Tag Archives: ասպետ

ՖՅՈԴՈՐ ՍՈԼՈԳՈՒԲ

8 Նյմ

Գերեվարված մահը

Վաղնջական ժամանակներում ապրում էր մի խիզախ ու անհաղթ ասպետ: Պատահեց մի անգամ, որ նա գերեվարեց մահվանը: Բերեց նրան իր ամրակուռ ամրոցը եւ նստեցրեց զնդանում: Մահը ոչինչ, նստած է իր համար, իսկ մարդիկ դադարեցին մահանալ: Ասպետը հրճվում եւ մտածում է.
— Հիմա լավ է, բայց տագնապալի, նրան հսկել է պետք: Ավելի լավ կլիներ իսպառ ջնջել:
Միայն թե ասպետն արդար էր, չէր կարող նրան առանց դատի սպանել: Ահա եկավ նա զնդանի մոտ, կանգնեց պատուհանիկի մոտ ու ասաց.
— Մահ, ես ուզում եմ գլուխդ կտրել, դու աշխարհում շատ չարիք ես գործել:
Սակայն մահը լռում ու լռում է: Ասպետն էլ ասում է.
— Ահա, քեզ ժամանակ եմ տալիս, պաշտպանվիր, թե կարող ես: Ի՞նչ կասես քեզ արդարացնելու համար: Իսկ մահը պատասխանում է.
— Ես քեզ ոչինչ չեմ ասի, բայց այ, թող կյանքը խոսի ինձ համար:
Եվ տեսավ ասպետը, կանգնած է նրա կողքին կյանքը, պարարտ ու շառագունած, բայց եւ՝ այլանդակ: Եվ սկսեց նա էնպիսի գեշ ու սրբապիղծ խոսքեր ասել, որ խիզախ ու անհաղթ ասպետը սրսփաց ու փութաց զնդանը բացել:
Գնաց մահը, եւ մարդիկ դարձյալ մահանում էին: Իր ժամին մահացավ եւ ասպետը, եւ երկրի երեսին ոչ մեկին նա չասաց այն, ինչ լսել էր կյանքից` այլանդակ ու պիղծ կնկանից:

%d bloggers like this: