Tag Archives: Աստվածաշունչ

ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ

18 Դկտ

ՄԻ՞ԹԵ ԱՅՍՕՐ ՀԵՆՑ ԱՅԴ ՕՐԸ ՉԷ

Մի միտք անդադրում այցելում է ինձ. այսօր հենց այն օրն է: Բայց ամեն անգամ պարզվում է, որ այն չէ, թեև երբեմն հենց այդ օրն է, որ կա:
Այսօր ես կգրեմ իսկական մի բան, այսօր հարկ չի լինի մտածել, թե ինչպես այդ անել, դա կսատցվի ինքնիրեն, ես պարզապես չեմ կարող ոչինչ փչացնել, մեծ օր է, իմ օրը, իմ անսխալականության օրը:
Ինձ ամբողջ ժամանակ մի հարց է տանջում. ո՞վ է հորինում կատակները: Իմ կարծիքով, ոչ ոք դա չգիտի: Կատակներն իրենք իրենց չեն ծնվում, սակայն երբեք ոչ ոք չի փորձել հետևել, թե ով է դրանք հորինում: Եվ հետո, ես հաճախ եմ մտորում (սրանք արդեն բացարձակապես այլ կարգի մտքեր են), մտորում եմ ուրիշ գրողների, իմ բարեկամների կամ հին թշնամիների մասին: Նրանցից մեկին ես գիտեմ արդեն 33 տարի, նա հոյակապ ընթերցող է, երդվում եմ, ավելի լավ ընթերցող, քան գրող: Նա գրելը թողեց 30 տարի առաջ, թեև մինչև այժմ էլ իրեն այնպես է պահում, իբր չի էլ փոխվել և կարծում է, որ այդ բոլոր տարիներին ինքը գերազանց վիճակում է ու գրում է սքանչելի գրքեր: Այս գրողը, կարդալով գիրքը, նետվում է դեպի մեքենան և կտրում 10 մղոն` հասնելու մեկ այլ գրողի մոտ, որպեսզի ասի նրան. «Ես չեմ կարողանում կարդալ Վիլյամ Ֆոլկներին, տղան գաղափար չունի այն մասին, թե ինչպես են գրում, նա, երևում է, երբեք չի վերընթերցում այն, ինչ գրում է, նրա մոտ նույնիսկ չկան տրոհման նշանները, ես պարզապես ստիպեցի ինձ ընթերցել նրա նոր գիրքը, սակայն այն կարդալ անհնար է»:
— Այդ դեպքում, ինչո՞ւ այն կարդացիր:
— Սրբավայր: Անխուսափելի, ինչպես սապատավորի ճիչը «Փարիզի Աստվածամոր տաճարը» գրքից, ի դեպ, «Սրբավայր»՝ դա գրքի անունն է, թեև ես դա այնտեղ չտեսա:
Իսկ էլի մի քանի տարի անց այդ նույն գրողը սլացավ 400 մղոն, որպեսզի զրուցի մի գրողի հետ, որը սեփական կոկորդը խցկեց կոտորակի հրացանը և ինքնասպան եղավ:
-Ինչպե՞ս են նրանք դա անում:
— Չգիտեմ:
Իսկ հետո ես հիշեցի մեկ այլ գրողի, որը ոչ միայն գրել, այլև կարդալ չգիտեր. ճիշտ է, այն բանին, ինչը կարողանում էր անել, նա նվիրել էր ութ տարի անընդմեջ, իսկ դրանից հետո սիրտը չդիմացավ, և նրա կինը դարձավ այրի, իսկ երկու երեխաները` կիսով չափ որբեր: Զբաղվում էր նա ահա թե ինչով. նա կինոսցենարներ էր գրում, բայց անում էր դա լրջորեն. դրանում էր, իրավամբ, նրա հաջողության գաղտնիքը, որովհետև նրանք, ովքեր ֆիլմեր են նկարահանում, սիրում են լրջորեն վերաբերվել գործին: Սարսափելի կլիներ, եթե բոլորը, բացառությամբ երևի ինձ, գործին չվերաբերվեին լրջորեն:
Վերցնենք, օրինակ, թատրոնը. ներկայացում է գնում, դերասանները ինչ-որ բան են ցուցադրում, դահլիճը ծափահարում է, դերասաններին նորից ու նորից բեմ են կանչում. ես չեմ կարող դա լուրջ ընդունել, ես խղճում եմ դրամատուրգին, որն այդ րոպեին երևակայում է, թե այդ ամենն իր վաստակն է, ես խղճում եմ դերասաններին, որոնք արժանապատվությամբ արբենում են ծափերով, այդպիսի տեսարանների դեպքում արցունքոտվում են իմ աչքերը, բայց այս բոլորը միասին թվում են իբրև կատակ, թեև ես չգիտեմ որևէ մեկին, ով սա իբրև կատակ կընդուներ:
Ամենքն ամեն ինչ լուրջ են ընդունում: Գնացեք վարսավիրանոց՝ մազերը հարդարելու և դուք կտեսնեք, թե ինչպիսի կարևորությամբ է վարսավիրը վերաբերվում իր գործին. նա երևակայում է, թե ձեզ համար ինչ-որ անսովոր մի սանրվածք է կառուցում, և հենց ինքն իրեն երևակայում է որպես անսովոր մի անձնավորություն, իբր այն անբաններից չէ, որ խմում են 10 տարուց ոչ ավելի: Նա լրջորեն է վերաբերվում սափրելուն ու խուզելուն, նրան թվում է, թե դրանց չի կարելի անլուրջ վերաբերվել: Եթե սովորեցնես օրանգուտանին խուզել կրկնակի արագ և կրկանակի լավ, վարսավիրը կասի. «Ջահելին հիպնոսացրել են: Հիպնոսը կանցնի ու նրա աշխատանքը գրոշ կարժենա»:
Երբ ես այսօր առավոտյան արթնացա՝ բացականչեցի. «Այսօր հենց այդ օրն է»:
Եթե ես սափրված եմ, ինձ համար միևնույն է, թե ինչպիսի տեսք ունեմ: Ինչպես ծեր շրջմոլիկը, որ ճաշի ընդմիջման ժամին կանգնում է դատարկվող խանութի դռների առջև: Ինձ համար միևնույն է, քանի որ ես գիտեմ ճշմարտությունը. ես երիտասարդ եմ, ես գեղեցիկ եմ, ես գրող եմ, և այսօր իմ օրն է: Ռադիոյով երգում է Չաբի Չեկերը, և ես երգում էի նրա հետ. «Թաթախիր, մամա, բլիթը մուրաբայի մեջ»:
Իսկ հետո կանգնեցի ցնցուղի տակ: Բայց գուցե ինչ-որ մեկը տարակուսում է, որ այս տղամարդն արդեն 55 տարեկան է: Ինձ չի շփոթեցնում: Թողեք ինձ` խմեմ մի բաժակ սուրճ ու ծխեմ առանց ֆիլտրի մի սիգարետ, և դուք կտեսնեք:
Գրե՞լ: Ծերուկ, ախր ես կարող եմ մի շնչով գրել Սուրբ Աստվածաշունչը, բայց նախ պետք է փորձել մի շնչով 6-7 ուրիշ գործեր անել: Այնպես որ, Աստվածաշունչը այսօր չեմ գրի, աստված նրա հետ: Կարող եմ թեկուզ գրել ավետարանը: Գրազ գանք մի բաժակ սև սուրճի վրա, երկու բաժակ, երեք, ամբողջ աշխարհի վրա, առավոտի վրա, կյանքի վրա, ինձ վրա. Երբևիցե տեսե՞լ եք այսպիսի խաղագումարներ:
Ըմպում եմ սուճի առաջին բաժակը, բացում եմ «Չեստերֆիլդի» նոր տուփը, դուրս եմ քաշում նոր ծխախոտը, չրխկացնում եմ լուցկին, խորը ներս քաշելում վառում եմ ծխախոտը. «Ծերուկ, այսօր հենց այն օրն է»: Մտահղացումնե՞ր: Որքան պետք է: Կերպարնե՞ր: Այդպիսի կերպարներ երազում չի տեսել ոչ մի գրող: Իսկ այնտեղ` ներսում ծխախոտի ծուխը պարուրում է քնած շներին, և նրանք սկսում են ուրախ ցատկոտել և նետվում են հետապնդելու նենգ շեկլիկ աղվեսին. այսօր մենք կբռնենք և այդ գրողին, և շանը, և աղվեսին, և վարպետությանը, և մնացած բոլորին: Մեզ ոչինչ չի կանգնեցնի, և մեզ մոտ ամեն ինչ կլինի ինչպես առաջին անգամ, հա, և հանուն հոյակապ հոնորարի: Եվ չի գտնվի աշխարհում մի խմբագիր, որը թերթելով իմ ձեռագիրը համարձակվի հայտարարել (ինչպես սովորաբար հայտարարում են` լուրջ ընդունելով քեզ). «Մեզ դուր եկավ սկիզբը, միջնամասը թերևս անհարթ է, բայց երբ մենք կարդացինք մինչև վերջ, մեզ մոտ ստեղծվեց այնպիսի տպավորություն, որ մեզ խաբում են»: Դրա փոխարեն նա կասի. «Լավ, միայն խելամիտ լինենք հոնորարի վերաբերմամբ: Մենք կարող ենք առաջարկել Ձեզ շաբաթը երկու անգամ երեք միլիոնից ոչ ավել, դա բոլոր դեպքերում փող է: Եվ մի մոռացեք, որ ձեզ մոտ ընդամենը պատմվածք է, եթե կուզեք, բացիեբաց, մենք կցանկանայինք ստանալ այն, թեև մեզնից ոչ ոք չի կարող հասկանալ, թե ինչու ենք մենք այդպես ուզում, այդ պատճառով էլ եղեք խելամիտ փողերի հարցում, որը Դուք դրա փոխարեն ուզում եք»:
Ամբողջ 44 րոպե ձգվեց հենց այն օրը: Դա ոչ միայն օր էր, որին ես սպասում էի մի ամբողջ կյանք, դա օր էր, որին սպասում է յուրաքանչյուրը: Եվ ես ինձ զգացի հենց այն ընտրյալը, որի մոտ այդ օրը պիտի գա վերջիվերջո: Ես այնքան էի ինձ ընտրյալ զգում, որ ի վիճակի էի իմ մեջ կրել սեփական «ես»-ը՝ ամեն ինչում կասկածող, ոչնչի չհավատացող, անբարեհամբույր, արհամարհող, հոգնած ու հագեցած «ես»-ը, որ միշտ կփնթփնթա իր քթի տակ. «Պետք չէ հուսահատվել»:
Ես ցանկանում էի բարյացկամ լինել նաև նրա հանդեպ` իմ ծույլ, հաստլիկ «ես»-ի, եթե կարելի է, նույնիսկ մեծահոգի, անտարբեր` նրա վիրավորանքների հանդեպ, լինել այնպիսին, ինչպիսին նա՝ անքմահաճ, այնպիսին, ինչպիսին նա եղել է միշտ, և ես ուզում էի, որ իմ «ես»-ը դա իմանա, որ ես չեմ զգում ամենաչնչին իսկ գերազանցություն իր նկատմամբ: «Թող գա մեզ հետ, իսկ ինչո՞ւ ոչ»: Սահմաններ չճանաչող ազնվություն, անհատնելի բարություն, անծայր քրիստոնեական հեզություն:
Լույսը բացվեց, ծերուկ, և շուրջն ամեն ինչ կենդանացավ, ինչ-որ տեղ արթնացավ արևածաղիկը, և նրա շուրջը պտտվեց մեղուն, պտտվեց ոսկեգույն, ծիծաղկոտ արևի շուրջը` դեղին ծաղկաթերթերով, մեղուն` արբած թմրեցնող բույրով ու շլացուցիչ գույներով:
Նորից ամեն ինչ առաջվա պես է, չէ՞, ծերուկ: Ամեն ինչ առաջվա պես է, ասես չվացուցակով, ճիշտ չէ՞: Այսօր պետք է լինի հենց այդ օրը, այս ինչ կատակներ են, այս ինչ պատմություններ են, այս ինչ կերպարներ են, այս ինչ զվարճություն է, այս ինչ արվեստ է, այս ինչ ծիծաղ է, այս ինչ անպետք գրքեր են, այս ինչ հոյակապ անպետք գրքեր են, և ինչպիսի ընթերցողներ կծնի նա կիսամեռների մթության մեջ, կիսաքուն հիմարներին նա կդարձնի խելամիտ, հազվագյուտ ընթերցողներ:
Նստեցրեք ինձ իմ հին սեղանի առաջ, իմ հին գրամեքենայի առաջ, և դուք կտեսնեք, թե ինչ կկատարվի` չնայած իմ 55 տարիներին, չնայած իմ սարսափելի կախությանը 1939 թվից (միայն վերջերս ես դադարեցի դրա վրա ուշադրություն դարձնել), չնայած քրոնիկական կատառին, վաղուց չնկատվող կիսախուլ ականջին, որը, ճիշտ է, գերազանց լսում է «Թաթախիր, մամա, բլիթը մուրաբայի մեջ», կիսակույր աջ աչքիս, որից, ճիշտ է, կարելի է հոյակապ օգտվել իբրև ձախի լրացում, մոտեցրեք ինձ լավ հին մաքուր թղթի տուփին, և դուք կտեսնեք, թե ինչպես 6-7 թերթ կլցվի կախարդությամբ:
Սյուժե՞: Ո՞ւմ է պետք սյուժեն: Ձև՞, ամբողջությո՞ւն, ո՞ճ: Ո՞մ են դրանք պետք, երբ աշխարհը նորից է ծնվում, ծերուկ, վաղը գալիս է հենց այն օրը, իսկ այսօր վաղն է որ կա, մի փոքր հետաձգված` միայն ու միայն 55 տարի անձրևի, հարբուխի, դպրոցի, աշխատանքի, պատերազմի, կինոյի, նորությունների, մեծ նորությունների, վերջին նորությունների պատճառով, բայց նրան այլևս չեն հետաձգի, հիմա վերջապես նա եկել է ճիշտ ըստ չվացուցակի, ինչպես խոստացել էր, անհապաղ, անհրաժեշտ, ինչպես սուրճի չորրորդ բաժակը, անհրաժեշտ ու հավերժ, և այդ ամենը նրա համար, որովհետև կամ ես` պարզամիտներից ամենաանմեղս, անկիրթ գրողս, իր տեսակի մեջ միակ ժանրի անգրագետ հիմնադիրս, ձևեր ոչնչացնողս, ոչ պատմվածքներ, ոչ վեպեր, ոչ էսսե, ոչ դատական հայցեր, ոչ կտակ, ոչ անվճար բրոշյուրներ 100 դոլար թոշակով երջանիկ կյանքի մասին, ոչ գնացուցակներ, ոչ կատալոգներ, ոչ տեղեկատուներ, ոչ հեռախոսային գրքեր չճանաչողս:
Սուրճը համարում են վնասակար, որովհետև նրա մեջ նավթ կա, որից խոց է առաջանում, ծխախոտները` որովհետև քաղցկեղ են հարուցում, աշխարհը` որովհետև այն ոչնչություն է, ապրելու ձգտումը վնասակար է, որովհետև ապրելը հիմարություն է, և հետո միևնույն է` դա երկար չի տևելու: Հավատը վնասակար է, որովհետև արդարացված չէ: Եկող օրվանից ինչ-որ լավ բանի սպասումը վնասակար է, որովհետև այդ սպասումները դեռ երբեք չեն հատուցվել: Կաղության, կատառի, ծանրալուրության և կիսակուրության մասին մոռանալը վնասակար է, որովհետև բոլոր դրանք այստեղ՝ իմ մեջ են, քմծիծաղ են տալիս և հենց միայն նրան են սպասում, որ ցանկացած րոպե գլուխներն ազատեն ինձնից: Հիշել կատակները, զվարճությունները, մեր ընկերուհիներին և նրանց հետ` մեր ընդհանուր երեխաներին, վնասակար է, որովհետև որտե՞ղ է հիմա այդ բոլորը, որտե՞ղ են հիմա բոլոր նրանք: Վնասակար է ամեն ինչ, որովհետև ամեն ինչ միշտ վնասակար է, այդ բանը չգիտեն միայն գրողները, նրանք երբեք դա չեն յուրացնի, նրանք հրաժարվում են դա հասկանալ, նրանք բութերից էլ բութ են և չեն հոգնում կրկնելուց. «Այսօր հենց այդ օրն է»՝ չընդունելով ոչ ոքի ու ոչինչ լրջորեն, բացի հենց այդ օրից, այնպես որ այստեղ ամեն ինչ պարզից էլ պարզ է: Այսպիսով, գրողը նստում է, այսպիսով, ես նստեցի, այսպիսով, ինչ-որ մեկը այնտեղ նստեց 12 ժամ, առավոտյան ժամը 6-ին Սան Ֆրանցիսկոյում, դեռ լույսը չբացված, «Թաթախիր, մամա, բլիթը մուրաբայի մեջ», հա, ի դեպ, ի՞նչ կասեք այն տղաների մասին, ովքեր երգեր են հորինում և հավասարապես նրանց մասին, ովքեր դրանք երգում են:
Սովորաբար ես պառկում են գիշերվա 1-ին, քնում եմ մինչև 3-ը, միացնում եմ տրանզիստորը, և ահա նրանք բոլորը նորից ինձ հետ են` արհամարհելի Քլիֆթոն Ֆեյդիմանի, ծիծաղելի Մարիա Մաննեսի հետ, կրկին բոլոր նրանք, շեկլիկ աղվեսների հետապնդման կոչ անելով և բացարձակապես անտարբեր «Սաթրդի ռեվյու»-ում քննարկվող ֆինանսական ճգնաժամի նկատմամբ, սնանկացման նկատմամբ, որը տարածվում է ավելի լայնորեն, որովհետև ոչ ոք չի հասկանում դրա անխուսափելիությունը. Էլվիս Փրեսլի, Ռեյ Չարլզ, Ֆետս Դոմինո, Չաբբի Չեկեր և ամեն տեսակ աղջիկներ, շատ անուշ աղջիկներ, որոնք երգում են այն մասին, թե «նա թափառող հրաշք է» կամ «ես քոնը չեմ լինի, եթե միայն դու չգաս անհապաղ»:
Ոչ ոք նրանցից, ով գոնե ինչ-որ բան նշանակում է, ոչ մի հպարտություն չի զգում այդ բոլոր երգիչների ու երգչուհիների համար, բայց չէ որ, ինչ մեղքս թաքցնեմ, նրանք ինչ-որ բանի մասին պատմում են, իսկ մենք` գրողներս՝ ոչ: Մենք արվեստի գործեր ենք ստեղծում, մենք ճաշակում ենք գերազանցության զգացումը, մենք ամեն ինչի լավատեղյակ ենք, ճիշտ չէ՞: Մենք գրում ենք պատմվածքներ, վեպեր, պիեսներ, բանաստեղծություններ, առաջնորդող հոդվածներ, ճիշտ չէ՞: Մենք լուրջ դպրոցներում ենք սովորել, և այդ բոլորը լուրջ ենք ընդունել:
Իսկ ես հպարտանում եմ նրանցով` այդ երգիչներով: Ես նույնիսկ հպարտանում եմ այն աղջիկներով, որոնք հավաքվել են խմբերով ու վանկարկում են բիթլզներին` լիվերպուլցի 4 զարմանալի տղաներին, որոնք գլխի ընկան, թե ինչպես կարելի է յոլա գնալ առանց վարսավիրի ու ընդհանրապես այդ մասին չմտածել, և բացի այդ, հավանաբար, նույնիսկ չեն հասկանում իրենց երջանկությունը: Ես հպարտանում եմ Ջոն Կաշով, Ֆերլի Հասկիով, Մերվին Ռեյնուոթերով և Փիթ Սիգերով. «Տիկ-տակ»,- երգում է Փիթը առավոտյան ժամը 3-ին, նրանք բոլորն այդ «տիկ-տակ»-ից են դուրս եկել, բոլոր այդ հաճելի տղաները, որոնք գնում են վարսավիրի մոտ և հենց այնտեղ իրենք են դառնում վարսահարդարներ ու դրան վերաբերվում են լրջորեն: Եվ ես հպարտանում եմ հաղթանդամ, գեր տղայով` իմ սեփական ընկերոջով,- չեմ կարողանում հիշել նրա անունը,- ով մի անգան զանգահարեց ինձ, երբ կարծեց, որ դա անհրաժեշտ է ու ասաց. «Ինչո՞վ քեզ օգնեմ, ծերուկ»,- այսինքն՝ չասաց, այլ երգեց (նա երբեք երգերց տող խցկելու առիթը բաց չէր թողնում), «և աչքերս լցվեցին դառն արցունքներով»: Իսկ հետո մի անգամ ես լսեցի, թե ինչպես էր նա ռադիոյով դա երգում և նույնիսկ ձայնակցեցի այդ տողը որդուս և դստրիկիս հետ,- մենք տաքսիով Չիկա էինք գնում,- և նեգր վարորդը թեքվեց դեպի մեզ ու ծիծաղեց. «Սըր, սա ախր իմ սիրած երգն է»: Բայց Բերլ Իվսից լավ ոչ ոք չի երգում, նույնիսկ Բոբ Ուիլսը, նույնիսկ «Չիկագոյի անբանները», երբ երգում են «Ռոզային` Նյու Սան Անտոնիայից», նույնիսկ «Առաջին նորաբնակների որդիները», երբ երգում են՝ «Արվեստ, ինչ գեղեցիկ ես դու»: Այո, երգիչներին դա մատչելի է, և նրանց մոտ դա ստացվում է: Եվ զվարճացողների մոտ, և կոմեդիանտների մոտ` նույնպես, իսկ ահա համարյա մնացած բոլորի մոտ` ոչ:
Հենց նույն այդ օրն էր, և ես որոշեցի, թեև դա անհեթեթ էր, անհույս ու անօգուտ, և ես գիտեի այդ մասին, ինչպես հեռուստացույցի միջի այն ֆիննը` Ինսբրուկի իններորդ ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ, որը գլխահակ անշարժացել էր ցատկահարթակի վրա, և որի մասին մեկնաբանը հարցրեց դահուկների չեմպիոնուհուն. «Նա, ի՞նչ է, աղոթու՞մ է»: Եվ այդ ֆիննի փոխարեն զգացի, թե ինչպես անհեթեթ, անհնարին, անտեղի, հիմար ու ծիծաղելի է բոլորից լավ չթռչելը, որպեսզի քեզ հետապնդեն ինչպես հիմար շեկ աղվեսի, այնպես, որ ծիծաղես: Եվ այստեղ ֆիննը բարձրացրեց գլուխը, շտկեց կուրծքը ու գնաց: Ես հիշում եմ, թե ինչպես նա պոկվեց տեղից և սլացավ առաջ: Նա կատարեց այս աշխարհի ամենալավ ցատկը, ու ես այն ժամանակ հասկացա նրա հետ մեկտեղ, որ դա հնարավոր է և որ ես նույնպես պարտավոր եմ փորձել, և նույնիսկ եթե ես այդ ժամանակ ջարդվելով արյունլվա լինեմ, դրա մեջ ևս իմաստ կլինի, որովհետև դու երբեք դա չես անի, քանի դեռ այդ անել չես փորձել, քանի դեռ դու չես կատարել այդ սատանայական ցատկը:
Այսօր, հենց որ ես վեր թռա անկողնուց, ես սկսեցի հաշվել հակառակ կարգով: Ես սկսեցի համարյա միլիոնից և անցա համարյա ամբողջը. 8, 7, 6, 5, 4, 3, 2, 1, մեկնարկ: Եվ ի՞նչ կատարվեց: Ոչինչ: Այդ դեպքում փորձիր մեկ անգամ էլ: 3, 2, 1, մեկնարկ: Ոչինչ:
Ինչու՞: Մի՞թե այսօր հենց այդ օրը չէ: Ուրեմն ի՞նչ է պատահել այդ օրվա հետ:
Մի անգամ ինչ-որ մեկը խռխռաց ձայնապնակից. «Ես տեսել եմ, թե ինչպես իմ ժամանակի ամենախելացի մարդիկ խելքները թռցրել են», բայց նույնիսկ երբ ես առաջին անգամ լսեցի դա,- առաջին անգամը նաև վերջինն էր,- դա բավական էր ինձ համար, ես չհավատացի. սրան տեսեք, երաժշտական փաստարկ է գտել, թեև ոչ այնքան անհիմն:
Բոլորը խելքները թռցնում են, ինքնասպան են լինում կամ մեռնում են և կարծում են, թե դա մեղք է… Ու՞մ մեղքն են դա կարծում: Մեդիսոն ավենյուի շանորդիների մեղքը, իբր նրանք երբեք խելքները չեն թռցնում, ինքնասպան չեն լինում, բանտ չեն ընկնում ու չեն մեռնում: Այնինչ նրանց հետ այնպիսի բաներ են պատահում: Միակ բանը, որ չի կատարվում, այն է, որ նրանք երբեք չեն ազդարարում, որ դա պոետների մեղքն է, որոնք բամբ ձայնով քրթմնջում են իրենց բանաստեղծությունները ձայնապնակներից:
Մեկ անգամ էլ փորձենք: 3, 2, 1, մեկնարկ: Նորից ոչինչ, գուցե լավ է սկսել սկզբից` միլիոնից, մի գումարից, որը բոլոր ամերիկացի եռանդուն տղաները առաջարկում են վաստակել մեկ կամ երկու տարում մինչ այն, երբ նախագահ կդառնան: Քանի դեռ ես հաշվում էի մինչև միլիոն, անցավ մոտ մեկ ժամ, թեև ես ամբողջ ժամանակ մեկից մյուսն էի թռչում, սակայն առաջվա պես ամեն ինչ անօգուտ էր, և ինձ թվաց, որ իբր ժամանակը կռահեց, թե դա ում մեղքն էր եղել: Կռահեց վաթսունվեց հարյուրերորդական վայրկյանում. դա իմ մեղքով էր:
Ես ընտրեցի անհավատարիմ, հիմար մասնագիտություն.- ոչինչ լուրջ չընդունել: Պետք էր ընտրել ինչ-որ մի գործնական զբաղմունք: Գրողի մասնագիտությունը բոլորովին այն չէ, ինչ պետք է, այն վնասակար է առողջության համար, ինչպես ծխելը, այն ճնշում է ապրելու և կյանքից ինչ-որ բան ակնկալելու ցանկությունը:
Ի՞նչ պատահեց այս օրվա հետ: Ի՞նչ պատահեց կատակների հետ: Ի՞նչ պատահեց գրողների հետ, որոնց ես ամբողջ ժամանակ հիշում էի: «Նրանք հեռացան»,- ինչպես երգում է Ֆերզին Հասկին: Դե ինչ, հեռացան` հեռացան, մի ուրիշ տեղ կփնտրենք այս օրը: Եվ այսպես, ես լքեցի իմ սեղանը, գրամեքենան, մաքուր թղթերով տուփը և ծով գնացի: Եկա լողափ, իսկ այնտեղ ոչ մի շունչ չկա, անգամ ճապոնացիները ձուկ չեն որսում: Ես թափառեցի, նայեցի, լսեցի, քարեր ու տաշեղներ հավաքեցի: Եվ ոչինչ: Կպչուն ավազից սկսեցին ցավել ոտներս, ականջս սկսեց խլանալ, կիսակույր աչքս մշուշվեց և իմ վերևում պտտվեցին ճայերը, ցածր-ցածր, կարծես ինձ մոտ նրանց հյուրասիրելու բան կար, կամ էլ ասես ես իսկապես ընտրյալ էի և նրանց պատվիրան էր տրված պտտվել իմ գլխավերևում, որպեսզի ավետվեր այդ մասին:
Ես ողջ օրը քաղցած թրև եկա` ծխախոտի համը բերանումս, համարյա այնպես փրչոտ, ինչպես բիթլզներից մեկը, որն անվերջ հիշում է մեռածներին, որոնք հուշերում թվում են կենդանի` նորից ու նորից վերադառնալով 1928, 1932, 1934 թվերին, երբ դեռ պատերազմ չկար, ռումբեր չկային, երբ բոլորը ծիծաղում էին, երբ դեռ մահը չկար, այն օրերին նույնիսկ մեռածները չէին մահանում և մարդիկ թաղելու էին գնում մտածելով. «Քեզ համար այնտեղ լավ կլինի, Ջո»: Իսկ երբ արևը սկսեց նստել ծովի վրա, ես ետ դարձա իմ սուրճի մոտ և, սատանան տանի, դա հրաշալի օր էր, թեև ոչ հենց այն օրը: Ես լավ էի զգում և, էլ ինչ արդարացում, ամեն ինչում մեղավոր էի միայն ես, բայց օրն անցավ, նորից անցավ:
Ինչ կարող ես անել: Ահա ես երգել չգիտեմ, իսկ այնպես կուզեի: Իմ երգերը այնքան էլ լավը չեն, և ես չեմ պատրաստվում դրանք այլևս ձայնագրել, ես նրանց ազատ եմ արձակում: Ես կարդալ չեմ կարողանում, որովհետև ես գրող եմ: Իմ մասնագիտությունը գրելն է, բայց գրել ես նույնպես չեմ կարողանում: Այսինքն գրել ես կարողանում եմ, բայց ես չեմ կարողանում գրել, ծերուկ: Բոլորը կարողանում են գրել և բոլորը գրում են, բայց այսքան անցած տարիներ հետո ես չեմ կարող գրել, ես չգիտեմ ինչպես: Այսինքն ես գիտեմ ինչպես, բայց ես չգիտեմ ինչպես: Ես մտածեցի` պետք է ձեզ այդ մասին ասել: Այնպես որ, ամեն ինչ կարգին է և ոչ նրա համար, որ վաղը ուրիշ օր է գալու, ամենևին ոչ, այլ որովհետև իրականում դա ամենևին այդպես չէ, վաղը չի գալու ուրիշ օր, վաղը կլինի հենց նույն այս օրը, բայց երբ բոլորել ես 55 տարին, միակը, հավանաբար, ինչից քեզ լավ ես զգում, դա նա է, որ դու երեկ ունես, հավերժ անիմանալի ու անբացատրելի: Իսկ մի՞թե, ծերուկ, երեկ մեծ օր չէր: Այդ դեպքում արի ամեն բան սկսենք սկզբից, խոսենք, ինչպես եղավ անցած ամառ: «Թաթախիր, մամա, բլիթը մուրաբայի մեջ»:

Թարգմ. Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: