Tag Archives: Ավետիք Իսահակյան

ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ՏԵՍԱԴԱՇՏՈՒՄ

6 Սպտ

Կիսլավոդսկում հանգստանալիս Ավետիք Իսահակյանը գրեթե ամեն օր զբոսայգում տեսնում է մի գեղեցիկ աղջկա: Եվ ամեն անգամ ուշադիր ու հիացած նայում է նրան: Մի անգամ էլ աղջիկը, համբերությունը հատած, մոտենում է Իսահակյանին ու հարցնում.

— Ծերուկ, ինչու՞ ես այդպես համառորեն նայում ինձ:

Օրիորդ, ես քեզ չեմ նայում, ես նայում եմ գեղեցկությանը,- պատասխանում է բանաստեղծը:

ՇՈՒՇԱՆԻԿ ՄԱՏԱԿՅԱՆԻ ՄԱՀԸ

25 Օգս

Ավետիք Իսահակյանի մեծ սերը՝ Շուշանիկ Մատակյանը վախճանվեց 1944 թվականի հունվարին: Պատերազմի ծանր տարին էր: Շուշիկի ամուսինն արդեն վախճանվել էր, դուստրը գտնվում էր հոգեբուժարանում: Չկար որևէ մեկը, որ կստանձներ նրա հուղարկավորության հոգսերը: Հինգ օր շարունակ մահացածը մնաց անթաղ: Միայն վեցերորդ օրն այդ մասին տեղեկանում է Շուշանիկի հարևանը՝ դերասան Թերզիբաշյանը, և շտապում է Լենինականի քաղսովետ՝ խորհուրդ տալով գոնե տեղեկացնել Իսահակյանին, որպեսզի վերջինս գա ու անի անհրաժեշտը: Բարեբախտաբար, տեղի պաշտոնյաներից Կարո Պետրոսյանն ու Անդրանիկ Հովսեփյանը որոշում են իրենց ուժերով կազմակերպել թաղումը:

Ավետիք Իսահակյանը Շուշանիկի մահվան մասին իմացավ ավելի ուշ: Հուզված բանաստեղծը մի կարճ նամակ գրեց Լենինական, ուր ասվում էր. «Սիրելի Անդրանիկ, Լյուսի Թարգյուլի միջոցով իմացա Շուշիկի նկատմամբ քո և Կարոյի ցուցաբերած մարդասիրության մասին: Հուր-հավիտյան, մինչև գերեզման չեմ մոռանա ես նրան: Հիմա կարող եմ ասել, որ իմ կեսը մեռել է»:

«ԴԱՐԴՍ ԼԱՑԵՔ»

24 Օգս

Ավետիք Իսահակյանի «Դարդս լացեք» բանաստեղծության հիմքով գրված երգի երաժշտությունն այնքան մոտ է ժողովրդական ելկևէջներին, որ այն տարիներ շարունակ համարվում էր ժողովրդական: Մինչդեռ հեղինակը վաստակավոր ուսուցիչ Հմայակ Միքյանն է:

«Դարդս լացեք»-ի ծնունդն այսպիսի պատմություն ունի: Լինելով Շուշիի թեմական դպրոցի 6-րդ դասարանի սան, Միքյանը սիրահարվում է Սոս գյուղի բնակիչ Տեր- Բաղդասարյանի աղջկան՝ Փեփրոնեին: Սակայն կրթություն ստանալու նպատակով տղան մեկնում է Պետերբուրգ՝ Փեփրոնեից խոսք առնելով, որ նա կսպասի մինչև իր վերադարձը: Միքյանի մեկնումից հետո աղջկա հայրը պարտադրանքով նրան կնության է տալիս մեկ ուրիշին: Պատմում են, որ հարսանյաց արարողության պահին հանկարծ դրսից լսվում է «Դարդս լացեք» երգը:

Այս պատմության ավարտն ավելի տխուր է: Ամուսնությունից կարճ ժամանակ անց Փեփրոնեն ինքնասպան է լինում: Իսկ երգը բերնեներան անցնելով տարածվում է ժողովրդի մեջ՝ երկար ժամանակ անհայտ թողնելով իսկական հեղինակի անունը:

ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ՕՐԱԳՐԻՑ

24 Օգս

Հիմա, այս վայրկյանին, մի տեղ մի մարդ հոգեվարքի մեջ է, մեկը ողբում է իր կյանքը, անցյալը վերատենչում. մեկը լալիս է իր մեռած սերերը. հիմա մեկը սպանում է մյուսին. հիմա մեկը համբուրում է իր սիրածին. հիմա մեկը ոճիր է խորհում. հիմա մեկը գլուխը թեքել է մի թղթի վրա և սոնետ է գրում. հիմա ոչխարները մի տեղ տուն են դառնում. հիմա պարում են մի տեղ, մի տեղ կռիվ կա և ծեծ. մի տեղ երեխա է աշխարհ գալիս. ձիերը վազում են հիմա մի արձակ դաշտում, և ջրաղացները աղում են լեռների լանջերում. հիմա մի տեղ երգ կա և գինի, սեր և երջանկություն… Հիմա մի հեռավոր աստղի վրա փոթորիկ կա, և անտառները որոտում են. հեռավոր աստղի վրա հիմա սեր կա և մահ. հիմա կործանվում է մի աշխարհ. հիմա ծնվում է մի աշխարհ…

15 հոկտեմբերի, 1936

%d bloggers like this: