Tag Archives: Աջարիա

Վախեցած Շևարդնաձեն կամ Ռոքի թունել-2

9 Դկտ

Բավական է, որ հայ-վրացական հարաբերություններում աննշան ջերմացման միտումներ նկատվեն, երբ անմիջապես գտնվում է մեկը, ով թեթև ձեռքով պղտորում է զուլալվող ջրերը: Այս անգամ իր ձեռքերը թացացնելուց չխորշեց Վրաստանի նախկին նախագահ Էդվարդ Շևարդնաձեն: Ծերուկին լուրջ անհանգստացրել էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այցը Վրաստան և առանձնապես այն փաստը, որ երկու երկրների միջև համաձայնություն էր ձեռք բերվել նոր թափ հաղորդել Գոդերձի լեռնանցքով Հայաստանն ու Բաթում քաղաքն իրար կապող մայրուղու շինարարությունը: Համատեղ ասուլիսի ժամանակ Հայաստանի նախագահն ասաց, որ «2012-ին շահագործման կհանձնվի «Հյուսիս-հարավ» մայրուղին, որը կմիանա Նինոծմինդա-Բաթում ճանապարհին, ինչը հնարավորություն կտա որակյալ ճանապարհով Պարսից ծոցից Վրաստան բեռներ փոխադրել», իսկ Վրաստանի նախագահ Սահակաշվիլին իր հերթին շեշտեց, թե դա ավելի կմեծացնի հայ զբոսաշրջիկների հոսքը Վրաստան:
Թվում է՝ ցանկությունների ու հեռանկարների մեջ դժվար է ուրիշ մի բան գտնել, քան երկկողմանի շահավետություն և փոխադարձ շահագրգռվածություն: Բայց արի ու տես, որ Շևարդնաձեին հաջողվեց երրորդն էլ գտնել, և դա այլ բան չէր, քան սպառնալիքը: Ըստ նրա, Հայաստանն Աջարիային կապող ավտոմայրուղու նախագիծը կարող է ժողովրդագրական խնդիրներ առաջացնել Վրաստանում: Ահա այսպես նա իր վախերը կիսեց «Ասավալ-Դասավալի» շաբաթաթերթին տված հարցազրույցում: Եվ որպեսզի սեփական հոգու տագնապներն էլ ավելի առարկայական մատուցվեն, Շևարդնաձեն հուսահատված բացականչեց. «Նայեք Աբխազիային. այնտեղ ավելի շատ հայեր են ապրում, քան աբխազներ»։ Ավելորդ է ասել, որ իրավիճակի գույները խտացնելու համար նրան ևս մի փաստարկ էլ էր անհրաժեշտ, և այդ նպատակի համար սկսեց ինչ-ինչ դատողություններ անել այն մասին, թե իբր չի բացառում, որ Վրաստանի իշխանությունները զիջման կգնան, Հայաստանին կվերադարձնեն Վրաստանի տարածքում գտնվող «վիճելի եկեղեցիները» և այլն, և այլն:
Կա երկու տարբերակ այսպիսի մտքեր արտահայտելու համար: Կամ մարդը պիտի բացարձակ անտեղյակ լինի, կամ նա մտադրվել է միտումնաբար սադրանք հրահրել և թշնամանք սերմանել հայերի հանդեպ: Ինչ խոսք, Շևարդնաձեին անտեղյակ համարելը լուրջ չէ: Կնշանակի՝ մնում է երկրորդ տարբերակը: Եվ հիմա բացատրենք, թե ինչու: Վրաստանի հարավ-արևմուտքում գտնվող Աջարիայում, համաձայն վերջին տվյալների, ապրում են շուրջ 12 հազար հայեր, այն դեպքում, երբ այդ ինքնավար հանրապետության բնակչությունը կազմում է ավելի քան 380 հազար: Այժմ ինքներդ հաշվեք, թե դա որ տոկոսն է և որքանով կարող է իրենից ժողովրդագրական պատկերը փոփոխելու վտանգ ներկայացնել: Ավելորդ է նշելը, որ վրացիները Աջարիայի բնակչության 93, 4 տոկոսն են կազմում, իսկ, ասենք, ռուսները հայերից ավելին են: Ի դեպ, 20 տարի առաջ տեղի հայկական համայնքն ավելի մեծ էր. այն ժամանակ նրանց թիվը հասնում էր 20 հազարի: Ու եթե խոսելու լինենք ժողովրդագրության մասին, ապա ակնհայտը անկումն է, այլ ոչ թե աճը: Դրա հետ մեկտեղ մայրուղու առկայությամբ հոսք պայմանավորելը ու դեռ դա Աբխազիայի հետ համեմատելն առնվազն հիմարություն է: Ո՞վ չգիտի, որ արդեն քանի տարի փակ են ոչ միայն Հայաստանից դեպի Աբխազիա տանող ճանապարհները, այլև երկաթգիծը: Սակայն այսպիսի իրողությունները հազիվ թե Շևարդնաձեին խանգարեն իր ասելիքը պնդելու համար: Ու քանի որ առիթը ներկայացել է, ապա կարծում ենք, արժե նաև նշել, որ նման միտումը միայն զառամյալ գործչի մտասևեռումը չէ: Եկեք վերհիշենք, թե ինչպես էին ոչ հեռու անցյալում վրացի քաղաքականագետները մեղադրում սեփական կառավարությանն անհեռատեսության մեջ՝ նշելով, որ Ախալքալաք-Բաթում ավտոմայրուղու ստեղծման գաղափարն ընդունվել է այն իշխանական համակարգի կողմից, որը Վրաստանին հասցրեց ռազմական դրության և պետականության մասնատման: «Եթե ավտոմայրուղին դառնա ռուսական անձնագրերի բաժանման համաճարակի աղբյուր, թող ոչ ոք չնեղանա, եթե Վրաստանը դադարեցնի մայրուղու շինարարությունը»,- բացահայտ սպառնալիք էր հղում քաղաքագետ Սոսո Ցիսկարիշվիլին՝ հարցը տեղափոխելով միանգամայն այլ հարթություն: Այո, բազմաթիվ վրացիներ այսօր էլ Հայաստանից եկող ռուսական վտանգի ուրվականն են տեսնում և համոզված պնդում են, թե Երևան-Բաթում ավտոմայրուղին կարող է դառնալ «Ռոքի թունել-2»՝ հանգեցնելով Վրաստանի հերթական մասնատմանը: «Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ Գյումրիում տեղակայված ռուսական զորքն այդ ճանապահով չի շարժվի Վրաստան»,- կրկնում են նրանք: Իսկ եթե ասվածին գումարենք նաև այն, թե իբր մայրուղին կօգնի ջավախահայերին հանդես գալու Վրաստանի դեմ, ապա ամբողջական կդառնան այս ողջ սադրանքի ոչ միայն ծավալները, այլև անհեթեթության խորությունը: Նման պարագայում ուղղակի անիմաստ է դառնում մարդկանց բացատրել այն պարզ ճշմարտությունը, որ խնդիրները ծնվում են ոչ թե թունելներից կամ մայրուղիներից, այլ հանգամանքներից ու արատավոր քաղաքականությունից…
Վերադառնալով Շևարդնաձեի անձին, թերևս արժե մեջբերել Ռազմավարական և միջազգային հետազոտությունների վրացական հիմնադրամի ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Ռոնդելի մեկնաբանությունից մի հատված, որ վերաբերում է արծարծվող խնդրին. «Նա չափազանց շատ մեկնաբանություններ, գնահատականներ է տալիս, ընդ որում` դրանք ոչ միշտ են ադեկվատ: Հավանաբար, պատճառներց մեկը տարիքն է… Շևարդնաձեն հանգստի մեջ է, և, ըստ ամենայնի, ջանում է ռևանշի հասնել գործող իշխանությունների նկատմամբ: Նրա մեջ վիրավորանքն է խոսում»,-նշել է Ռոնդելին` ընդգծելով, որ ոչ մի էական գնահատական Շևարդնաձեի խոսքերի տակ պետք չէ փնտրել: «Այդ հայտարարությանն ընդհանրապես պետք չէ ուշադրություն դարձնել»,-եզրափակել է նա:
Ինչ խոսք, կարելի էր նաև ուշադրություն չդարձնել, եթե դա լիներ միակ ու վերջին ասույթը հայերի հասցեին: Կարելի էր նույնիսկ ըմբռնումով վերաբերվել, եթե Աջարիայի ժողովրդագրական ապագայով անհանգստացողները նշեին նաև այն մասին, թե վերջին մի քանի տարիների ընթացքում Բաթումում թուրքական խոշոր ընկերություններն ինչպիսի լուրջ ներդրումներ են անում, ինչպես են հայտնի թուրք գործարարները Աջարիայում տներ գնում, բնակություն հաստատում, և թուրքերի թիվն այդ վայրերում ինչպիսի զգալի աճել է արձանագրել: Բայց չէ: Ինչու՞ վիրավորել բարեկամ թուրքերին, եթե կան հայերը:
Իբրև ասվածի հավելում նշենք նաև, որ այս օրերին ակտիվացել են հայ-աջարական շփումները: Գործարարների, դիվանագետների ու պաշտոնյաների հանդիպումների ժամանակ քննարկվում են գյուղարտադրության, գյուղմթերքների վերամշակման, առևտրաշրջանառության բնագավառներում Հայաստանի ու Աջարիայի միջև համագործակցության զարգացման, ներդրումների խթանման հարցեր: Ծրագրվում է առաջիկայում Բաթումում անցկացնել հայկական մշակույթի օրեր: Անդրադարձ է եղել Աջարիայում հայ աշակերտների շրջանում հայոց լեզվի, գրականության և պատմության ուսուցման որակը բարձրացնելու անհրաշետությունը։ Ինչպես ասում են, քարավանը առաջ է շարժվում, որքան էլ մոտակայքից լսվում են այլ չորքոտանիների ձայները…

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Դուռդ բաց պահիր արյունակցիդ առաջ

16 Մյս

Այն պայմաններում, երբ անվերջ խոսվում է Հայաստանից մեկնել ցանկացողների ու արտագաղթի աղետալի ծավալների մասին, և հաճելի, և մի փոքր էլ զարմանալի է, որ հնարավոր է ականատեսը լինել նաև հակառակ պրոցեսին: Սակայն եղածը փաստ է. Ղրղզստանում բնակվող համշենահայերը մտադիր են բնակություն հաստատել Արցախում: ԼՂՀ-ում վերաբնակվելու ծրագիր մշակելու նպատակով արդեն Հայաստան է ժամանել Ղրղզստանի համշենահայ համայնքի ղեկավար Ռուսլան Կարաբաջակովը: Նա պատրաստվում է մեկնել Լեռնային Ղարաբաղ և տեղի իշխանությունների հետ քննարկել մոտ 200 ընտանիքի տեղափոխման հետ կապված հարցերը, ինչպես նաև ուսումնասիրել այն վայրերը, որոնք նորաբնակների համար կլինեն առավել նպաստավոր: «Մեր տեղն այստեղ է` Հայաստանում։ Ճակատագրի բերումով 250 տարի տեղից տեղ ենք գաղթել՝ Աջարիա, Միջին Ասիա… Վերջապես որոշել ենք ապաստան գտնել մեր հարազատ հողում»,- ասել է Կարաբաջակովը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համշենահայերը զբաղվում են հողագործությամբ ու անասնապահությամբ, տեղափոխվողները ցանկություն են հայտնել բնակության նոր վայրում շարունակել նույն զբաղմունքը, իսկ ընդունող կողմը կփորձի առավելագույնն անել` նրանց կենցաղին և զբաղմունքներին համապատասխան միջավայրի ձևավորման համար: Իբրև սկզբնական տարբերակ ասվում է, որ համշենահայերը բնակություն կհաստատեն ԼՂՀ Մարտակերտի շրջանում։ Իսկ եթե նույնիսկ տեղը վերանայվի, դարձյալ նրանց հող և տնտեսություն վարելու միջոցներ կհատկացվեն: Ծրագիրը կֆինանսավորվի այնքան ժամանակ, քանի դեռ հայրենադարձվածները լիովին չեն ինտեգրվել ու ոտքի չեն կանգնեն։ Նշենք նաև, որ պետական աջակցությունից բացի այս նախագծով հետաքրքրված են Մոսկվայի «Համշեն» հայրենակցական միության անդամները, ովքեր հնարավորության սահմաններում կօգնեն նրանց։
Ի դեպ, տեղին է վերհիշել, որ սա վերաբնակեցման առաջին փորձը չէ: Նման ցանկություն և անհրաժեշություն կար նաև 1980-ականների կեսին, երբ քրիստոնյա համշենահայերին Կրասնոդարի երկրամասից ու Աբխազիայից, իսկ մահմեդականներին՝ Միջին Ասիայից Լոռու գյուղերից մեկը տեղափոխելու ծրագիր էր մշակվել։ Սակայն Սպիտակի երկրաշարժից հետո այս գաղափարն իրականացնել այլևս չհաջողվեց։ Ու եթե նույնիսկ այժմ ասվում է այն մասին, որ ներկայիս նախաձեռնությանն ըստ էության նպաստում են Ղրղըզստանում առկա լարվածությունն ու մերթընդմերթ բռնկվող միջէթնիկական բախումները, դարձյալ ներգաղթը միայն այդ հանգամանքով պայմանավորելը սխալ պիտի դիտվի:
Ինչպես և պետք էր սպասել, Բաքուն իրեն հատուկ աղմկարարությամբ արձագանքեց հայկական կողմի որոշմանը: Նրանց առարկությունների էությունն արտացոլվեց Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին հղված նամակում, որտեղ կուսակցությունն իր բողոքը հայտնելով «օկուպացված տարածքներում այլ երկրներից հայկական ընտանիքների վերաբնակեցման» առնչությամբ, նշվում էր նաև, որ համաձայն ԵԱՀԿ դաշտային գնահատման առաքելության հաշվետվության, որը կազմվել էր 2010 թվականի հոկտեմբերի 7-ից 12-ը սահմանամերձ շրջանններ կատարած այցելության արդյունքում, «Հայաստանը ապօրինի կերպով վերաբնակեցնում է ադրբեջանական տարածքները և վերջին ժամանակներում այդ տարածքներ տեղափոխվել են 15 000 հայեր այլ երկրներից»:
Ինչ խոսք, եթե ծարագիրը կյանքի կոչվի, ոչ ոք ականջ չի կախի ադրբեջանական զազրախոսությանը: Հայկական կողմն այս խնդրում առավել քան շահագրգռված պիտի լինի, քանի որ հայրենակիցների վերադարձը մեծ հաշվով պետք է դիտարկել իբրև մեր անվտանգության բաղադրիչներից մեկը: Միայն թե բարի ցանկություններից այն կողմ դեռ գոյություն ունեն բազում խոչընդոտներ, որոնց հաղթահարման մասին մտահոգվելու ժամանակը թեև վաղուց էր եկել, սակայն, ինչպես ասում են, երբեք ուշ չէ: «Սա մի գործընթաց է, որին պետք է շատ լրջորեն մոտենալ: Նախ այդ գործընթացը սկսելուց առաջ անհրաժեշտ է լուրջ ենթակառուցվածքներ ստեղծել: Ցավոք, մենք այս առումով դառը փորձ ունենք: Ժամանակին մենք մարդկանց որոշ խմբերի խրախուսել ենք վերաբնակվել Արցախում, սակայն անհրաժեշտ ենթակառուցվածքների բացակայության պայմաններում մարդկանց մոտ հիասթափություն է առաջացել»,- անկեղծորեն հայտարարեց ԼՂՀ նախագահի աշխատակազմի Հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը: Հիասթափությունը նման պարագայում պիտի որ բազմաշերտ լինի: Տարիներ շարունակ մեր իշխանությունները հավաստիացնում էին, թե իրենք անհրաժեշտ ուշադրություն են հատկացնում հիշյալ խնդրին, ունեն ծրագրեր և միջոցներ են տրամադրում այդ նպատակի համար: Իսկ այժմ, երբ եկել է հարցին ուղղակիորեն առնչվելու ժամանակը, հանկարծ պարզվել է, որ փաստացի ոչինչ էլ արված չէ և մեծ հաշվով ամեն բան պիտի սկսվի զրոյից:
Ոմանք էլ համշենահայերի վերաբնակեցմանը հայացք նետեցին այլ դիտանկյունից: Ողջունելով նրանց տեղափոխման փաստը, դրա հետ մեկտեղ տեսակետ հնչեց այն մասին, որ վերջիններիս առջև կրոնափոխ լինելու և քրիստոնեություն ընդունելու պայմանն առաջինը պետք է դրվի։ Միանգամից ասենք, որ սա փոքր-ինչ չափազանցված ու ծայրահեղացված մոտեցում է: Չմոռանանք, որ մեծամասնությունը կրոնափոխության դիմել է հարկադրաբար, և այդ երևույթը դատապարտելուց առաջ թերևս արժե մի պահ պատկերացնել այն հանգամանքներն ու պայմանները, որոնց միջով անցել են այդ մարդիկ: Մյուս կողմից էլ կասկածից վեր է, որ հանրությունը համշենահայերի հարցի մասին պետք է դրսևորի մեկ ընդհանուր կեցվածք ու վերաբերմունք, ինչն ավելի դյուրին կդարձնի վերաինտեգրման գործընթացը: Այսինքն հարկ է աջակցել, այլ ոչ թե դատողություններ անել ու գնահատականներ տալ:
Պաշտոնական տվյալները վստահեցնում են, որ Լեռնային Ղարաբաղում և նրան հարակից տարածքներում վերջին տարիներին վերաբնակեցված անձանց թվի նկատելի տեղաշարժ է արձանագրվել, իսկ մի քանի ամիս առաջ ևս 200 ընտանիք տեղափոխվել են Քաշաթաղի շրջան: Դրա հետ մեկտեղ տեսնում ենք, որ Մերձավոր Արևելքի այն երկրներում, ուր հոծ հայկական համայնքներ կան և որտեղ այժմ բուռն ներքաղաքական իրադարձություններ են ծավալվում, ցանկացած պահի կացությունը կարող է դառնալ պայթյունավտանգ, ինչն իր հերթին ենթադրում է հայերի որոշ խմբերի վերադարձ Հայրենիք: Այս պարագայում մեր պատրաստվածության աստիճանը պարզապես պարտավոր է լինել փոքր-ինչ ավելին, քան առկա է:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: