Tag Archives: Աստված

ԱՎԵԼՑՈՒԿ ԿԱՎԸ

30 Հկտ

Աստված կավից արարեց մարդուն և երբ ավարտեց, մի փոքրիկ կտոր ավելացավ:
— Այս կավի ավելցուկից ի՞նչ պատրաստեմ քեզ համար,- հարցրեց Արարիչը:
— Ինձ համար երջանկություն ծեփիր:
Ոչինչ չպատասխանեց Աստված և միայն մարդու ձեռքի մեջ դրեց կավի ավելցուկ կտորը:

tvorenie

Ավելցուկ կավը

23 Նյմ

Աստված կավից արարեց մարդուն և նրա մոտ մնաց մի փոքրիկ, չօգտագործված կտոր:
— Ուրիշ ի՞նչ կարելի է ծեփել,- հարցրեց Աստված:
— Ինձ համար երջանկություն ծեփիր,- խնդրեց մարդը:
Ոչինչ չպատասխանեց Աստված և միայն ավելցուկ կավի կտորը դրեց մարդու ափի մեջ:pritcha-schaste

ԱՍՏՎԱԾՆ ՈՒ ԴԵՐՁԱԿԸ

18 Ապր

Մի անգամ նշանավոր կինոդերասան Ադոլֆ Մենյասուն նյույորքյան լավագույն դերձակի մոտ տաբատ պատվիրեց: Միայն մեկ ամիս անց, մի քանի չափումներից հետո, դերձակը պատվերը կատարեց: Տաբատը վերցնելիս Մենյասուն զայրույթով ասաց.
— Աստծուց յոթ օր պահանջվեց աշխարհն արարելու համար, իսկ դուք ինձ համար 30 օրում տաբատ կարեցիք:
Եվ դերձակը նրան պատասխանեց.
— Նայեք այս աշխարհին և նայեք այս տաբատին:

Յուրի Նիկուլին «Գրեթե լուրջ» գրքիցIsaacHoltz_1901886_13976574

ԱՍՏԾՈՒՆ ՄՈՏԵՆԱԼՈՒ ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԸ

27 Սպտ

(հնդկական առակ)

Օրերից մի օր մի ճամփորդ մոտենում է հոգեւոր հովվին ու ասում, որ ցանկանում է ապրել հոգեւոր եւ ճգնակյաց կյանքով: Խոհեմ եւ երկար տարիներ ճգնակյաց կյանքով ապրող հովիվը մեղմ ժպտալով ասում է. «Որդիս, իսկ դու երբեւէ որեւէ կնոջ սիրե՞լ ես»: «Ոչ, Դուք ինձ սխալ հասկացաք, ես ասում եմ, որ ինձ բացարձակ չի հետաքրքրում աշխարհիկ կյանքը, ես ուզում եմ ինձ ամբողջովին նվիրել Աստծուն եւ ապրել միմիայն հոգեւոր կյանքով»,-բողոքում է ճամփորդը: «Որդիս, խնդրում եմ՝ լսիր ինձ ուշադիր, ես հարցնում եմ. դու քո կյանքի ընթացքում արդյոք չե՞ս սիրել որեւէ կնոջ կամ գոնե երեխայի, մի՞թե դու ոչ ոքի չես սիրել»: «Ախր, ես պարզ ասում եմ, որ աշխարհիկ կյանքն ինձ չի հետաքրքրում, ինձ ոչինչ պետք չէ այս ունայն աշխարհից, որտեղ ամեն հարաբերության մեջ մի օր կեղծիք է ծլում, որտեղ մարդիկ ավելի շատ իրենց շահն են հետապնդում, քան միմյանց հարգելն ու սիրելը, որտեղ մարդիկ օրվա հացը վաստակելու համար ուրանում են ամեն մի սրբություն, որտեղ մարդիկ իրենք էլ են հոգնել իրենցից: Ախր, ես ինչպե՞ս կամ ինչո՞ւ սիրեմ նրանց, ոչ, ես ուզում եմ բարձրանալ լեռները, առանձնանալ ու ինձ լիովին նվիրել Աստծուն»: «Ետ վերադարձիր աշխարհ, փորձիր սիրել մարդկանց. դա է Աստծուն մոտենալու առաջին քայլը»,-պատասխանում է ծերը:  

Պատրաստեց Աշխեն ՔԵՇԻՇՅԱՆԸ1376378584,8152

ԽՈՐԽԵ ԼՈՒԻՍ ԲՈՐԽԵՍ

1 Հլս

ԱՊԱՑՈՒՅՑԸ ԶԱՐԴԱՐՈՒՄ Է ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

 Փակում եմ աչքերս և թռչունների մի երամ եմ տեսնում: Տեսիլքը տևում է ընդամենը մեկ վայրկյան, գուցե և ավելի քիչ, չգիտեմ, թե քանի թռչուն եմ տեսել: Նրանց քանակը որոշակի է, թե՞ անորոշ: Խնդիրը Աստծո գոյության հարցն է: Եթե Աստված գոյություն ունի, ուրեմն տեսածս թռչունների քանակը որոշակի է, որովհետև Աստված գիտի, թե ես քանի թռչուն եմ տեսել: Եթե Աստված գոյություն չունի, ուրեմն տեսածս թռչունների քանակն անորոշ է, որովհետև ոչ ոք չէր կարող հաշվել թռչունները: Այդ պարագային (ասենք) ես տասից պակաս և մեկից ավելի թռչուններ եմ տեսել, բայց չեմ տեսել ինը, ութ, յոթ, վեց, հինգ, չորս, երեք կամ երկու թռչուն: Տեսածս թռչունների քանակը տասի և մեկի միջև գտնվող մի թիվ է, որը ոչ ինն է, ոչ ութը, ոչ յոթը, ոչ վեցը, ոչ հինգը և այլն: Ամբողջական այդ թիվն անըմբռնելի է, ուստի Աստված գոյություն ունի:

Թարգմ. Հ. Բոդուկյան620432421

ՋՈՆ ՖԱՈՒԼԶ

24 Փտր

Հիշում եմ, երբ փոքր էի, հորս տվեցի աշխարհի պես հին այս հարցը. «Եթե աշխարհն արարել է Աստված, ինչու՞ է նա այդ աշխարհում թույլ տվել չարի ներկայությունը»: Եվ ստացա աշխարհի պես հին այս պատասխանը. «Նրա համար, որ մարդն ազատ լինի չարի և բարու միջև ընտրություն կատարելիս ու Աստծո օգնությամբ կարողանա բարոյապես կատարելագործվել»:

Գլուխկոտրուկի ինձ առաջարկված պատրաստի պատասխանը չէր կարող իրապես բավարարել: Հավանաբար դեռ այն ժամանակ իմ ներսում ծնունդ առնող սցենարիստը նկատեց, որ այդ սյուժեն սարսափելի կեպով ձգձգված էր, իսկ ծնունդ առնող ցինիկը սկսեց խորհել այն մասին, թե ինչու՞ ստեղծված համակարգի նախագծում գոնե տեղ չէին զբաղեցրել ուժի ու կամքի հավասարազոր ազդեցությունները, որոնք թույլ կտային իրենց զոհերին իրագործել այդ ընտրությունը:faulz-620x350

ԿՆՈՋ ԱՐԱՐՈՒՄԸ

29 Հնս

Աստված կնոջն ստեղծելիս բավական երկար չարչարվեց: Նա աշխատում էր 6-րդ օրը, երբ նրան մոտեցավ հրեշտակը, հարցրեց, թե ինչու է այդքան երկար ժամանակ վատնում դրա վրա:

Աստված պատասխանեց. «Նայիր նրա բնույթին: Նա պետք է ունենա 200 շարժական մասեր, միեւնույն ժամանակ շարժումները փառավոր լինեն: Պետք է ինքն իրեն բուժի, երբ հիվանդ է, աշխատի օրական 18 ժամ: Ունենա ընդամենը երկու ձեռք եւ կարողանա գրկել մի քանի երեխայի: Ընդ որում՝ այնպես գրկել, որ անցնի ցանկացած ցավ` լինի դա ծնկների կամ հոգու վերքեր»:

Հրեշտակն ավելի մոտեցավ արարածին եւ շոշափեց նրան.

— Աստված իմ, նա այնքան փխրուն է:

— Այո՛, ես նրան փխրուն եմ ստեղծել, սակայն միեւնույն ժամանակ՝ շատ ուժեղ: Դու չես էլ կարող պատկերացնել, թե նա ինչերի կարող է դիմանալ ու դիմակայել:

— Իսկ նա կարո՞ղ է մտածել:

— Ոչ միայն մտածել, այլեւ համոզել:

Հրեշտակը ձեռքը հպեց կնոջ այտին ու ասաց.

— Նա կարծես մի փոքր անսարք է: Նրանից ջուր է հոսում:

— Դա ջուր չէ, այլ` արտասուք: Դրանք արտահայտում են նրա տխրությունը, նրա տառապանքները, մենակությունը, նրա հպարտությունը:

Հրեշտակն իսկապես տպավորված էր.

— Աստված իմ, դու իսկապես հանճար ես: Կինը կատարելություն է:

— Այո, նա այնպիսի ուժ ունի, որ կարող է զարմացնել տղամարդուն: Նա կարող է ծիծաղել, երբ իրականում ուզում է լաց լինել: Նա կարող է ժպտալ, երբ վախենում է:

Այնուհետեւ Աստված հոգոց հանելով ասաց.

— Սակայն նա ունի մի թերություն, որ եթե ինքը չուղղի, կարող է փչացնել  ամբողջ կյանքը:

— Ի՞նչն է դա:

— Նա իր գինը չգիտի:

i-881

Ըստ Ալեքսանդրյան գրադարանում գտնված ավանդազրույցի

Թարգ. Աշխեն Քեշիշյան

ԽԱՉԻԿ ԴԱՇՏԵՆՑ

29 Սպտ

ԱՇԽԱՐՀԻ ՀԵՔԻԱԹԸ

Աշխարհը ջրաղաց է… Դու ջրաղաց մտնողի գալը մի հարցրու, նրա գնալը հարցրու: Մեկի բերածը կորեկ է, մեկինը ցորեն, մյուսինը` գլգըլ: Բոլոր մտնողներն իրենց բերածը աղալու հերթի կսպասեն: Ջրաղացպանն էլ ասենք թե աստվածն է: Առաջին եկողին ասում է. «Պարկիդ տակը թոթվիր, խնամի Կիրակոս, քո աղունն իջավ»: Հերթը մյուսինն է: Քիչ հետո ջրաղացպանը կրիչակին նայելով գոռում է. «Խնամի Համբարձում, պարկիդ տակը թոթվիր, քո աղունն իջավ»: Սա էլ է գնում: «Քավոր Գրիգոր, թեռդ առաջ քաշիր, հերթը քոնն է»: Մի հանգ հետո դառնում է մյուսին. «Խնամի Մարկոս, քավորից հետո հերթը քոնն է, պատրաստվիր»… Ու էսպես ամեն մարդ կմտնի ջրաղաց ու իր աղունն աղալով կերթա դուրս: Բայց եթե աղացքի ջուրը կտրվի, ի՞նչ պիտի անի ջրաղացպանը: Նա պետք է վերցնի իր թիակը և գնա ջուրը կապելու: Ուրեմն աստծո մոտ էլ, երեխաներ, ամենազորավոր գործիքը դարձյալ թիակն է: Էլ է աշխարհքի հեքիաթը:

ԱՂԱՍԻ ԱՅՎԱԶՅԱՆ

15 Սպտ

Կան խոշոր ու մանր ձկներ: Խոշորներն ուտում են մանրերին: Ու դա հասկանալի է: Ինձ շփոթեցնում է մի այլ հանգամանք. կան մի հատուկ տեսակի ձկներ, որոնք սնվում են միմիայն իրենց համար ի վերուստ նախատեսված մի ուրիշ հատուկ տեսակի ձկներով: Ու եթե չլինեն այդ ձկները, մյուսները կոչնչանան: Աստված, ուրեմն, ստեղծում է այդ փոքր ձկներին մասնավորաբար որպես կեր մեծերի համար: Ես թույլ եմ տալիս ինձ մտածելու, որ ձկները զգացմունք չունեն, հոգի չունեն, զուրկ են իմաստավորելու կարողությունից: Թող այդպես լինի: Բայց ինչու Աստված ստեղծում է մարդկանց մի տեսակ, որոնք կեր պիտի դառնան մարդկանց մի ուրիշ տեսակի: Եվ եթե չլինի մարդկանց առաջին տեսակը, երկրորդը կոչնչանա: Դա ևս կհասկանայի այսքան գրադարաններով առատ աշխարհում, բայց մի հասարակ բան, այնուամենայնիվ, չի դիմանում տրամաբանությանը: Այդ դեպքում ի՞նչ կարիք կար, ի՞նչ իմաստ ուներ մարդուն տալ վերլուծելու ունակություն, խիղճ, արժանապատվություն, անապակ սեր… և այսքան գրադարաններ…

ՕՍԿԱՐ ՈՒԱՅԼԴ

13 Հնս

ԴԱՏԱՍՏԱՆԻ ՏՈՒՆԸ

Եվ լռություն էր տիրում Դատաստանի Տանը, և Մարդը մերկ կանգնեց Աստծո առջև:
Եվ Աստված բացեց Մարդու Կյանքի Գիրքը:
Եվ ասաց Աստված Մարդուն. «Չար է եղել կյանքը քո, և անողորմ ես եղել նրանց հանդեպ, ովքեր օգնության կարիք են ունեցել, և թշվառների հանդեպ քարսիրտ ես եղել ու դաժան: Աղքատները դիմում էին քեզ, և դու չէիր լսում, և քո ականջները փակ էին Իմ տառապյալների կանչերի հանդեպ: Յուրացնում էիր ծնողազուրկների ժառանգությունը և հարևանիդ խաղողի այգիները աղվեսներ էիր բաց թողնում: Խլում էիր երեխաների հացը և տալիս շներին: Եվ Իմ բորոտներին, որ ապրում էին ճահճուտներում խաղաղ ու հանգիստ և փառաբանում էին Ինձ, քշում էիր դեպի բանուկ ճանապարհները: Եվ Իմ երկրի վրա, որից դուրս եմ քեզ ստեղծել, դու անմեղ արյուն էիր հեղում»:
Եվ մարդը պատասխան տալով ասաց. «Իրոք այդպես էի անում»:
Եվ դարձյալ Աստված բացեց Մարդու Կյանքի Գիրքը:
Եվ ասաց Աստված Մարդուն. «Չար է եղել կյանքը քո, և հետամուտ էիր Գեղեցկությանը, որ ես ցուցանել եմ, իսկ Բարին, որ ծածուկ եմ պահել, անտեսում էիր: Քո տան պատերին կուռքերի պատկերներ էին նկարված, և նողկանքների քո անկողնուց ելնում էիր սրինգների հնչյունի ներքո: Յոթ զոհասեղան ես կառուցել այն մեղքերի համար, որոնց դիմակայելով տառապել եմ ես: Եվ ուտում էիր այն, ինչ չպիտի ուտեիր, և քո զգեստի ծիրանին նախշազարդված էր ամոթի երեք նշաններով: Քո կուռքերը ոսկուց կամ արծաթից չէին, որ երկար են մնում, այլ մարմնեղեն էին և մահկանացու: Դու բուրավետ հեղուկով օծում էիր նրանց մազերը և նուռ էիր դնում նրանց ձեռքերի մեջ: Քրքումով էիր օծում նրանց ոտքերը և գորգեր էիր փռում նրանց առջև: Ծարիր էիր քսում նրանց կոպերին և նրանց մարմիններն օծում խեժ ու զմուռսով: Խոնարհվում էիր նրանց առջև ու երկրպագում, և քո կուռքերի գահերը դրված էին արևի դեմ: Դու ցուցանում էիր արևին քո ամոթը և լուսնին՝ քո խելագարությունը»:
Եվ Մարդը պատասխան տալով ասաց. «Իրոք այդպես էի անում»:
Եվ մի երրորդ անգամ Աստված բացեց Մարդու Կյանքի Գիրքը: Եվ ասաց Աստված Մարդուն. «Չար է եղել կյանքը քո, և չարով ես հատուցել բարուն և բարի գործերը՝ չարագործությամբ: Խոցել ես քեզ կերակրող ձեռքերը և արհամարհել քեզ սնուցող ստինքները: Ով քեզ համար ջուր էր բերում, ծարավ էր հեռանում քեզնից, և օրենքից դուրս գտնվող անձանց, ովքեր պատսպարում էին քեզ իրենց վրաններում, մատնում էիր՝ դեռ լույսը չբացված: Թշնամուդ, որ խնայում էր քեզ, որոգայթն էիր գցում, և քեզ հետ քայլող բարեկամիդ շահով վաճառում էիր: Ովքեր քեզ Սեր էին բերում, փոխարենը միշտ Կիրք էին ստանում քեզնից»:
Եվ Մարդը պատասխան տալով ասաց. «Իրոք այդպես էի անում»:
Եվ փակեց Աստված Մարդու Կյանքի Գիրքը և ասաց. «Անկասկած, Դժոխք եմ քեզ ուղարկելու: Հիրավի, Դժոխք եմ ուղարկելու քեզ»:
Եվ գոչեց Մարդը. «Չես կարող»:
Եվ ասաց Աստված Մարդուն. «Ինչո՞ւ չեմ կարող քեզ Դժոխք ուղարկել, և ի՞նչ պատճառով»:
«Որովհետև Դժոխքում եմ մշտապես ապրել»,- պատասխանեց Մարդը:
Եվ լռություն տիրեց Դատաստանի Տանը:
Եվ տևական ժամանակ անց խոսեց Աստված և ասաց Մարդուն. «Քանի որ քեզ Դժոխք չեմ ուղարկելու, հարկավ Դրախտ պիտի ուղարկեմ: Հիրավի, Դրախտ եմ ուղարկելու քեզ»:
Եվ գոչեց Մարդը. «Չես կարող»:
Եվ ասաց Աստված Մարդուն. Ինչո՞ւ չեմ կարող քեզ Դրախտ ուղարկել, և ի՞նչ պատճառով»:
«Որովհետև երբեք և ոչ մի տեղ՝ ես չեմ կարողացել պատկերացնել դա»,- պատասխանեց Մարդը:
Եվ լռություն տիրեց Դատաստանի Տանը:

Թարգմ. Խորեն Գասպարյան

ԷՆԹՈՆԻ ԴԵ ՄԵԼԼՈ

15 Ապր

Աղաչում եմ Քեզ, Տեր, ներել ինձ իմ երեք գլխավոր մեղքերը: Առաջին, ուխտագնացություն եմ կատարել քո շատ սրբատեղեր՝ մոռանալով, որ Դու ամենուր ես: Երկրորդ, ես հաճախ եմ դիմել քեզ խնդրանքներով՝ մոռանալով, որ Դու ինձանից ավելի շատ ես հետաքրքրված իմ բարեկեցությամբ: Եվ վերջապես, ես ներում եմ խնդրում քեզանից՝ գիտենալով, որ Դու ներում ես մեզ մեր մեղքերը, մինչև մենք կհասցնենք նրանք կատարել»:

ՄԱՐԿԵՍԸ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆ

12 Մրտ

(հատված հարցազրույցից)

— Ի դեպ, դուք վախենու՞մ եք ծերությունից:
— Ծերությունից ես չեմ սարսափում: Իմ ընտանիքում բոլորը երկարակյացներ են, հայրս մեռավ 84 տարեկանում և միանգամայն սթափ գիտակցությամբ, մայրս 82 տարեկան է, բայց պայծառ գլուխ ունի: Ընդհանուր առմամբ ես հուսով եմ, որ եթե ապրեմ մինչև այդպիսի տարիք, գեներն ինձ կապահովեն հստակ մտածողությամբ: Մնացածն ինձ չի հուզում: Գլխավորն այն է, որ գլուխն աշխատի:
— Իսկ դուք մահից վախենու՞մ եք:
— Մահից՝ ոչ, չեմ վախենում: Մեռնելուց՝ այո: Որպես գրող ես սարսափում եմ, որ իմ կյանքի ամենագլխավոր իրադարձությունը,- իսկ դա մահն է լինելու,-ես չեմ կարողանա նկարագրել:
— Ձեր կյանքում ի՞նչ տեղ են գրավում կրոնն ու աստված:
— Ավաղ, աստված իմ կյանքում ոչ մի տեղ չի գրավում: Ցանկանում եմ հուսալ, որ եթե աստված գոյություն ունի, ապա գուցե ես նրա կյանքում ինչ-որ տեղ զբաղեցնեմ…

ԷՐԻԽ ՖՐՈՄՄ

4 Հնվ

Մարդու կեցության գլխավոր խնդիրը ինքն իրեն կյանք հաղորդելն է, այն դառնալը, ինչ նա առավելապես հանդիսանում է: Նրա ջանքերի ամենակարևոր պտուղը իր սեփական անհատականությունն է: Գաղափարը, թե մարդն արարվել է Աստծո կերպարանքով, մղում է ոչ միայն Աստծո և մարդու հավասարության կամ նույնիսկ Աստծուց անկախ լինելու մտքին, դրանից բխում է և այն՝ մարդասիրության համար առանցքային համոզմունքին, որ յուրաքանչյուր մարդու մեջ պարփակված է ամբողջ մարդկությունը: Մարդու խնդիրն է՝ ընդարձակել իր ազատության տարածքները, ամրապնդել այն, ինչն օժանդակում է կյանքին՝ ի հակակշիռ նրա, ինչը տանում է մահվան: Խոսելով կյանքի ու մահվան մասին, ես նկատի ունեմ ոչ թե կենսաբանական վիճակը, այլ մարդու կեցության միջոցները, նրա փոխներգործությունը աշխարհի հետ: Ես հավատում եմ, որ մարդու հիմնական ընտրությունը կյանքի ու մահվան միջև ընտրությունն է: Յուրաքանչյուր արարք ենթադրում է այդ ընտրությունը…

ՍԹԵՖԱՆ ՎԻՆՍԵՆԹ ԲԵՆԵԹ

19 Սպտ

… Այնուհետև ես տեսա մահվան աստծուն: Նա նստած էր աթոռին, պատուհանի մոտ, այն սենյակում, որ դեռ չէի եղել: Սկզբում կարծեցի, թե նա տակավին կենդանի է, հետո թիկունքին նկատեցի ձեռքի չորացած մաշկը, որը նման էր անկենդան կաշվի: Սենյակի դուռը փակ էր, այնտեղ տաք էր ու չոր. կասկած չկար, որ այն պահպանվել էր այնպես, ինչպես եղել էր: Նա նստած էր ու պատուհանից նայում էր քաղաքին: Հագնված էր աստվածներին արժանի ձևով: Ոչ երիտասարդ էր և ոչ էլ ծեր. չեմ կարող ասել, թե քանի տարեկան էր: Բայց դեմքին իմաստության ու թախիծի խոր կնիք կար: Երևում էր, որ չէր ցանկացել փախչել քաղաքից: Նա նստել էր իր պատուհանի մոտ ու դիտել կործանվող քաղաքը և այդպես էլ մահացել էր:
Ավելի լավ է մարդ կորցնի կյանքը, քան թե հոգին: Նրա դեմքից երևում էր, որ կորցրել էր իր մարմինը, բայց ոչ հոգին: Գիտեի, որ եթե դիպչեի նրան, կընկներ ու կփոշիանար, չնայած դեմքն անսասան արտահայտություն ուներ:
Ահա իմ ամբողջ պատմությունը: Հիմա գիտեմ, որ նա սովորական մարդ էր. նրանք բոլորն էլ սովորական մարդիկ են եղել և ոչ թե աստվածներ կամ դևեր: Նրանք սովորական մարդիկ են եղել, բայց անցել են խավարի ճանապարհով…
Երբ նորից տեսա հորս, աղոթեցի ու սրբագործվեցի: Հայրս թեթևակիորեն դիպավ կրծքիս ու շուրթերիս և ասաց.
— Դու ուղևորությունդ սկսեցիր որպես տղա, վերադարձար որպես տղամարդ ու քուրմ:
Ես ասացի.
— Հայրիկ, նրանք սովորական մարդիկ են եղել: Ես եղա աստվածների կացարանում և տեսա այդ: Դուք կարող եք սպանել ինձ, եթե օրենքը դա է պահանջում, բայց հիմա գիտեմ, որ նրանք սովորական մարդիկ են եղել:
Նա քնքշորեն նայեց ինձ և ասաց.
— Օրենքը միշտ նույն ձևը չունի, դու արեցիր այն, ինչ կարողացար: Իմ ժամանակին ես չկարողացա անել այդ, բայց դու եկար ինձնից հետո ու արեցիր: Այժմ պատմիր:
Ես սկսեցի պատմել: Նա ուշադիր ինձ էր լսում: Հետո իմ մեջ ցանկություն առաջացավ տեսածիս մասին պատմել բոլորին, բայց հայրս թույլ չտվեց: Նա ասաց.
— Ճշմարտությունը նման է դժվար որսացվող եղջերուի: Եթե չափից շատ օգտագործես այն, կարող ես մեռնել: Իզուր չէ, որ մեր նախնիներն արգելել են Լքված բնակավայրերն այցելել:
Նա ճիշտ էր ասում: Ճշմարտությանը պետք է հասնել աստիճանաբար: Ես այդ իմացա, երբ քուրմ դարձա: Հավանաբար հին ժամանակ մարդիկ շատ արագ էին յուրացնում գիտությունը…

«Բաբելոնի գետերի հովտում» պատմվածքից

ՖՐԻԴՐԻԽ ՆԻՑՇԵ

20 Ապր

ՎԱՍՆ ՆՈՐ ԿՈՒՌՔԻ

Ինչ-որ տեղ դեռ ժողովուրդներ ու նախիրներ կան, սակայն ոչ մեզ մոտ, իմ եղբայր, այստեղ կան պետություններ:
Պետությու՞ն: Ի՞նչ բան է այդ: Դե լավ, հիմա ականջ դրեք, քանզի այժմ ես իմ խոսքը պիտի ասեմ ժողովրդոց մահվան մասին: Պետություն է կոչվում ամենապաղը բոլոր պաղ ճիվաղներից: Նա նաև պաղ է ստում, և սողում է սուտը նրա բերանից. «Ես` պետությունս, ժողովուրդն եմ»:
Սուտ է: Արարողները նրանք էին, որ ժողովուրդներին արարեցին և նրանցից կախեցին հավատ ու սեր. այսպես ծառայեցին նրանք կյանքին: Ավերիչներ են նրանք, ովքեր թակարդներ են դնում բազմաց համար և դրանք պետություն են կոչում: Նրանք սուր և հարյուր ցանկություն են կախում նրանցից:
Ուր դեռ ժողովուրդ գոյություն ունի`այնտեղ պետությանը չի հասկանում նա և ատում է նրան որպես չար մի հայացք և բարքերի ու իրավունքների դեմ գործված հանցանք:
Այս նշանն եմ ես ձեզ տալիս, ամեն մի ժողովուրդ չարի և բարու իր լեզվով է խոսում բարքերի և իրավունքների մեջ: Սակայն պետությունը ստում է բոլոր լեզուներով չարի և բարու, և ինչ էլ որ խոսի` ստում է նա, ու ինչ էլ որ անի` գողացել է նա: Նրա մեջ կեղծ է ամեն ինչ. գողացված ատամներով է կծում նա` կծանը: Կեղծ է նույնիսկ փորոտիքը նրա:
Չարի և բարու լեզվաշփոթ` այս նշանն եմ տալիս ես ձեզ, հանց պետության նշան: Արդարև, կամք առ մահ` սա է իմաստն այդ նշանի: Արդարև, մահվան քարոզիչներին է պետությունը նշան անում:
Բյուր-բյուրավորներն են ծնվում, պետությունը հորինված է ավելորդների համար: Հապա նայեք` ինչպես է նա իրեն գրավում նրանց` բյուր-բյուրավորներին: Ինչպես է կլլում, ծամում ու որոճում նրանց: «Երկրի երեսին չիք ոչինչ ինձնից մեծ, ես եմ կարգավորող մատն Աստծո»,- այսպես է ճիվաղը մռնչում: Եվ լոկ երկարականջներն ու կարճատեսները չեն, որ ծնկի են իջնում:
Ախ, ձեր մեջ էլ, մեծ հոգիներ, նույնիսկ ձեր մեջ է նա փսփսում մռայլ սուտն իր: Ախ, նա ջոկում է սրտերը հարուստ, որոնք սիրով շռայլում են իրենց: Այո, նա ձեզ է ջոկում, դուք հաղթողներդ հին աստծո: Հոգնեցիք դուք պայքարելիս, և արդ հոգնությունը ձեր այդ նոր կուռքին է ծառայում: Հերոսներ ու պատվավորներ է կամենում նա իր շուրջ շարել, կուռքը այդ նոր: Նա բարի խղճի արեգակի տակ է սիրում իրեն արևին տալ, հրեշն այդ պաղ: Ամեն ինչ նա ուզում է ՁԵԶ տալ, եթե ԴՈՒՔ պաշտեք նրան,- կուռքը այդ նոր: Այսպես գնում է նա իր համար ձեր առաքինությունների փայլը և հայացքը հպարտ ձեր աչքերի: Նա ձեր խայծով կամենում է հրապուրել բյուր-բյուրավորներին Այո, դժոխային արվեստի մի գործ է ահա հայտնաբերված, մահվան մի ձի, որ զնգզնգում է աստվածային պատիվների հեծելասարքով: Այո, մահն է արդ հայտնաբերված բազմաց համար, որ ինքն իրեն որպես կյանք է փառաբանում, արդարև, ինչ սրտառուչ ծառայություն մահվան բոլոր քարոզիչների համար:
Ես պետություն եմ կոչում, ուր բոլորը` լավ թե վատ, թույն են խմում, պետություն, ուր բոլորը` լավ թե վատ, կորցնում են իրենց, պետություն, ուր դանդաղ ինքնասպանությունը բոլորի «կյանք» է կոչվում…

ՅՈՀԱՆ ՎՈԼՖԳԱՆԳ ԳՅՈԹԵ

4 Ապր

… Աստված իշխանին պարգևել է իմաստություն և դրա հետ նաև իմացություն, որ գերիմաստ են Աստծո բոլոր գործերը` յուրաքանչյուրը յուրովի: Նայեք այն ժայռին, տեսեք, ինչպես է կանգնած այն` ամուր, անշարժ, համառ դիմադրելով և վատ եղանակին, և բարկ արևին: Դարավոր ծառը պսակել է նրա գագաթը, և նա պսակը գլխին նայում է հեռուները: Սակայն եթե նրա մի մասը կործանվի, ժայռն այլևս չի լինի այնպիսին, ինչպիսին կա. այն կփշրվի և փլատակների նման կծածկի սարալանջը: Բայց այնտեղ ևս նրա փշրանքները երկար չեն մնա. բուռն թափով վայր կգլորվեն, առուն իր գիրկը կառնի դրանց և կտանի դեպի գետը: Այնտեղ դրանք ոչ թե դիմադրելով, ոչ թե անհնազանդ, համառ անկյունավոր, ոչ, այլ ողորկ ու կլոր դարձած, ավելի արագ թափով կշարունակեն իրենց ճանապարհը գետից գետ, մինչև որ կհասնեն օվկիանոս, որի մակերևույթին հսկաներն են լողում վտառներով, իսկ խորքերում գաճաճներն են վխտում: Սակայն ո՞վ է փառք տալիս Աստծուն, երբ աստղերն են հավիտենապես փառաբանում նրան: Եվ ինչու՞ նայել հեռուները: Նայեք այստեղ` մեղվին: Արդեն ուշ աշուն է, իսկ նա ջանասիրաբար մեղր է հավաքում և, ինչպես բանիմաց ճարտարապետ, բոլոր օրենքներով տուն է կառուցում իր համար: Նայեք մրջյունին: Նա հրաշալի գիտի ճանապարհը և երբեք չի շեղվում դրանից: Նա իր համար ապաստան է պատրաստում ցողուններից, հողի փշրանքներից և սոճու փշերից. պատրաստում է բարձր և կամար կապում դրա վրա: Սակայն զուր է անցնում նրա աշխատանքը: Ձին դոփում է սմբակներով, կոխորտում և ոչնչացնում է այն: Նայեք, ձին ոտնակոխ է անում մրջյունի տնակի գերանները, ցիրուցան անում տախտակները, անհամբերությամբ փնչում է` չիմանալով հոգնություն, որովհետև աստված ձիուն դարձրել է քամու ընկերը և այնուհետև փոթորկի ուղեկիցը, որպեսզի տղամարդուն հասցնի այնտեղ, որտեղ նրա կամքն է թելադրում, իսկ կնոջը` ուր նրա սիրտն է փափագում: Բայց առյուծը արմավենու անտառում է աշխարհ եկել: Նա խրոխտ քայլերով կտրում-անցնում է անտառը. այնտեղ նա արքան է բոլոր գազանների, և ոչ ոք ու ոչինչ չի կարող ընդդիմանալ նրա կամքին: Միայն մարդը կարող է նրան սանձահարել: Բոլոր արարածներից ամենաահեղն անգամ երկյուղածորեն խոնարհվում է Աստծո պատկերով և նմանությամբ ստեղծվածի առաջ…

Թարգմ. Հ. Հակոբյան

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍՈԼԺԵՆԻՑԻՆ

26 Փտր

ԱՄԵՆԱԹԱՆԿԱՐԺԵՔԸ

… Ինքնին ակնհայտ է, որ շրջադարձը Վերածննդին պատմականորեն անխուսափելի է: Միջնադարը սպառել է իրեն, դարձել անտանելի` մարդու հոգևոր էության օգտին նրա ֆիզիկականի վրա իր բռնակալական ճնշմամբ: Բայց և մենք անչափորեն ու անհամաչափորեն հեռացանք Հոգուց դեպի նյութը: Դառնալով մեր ղեկավարողը` հումանիստական էությունը մարդու մեջ չէր ճանաչում ներքին չարություն, նրա երկրային երջանկությունից վեր` այլ խնդիրներ, և ժամանակակից արևմտյան քաղաքակրթության հիմքում դրվեց մարդու և նրա նյութական պահանջմունքների առաջ երկրպագելու վտանգավոր հակումը: Ֆիզիկական բարեկեցությունից ու նյութական բարիքներ կուտակելուց զատ մարդու մնացած բոլոր` ավելի նուրբ և վեհ առանձնահատկություններն ու պահանջմունքները դուրս մնացին պետական կառուցվածքների և սոցիալական համակարգերի ուշադրությունից, կարծես մարդը չուներ կյանքի ավելի վեհ իմաստ:
Ինքնին, մերկ ազատությունը ոչ մի կերպ չի լուծում մարդկային գոյության բոլոր հիմնահարցերը, այլ մեծ քանակությամբ նորերն է առաջադրում:
Բայց և այնպես, վաղ, ինչպես նաև նորածնունդ ամերիկյան ժողովրդավարություններում բոլոր իրավունքները վերապահվեցին անհատին միայն այն բանի համար, որ նա Աստծո ստեղծագործությունն է, այսինքն` ազատությունը անհատին տրվում էր պայմանով` ենթադրելով նրա կրոնական պատասխանատվության մշտատևությունը. այսպիսին էր անցյալ հազարամյակի ժառանգությունը: Դեռևս 200 տարի, նույնիսկ 50 տարի առաջ անհնարին էր թվում, որ Ամերիկայում մարդուն տրվի անսաստելի ազատություն` հենց այնպես, իր կրքերի համար: Սակայն այն ժամանակներից սկսած` արևմտյան բոլոր երկրներում այդ սահմանափակումն անհետացավ, տեղի ունեցավ վերջնական ազատագրում, և գթասրտության, և զոհողության մեծ պաշարներով քրիստոնեական դարերի բարոյական և պետական համակարգերն առավել ավարտուն մատերիալիստական տեսք ստացան: Արևմուտքը, վերջապես, պաշտպանեց և նույնիսկ ավելցուկով, մարդու իրավունքները, բայց բոլորովին խամրեց Աստծո և հասարակության առաջ մարդու պատասխանատվության գիտակցությունը: Ամենավերջին տասնամյակներում արևմտյան աշխարհըմբռնման իրավական այդ էգոիզմը հասել է իր վերջնակետին, և աշխարհը հայտնվել է հոգևոր դաժան ճգնաժամի և քաղաքական փակուղու մեջ:

***
Որքան ավելի իր զարգացման ընթացքում հումանիզմը նյութականացվեց, այնքան ավելի հիմքեր տվեց սոցիալիզմին, իսկ հետո նաև կոմունիզմին` չարաշահելու իրեն: Այնպես որ, Կ. Մարքսը կարող էր ասել. «Կոմունիզմը բարեպաշտեցված հումանիզմն է»: Եվ պարզվեց, որ դա այնքան էլ իմաստից զուրկ չէ. անհետացած հումանիզմի և ամեն տեսակի սոցիալիզմի հիմնավորումներում կարելի է տեսնել ընդհանրություններ` անեզր մատերիալիզմ, մարդու ազատագրում կրոնից և կրոնական պատասխանատվությունից, կենտրոնացում սոցիալական կառուցման և դրա գիտականակերտության վրա:

***
Չափազանց մեծ հույսեր մենք կապեցինք քաղաքական- սոցիալական վերափոխումների հետ, իսկ պարզվեց` մեզնից խլում են ամենաթանկարժեքը, որ մենք ունենք` մեր ներքին կյանքը: Արևելքում այն կոխկրտում է կուսակցական, իսկ Արևմուտքում` առևտրական շուկան:
Եթե մարդը, ինչպես հռչակում է հումանիզմը, ծնվել է միայն երջանկության համար, նա ծնված չէր լինի նաև մահվան համար: Բայց քանի որ նա մարմնապես դատապարտված է մահվան, նրա երկրային խնդիրը, ըստ երևույթի, հոգևոր է. ապրել ոչ թե հանապազօրյա հացի , ոչ թե լավագույն եղանակներով բարիքներ հայթայթելու, իսկ հետո դրանք ուրախ մսխելու համար, այլ ապրել մշտական ու դժվարին պարտքի գիտակցումն ունենալով, այնպես որ կյանքի ամբողջ ուղին գլխավորապես դառնա բարոյական վեհացման փորձ, կյանքից հեռանալ ավելի բարձր էակ դարձած, քան այն սկսելը:
Հետադիմություն է այսօր հետևել լուսավորության դարաշրջանի ոսկրացած բանաձևերին: Աշխարհն հիմա մոտեցել է եթե ոչ կործանման, ապա պատմության շրջադարձի` իր նշանակությամբ համարժեք Միջնադարից Վերածնունդ շրջադարձին, ու այն մեզանից կպահանջի հոգևոր բոցավառում, մտահորիզոնի նոր բարձունքի և կյանքի նոր մակարդակի նվաճում, որտեղ նզովված չի լինի մեր ֆիզիկական բնությունը ինչպես Միջնադարում, բայց և առավել, չի տրորվի մեր հոգևոր բնությունը, ինչպես նորագույն ժամանակում:
Այդ վերելքը նման կլինի մարդաբանական հաջորդ աստիճանին բարձրանալուն: Ու երկրի վրա ոչ մեկին չի մնացել այլ ելք` միայն դեպի վեր:

ԷԴՄՈՆ ԺԱԲԵՍ

10 Փտր

Մի վստահիր նրանց, ով հռետորություն է անում ամբոխի առաջ` նրանց, ովքեր, խոսքը տեղ հասցնելու համար, համախոհների ամբոխի կարիք ունեն:
Նրանք քեզ դեմքով երբեք չեն ճանաչի:
Նրանք մեկեն իրենց տարեգրքերից ջնջում են քո տաղտկալի անունը՝
Գրչի մի շարժումով:
Արտահայտել մեզ պետք է մեն-միակը, սակայն որքան խոչընդոտներ, որպեսզի դա հաջողվի:
«Մի ափի երազանքը` մյուս ափն է»,- ասում էր նա:

* * *
— Ուսուցիչ,- դիմեց աշակերտը,- ես հանդուգն հարց ունեմ: Այդ պատճառով ամաչում եմ հարցնել: Ի՞նչ է իմաստունը:
— Իմաստունը նա է, ով վստահ է: Ոչինչը բովանդակում է Ամենայնը, ընդ որում, հարցապնդելով:
Նա է անհույս տգետ, ով չի գիտակցել այդ Ոչնչի պատրանքայնությունը:
Որպեսզի, օրինակ, պատկերացում կազմես ավազահատիկի մասին, դու պետք է նախևառաջ զննես մնացյալ ավազահատիկները, որոնցից այն չի զանազանվի` փորձել ընդգրկել ամբողջը` մի բուռ է` միակը առևանգելու ունայն ջանքով:
Ինչ հզոր է Ոչինչը, երբ պարզապես կենում է հանգստության մեջ:
Մենք հավիտյան չենք կարող անցնել արտահայտելիի դեգերող սահմանները:
Թշնամանքը աշխարհի և այլ մեկի հանդեպ, արդյո՞ք խավարի թանձրուկը չէ, որ խուլ է լույսի մշտատև կոչի հանդեպ:
«Ծիծաղելի փայտե սուսերիկը՝ ընդդեմ մենամարտի սրված դաշույնի»:

* * *
Ողջ կյանքը նրանք սպասում էին, այդ պատճառով չհասցրին ճանաչել իրենք իրենց:
Լավագույն դաշնակիցը նա է, ով, դեռևս քեզ մոտենալիս, արդեն լսում է սեփական քայլերում քոնի արձագանքները:
«Անընդհատ հեռանալով, դու ինձ ավելի ու ավելի ես մոտեցնում հենց ինձ»,- գրում էր մի իմաստուն:
«Մեզ հարազատացնում է թափառումը»:
Մտածելով ուրվագծել հորիզոնը, դու ծուղակ ես ստեղծում:
«Եթե նա քեզ հետ խոսում է ճշմարտության մասին, խոսքը տար գետի ջրի կողմը: Եթե նա խոսի գետի ջրի մասին, հարցրու, որտեղ է նա լողացել: Եթե նա ասի, թե որտեղ է լողացել, հարցրու, թե ինչ գույնի էր ջուրը: Եթե նա քեզ ասի ջրի գույնը, կեզրակացնես, որ նա միշտ հիմնվել է բացարձակի վրա, և կհասկանաս, թե ինչու էր քեզ ողջ կյանքում կրծում կասկածը»,- գրում էր իմաստունը:
Եվ այնուհետև` «Ճշմարտությունը Աստծո ձայնն է` հանդերձավորված ճշմարիտով և կասկածներով բոլորված»:
Արժե՞ արդյոք մահվանը պաղատել գթության համար, եթե մենք նախօրոք գիտենք, որ նրան չենք հանդիպելու:
«Մենք անբաժան ենք, քանզի խեղված ենք:
«Կնշանակի, մենք միայն մի ընտրություն ունենք` փոխվել կամ միավորվել»,- ասում էր նա:
Ընտրելը` իմ իրավունքն է:

Թարգմ. Վարդան ՖԵՐԵՇԵԹՅԱՆ

ՄԱՅՐ ԹԵՐԵԶԱ

15 Հնվ

Այս տողերը գրված են Մայր Թերեզայի` Կատմանդուում գտնվող սենյակի պատին:

Կյանքը հնարավորություն է, բաց մի թող այն:
Կյանքը գեղեցկություն է, հիացիր:
Կյանքը քո առաքելությունն է, կատարիր այն:
Կյանքը խաղ է, խաղա:
Կյանքը սեր է, սիրիր:
Կյանքը գաղտնիք է, բացահայտիր:
Կյանքը ողբերգություն է, դիմացիր:
Կյանքը կյանք է, փրկիր այն:
Կյանքը երջանկություն է, արարիր այն ինքդ:
Արժե ապրել, մի ոչնչացրու քո կյանքը:

Մայր Թերեզայի պատվիրաններից

1. Դու կարող ես լինել բարի ու ազնիվ, բայց մարդիկ քեզ կմեղադրեն կեղծավորության ու նենգ նպատակների մեջ: Միևնույն է, եղիր բարի և ազնիվ:
2. Դու կարող ես երջանկություն ու հոգու խաղաղություն գտնել, մարդիկ կնախանձեն քեզ: Միևնույն է, եղիր երջանիկ:
3. Այն, ինչ կկառուցես տարիների ընթացքում, ինչ-որ մեկը կքանդի մեկ օրում: Միևնույն է, կառուցիր:
4. Եվ ի վերջո դու կհասկանաս, որ այդ ամենը տեղի է ունեցել քո և մարդկանց միջև: Այդ ամենը տեղի է ունեցել քո և Աստծո միջև…

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ

25 Դկտ

Զոհաբերի՛ր…
Զոհաբերի՛ր անվերջ` առանց մնացորդի:
Սովորի՛ր եւ սիրի՛ր զոհաբերել ու տանջվել բավականության լուսափայլ ժպիտը երեսիդ … և դու կմոտենաս Աստծուն, դու կդառնաս մարդ-Աստված: Այդպես է պատգամում իմ մարգարեն իր հրեղեն խոսքը…
Մոռացի՛ր քեզ…
Հանուն թշվառների մոռացիր քեզ, երբ հազար հազարներին սև ցավն է ընկերանում, բռնակալ կարիքը նեղում…
Ուրախ քրքջալու ժամին մի՛ մոռանա, որ դառնորեն լացողներ կան…
Սիրի՛ր թշվառին, ծառայի՛ր սրան, թող քո ցավը` թշվառի ցավը, քո Աստվածը` թշվառի Աստվածը լինի: Այդպես է պատգամում իմ մարգարեն իր ազատ խոսքը …
Եղի՛ր հպարտ…
Գոյությունդ քարշ տալու համար մի՛ սողա, մի՛ ստորանա եւ մի՛ ստիր։ Ստել` նշանակում է հայհոյել ճշմարիտը, ուրանալ` նշանակում է դադարել մարդ լինելուց …
Եղի՛ր ազատ…
Գիտակից ստրուկի և հանցագործի մեջ չկա տարբերություն: Խոնարհի՛ր ճակատդ միայն իդեալի առաջ, միայն իդեալիդ ազատ գերին եղիր…
Եղի՛ր բացարձակ …
Եվ ո՛չ մի զիջում: Հանցանք է զիջելը: Զիջել` նշանակում է թույլ լինել, ամոթալի պարտություն կրել: Այսպես է պատգամում իմ մարգարեն իր աստվածաշունչ խոսքը և հոգիս` նրա հրեղեն պատգամներին գերի, վեհորեն իր թևերն է պարզում…

%d bloggers like this: