենայի ծանրությանը: Շուրջ մեկ տարի էլ պահանջվել է, մինչև խճուղու բոլոր կամուրջները փոխվել ու ամրացվել են: Միայն դրանից հետո ավտոմեքենան սկսել է երթևեկել: Բայց դա էլ երկար չի տևել: Բամբակագործները հաշվարկել են, որ առավել ձեռնտու կլինի, եթե մեքենայի շարժիչը հանեն և օգտագործեն բամբակ զտելու համար: Իսկ բեռները կարելի էր նաև տեղափոխել հին եղանակով՝ սայլերով…

Հովիկ Չարխչյան

*

%d bloggers like this: