Tag Archives: Ապոլիներ

ԳԻՅՈՄ ԱՊՈԼԻՆԵՐ

4 Նյմ

… Քանի դեռ ինքնաթիռները չէին լցրել երկինքը, Իկարի առասպելը լոկ ենթադրյալ ճշմարտություն էր: Այսօր դա առասպել չէ: Եվ մեր գյուտարարները մեզ ընտելացրել են ավելի մեծ հրաշքների, քան այն, որ տղամարդկանց կտրվի կանանց երեխա բերելու դերը: Ես դեռ ավելին կասեմ` առասպելների մեծ մասը իրականացած լինելով և հետայսու լինելով իրականանալի, բանաստեղծի վրա դրվում է նոր առասպելներ հորինելու պարտականությունը, որպեսզի գյուտարարներն իրենց հերթին կարողանան դրանք իրականացնել: Նոր մտայնությունը պահանջում է, որ բանաստեղծը տրվի այդ մարգարեական աշխատանքներին:Այդ իսկ պատճառով դուք կգտնեք մարգարեության երանգներ նոր մտայնության համապատասխան հղացված գործերի մեծ մասում: Կյանքի ու երևակայության աստվածային խաղերը ասպարեզ են բաց անում բոլորովին նոր մի բանաստեխծական գործունեության: Բանն այն է, որ բանաստեղծությունն ու արարչագործությունը նույնն են. բանաստեղծ պիտի կոչել միայն նրան, ով արարչագործում է այն չափով, ինչքան մարդը կարողանում է արարչագործել: Բանաստեղծն այն է, որ հայտնաբերում է նոր բերկրանքներ, թեկուզ և ծանր լինի դրանց դիմանալը: Կարելի է բանաստեղծ լինել բոլոր բնագավառներում. բավական է լինել արկածախնդիր և գնալ դեպի հայտնագործությունը:
Քանի որ ամենահարուստ, նվազագույնս ճանաչված ու անծայրածիր բնագավառը երևակայությունն է, ապա զարմանալի չէ, որ բանաստեղծ անունը հատկացրել են մասնավորապես նրանց, ովքեր որոնում են նոր բերկրանքներ, որոնք խթանում են երևակայության վիթխարի տարածությունները: Նվազագույն փաստը բանաստեղծի համար հիմնաքարն է, ելակետ մի անծանոթ տիեզերքի, որտեղ բոցավառվում են բազմիմաստների բերկրալի կրակները: Դեպի հայտնագործություն գնալու համար կարիք չկա դիմելու մի փաստի, որն, ըստ ընդունված ճաշակի, համարվում է վեհություն. կարելի է ելակետ ընդունել մի առօրյա փաստ. մի ընկնող թաշկինակը գուցե այն լծակն է, որով բանաստեղծը բարձրացնելու է մի ամբողջ տիեզերք:

Թարգմ. Վարուժան Նալբանդյան

%d bloggers like this: