Tag Archives: ԱՊԼ

Սիրիա. եռման կետ

18 Նյմ

Ութ ամիս շարունակ Սիրիայում շիկացող իրավիճակը հետզհետե մոտենում է իր եռման կետին: Վերջին մեկ շաբաթվա զարգացումները հուշում են շրջադարձերի մասին, սակայն դեռևս ոչ ոք չի կարող կանխատեսել, թե հատկապես ինչ ճյուղավորումներ կստանան դրանք: Այն բանից հետո, երբ նոյեմբերի 12-ին Արաբական պետությունների լիգան դադարեցրեց Սիրիայի անդամակցությունն այդ կազմակերպությանը, սա կարծես ազդանշան դարձավ երկու հակամարտ ճամբարների համար՝ ձգել գոտիները և նախապատրաստվել վճռական քայլերի: Եվրամիությունը սառեցրեց Սիրիայի վարկավորումը և ընդլայնեց սիրիացի պաշտոնյաներից կազմված «սև ցուցակը»՝ դա պատճառաբանելով երկրում շարունակվող բռնություններով: Նոյեմբերի 16-ին ԱՊԼ-ն Դամասկոսին եռօրյա վերջնագիր ներկայացրեց`նույնպես սպառնալով տնտեսական պատժամիջոցներով: Համաձայն այդ վերջանագրի, լիգան Սիրիայի ղեկավարությանը հորդորում էր ստորագրել արձանագրությունը, որի համաձայն այդ երկիր կուղարկվեն մի քանի տասնյակ միջազգային դիտորդներ, պահանջում էր դադարեցնել իշխանական ուժերի հարձակումները ցուցարարների վրա, քաղաքներից դուրս բերել զրահատեխնիկան, ազատ արձակել քաղբանտարկյալներին, լրագրողներին ու իրավապաշտպաններին թույլատրել աշխատելու երկրի տարածքում: Պատասխանը եղավ այն, որ նույն օրը նախագահ Ասադի կողմնակիցները դուրս եկան հրապարակներ` արտահայտելու իրենց հավատարմությունը ազգային միասնությանը: Նրանք դատապարտեցին ԱՄՆ-ի ու Արևմուտքի հրահրած սադրիչ գործողությունները, դեմ արտահայտվեցին ԱՊԼ-ի որոշմանը, ինչից հետո հարձակվեցին Դամասկոսում ԱՄԷ դեսպանատան վրա: Ճիշտ նույն պատճառով երեք օր առաջ ամբոխը գրոհել էր Սիրիայում Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչության վրա, որից հետո դիվանագետների ընտանիքները տարհանվել էին, իսկ ժամեր անց Անկարայում Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ընդունել էր Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչներին։ Ասադի կողմակիցները նույն կերպ ներխուժեցին նաև Սաուդյան Արաբիայի դեսպանատուն և այնտեղ ավերածություններ գործեցին, հարձակվեցին Քաթարի դեսպանատան ու Լաթաքիայում Ֆրանսիայի դիվանագիտական ներկայացուցչության վրա: Սակայն ամենաանսպասելին, ինչը կատարվեց նույն նոյեմբերի 16-ին, դա այսպես կոչված «Սիրիայի ազատ բանակի» հարձակումն էր Դամասկոսի ծայրամասում գտնվող ռազմաօդային ուժերի հետախուզական ծառայության համալիրի վրա: Այդ խմբավորումը, որ ձևավորվել է սիրիական բանակի դասալիքներից, մարտի բռնվեց՝ գործադրելով գնդացիրներ ու նռնականետեր: Իսկ հետո Դամասկոսի երկնքում հայտնվեցին ռազմական ուղղաթիռները…
Սիրիացիներին այս օրերին արյունահեղությամբ չես զարմացնի: Զոհերն այստեղ հազարներով են հաշվում: Սիրիացիներին նաև հարկ չկա բացատրելու, թե ինչպիսին են ներքին ու արտաքին դավադրության մասշտաբները, և ինչով նրանք կարող է հատուցել՝ հանուն սկզբունքայնության կամ հայրենասիրության: Ու եթե իշխանություններն ահազանգում են, որ խռովություններ հրահրող արտաքին ուժերի իրական նպատակները այլ են և ընդհանուր ոչինչ չունեն մարդու իրավունքների պաշտպանության մասին կարգախոսների հետ, ապա քիչ չեն նաև նրանք, ովքեր կարծում են, որ Սիրիայում այս օրերին ընթանում են քաղաքացիական կռիվներ:
Այսպես են մտածում նաև Ռուսաստանում, որն առայժմ այն երկրների շարքում է, ովքեր կտրականապես դեմ են օտար ուժերի միջամտությանը, սխալ են համարում ԱՊԼ-ին Սիրիայի անդամակցության դադարեցումը և համոզված են, որ նրանք, ովքեր ընդունել են այդ որոշումը, իրադրությունն ավելի թափանցիկ հունի մեջ դնելու շատ կարևոր հնարավորություն են կորցրել: Մոսկվան նաև այն տեսակետի կողմնակիցն է, որ Սիրիայում բռնության դադարեցման պահանջը պետք է վերաբերվի ոչ միայն իշխանությանը, այլև ընդդիմությանը, քանի որ զինված բախումները սադրում են ոչ միայն կառավարական զորքերը, այլև ապստամբները, որոնք զենք են ստանում հարևան երկրներից: Այս իմաստով Կրեմլը խորը հիասթափություն պատճառեց սիրիական ընդդիմությունը, ովքեր ակնկալում էին, թե Ռուսաստանը կճանաչի և կհամագործակցի Սիրիական ազգային խորհրդի հետ ու հապշտապ կարգով Մոսկվա մեկնեցին: Բայց ընդունելությունն այնքան էլ ջերմ չէր, և դա իր պատճառներն ուներ: Նախ, այս օրերին սիրիացի ընդդիմադիրները հայտարարում են, թե պատրաստ չեն բանակցություններ սկսել երկրի նախագահ Բաշար Ասադի հետ, իսկ այդ անպատրաստվածությունը հազիվ թե միջնորդների սրտով լինի: Ավելի ճիշտ կլինի պնդել, որ նրանք այս պահին ուղղակի չեն ցանկանում լինել պատրաստ, քանի որ դա չի բխում իրենց և հովանավորների շահերից: Ու երբ Սիրիայի ընդդիմադիր ազգային խորհրդի նախագահ Բուրհան Գալյունը պարզաբանում է, թե նման դիրքորոշումը պայմանավորված է նրանով, որ Դամասկոսը հրաժարվել է իրականացնել ԱՊԼ-ի պահանջները, իսկ այնուհետև ասում, որ իրենք հրաժարվում են բանակցել Ասադի ընտանիքի անդամներից որևէ մեկի հետ, քանի որ նրանք մասնակցել են սիրիական ժողովրդի դեմ կիրառված բռնաճնշումներին, ապա հասկանալի է դառնում, որ բոլոր կամուրջներն այրված են և նույնիսկ ԱՊԼ պահանջները կատարելու դեպքում որևէ հաշտություն չի գծագրվելու:
Սիրիամետ երկրների նախազգուշացումից հետո նրանք, ովքեր պատրաստվում էին այստեղ կրկնել լիբիական սցենարը, այժմ փոքր-ինչ զսպել են իրենց նկրտումների սանձերը: Այդ առթիվ ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Իվո Դաալդերը հայտարարեց, որ այս պահին Սիրիա ներխուժելու ոչ մի ծրագիր, մտադրություն ու քննարկում չկա և այդ մոտեցումը կիսում են Դաշինքի բոլոր անդամները: Բայց նա չմոռացավ ասել, որ իրավիճակը կարող է ամեն պահի փոխվել, իսկ սա նշանակում է, որ Արևմուտքն այնուամենայնիվ կջանա իր համար նախադրյալներ ստեղծել՝ արշավի մեկնարկը տալու համար, ինչը այնքան էլ բարդ չէ, եթե դրա համար սոսկ անհրաժեշտ է Սիրիայի ընդդիմության հստակ ձևակերպված պահանջը, տարածաշրջանային աջակցությունն ու օրենսդրական հիմքը: Իսկ նման նախադրյալներ միշտ էլ կարելի է լույս աշխարհ բերել, ինչպես արդեն արվել են այլ երկրների պարագայում:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը նախազգուշացրել է, որ Արևմուտքի միջամտությունը իր երկրի ներքին գործերին կարող է երկրաշարժ առաջ բերել Մերձավոր Արևելքում, սակայն այդ ցնցումների հեռանկարն այժմ առանձնապես անհանգստություն չի պատճառում: Փոխարենը խիստ ոգևորված են մի շարք հարևան երկրներ, և առաջին հերթին Թուրքիան: Այս երկրի վարչապետ Էրդողանն արդեն հասցրել է իրեն լիովին դրսևորել՝ դիմելով Սիրիայի նախագահին այսպիսի խոսքերով. «Պատմությունն այդպիսի լիդերներին հիշում է որպես ժողովրդի արյունով սնվող լիդերների։ Ասադ, դու այդ ճանապարհով ես գնում։ Սիրիայի ժողովրդին մենք չենք թողնի բախտի քմահաճույքին։ Ասադը պետք է տեսնի, թե իր ժողովրդին բռնության ենթարկողներն ինչ վիճակի կհասնեն»: Եվ սա ասում էր Թուրքիայի սահմանների ներսում քրդերի արյունը լիուլի ըմպող Էրդողանը՝ դրա հետ մեկտեղ դառնություն ապրելով այն փաստից, որ Սիրիայի հարցում դեռ չի տեսնում արևմտյան այն նույն խանդավառությունը, ինչ որ եղավ Լիբիայում:
Էրդողանից ետ չի մնացել Հորդանանի թագավոր Աբդալլահ 2-րդը, ով կոչ է արել նախագահ Բաշար Ասադին հրաժարական տալ «հանուն իր երկրի շահերի»: «Կարծում եմ` եթե ես լինեի նրա փոխարեն, հրաժարական կտայի»,- ասել է թագավորը՝ դրսևորելով չափազանց կասկածելի անկեղծություն և հիշեցնելով, թե արդեն քանիսն են նրա պես սկզբում կրկնել այդ հավաստիացումը, իսկ հետո մինչև վերջ կառչած մնացել իրենց իշխանությունից:
Իսկ Ասադին ու նրա համակիրներին, որոնք պարտվել են քարոզչական պատերազմում, հազիվ թե երբևէ հաջողվի ապացուցել, որ 22 միլիոնանոց երկիր շուրջ 3 հազար մահերի մեծ մասը բանակի զինվորներն են, իսկ նրանց դեմ ոտքի ելածներն այնքան էլ ժողովրդավարության մարտիկներ չեն, այլ ավելի շուտ իսլամական ծայրահեղականներ, որոնք երկրի ներսում առանձնապես դերակատարություն չունեն, ինչպես որ չունեն իշխանության գալու շանսեր, բայց փոխարենը դարձել են այն վարակի բացիլը, որ մի օր կարող է գետին տապալել առողջ և ուժեղ մարմինը, քանի որ վարակի տարածման համար բարենպաստ պայմաններ ստեղծողների թիվն այս պահին առավել քան շատ է:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: