Tag Archives: ԱՊՈԿԱԼԻՊՍԻՍ

Մի չկայացած աղետի տեսլականը

16 Դկտ

Իրանի գլխին հետզհետե կուտակվող սև ամպերի հեռանկարը երբեք Հայաստանի համար միևնույն չեն եղել: Մեր երկրում հրաշալի հասկանում են դրա հետևանքները: Սակայն այն «ապոկալիպսիսը», որն օրերս ներկայացրեցին ռուս վերլուծաբաններն ու ռազմական մասնագետները, ստիպում է փոքր-ինչ այլ հայացքով նայել իրականության աչքերի մեջ և պատրաստ լինել ամենամռայլ զարգացումներին: Մյուս կողմից թերևս պետք է հասկանալ, որ տվյալ պարագայում չի բացառվում գույներն անհարկի խտացնելու միտումը՝ ստեղծելով մի տպավորություն, որը չի կարող իր անդրադարձը չունենա ինչպես փոխադարձ վերաբերմունքների, այնպես էլ ապագա զարգացումները գնահատելու կողմնորոշման վրա:
Ի՞նչ են ասում այդ աղբյուրները: Նախ, նրանք վստահեցնում են, թե Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի և Իսրայելի հավանական հարձակման դեպքում Ռուսաստանը համարժեք հարված է նախապատրաստում, որի աշխատանքներն ընթանում են արդեն մեկ տարի: Սակայն տարվող միջոցառումների շրջանակում մեզ առավել հետաքրքրական են այն քայլերը, որոնք անմիջականորեն առնչվում են Հայաստանին: Իսկ այս մասին ասվում է, թե Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանն օպտիմալացվել է 2011 թ. հոկտեմբեր- նոյեմբերին և զինծառայողների ընտանիքները տեղափոխվել են Ռուսաստան: Դրա հետ մեկտեղ Երևանի մոտակայքում տեղակայված կայազորը կրճատվել է և տեղափոխվել Գյումրի`թուրքական սահմանի մոտ: Այսինքն, ենթադրվում է, որ հենց Թուրքիայի տարածքից ամերիկացիները կարող են հարված հասցնել, իսկ հարվածն էլ ուղղված կլինի անմիջականորեն մեր տարածքներին, այլապես ընտանիքների էվակուացիան այլ շարժառիթներ չէր կարող ունենալ:
Թե ինչ խնդիրներ պետք է կատարի 102-րդ ռազմակայանը, տվյալ պահին այնքան էլ պարզ չէ: Սակայն վերլուծաբանները միակարծիք են այն հարցում, որ, համաձայն իրենց ստացած տպավորությունների, ՌԴ պաշտպանության նախարարությունը մտահոգված է Հայաստանում տեղակայված ռազմակայանով, ինչը գնահատվում է ոչ այլ կերպ, քան Կովկասում Ռուսաստանի պատվար: Կրեմլն ակնհայտորեն զգուշանում է, որ ռազմակայանը կարող է դադարել՝ լինել աշխարհաքաղաքական ակտիվ, ինչի կորուստը պատերազմական գործողությունների մեկնարկի դեպքում աղետալի կլինի ռուսների համար: Միայն թե մխիթարիչ հանգամանքները քիչ են: Ընթացիկ տարվա ապրիլին Վրաստանը չեղյալ հայտարարեց պայմանագիրը, որը թույլ էր տալիս Ռուսաստանին ռազմական տարանցում իրականացնել դեպի Հայաստան: Ստացվում է այնպես, որ այժմ ռուս-հայկական զորախմբերը պարզապես մեկուսացված են այդ վայրում: Ռուսական զորակազմին անհրաժեշտ վառելիքը, սննդամթերքը և մնացած ամեն բան պետք է տեղափոխվի օդով: Իսկ Իրանում պատերազմի բռնկման պարագայում նման չվերթները կարող են դառնալ ոչ միայն դժվար, այլև նույնիսկ անհնար: Այս հանգամանքի առնչությամբ Կովկասում ռուսական բանակի փոխհրամանատար, գեներալ-լեյտենանտ Յուրի Նետկաչևն ասել է, թե Իրանում պատերազմը կստիպի Ռուսաստանին Վրաստանի տարածքով Հայաստանի զորակազմի համար մատակարարումների նոր ուղեգիծ փնտրել:
Սրա հետ մեկտեղ, և ոչ բոլորովին անհիմն, մտահոգիչ կանխատեսումներ են շրջանառվում այն մասին, թե իրադարձությունների աղետալի զարգացման պայմաններում ինչպես իրեն կդրսևորի Ադրբեջանը: Մասնավորապես, Քաղաքական կանխատեսումների կենտրոնի ղեկավար Անատոլի Ցիգանոկը խոստովանել է, որ Ռուսաստանը խիստ կասկածամտորեն է վերաբերվում ադրբեջանցիներին: Իսկ դրա համար հիմքերն առավել քան բավարար են: Այդ երկիրը վերջին երեք տարում ավելացրել է իր ռազմական բյուջեն, անօդաչու ինքնաթիռներ և ժամանակակից այլ զինատեսակներ գնել Իսրայելից: Ավելորդ չէ վերհիշել, որ Բաքուն նույնիսկ ճնշում է գործադրել Ռուսաստանի վրա` Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի օգտագործման համար ավելի բարձր վճար պահանջելով: Ու եթե դեռ ոմանք կարծում են, թե Ադրբեջանը ավելի հեռուն չի գնա և ուղղակի մասնակցություն չի ունենա Իրանի դեմ ռազմական արշավանքին, ապա քչերն են բացառում, որ Բաքուն իր հարվածի նշանակետ կունենա մեկ այլ ուղղություն՝ Լեռնային Ղարաբաղը: Նրանք կարող են հարված հասցնել Հայաստանին և ԼՂՀ-ին`տարածքները վերադարձնելու նպատակով, իսկ այդ պարագայում շատ բան կախված կլինի Ռուսաստանի վարքագծից: «Եթե Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ Իրանում պատերազմն օգտագործի Հայաստանում իր «փոքր» պատերազմի համար, Ռուսաստանը և հայկական զենիթային ուժերը կապահովեն օդից պաշտպանությունը Հայաստանի ողջ տարածքում: Տվյալ պահին դա չի կարող դիտարկվել որպես մասնակցություն մարտական գործողություններին: Ռուսական բանակը չի մասնակցի ռազմական գործողություններին Ղարաբաղի տարածքում, այդ մասին խոսք անգամ չի կարող լինել: Այնուամենայնիվ, ռուսական բանակը, հավանաբար, ստիպված կլինի պայքարել Հայաստանի ներսում, երբ զորքերն իրենք գտնվեն վտանգի տակ»,- հիշյալ հեռանկարի առիթով ասել է ռազմական փորձագետ, գնդապետ Վլադիմիր Պոպովը:
Հասկանալի է, որ այս ամենը դեռևս միայն ենթադրություններ են, թեև ոչ անհավանական: Ինչ վերաբերում է Գյումրիում տեղակայված ռազմակայանին, ապա վերջին օրերի ընթացքում այնտեղ կատարված դեպքերը լուրջ տագնապների և անհանգստությունների տեղիք չեն տալիս: Վերջերս հայտնի դարձավ, որ պահեստազոր ուղարկված անձնակազմի փոխարեն ժամանել են նոր սերժանտներ ու զինվորներ, ովքեր նախապատրաստություն են անցել Հարավային և Կենտրոնական զինվորական օկրուգների ուսումնական կենտրոններում: Զինվորականների ժամանակին տեղափոխումը կազմակերպելու համար ավելի քան 50 ավիաթռիչք էր իրականացվել, սակայն ռազմակայանում անձնակազմի թվի փոփոխություն տեղի չի ունեցել: Սրա հետ մեկտեղ տեղեկություն տարածվեց նաև այն մասին, որ ռազմակայանի ուսումնամարզական համալիրների նյութատեխնիկական բազան 30 տոկոսով թարմացվել է, մասնավորապես, պարապմունքներին պատրաստ են միավորման տանկակայանը, ավտոդրոմը, տանկային դիրեկտրիսան և զինվորական հրաձգարանը, նորոգվել են հսկիչ անցակետերը, ինչպես նաև զինամթերքի կառավարման և հանձնման կետերը: Բացի այդ, ամբողջովին վերականգնվել է ստորաբաժանումների ուսումնանյութական բազան, որն օգտագործվում է դաշտային պարապմունքների ժամանակ:
Այս ամենի հետ մեկտեղ, տարօրինակ զուգադիպությամբ, հենց երեկ ՀՀ կառավարությունը իր հերթական նիստում համաձայնություն տվեց «ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ՀՀ տարածքում ՌԴ սահմանապահ զորքերի տեղաբաշխման կետերի և դրանց տեղաբաշխման և օգտագործման համար ՀՀ սեփականությունը հանդիսացող հողատարածքների, զորանոցային և բնակելի ավանների հանձնման ու օգտագործման կարգի մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը։ Թե այս ամենը ինչ կարող է նշանակել, թողնում ենք ընթերցողի հայեցողությանն ու եզրահանգմանը: Միայն նշենք այն մասին, որ Հայաստանում «իրանական սցենարի» շուրջ կա մտահոգություն, սակայն չկա խուճապ: Երկրի իշխանություններն իրենց հերթին շարունակում են պահպանել խորը լռություն: Միայն թե դա երբեմն նմանվում է այն լռությանը, որը լինում է մեծ փոթորկից առաջ:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

ԱՊՈԿԱԼԻՊՍԻՍ

1 Ապր

Մարդ պիտի բախտ ունենա: Թե որ չեղավ` թեկուզ երկնքից մանանա թափվի, իզուր է:
Ասենք թե ուշ գիշերով տուն ես գալիս: Աշխարհի հետ ոչ մի առնելիք-տալիք չունես: Ուզածդ մի բան է միայն. չհարցնեն, թե որտեղ էիր: Ասեին` ինչ լավ է, որ եկար, տաք սուրճը քեզ է սպասում, հետո հանվիր, անկողին մտիր` հոգնած կլինես: Չէ, ո՞նց կլինի: Ախր դու բախտ չունես, է… Չունես ու վերջ: Չկա: Նյետու: Ոտքդ դեռ շեմքից ներս չես դրել` հարցդ ուզես:
Դու, իհարկե, տղամարդ ես: Շվարած չես կանգնի, չէ: Ոչ էլ սուտ կասես (մեկ է` չեն հավատա): Ուրեմն ի՞նչ ես անելու: Ճիշտ է: Սկսիր բախտից բողոքել: Ասա, որ էդ անտերից մի գրամ էլ իսկի չկա, ասա, որ կյանքում երեսն էլ տեսած չկաս, որ բախտ բաժանելիս դու ընդհանրապես հերթի մեջ չէիր, որ… Մի խոսքով, մի բան ասա… Չկասկածես: Մի վայրկյան անգամ չկասկածես: Որովհետև քեզ արդեն հարբածի տեղ են դրել: Դեռ կոշիկներիդ կապերն էլ իրենք կարձակեն, մինուճար շալվարդ հագիցդ կհանեն ու շրմփ` լվացքի մեջ (մինչև առավոտ չորացավ` չորացավ, չէ, ուրեմն ճարդ տես), կասեն, որ խմելը մի օր տունդ քանդելու է (չփորձես հակաճառել, թե իբր արդեն ինչքան պետք է` քանդել է), թևերդ ընկած կհրեն ննջարան ու լույսը կանջատեն: Դու էլ չկաս: Էս տանը չես: Ի՞նչ ես անելու: Ճիշտ է, քնելու ես: Ինչքան շուտ ու խորը` այնքան քո շահն է…
Ի՞նչ: Քունդ չի՞ տանում: Դե գիտե՞ս ինչ, դա արդեն տնաքանդություն է: Ասենք` դու գիտես, քեզ համար էինք ասում: Կուզե՞ս, թեկուզ հենց հիմա մի բարակ շապիկ քաշիր վրադ ու վեր կաց: (Կմտածեն` երևի սիրտն է խառնում, թասը կսեղմեն բկիդ. առ ու պահիր): Հետո՞: Հետո էն, որ կես ժամից քեզ շատ հանրամատչելի ձևով կբացատրեն, թե ինչ ասել է բախտ չունենալ (մռփեիր, էլի…):
— Չասացիր, է՞, թե էս ուշ ժամին որտեղից ես գալիս…
(Տանը մուրճ ունե՞ք. վերցրու ու խփիր գլխիդ, օգնում է):
Դու, իհարկե, լռում ես, իբր` բերանս մի բացեք, հոգնած եմ, իբր` իմ դարդը քիչ էր, հիմա էլ սրանք: Բայց չէ, հույս չունենաս, քանի կենդանի ես, քանի դեռ բերանդ շունչ կա, հարցնելու են: (Արդեն լուրջ եմ հարցնում` մուրճ ունե՞ք):
Վեր կաց, հիստերիկ շարժումներով ծխախոտ վառիր ու դուրս արի պատշգամբ, իբր` գլուխս առնեմ ու՞ր գնամ էս տնից: Դուրս եկա՞ր: Ապրես: Հիմա կանգնիր: (Մուրճը չգտա՞ր):
Կանգնեցի՞ր: Կեցցես: Հիշում ես, չէ՞, որ շալվարդ արդեն մի կես ժամ կլինի` հագիդ չէ: Լավ է, որ հիշում ես: Ուրեմն ի՞նչ պիտի անե՞ս… Բա կասեիր, էլի… Տո ցնդած, ո՞նց պիտի գնաս հագնես, թե որ ջրի մեջ է… Հագնեմ… Թան էլ չէ, բրդած մածուն: Քեզ ասում են` կանգնիր, ուրեմն կանգնիր: Այդպես: Հիմա ինձ լսիր:
Նախ, վերև չենք նայում: Ինչու, հա ինչու: Որովհետև, քաղցրիկ ջան, էս աշխարհում քո բարեհաճ թույլտվությամբ ուրիշ մարդիկ էլ են ապրում, օրինակի համար, վերևիդ հարևանը… Հասկացար, հա՞: Դե, փառքդ շատ, աստված, էս մի բանը շուտ հասկացար: Ուրեմն չես նայում: Հիմա լսիր, թե ինչ եմ ասում: Դու որ չես նայում, դեռ չի նշանակում, թե նա էլ չի նայում: Այն էլ ոնց է նայում: Ասենք, դու շատ էլ վատ մի զգա. քեզ չի նայում, շալվար չեղած տեղին է նայում: Կնայի, կնայի, հետո կհոգնի, կգնա, հո քեզ պես չի առնելու` չորանա պատշգամբում:
Բայց չէ, սպասիր, ոնց որ թե բան է հարցնում, հը՞… Ասա` ֆուտբոլ էի նայում, դրա համար եմ էս շորերով… Ի՞նչ, խաղի հաշի՞վն է հարցնում: Այ մարդ, ասա, իմ սև սիրտ, քո վարդագույն… Կամ հակառակը… Վերջը, մի բան ասա:
Ի՞նչ: Գնա՞ս: Ու՞ր, նե՞րս: Ախ, հա, մյուս կողմի վրա: Դե դա արդեն բախտի հետ կապ չունի: Դրան դժբախտ պատահար են ասում:
Հիմա ի՞նչ անես: Ես ի՞նչ գիտեմ` ինչ անես: Ժամանակին տուն գայիր, այ թե ինչ անես… Լավ, սպասիր, մի բան կմտածեմ:
Ինձ լսիր, ինչ ասեմ` նույնությամբ արա: Ձայն տուր հարևանիդ: Ո՞նց թե` որ մեկին: Նա, որ քեզնով էր հիանում: Ասա` իջիր, նարդի խաղանք… Ջհանդամը, թե խաղալ չգիտի: Բանուգործ թողնեմ, նստեմ խաղալ սովորեցնե՞մ: Համոզիր, մի բան հնարիր: Ասա թող իրենց մուրճն էլ հետը վերցնի (ընկերով մահը հարսանիք է):
Ի՞նչ, չի գալի՞ս: Վայ քո… Նամարդ: Ասենք` ճիշտ է անում: Ո՞ր խելառը գիշերով տկլոր մարդու հետ գլուխ կդնի: Հերիք չի` բախտ չունի, դեռ մուրճ էլ չունի: Երևի պարան էլ չունեք, չէ՞, որ կախվեիր ու ազատեիր քեզ էլ, մեզ էլ: Ասում էի, չէ՞, որ չեն ունենա: Վատ է: Շատ վատ է: Ես կասեի` համարյա անհույս է… Մնաց միայն մի տարբերակ: Այլընտրանք չկա: Հայ-հայդ գնացել` վայ-վայդ է մնացել: Ապրել ես ուզում` պիտի տառապես: Երևի Տերն այդպես կամեցավ…
Բայց ներս գնալուց առաջ սպասիր` մի բան էլ ասեմ: Չգիտեմ, թե էդ գեհենը ինչքան կտևի, թե առավոտյան քանի կապտուկ կհաշվեմ դեմքիդ, սակայն եթե գիտակցությունդ կորցրած չլինես, էս մի բանը լավ միտքդ պահիր. ճիշտ է, որ մարդը պիտի բախտ ունենա, բայց իմացած լինես, որ բախտն էլ իր հերթին երազում է խելքը գլխին բախտատեր ունենալու մասին…

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: