Tag Archives: ապստամբություն

Ղազախստանի «խուլիգանական» խռովությունը

20 Դկտ

Հերթը հասավ Ղազախստանին: Գոնե արտաքուստ խաղաղ, կայուն, որևէ փոփոխություն չխոստացող այդ երկրում հանկարծ ամեն ինչ գլխիվայր շրջվեց, և դա այն օրը, երբ ղազախները պատրաստվում էին նշել իրենց անկախության 20- ամյակը: Ինչպես մյուս քաղաքներում, այնպես էլ Ժանաոզենում սպասվում էին տոնին նվիրված հանդիսություններ: Սակայն դրանց այս անգամ վիճակված էր աննախադեպ ավարտ ունենալ:
Նույնիսկ այսօր ամենահակասական տեղեկություններն են շրջանառվում անկարգությունների պատճառների ու հրահրման շարժառիթների մասին: Որոշ աղբյուրների համաձայն, դրանք սկսել են տեղի նավթային ընկերությունների նախկին աշխատակիցները, ովքեր զինված են եղել հրկիզող շշերով ու մահակներով: Շուրջ վեց ամիս գործադուլ հայտարարած նավթագործները բողոքում էին ցածր աշխատավարձի դեմ, և ահա փորձել են խոչընդոտել հրապարակում կայանալիք տոնական միջոցառմանը, ինչն էլ հարուցել է իրավապահների կոշտ հակազդեցությունը: Քաղաքում բախումներ սկսվեցին, իսկ հետո դրանց ալիքը շատ արագ տարածվեց Ղազախստանի արևմուտքում:
Այս վարկածին կարելի էր հավատ ընծայել: Միայն թե շատ չանցած ղազախական լրատվամիջոցները հայտնեցին այն մասին, թե իբր անկարգությունները հրահրել են կասկածելի «ծագմամբ», սև հագուստով երիտասարդները, ինչի արդյունքում ոստիկանությունն ու ներքին զորքերը կրակ են բացել ցուցարարների վրա: Իսկ ավելի ուշ երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ներկայացրեց դեպքերի զարգացման բոլորովին այլ տարբերակ: «Կենտրոնական հրապարակում Անկախության հոբելյանը տոնելու համար հավաքված խաղաղ քաղաքացիները հարձակման են ենթարկվել մի խումբ խուլիգանների կողմից…. Նավթային ընկերությունների աշխատակիցների աշխտանքային վեճը չպետք է խառնել բանդիտական տարրերի գործողություններրի հետ»,-հայտարարեց նա։
Ղազախները դեռ ժամանակ կունենան պարզելու, թե ինչպես «կայծից բոց բռնկվեց», իսկ մինչ այդ իրադարձությունները գնալով ծավալվեցին ու դարձան անկառավարելի: Ժանաոզենում տեղի ունեցած ցույցի մասնակիցներին աջակցելու համար մի խումբ մարդիկ արգելափակեցին երկաթգծով ընթացող գնացքների ճանապարհը և հրդեհեցին 3 բեռնատար գնացք ։ Հետո անկարգությունները շարունակվեցին Շետպեյի տարածքում, որտեղ այրեցին տոնածառը, կոտրեցին խանութների ապակիները ու հրկիզեցին մեքենաներ: Մինչև օրվա ավարտ կրակի ճարակ դարձավ 46 շինություն, այդ թվում` տեղական կառավարման ու նավթային «Օզենմունայգազ» ընկերության գրասենյակը: Ոստիկանությունը հայտարաեց, որ օրինախախտների գործողությունները սպառնում են խաղաղ բնակիչների կյանքին ու առողջությանը, այդ իսկ պատճառով իրենք ստիպված կրակ են բացելու: Եվ կրակեցին:
Այսօր խոսում են 15 զոհերի մասին: Սակայն իրավապաշտպանները պնդում են, որ զոհերի ու վիրավորների թիվն ավելի շատ է, քան հաղորդում է երկրի ՆԳՆ-ն: Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն, ընդհանուր առմամբ տուժել է 500-ից 800 մարդ: Պատմում են նաև, որ քաղաքի հիվանդանոցներում տեղ չկար բոլոր տուժածներին ընդունելու համար: Շատերին պարզապես տեղափոխել են մոտ 150 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ակտաու քաղաք: Իսկ հետո քաղաքը շրջափակվեց և զորք մտցվել: Արգելափակվեցին բջջային կապն ու ինտերնետը: Ամբողջ Ղազախստանում անջատվեց Twitter-ը, չէին գործում անկախ լրատվամիջոցների կայքերը: Այդ ընթացքում ոստիկանությունը հայտարարեց սկզբում 70 կասկածյալների, իսկ հաջորդ օրը՝ ևս 60 ձերբակալվածների մասին: Նշվում էր, թե դրանց մեծամասնությունը կասկածվում էր գողության մեջ: Ղազախստանի նախագահը Ժանաոզեն քաղաքում 20-օրյա արտակարգ դրություն մտցրեց: Այս օրերի ընթացքում գիշերները քաղաքի փողոցներում պարետային ժամ է սահմանվելու` արգելվելու են բոլոր ցույցերն ու հավաքները, իրականացվելու են անձնագրային ստուգումներ:
Թվում էր՝ կատարվածի իրավական գնահատականի համար հավելյալ փաստարկների անհրաժեշտություն չէր զգացվելու, եթե դեպքերից երեք օր անց Ներքին գործերի նախարար Կալմուհանբեթ Կասիմովը (որը ղեկավարում էր դրանց հետաքննության հատուկ խումբը) հանկարծ չհայտարարեր, որ «ապստամբությունը ճնշված է»: Սա արդեն տարակուսանքի լուրջ հիմքեր էր ստեղծում: Դեռ երեկ «մի խումբ խուլիգաններ» կոչված մարդիկ հաշված ժամերի ընթացքում դարձել էին ապստամբներ: Եվ դա արդեն բացատրություն էր ենթադրում, ինչն էլ չուշացավ, քանի որ շուտով երկրի պաշտոնատար անձինք հանդես եկան մեկ այլ հայտարարությամբ, ըստ որի տեղի ունեցած խռովությունների համար պատասխանատվությունն ընկնում է «օտարերկրացիների» վրա: Ղազախստանի նախագահի խորհրդականներից մեկն էլ իր հերթի հայտնեց, որ երկրի քաղաքացիների հիմնական մասը սատարում է նախագահին, իսկ արաբական պետություններում տեղի ունեցած հեղափոխությունների սցենարով իրադարձություններ «տեղի չեն ունենա»:
«Դրսի հետքը», որի վրա բարդվում է ամբողջ մեղքն ու պատասխանատվությունը, երբ հանկարծ աշխարհի որևէ անկյունում իրավիճակը դուրս է գալիս հսկողության շրջանակներից, Ղազախստանում նույնպես մեղադրանքների իր բաժինը ստացավ: Այժմ արդեն կարելի է ամբողջ կրքով ձեռնամուխ լինել «վհուկների որսին», Արևմուտքից ներթափանցած սադրիչներ որոնել, տեղի ունեցածի համար պատասխանատու հայտարարել «հանցավոր տարրերին, որոնք ցանկանում էին օգտվել ստեղծված իրավիճակից՝ իրենց հանցավոր նպատակների համար»: Դրա համար բոլոր նախադրյալները ստեղծված են, իսկ Նազարբաևն էլ հատուկ շեշտել է. «Մենք կբացահայտենք, թե որտեղից է գալիս ֆինանսավորումը և ով է դրանով զբաղվում»:
Դժվար է ասել, թե այս պայմաններում կողմերից որն առավել ձեռնահաս ու օպերատիվ կգտնվի: Մինչ Ղազախստանում մտմտում են, թե ինչպես պատժել մեղավորներին, այդ ընթացքում ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնախումբը մտահոգություն է հայտնել անկարգությունների ժամանակ բազմաթիվ մարդկանց մահվան կապակցությամբ: Հանձնախումբը Ղազախստանի իշխանություններին կոչ է արել անհապաղ հետաքննել միջադեպը ու հոգ տանել, որպեսզի անվտանգության ուժերը հասարակական կարգը պաշտպանելիս բռնության չդիմեն: Հեռուներից խոսել է նաև Human Rights Watch կազմակերպությունը՝ հանդես գալով Ժանաոզեն քաղաքում հեռուստահաղորդակցման ծառայությունները վերականգնելու օգտին: «Առանց արտաքին աշխարհի հետ շփման միջոցների Ժանաոզենի բնակիչները չափազանց խոցելի են»,- ասել են նրանք: Մյուս քայլերի մասին արդեն կարելի է կռահումներ չանել: Սցենարը վաղուց ծանոթ է, դերակատարները՝ նույնպես: Ինչպես ասում են, ոչինչ նոր չէ այս լույսի տակ:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: